Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, August 18, 2011 2:57 - 1 քննարկում

Իսկապես որ, ՀՌԱԿ-ը արհեստավարժ տականքից է ազատվել…

ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը, ում վերջերս վտարել էին այդ կուսակցությունից, չի պատրաստվում դուրս գալ քաղաքականությունից, հրաժարվել լիբերալ-դեմոկրատական գաղափարներից եւ հեռանալ Հայաստանից, նա կմնա եւ կզբաղվի քաղաքականությամբ: Այս մասին այսօր` օգոստոսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էդվարդ Անտինյանը` անդրադառնալով վերջերս ՀՌԱկ-ում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես` իրեն` ՀՌԱԿ-ից վտարելու հանգամանքին: Նրա խոսքով` տեղի է ունեցել իբր համագումար` իրավական կոպտագույն խախտումներով, որի վերաբերյալ նա իր առաջարկությունները գրավոր ներկայացրել է Արդարադատության նախարարին եւ նախարարության պետական ռեգիստրի պետին: Ինչ վերաբերում է այդ խախտումներին, նա մեկ օրինակ նշեց`

ծանուցման մեջ համագումարին մասնակցելու համար պատվիրակներին հրավիրել էին Աղվերան, մինչդեռ համագումարը կայացել է Երեւանի «Գոլդեն Փալաս» հյուրանոցում: «Ես քանի որ շարունակում եմ մնալ ատենապետ, որեւէ անհանգիստ քայլեր անելու ցանկություն բացարձակապես չունեմ, որովհետեւ պետական ռեգիստրի գրանցամատյանում գրված է, որ ատենապետը Էդվարդ Անտինյանն է, ես չպետք է ապացուցեմ իմ տեղը, այլ մեկ ուրիշը, որ պետք է պատշաճ փաստաթուղթ ներկայացնի, որ իրեն գրանցեն այդտեղ»,- նշեց Էդվարդ Անտինյանը` հավելելով, որ ինքը դատարանը դիմելու կարիք չի տեսնում, առայժմ սպասում է ռեգիստրի պատասխանին` կգրանցեն նոր ատենապետին, թե ոչ: Եւ եթե գրանցեն նոր ատենապետին, ապա Անտինյանը հրապարակավ կշնորհավորի, եթե մերժեն նրա գրանցումը, համագումար կհրավիրի: Ինչ վերաբերում է իր հասցեին հնչող մեղադրանքներին,մասնավորապես` այն, որ ինքը հայտարարություն էր տարածել, որ կուսակցության կնիքը կորել էր, Էդվարդ Անտինյանը նշեց, որ Կարեն Կակոյանը իրեն ասել էր, որ տեղափոխման ժամանակ կնիքը կորել է, ինքը հայտարարություն է տարածել, մինչդեռ հետո պարզվել է, որ կնիքը Կակոյանի մոտ է: «Ատենապետը մեռե՞լ էր, որ քեզ մոտ են փաստաթղթերը եւ կնիքը»,- ասաց Էդվարդ Անտինյանը: Գրասենյակի տեղափոխման վերաբերյալ հնչող մեղադրանքների անդրադառնալով` նա նշեց, որ իրենց կուսակցության գրասենյակի հասցեն մի քանի անգամ փոխվել է: «Երվանդ Քոչար 19 հասցեում գրասենյակը գոյություն ուներ Հարություն Առաքելյանի ճաշասենյակում, դուք գտնում էիք, որ ես ընտրվելու եմ ատենապետ եւ գնալու էի նստե՞մ իր ճաշասենյակում»,- ասաց Անտինյանը` հավելելով, որ ինքը նորմալ տարածք է վերցրել գրասենյակի համար եւ փոխելով տարածքը` այդպիսով փոխվել է նաեւ հասցեն եւ հեռախոսահամարը:

ՀՌԱԿ պաշտոնական կայքէջի գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ էլ նա նշեց, որ եթե կայքի գաղտնաբառը իմանա մեկը, ով պաշտոն չի զբաղեցնում եւ հայհոյանք տեղադրի, ապա ո՞վ է պատասխանատուն: «Ես հայտարարել եմ, որ հիմնարկի հասցեն սա է, ինչ եք կարծում, ես պետք է թողնեի, որ Հարություն Առաքելյանի քեռու աղջիկը բաներ տարածեր»,- նշեց Էդվարդ Անտինյանը` անդրադառնալով էլեկտրոնային հասցեի փոփոխմանը եւ ասելով, որ ՀՌԱԿ լրատվական ծառայության անունից հաղորդագրություններ էր տարածքում Հարություն Առաքելյանի քրոջ աղջիկը` Փառանձեմ Շահբազյանը, ով, իր խոսքով, նույնիսկ այդտեղ էլ չի աշխատում: Ամփոփելով` Էդվարդ Անտինյանը նշեց, որ Հարություն Առաքելյանը ութ տարի շարունակ բոլորի հետ այդպես է վարվում, սկզբից հրավիրում է, գայթակղում, թե միասին գործ կանենք, իսկ հետո… «Սա Հարություն Առաքելյանի վերջին քցոցին է, բայց ես իրավական առումով ցույց եմ տալու, որ դա իր մոտ չի հաջողվի: Սա առաջին դեպքը չէ, ձեռագիր է»,- նշեց Էդվարդ Անտինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը օգօստոսի 14-ին ավարտված 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովի ընթացքում որոշում է կայացրել կուսակցության շարքերից վտարել Էդվարդ Անտինյանին` հիմք ընդունելով վերջին ամիսներին նրա իրականացրած անօրինականությունները:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen S. (Glendale)
Aug 18, 2011 6:54