ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, July 9, 2011 0:52 - չքննարկված
Ադրբեջա’ն, ինչո՞ւ ես կարծում, որ վրացիները ձեռնունայն կմնան եւ չեն պայքարի գողացված իրենց տարածքների համար…
Վրացական թերթն ամոթանք է տալիս Ադրբեջանին եւ մեղադրում Բաքվին իրենց հողերը յուրացնելու մեջ
Հուլիս 09, 2011 | 02:33
Վրացական «Ասավալի-դասավալի» պարբերականը Ադրբեջանի նախագահից պահանջում է դուրս հանել Վրաստանի սահմաններից ադրբեջանցի սահմանապահներին: Ըստ վրացական պարբերականի, Ադրբեջանի ոստիկանության եւ անվտանգության ծառայության աշխատակիցները մինչ այսօր խախտում են Ադրբեջանի կազմի մեջ մտած տարածքներում բնակվող վրացիների տարրական իրավունքները:
Ադրբեջանը «լավ ընկերոջ» քողի տակ գրավում է վրացական տարածքները, մասնավորապես Վրաստանի պատմական Դավիթ-Գարեջիի մի մասը, այնտեղ հաստատելով ադրբեջանցի սահմանապահներին: Պարբերականին հետաքրքրիր է, թե Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն ինչու ձայն չի հանում, սեփական հողը եւ ջուրը հետ վերադարձնելու համար:
«Այն օրվանից, երբ Վրաստանի հող ու ջրի մի մասը, բնակչությամբ հանդերձ անցավ Ադրբեջանի կազմ, հարեւան երկրի ոստիկանության եւ անվտանգության ծառայության գործընկերները վրացիների նկատմամբ սկսեցին իրականացնել շովինիստական, հակամարդկային քաղաքականություն: Խստորեն վերահսկվում է վրաց լեզուն եւ ուղղափառությունը»,-գրում է պարբերականը:
Այնուհետեւ պարբերականը ներկայացնում է Ադրբեջանի կազմի մեջ մտած Սաինգիլոյում (նախկինում հին վրացական Հերեթի նահանգի մի մասը) բնակվող վրացիների անանուն բողոքները: Ըստ պարբերականի, վրացի բանկիչները, վախենալով Ադրբեջանի ոստիկանությունից, իրենց անունները չեն բացահայտում:
«Անցյալ տարի, Թբիլիսիից հյուրեր ունեի եւ վրացական երաժշտություն էինք լսում: 20 րոպե անց Ադրբեջանի անվտանգության ծառայության տեղական բաժնից երկու հոգի հայտնվեցին դռան մոտ եւ պահանջեցին անջատել երաժշտությունը: Երբ հյուրերը բացատրություն պահանջեցին, նրանց տարան բաժանմունք»,-հայտնել է վրացի բնակիչը: Մեկ այլ վրացի ասել է. «Գյուղում չկա վրացական ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, իսկ սահմանից չեն թողնում անցկացնել վրացական գրքերը, սահմանապահները այնպես են փորփրում պայուսակները, որ անգամ թերթ չենք կարող անցկացնել»:
«Տանը վրացական դրոշ ունեի: Նոյեմբերի 23-ին, վրացական «Գիորգոբա» տոնի օրը երեխաս այն վերցրեց եւ վազեց բակ: Հանկարծ էլի հայտնվեցին ադրբեջանցի ոստիկանները, խլեցին դրոշը եւ մեզ մոտ բավականին լուրջ խնդիրներ առաջացան»,-բողոքել է մեկ այլ բնակիչ:
«Այն, ինչ այսօր կատարվում է վրացի բնակիչների հետ, շատ վատ է: Եղբայրությունը եւ ընկերությունը միակողմանի չի լինում: Կոչ եմ անում վրացական կողմին եւ Վրաստանի կառավարությանը ուշադրություն դարձնել տեղի բնակիչներին, որոնք դիմակալեով ճնշումներին, պահպանում են վրացական ավանդույթները, մշակույթը եւ լեզուն»,-հայտարարել է Հերեթիի եպիսկոպոս Մելքիսեդեկը:
«Ինչպես երեւում է, Վրաստանի կառավարությանը չի հետաքրքրում իր հողն ու ջուրը: Հետաքրքրիր է , թե ինչո՞վ են զբաղված վրացի սահմանապահները, երբ վրացական հողին ուրիշներն են տիրանում»,- գրում է պարբերականն ու դիմում Ադրբեջանի նախագահին. «Սիրելի Իլհամ, ընկերներն այդպես չեն վարվում: Լավ հասկանում ենք ձեզ, որ ուզում եք պատերազմել հայերի դեմ` ԼՂ-ն վերադարձնելու համար, բայց Կովկասում հերթական արյունահեղություն չենք ուզում: Ադրբեջա’ն, ինչո՞ւ ես կարծում, որ վրացիները ձեռնունայն կմնան եւ չեն պայքարի գողացված իրենց տարածքների համար»,-ամփոփել է թերթը: