ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, July 11, 2011 2:26 - չքննարկված
Աղքատության տոկոսը իջեցնելու ամենալավ մեթոդը աղքատներին երկրից հալածելն է…
Համաշխարհային բանկի նոր վարկային փաթեթ է «սպառնում» Հայաստանին
Հուլիս 10, 2011 | 12:00
Համաշխարհային բանկը պատրաստ է առաջիկա երկու տարիներին Հայաստանին տրամադրել 200 միլիոն դոլարի վարկային փաթեթ: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին հայտարարեց, որ այդ միջոցները կուղղվեն հարկաբյուջետային ոլորտի բարելավմանը, տնտեսական աճի կառավարմանը, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսության զարգացման լուրջ ներդրումների իրականացման նոր ուղղությունների խթանմանն ու օժանդակմանը:
ՀԲ ներկայացուցիչը նաեւ հիշեցրեց, որ ՀԲ օժանդակության շնորհիվ Երեւանի ջրամատակարարումը 2008 թվականի 17,4 ժամից այժմ հասել է 21,5 ժամի, իսկ մանրէաբանական անվտանգությունը բազային 93 տոկոսից հասել է 98 տոկոսի:
Սկսենք զավեշտից, որը Երեւանի բնակիչների համար չափազանց լուրջ է զավեշտ լինելու համար: Երեւանի Հարավ-արեւմտյան զանգվածի շենքերում այժմ ջուր է լինում 12 ժամ: Ամռանը նույնպես ջրամատակարարումն ընդմիջվում է ամենաշոգ ժամին` 13:00-ից մինչեւ 19:00-ն:
ՀԲ ներկայացուցչի նշած միջին 21,5 ժամը ստանալու համար անհրաժեշտ է սպառողների մյուս մասի համար օրական… 31 ժամ ջրամատակարարում ապահովել: Սա էլ ձեզ զավեշտը, որի շարունակությունը խմելու ջրից թունավորումներն են Նուբարաշենում: Հավանաբար, պատճառը 100 տոկոսանոց մանրէաբանական անվտանգությանը չհերիքած 2 տոկոսն է: Եթե ՀԲ-ի բոլոր ծրագրերն են ավարտվում այնպես, ինչպես Երեւանի ջրամատակարարման ոլորտում, ապա թերեւս մի լավ մտածել է պետք ՀԲ-ի եւ մյուս միջազգային ֆինանսական կառույցների բազմամիլիոնանոց վարկերը վերցնելուց առաջ:
Հայտնի է, որ ՀԲ-ի առաքելությունը աղքատության դեմ պայքարն է, ինչը ենթադրում է կյանքի որակի բարձրացում: ՀԲ-ն Հայաստանի խոշորագույն վարկատուն է եւ թղթի վրա մենք բացառիկ հաջողությունների ենք հասել աղքատության դեմ պայքարում:
Պաշտոնական վիճակագրության «հին» մեթոդոլոգիայով Հայաստանում աղքատությունը 1999 թվականի 56,1 տոկոսից 2008-ին նվազել էր մինչեւ 23,5 տոկոսը: Ճգնաժամային 2009-ին այդ ցուցանիշը բարձրացավ մինչեւ 28,7 տոկոս: Նոր մեթոդոլոգիայով 2009-ին աղքատության մակարդակը 34,1 տոկոս է:
Այս երեւույթի գաղտնիքը վաղուց բացահայտված է: Աղքատության գնահատման նշաձողը չափազանց ցածր է եւ հեշտությամբ հաղթահարվում է, իսկ կյանքի որակը մնում է ժամանակակից սոցիալական ստանդարտներից հեռու:
Բազմաթիվ ընտանիքների բյուջեի գլխավոր մասը կազմող միջին ամսական աշխատավարձը 2000-2010 թվականներին նույնպես ունեցել է հսկայական աճ` 4,8 անգամ:
Սակայն բացարձակ թվերով այս հրաշքը նույնպես վերածվում է պղպջակի: 2000 թվականին միջին ամսական աշխատավարձը ընդամենը 22,7 հազար դրամ էր` 42 դոլար, հաշվետու տարում` 108,8 հազար դրամ` 291 դոլար: Հաշվի առնենք, որ նույն ժամանակահատվածում դոլարրի փոխարժեքը նվազել է 1,5 անգամ, եւ այդ 291 դոլարը 2000 թվականի փոխարժեքով կլիներ 202 դոլար:
Մանրածախ առեւտրի ֆիզիկական ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 2,2 անգամ: 2000 թվականին մեկ բնակչին հասնում էր միջին ամսական 10,7 հազար դրամի կամ 20 դոլարի գնումներ, իսկ այժմ` 29,7 հազար դրամի` մոտ 80 դոլար:
Այսպիսով, հասկանալի է դառնում, որ ոչ առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերի օգնության ձեռք բերած հաջողությունները գրանցվել են չափազանց ցածր բազային ցուցանիշների համեմատ: Իսկ Հայաստանի տնտեսության վրա շատ ավելի մեծ ազդեցություն են թողել մեր հայրենակիցների դրամական փոխանցումները, որոնք փոխեցին տնտեսական իրավիճակը երկրում: Ստացվում է, որ որոշիչ գործոնը Հայաստանում միջազգային ֆինանսական կառույցների գործունեության հետ ոչ մի կապ չունի: Վարկ վերցնելուց մտածել է պետք: