ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, July 28, 2011 16:20 - չքննարկված

Թուրքիան հայերին ուզում է զրկել անգամ երազելու իրավունքից

Թուրքերն այսօր բացահայտ խոսում են Օսմանյան կայսրության վերականգնման մասին: Իհարկե, դա ուզում են անել այլ փաթեթավորմամբ, սակայն էությունը դրանից չի փոխվում: Եվ սա պարզապես խոսակցությունների մակարդակով չէ, այլ կա հստակ ձևակերպված և իրականացվող պետական քաղաքականություն: Եթե ժամանակին Լենինը Ռուսաստանյան կայսրությունը կոչել է “ժողովուրդների բանտ” ապա Օսմանյան կայսրությունը հաստատապես կարող ենք կոչել “ժողովուրդների սպանդանոց:” Խոսքը հենց այդ սպանդանոցի վերականգնման մասին է: Աշխարհում չի եղել որևէ այլ պետական միավորում, գոնե վերջին հինգը հարյուր տարվա մեջ, որտեղ այլազգիները և այլակրոնները պետական մակարդակով և օրենսդրորեն ենթարկված լինեն բազմաբնույթ խտրականության, դաժան ջարդերի և, ի վերջո, աննախադեպ ցեղասպանության: Պատկերացնում եք ի՞նչ կլիներ, եթե գերմանացիները խոսեին Երրորդ ռայխի կամ նրա ազդեցության վերականգնման մասին: Իսկ մենք լռության մատնեցինք և լռության ենք մատնում թուրքական նման հայտարարությունները: Փոխանակ, որպես այդ կայսրության և նրա իրավահաջորդի կողմից ցեղասպանության ենթարկված և հայրենզրկված ազգ և պետություն, ամեն քաղաքական խաչմերուկում բողոքեինք դրա դեմ: Թերևս մեր ակնկալիքն այն է, որ թուրքերը երախտագիտությամբ կփոխադարձեն մեր զուսպ վարքին: Երջանիկ միամտություն, որը կարող է ունենալ միայն թուրքերին չճանաչողը: Միթե՞ պարզ չէ, որ Օսմանյան կայսրության վերականգնումը, անկախ նրա դրսևորման ձևից, նշանակում է Հայաստանի Հանրապետության վերջը:
Օրեր առաջ աշակերտի պարզ հարցին` Հայաստանի ապագա սահմանների վերաբերյալ, Սերժ Սարգսյանը տվել է բավականին մեղմ, խիստ ընդհանուր, ես կասեի` խուսափողական, պատասխան: Ավելին, նա ըստ էության ասել է, որ ինքը մտադիր չէ Թուրքիային որևէ պահանջ ներկայացնելու, քանի որ իր սերնդի գործը համարել է ավարտված: Նա չի ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ ամեն ինչ անելու է որպեսզի վերջ դրվի Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի, կրկնում եմ Հայաստանի Հանրապետության տարածքի և ոչ թե վերացական հայկական հողերի, Թուրքիայի կողմից ապօրինի ռազմակալմանը:
Այս միջադեպը երևի աննկատ կմնար, եթե չլիներ Թուրքիայի կողմից բարձրացված այս աղմուկը: Իսկ ո՞րն է Թուրքիայի նպատակը տվյալ դեպքում: Կարծում եմ` հերթական անգամ Հայաստանից հավաստիացումներ պոկելը (իսկ դա մի անգամ արդեն ամրագրվել է արձանագրությունների մեջ), առ այն, որ Հայաստանը Թուրքիայից որևէ պահանջ չունի, այսինքն ուրացման քաղաքականության միջոցով Հայաստանի հերթական ստորացումը միջազգային հարաբերություններում: Թուրքիայի այսօրվա վարքի մեջ է դրսևորվում նաև տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների գաղտնիքը: Շատերն ասում են` Թուրքիայի ինչի՞ն էր պետք ստորագրել տալ արձանագրությունները, նախապես իմանալով որ դրանք չի վավերացնելու: Ոնց թե` ինչի՞ն էր պետք, բա հայոց պետականության հրապարակային ստորացումը: Թուրքիան աշխարհին ցույց տվեց, որ իր հետ հարաբերությունների համար հայերը պատրաստ են գնալ գրեթե ամեն ինչի, ամեն ուրացումի:
Սա գործնական հարթության վրա, իսկ խորքային առումով Թուրքիայի նպատակներն ավելի վտանգավոր են: Թուրքիան հայերին ուզում է զրկել անգամ երազելու իրավունքից: Թուրքերը մեզ զրկել են գրեթե ամեն ինչից, իսկ հիմա էլ ուզում են զնդանել մեր ոգին և շղթայել մեր միտքը: Զրկեք ցանկացած ազգի երազելու ունակությունից և նա ազգից կդառնա սպառողական շուկա: Երազանքը, անգամ անիրականանալի թվացող երազանքը, ազգի ոգու աղն է, որը փրկում է այդ ոգին փչանալուց:

Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
27 հուլիսի, 2011թ.



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ