Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, September 6, 2011 22:11 - չքննարկված
Քոչարյանը առաջինին ու երրորդին “տոչկա սվարկա է անում”, միասին հալելու նպատակով…
Ո՞վ է միավորում Սարգսյանին ու Տեր–Պետրոսյանին
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ անկախության քսանամյակի առիթով հարցազրույց էր տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը։ Նա անդրադարձել էր Ղարաբաղյան պատերազմի տարիներին ու հետպատերզմյան ժամանակաշրջանին, և այդ ամենի վերաբերյալ որոշակի «մեսիջներ» հղել արտաքին ու ներքին լսարաններին։ Մի կողմ թողնելով անցած քսան տարիներին առնչվող նրա հնչեցրած տեսակետներին գնահատական տալը՝ միայն արձանագրենք, որ Քոչարյանն իր խոսքի տողատակում հասկացրեց՝ չի պատրաստվում պասիվ մնալ ներքաղական այս իրավիճակում և ապագայի հետ կապված իր պատկերացումներն ու ծրագրերն ունի։
Այլ կերպ ասած՝ Ռ. Քոչարյանը ևս մեկ անգամ շեշտեց «երիտասարդ թոշակառու» չդառնալու իր մտադրության մասին։ Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը լրացուցիչ մոտիվացիա կունենան Կառավարության ընդունելությունների տանը «երկխոսությունը» շարունակելու, իսկ եթե դա չստացվի, ապա առնվազն այս տարվա փետրվարից սկիզբ առած իրենց կուլիսային ուղղակի կամ միջնորդավորված շփումներն ինտենսիվացնելու հարցում։ Բանը կարող է նույնիսկ հասնել Սարգսյան–Տեր–Պետրոսյան հրապարակային հանդիպմանը, բայց դա արդեն քաղաքական կլոունադայի վերջին ակտը կլինի, որը կնմանվի Սարգսյան–Գյուլ ձեռքսեղմումներին՝ այդտեղից բխող շատ կանխատեսելի արդյունքով։
Քոչարյանի հետ կապված սերժալևոնական զույգի մոտ նկատվող «ներվը» նշանակում է նաև, որ առաջիկայում ՀԱԿ–ը կրկին փորձելու է կատարել «կայունության երաշխիքի» իր դերը։
Ի վերջո պետք է նկատի ունենալ այն, որ «Եղիազար Այնթապցու» տանիքի տակ «էջմիածնական միաբանություն» անելը ՀՀ 1–ին նախագահի մոտ ոչ միայն կղերապահպանողական մտածողության հետևանք է և մարտավարական բնույթի հարց, այլ նաև սեփական ապագայի հետ կապված վախերից ձերբազատվելու ռազմավարական մոտեցում։
Ըստ այդմ՝ ՀՀ 1–ին և 3–րդ նախագահներին «ֆուտբոլային» մտածողությունից, հայ–թուրքական գործընթացի հետևանքով համատեղ կրած խայտառակ պարտությունը միասնաբար հաղթահարելու ձգտումից և քաղաքական դաշտը սեփականաշնորհելու ցանկությունից զատ միավորում է նաև ընդհանուր հակառակորդը՝ Ռոբերտ Քոչարյանը։
Տեր–Պետրոսյանն իր հրապարակային խոսքում բազմիցս է նշել ու հասկացրել, որ եթե չկարողանա վերցնել իշխանությունը, ապա ամեն ինչ կանի, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա ու վերարտադրվի։ Եթե զուտ անձնական շահն ենք դիտարկում, ապա ՀԱԿ առաջնորդի գործողությունների տրամաբանությունը շատ հասկանալի է դառնում։
«Մենք չպետք է այնպես անենք, որ մի բռնապետիկի դեմ պայքարելով՝ նպաստենք մյուս բռնապետիկի իշխանության գալուն»,– 2008–ի հոկտեմբերից սկիզբ առած պասիվության անհրաժեշտությունն իր շարքերին էր հիմնավորում ՀԱԿ առաջնորդը և, փաստացի, արդարացնում Սարգսյանին ծառայություններ մատուցելու իր քայլերը։
«Ռոբերտ Քոչարյանին հաջողվել է իրեն բնորոշ գործելաոճով որոշակի ապակայունացում մտցնել ներիշխանական դաշտում։ Մենք դա թույլ չենք տա։ ՀԱԿ–ը ներքաղաքական կայունության երաշխիքն է»,– Սերժ Սարգսյանի դիրքերը (թեկուզև ժամանակավորապես) ամրացնող կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից առաջ հայտարարեց Տեր–Պետրոսյանի խնամի, կարկառուն կոնգրեսական Դավիթ Շահնազարյանը՝ բացահայտորեն պաշտպանելով ՀՀԿ «ճկուն» ղեկավարին։
Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք պնդել, որ ամառվա ընթացքում տեղի ունեցած «երկխոսական» այդ թամաշայի բուն նպատակը ներքաղաքական այսօրվա «ստատուս քվոն» ապագա ԱԺ–ում պրոյեկտելն էր՝ Սարգսյանի իշխանությամբ և Տեր–Պետրոսյանի հաստիքային ընդդիմությամբ։ Այլ հարց է, որ հակապետական բնույթ ունեցող այդ գյալաջին չդիմացավ շան փորձությանն ու փառահեղորեն տապալվեց՝ «կոնտր–ագենտներին» ստիպելով վերջնականապես տարանջատվել հասարակության ճնշող մեծամասնությունից։
«Շախմատային» գյալաջին տապալվեց, որովհետև հիմնված էր ստի, կեղծիքի ու դեմագոգիայի վրա, ինչպես նաև այն պատճառով, որ հիշեցնում էր «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչված ֆարսը։ Ու հիմա այդ պարտված գործիչներն այլ ելք չունեն, քան միմյանց սատարելը։ Դե իսկ Ռոբերտ Քոչարյանի գործոնը համագործակցության ու մերձեցման հավերժական խթան է սերժալևոնական զույգի համար։
Քոչարյանին ընդհանուր թիրախ հայտարարելով՝ Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը փորձում են սեփական ձախորդությունները բարդել երեք տարի առաջ պետական կառավարման ղեկից հեռացած գործչի վրա՝ սեփական դիլետանտիզմն ու ապաշնորհությունը թաքցնելու նպատակով, սակայն նրանք չեն նկատում, որ դրանով իսկ ակամայից զբաղվում են Քոչարյանի դրական PR–ով, քանզի մարդիկ գնալով այնքան են հոգնում «երկխոսական» թատրոնից և տնտեսության մեջ արձանագրվող բացասական զարգացումներից, որ սկսում են լավ աչքով նայել բոլոր այն սուբյեկտներին, ովքեր դուրս են «շախմատիստների» տիրույթից։
Եթե չեք մոռացել՝ մի ժամանակ Արտաշես Գեղամյանն էլ էր ինտեգրվել Սերժ Սարգսյանին։ Դա տեղի ունեցավ «զրոների» պարզ աճպարարության օգնությամբ և ուղղված էր Տեր–Պետրոսյանի դեմ։ Հիմա եկել է (ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք) ՀԱԿ առաջնորդի՛ գեղամյանություն անելու ժամանակը, և նա ստիպված է «ջրբաժանային» սեպտեմբերը դարձնել հավերժ կատեգորիա և ցավով արձանագրել, որ աշնան առաջին ամիսը ոչ թե 31, այլ 30 օր ունի։
Շուտով, երևի, Տեր–Պետրոսյանը կհայտարարի, թե սեպտեմբեր ամիսը հին տոմարով մինչև հոկտեմբերի 12–ն է և այդ տիպի հռետորաբանության օգնությամբ կձգտի նոսրացող շարքերով մի կերպ հասնել մինչև 2012–ի մայիս, բայց կհասնի՞ արդյոք…
Անկեղծ ասած՝ ես միայն ուրախ եմ «հիմնադիրի» քաղաքական դեվալվացիայի փաստով։ Միակ խնդիրը, որը պետք է արագ լուծել՝ քաղաքական դիակներից դաշտը մաքրելն է, այլապես գարշահոտությունն անտանելի է դառնում։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Հարկ է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանի ցանկացած հրապարակային խոսք ոչ միայն նպաստում է Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի միջև հաստատված կապերի ամրապնդմանը և նրանց քաղաքական ամուսնությանը, այլ նաև բերում է «լևոնականի» փաթեթավորմամբ հանրությանը ներկայացող, բայց վաղուց արդեն Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գտնվող որոշ կայքերի ու թերթերի ֆինանսատնտեսական վիճակի բարելավմանը։
Ինչպես փորձն է ցույց տվել՝ վարվող ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ Քոչարյանի հայտնած քննադատական կամ չեզոք տեսակետներից հետո նախագահական նստավայրից ակնկալվող պատասխանը կամ արձագանքը հնչում է Տեր–Պետրոսյանի շուրթերով կամ «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների ու վարձկան լրագրողների միջոցով։ Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանի ամեն մի ելույթ կամ հարցազրույց պարզապես տոնական տրամադրություն է ստեղծում նշյալ կարգավիճակն ունեցող ԶԼՄ–ների մոտ, քանի որ Քոչարյանի ակտիվացման դեպքերում «լևոնական» կայքերի ու թերթերի իրական տերը դառնում է նյարդային, իսկ նյարդայնանալուց հետո էլ՝ առատաձեռն։