ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, September 5, 2011 1:20 - 1 քննարկում

Եթե խաղ չէ, ապա կարդացվում է մեծ հաճույքով…

Խզում, որին բոլորն էին սպասում

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Իսրայելա-թուրքական կռվախնձորի՝ «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպը քննող ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը հրապարակեց իր զեկույցը՝ դրանով իսկ ոչ թե հանգուցալուծելով խնդիրը, այլ կողմերին գործողությունների ազատություն տալով: Զեկույցում 2010 թվականի մայիսի 31-ի միջադեպի ժամանակ Իսրայելի կողմից ուժի կիրառումը համարվել էր անհամարժեք` միաժամանակ Գազայի հատվածի նկատմամբ նրա շրջափակումը որակելով իրավաչափ: Փաստորեն վրա հասավ x ժամը՝ այն վերջնաժամկետը, որ տրված էր Իսրայելին՝ Թուրքիայի առջև իր մեղքերը խոստովանելու համար: Սակայն, ինչպես և ենթադրվում էր, ապաշխարանքի ծեսը չկայացավ, իսկ փոխարենը գործի դրվեց թուրքական հակազդեցության մեքենան: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անմիջապես հայտարարեց, որ իրենք ամբողջությամբ մերժում են ՄԱԿ-ի հետաքննության արդյունքներն ու եզրակացությունները՝ դրանք համարելով ավելի շատ քաղաքական, քան  իրավական ակցիա, ինչն անընդունելի է Թուրքիայի համար: Բայց սա ընդամենը սկիզբն էր:  Հաջորդ քայլերը շատ ավելի կտրուկ էին: Անկարան հայտարարեց, որ Իսրայելից ետ է կանչում իր դեսպանին, քանի որ Թել Ավիվը հրաժարվեց ներողություն խնդրել: Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցվում էին 2-րդ կարգի քարտուղարի մակարդակի, երկու երկրների միջև կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն առկախվում էին և խոստացվում էր միջազգային ատյաններում բողոք ներկայացնել հրեական պետության դեմ։ «Եկել է ժամանակը, որ Իսրայելը պատասխան տա իր արարքների համար: Ամենածանր փոխհատուցումը Իսրայելի համար կլինի այն, որ նա կորցրեց հավատարիմ ընկերոջը»,- այս բառերով «սառը պատերազմի» սկիզբն ազդադարեց Դավութօղլուն:

Նույն օրը Իսրայելը մեկ անգամ ևս հաստատեց, որ Անկարայից ներողություն չի պատրաստվում խնդրել և Թուրքիային կոչ արեց պահպանել միջազգային ծովային նորմերը: «Իսրայելի ղեկավարությունը չի կարող թույլ տալ, որ իր հետ խոսեն վերջնագրերի լեզվով, թեև անհանգստացած է հնարավոր հետևանքներից»,- ասացին Թել Ավիվից՝ պահպանելով որոշակի սառնասրտություն, բայց և այնպես սկսելով պատրաստություններ տեսնել` հետագա անախորժություններին դիմակայելու համար: Մասնավորաբար, նավատորմի վրա հարձակման մասնակիցներին միջազգային հետապնդումներից պաշտպանելու համար ստեղծվել է իրավաբան-միջազգայնագետների հատուկ խումբ, իսկ Թուրքիայում Իսրայելի դեսպանն արդեն հայրենիք է վերադարձել:

Հազիվ թե ՄԱԿ-ում չէին ենթադրել իրադարձությունների այսօրինակ շրջադարձի հավանականությունը: Եվ նրանց ուշացած արձագանքն առ այն, թե ՄԱԿ-ը «խորը ափսոսանք» է հայտնում այն բանի համար, որ փորձագետների եզրահանգումները չնպաստեցին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, ավելի շատ վկայությունն էր եղածի գիտակցման, քան անակնկալի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունն էլ իր հայտարարության մեջ ասում էր. «Ես հույս ունեմ, որ Իսրայելն ու Թուրքիան կբարելավեն հարաբերությունները։ Այդ երկու երկրներն էլ շատ կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում… Նրանց միջև նորմալ հարաբերությունները շատ կարևոր են Մերձավոր Արևելքի ընդհանուր իրավիճակի տեսանկյունից»:

Գլխավոր քարտուղարն այս դեպքում մասամբ իրավացի է: Իսկապես, անժխտելի է հարաբերությունների կարևորությունը Մերձավոր Արևելքի ներկա իրավիճակի տեսանկյունից: Միայն թե կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի այս առումով: ՄԱԿ-ին մի Արևելք է պետք, Իսրայելին՝ մեկ ուրիշը, իսկ Թուրքիան էլ տարածաշրջանի հետ կապված իր հաշիվներն ունի: Դժվար է հավատալ, որ ընդամենը մի բառ լսելու համար Անկարան պատրաստ էր գնալ այսպիսի մեծ զոհաբերությունների: Ի վերջո, բարոյական փոխհատուցումը նրան ոչինչ չէր տալու, իսկ ահա հարաբերությունների ներկա խզումից թուրքերը պատրաստվում են մեծ դիվիդենտներ շահել: Թուրքիան վաղուց է հավակնում դառնալ տարածաշրջանային իսլամական գերտերություն: Եվ եթե ասենք, որ դեպի այդ նպատակը տանող երկու ուղիներ կան՝ դժվարին ու հեշտ, ապա հեշտն, անկասկած,  Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումն է:

Այսօր քաղաքական վերլուծաբանները զանազան ենթադրություններ են անում՝ փորձելով ըմբռնել Անկարայի դեմարշի հավաստի շարժառիթները: Դրանց շարքում նաև կարծիք է հնչում այն մասին, որ իսրայելա-թուրքական դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը կարող է  ուղղված լինել իրանա-իսրայելական դիմակայության ձգձգմանը: Նույն հաջողությամբ կարելի է հերթով մատնանշել այն բոլոր «թեժ օջախները», որոնցով այսօր շրջապատված են երկու երկրները: Սակայն մի կարևոր դրվագ նույնպես չի վրիպում դիտորդների աչքից: Բանն այն է, որ մինչ այս պահը գերտերություններից և ոչ մեկը լուրջ քայլեր չի ձեռնարկել՝ միջամտելու Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների սրմանը: Նույնիսկ ԱՄՆ-ը չի փորձում կարգավորման միջնորդ դառնալ՝ դա հիմնավորելով այն հանգամանքով, թե խիստ զբաղված է այլ տարածաշրջաններում իր խնդիրներով: Տվյալ պահին գործընթացին չեն միջամտում նաև Եվրամիության կառույցները, և սա էլ իր բացատրությունն ունի: Եվրոպան այնքան էլ դեմ չէ, որ Թուրքիան խնդիրներ ունենա հարևանների ու տրածաշրջանի մյուս երկրների հետ: Դա Անկարային կդարձնի ավելի խոնարհ, և մյուս կողմից էլ խոչընդոտ կդառնա այդ երկրի ԵՄ անդամակցելու ճանապարհին, որտեղ նրան ամենևին էլ գրկաբաց չեն սպասում:

Եթե խոսելու լինենք առաջին օրերի արձագանքների ու հետևանքների մասին, ապա ուշադրության արժանի փաստերից մեկն այն է, որ Իսրայելը քննադատեց Թուրքիային՝ Հյուսիսային Իրաքի ռմբակոծությունների համար: Հազիվ թե որևէ մեկին հաջողվի վերհիշել մեկ այլ դեպք, երբ հրեաներն անհանգստացած լինեին քուրդ զինյալների ճակատագրով: Շատ անգամներ  Թուրքիան էր դատապարտում  Իսրայելին՝ Գազայի հատվածը գնդակոծելու համար, սակայն պատասխան մեղադրանք հնչեցնելու մարտավարությունն այսօր նորարարություն պետք է գնահատել: Ասենք ավելին: Բոլորին մեծ զարմանք պատճառեց Գալիլիայի նախարարի տեղակալ Այուբ Կարան, երբ հրապարակավ հայտարարեց. «Եթե Թուրքիան մեր դեսպանին արտաքսի, ինչը, փաստորեն կնշանակի մեր միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում, ապա իսրայելական կառավարությունը կբարձրացնի քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը` ընդհուպ թուրքական պետությունից քրդերի ամբողջական անջատում»:

Սա իհարկե, խիստ համարձակ ու մարտահրավեր նետող դիրքորոշում է: Նույնի ֆոնի վրա այժմ առավել հաճախ են հիշումն նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին: Միայն թե դրանից Հայաստանի ոգևորությունը հազիվ թե հասնի իր բարձրակետին: Եթե նույնիսկ ինչ-որ պահի Իսրայելն իսկապես դիմի այդ քայլին, ապա գոնե մեզ համար դա կարող է գնահատվել  ոչ թե մարդկության դեմ կատարված հանցագործության փաստը ճանաչելու անկեղծ ցանկություն, այլ քաղաքական իրավիճակի փոփոխությունից բխող մի ժեստ, ինչը սկզբնապես զրկված է լինելու ամենաէական բաղադրիչից:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAKOB M.
Sep 5, 2011 6:33