Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, August 25, 2011 0:56 - 5 քննարկում
Իսկ ե՞րբ են թալանելու և ծեծելու Լևոն Տեր Պետրոսյանին, չէ որ նա ամենաառաջին իսկական «Նախկին» է:
Հաջորդը ո՞ր իշխանավորն է ծեծվելու, նվաստացվելու և թալանվելու
Հայաստանում հերթական ավազակային կազմակերպված հարձակումը մի տեսակ անաղմուկ անցավ: Նախկին պատգամավոր, «Ազգային Միաբանության», խմբակցության նախկին անդամ Նապոլեոն Ազիզյանի տան թալանը և ծեծը, որին արժանացել էր նա և նրա ընտանիքի անդամները, այդքան էլ լայն ուշադրության չարժանացան: Մինչդեռ ամեն ինչ տեղի էր ունեցել այն նույն ձեռագրով, ինչ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի, «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրերի գրասենյակի նախկին ղեկավար Էդվարդ Բեզոյանի, Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տների պարագայում:
Նրանց բոլորի տներն էլ նույն կերպ թալանել էին դիմակավոր անձինք, ծեծելով և նպաստացնելով տնեցիներին: Եվ եթե Արմեն Ավետիսյանի տան դեպքից հետո անցել էր մի քանի ամիս, մինչ Բեզոյանի դեպքը եղավ, ապա Բեզոյանի դեպքից հետո դիմակավոր ռոբինհուդները աշխատում են զարմանալի պարբերականությամբ` ամիսը մեկ թալանում են մեկին: Այդ տեսանկյունից հետաքրքիր է, թե իշխանության հետ այս կամ այն կերպ սերվող որ մեկին են այցելելու դիմակավորները հաջորդը:
Հիմա երևի իշխանական ամբողջ համակարգը սպասում է: Խոսքն, իհարկե, համակարգի, այսպես ասած՝ երկրորդ էշելոնի մասին է, քանի որ առաջնայինները առայժմ անձեռնմխելի են: Եվ այստեղ ի հայտ է գալիս մի հետաքրքրական իրողություն. փաստորեն համակարգի առաջին և երկրորդ շարքերի անվտանգության միջև առաջացել է մի խոր անդունդ, ինչը կարող է շատ էական ազդեցություն թողնել՝ իշխանական համակարգի ամբողջական հոգեբանության, երկրորդների մոտ առաջինների հանդեպ վստահության տեսանկյունից: Չէ որ իրենց զգալով անպաշտպան, երկրորդները սկսելու են կասկածել, չվստահել առաջիններին: Իսկ միգուցե առաջիններն են սկսել երկրորդների մի մասին կասկածել, և ում կասկածում են, նրանցով զբաղվում են դիմակավորները:
Հիպոթետիկ տարբերակները կարող են շատ լինել, քանի դեռ լիարժեք բացահայտված չէ տեղի ունեցած որևէ միջադեպ: Համենայնդեպս, իրավիճակը հետաքրքրական է նրանով, որ, օրինակ, ոստիկանությունը որևէ խրոխտ ասուլիս չի տալիս դիմակավոր հարձակումների կապակցությամբ և ամենայն պատասխանատվությամբ Ալիկ Սարգսյանը կամ որևէ այլ բարձրաստիճան ոստիկան չի հայտարարում, որ նախկին կամ ներկա պաշտոնյաների հանդեպ այդ ավազակային տեռորը իրենք կկանխեն և այդպիսի բան այլևս թույլ չեն տա: Ասուլիսների սիրահար Ալիկ Սարգսյանի համար այդ լռությունն իսկապես հետաքրքրական է: Թեև եթե իրավիճակը դառնում է հետաքրքրական ամբողջությամբ, ապա դրա մասնակի դրսևորումներն էլ ստանում են ուրույն հետաքրքրականություն:
Ըստ երևույթին ինչ-որ մեկին պետք է, որ համակարգի երկրորդ էշելոնը հանկարծ իրեն շատ հանգիստ և երաշխավորված չզգա, և, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանական համակարգում կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մեխանիզմը փորձ է արվում դնել անհատական պայմանագրային հիմունքների վրա:
5 քննարկումներ
misak