ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, August 11, 2011 14:10 - չքննարկված
Նման ոստիկանապետով երկիր չես պահի: Նա վախենում է բոլորից՝ նախագահից, ՀԱԿ-ից և նրա թուլեքից…
Հայաստանի ոստիկանապետը ներկայացրել է ՀԱԿ ակտիվիստների հետ միջադեպի իր վարկածը
Օգոստոս 11, 2011 | 17:20
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` օգոստոսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է ՀԱԿ ակտիվիստների հետ օրերս տեղի ունեցած միջադեպի իր վարկածը:
Բավական զգացմունքային կերպով, իր ենթակաների պատմածով ներկայացնելով իրադարձությունների ընթացքը, ոստիկանապետը հայտարարել է, թե հրահրողներն ու ագրեսիվ հարձակվողները եղել են հենց ՀԱԿ-ի ակտիվիստները:
Ըստ Սարգսյանի` միջադեպը եղել է հետեւյալ կերպ. Օգոստոսի 9-ին ոստիկանները պարեկություն անելիս են եղել Երեւանի Կարապի լճի շրջակայքում եւ նկատել են մի երիտասարդի, ով շրջում էր առանց դնչկալի շան հետ: Ոստիկանները նրան դիտողություն են արել, ինչին ի պատասխան երիտասարդը խոստացել է այլեւս չկրկնել դա եւ հեռացել է: Սակայն միջադեպը դրանով չի ավարտվել:
ՀԱԿ ակտիվիստները, ովքեր ըստ Սարգսյանի, իսկական որս են սկսել ոստիկանների դեմ, իրենց պարտքն են համարել միջամտել: Մոտենալով ոստիկաններին` Տիգրան Առաքելյանն ու նրա ուղեկիցը ոստիկաններին դիտողություն են արել, բանը հասել է ձեռնամարտի: Սարգսյանն անընդհատ շեշտել է, թե հարձակվողները եղել են ՀԱԿ ակտիվիստները: Ոստիկաններն ու ակտիվիստները օգնություն են կանչել:
Ծեծկռտուքը, որին ըստ ոստիկանապետի, անգամ աղջիկներ են մասնակցել, տեւել է մոտ 20 րոպե, արդյունքում 7 ընդդիմադիրներին բերման են ենթարկել: Ոստիկանապետը նշել է, թե Առաքելյանը մեքենայում հարվածել է ոստիկանի դեմքին ու կոտրել է նրա քիթը:
Ձերբակալվածները մոտ 40 րոպե հայհոյել են նաեւ ոստիկանատանը, վիրավորել ոստիկանության աշխատակիցներին, խանգարել աշխատանքին, լուսանկարվել: «Ես սրտի ցավով արձանագրում եմ ՀԱԿ երիտասարդ ներկայացուցիչների վիրավորական պահվածքը, որին իմ ենթակաները ստիպված են եղել պատասխանել մեծ զգուշությամբ, որպեսզի տեղի ունեցածը նրանց հասցեին մեղադրանքների առիթ չդառնա»,- ասել է ոստիկանապետը:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի դեմ բռնության եւ խուլիգանության հոդվածներով: Ըստ փորձաքննության Տիգրան Առաքելյանն ու նրա երկու ընկերները եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Վաղը կալանքի որոշում է կայացվելու եւ ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվելու:
Ի դեպ, ՀԱԿ-ի երիտասարդների վրա ակնհայտ են ծեծի հետքերը, որը նաեւ տեսանկարահանվել է: Այն կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Ալիկ Սարգսյանը հայտարարել է, թե շահագրգռված է իշխանություն-ընդդիմություն երկխոսությամբ եւ անգամ դժվարանում է ասել, թե ում էր ձեռնտու այս միջադեպը: Նա հայտարարել է,թ ե անձամբ հանդիպել է Դավիթ Հարությունյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ եւ ներկայացրել իր ունեցած տվյալները:
Խոսելով Տիգրան Առաքելյանի նախորդ ձերբակալության մասին` Ալիկ Սարգսյանը նշել է, թե անձամբ է խնդրել, որ նրան ազատ արձակեն, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել: (Ի դեպ, նշենք, որ Տիգրան Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր, իսկ ներկայումս դատարանում քննվում է Տիգրան Առաքելյանի հայցն ընդդեմ Ալիկ Սարգսյանի: ՀԱԿ ակտիվիստը ոստիկանապետին մեղադրում է իրեն հանիրավի մեղադրելու եւ անմեղության կանխավարկածը խախտելու մեջ` նրանից 1 դրամ բարոյական փոխհատուցում պահանջելով- խմբ.):
Ալիկ Սարգսյանն իր խոսքում այնքան նշեց Տիգրան Առաքելյանի անունը, որ մի պահ լեզվի սայթաքում արեց եւ ասաց Տիգրան Կարապետյան` հարուցելով դահլիճում հավաքված լրագրողների ծիծաղը:
Ոստիկանապետը հերքել է տեղեկությունները, թե Կենտրոնի ոստիկանատանը թույլ չեն տվել փաստաբաններին` հանդիպեն ՀԱԿ-ի ակտիվիստների հետ: «Ոստիկաններն ավելի շատ փաստաբանի կարիք ունեին»,- ասել է նա` վերջում ընդգծելով, որ պահելու է «մունդիրի պատիվը մինչեւ վերջ»: