ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, August 18, 2011 1:29 - չքննարկված
Ռուբոն «գործ տվող» տղա չի…
«Հայկական ժամանակ». Ի ՞նչ է տեղի ունեցել «Հարսնաքարում»
Օգոստոս 18, 2011 | 11:08
Օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հնչած կրակոցներից հրազենային վնասվածքներ ստացած 33-ամյա Նորայր Աթոյանի եւ 25-ամյա Վերսանդ Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը մինչեւ այսօր քրեական գործ չի հարուցել: Ոստիկանությունից հրաժարվել են պատասխանել թերթի հարցին, թե որն է դրա պատճառը: Թերթը գրում է, որ դա առնվազն տարօրինակ է, քանի որ ցանկացած միջադեպից հետո, որի հետեւանքով թեկուզ մեկ մարդ թեթեւ մարմնական վնասվածք է ստանում, քրեական գործ է հարուցվում: Ըստ ոստիկանության, կրակոցների հեղինակը դեռեւս հայտնի չէ:
Թերթը պարզել է դեպքի մանրամասները: «Հարսնաքարի» սրահներից մեկում մի հարսանեկան խնջույքի ժամանակ հյուրերից մեկի եւ ռեստորանի անվտանգության մի աշխատակցի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Սրահում նախ քաշքշոց է սկսվել, ինչից հետո մոտ մեկ տասնյակ մարդ կեսգիշերին անց դուրս են եկել սրահից` դրսում հարաբերությունները պարզելու: Հենց դրսում էլ հնչել են կրակոցները: Համաձայն կայքերում շրջանառվող լուրերի, կրակ արձակած անձը «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի` Եզդի Աշոտ անունով թիկնապահն է, վիրավորներից Նորայր Աթոյանը:
Այդ տեղեկությունները պարզելու համար թերթի թղթակիցը զանգել է Ռուբեն Հայրապետյանին, սակայն նա հայտարարել է, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս: