ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, June 30, 2011 18:08 - չքննարկված
«Երիտսյունիներն» Արցախում. ամառային հասարակագիտական դպրոց հրավիրված են ապազգային գաղափարներով հայ դասախոսնե՞ր
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | Հունիսի 28, 2011 14:54
Հունիսի 27-ին Արցախում մեկնարկեց «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցը, որն իրականացվում է «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։
Ըստ կազմակերպիչների` մրցութային կարգով Արցախից և Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակից առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Հայաստանից ու արտերկրից ժամանած դասախոսներից դասախոսություններ կլսի հասարակական գիտությունների, հատկապես` քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների, հակամարտությունների հաղթահարման, արդյունավետ հաղորդակցության, արվեստի պատմության և մի շարք այլ ոլորտների վերաբերյալ։
«Դասախոսելու համար Հայաստանից և Սփյուռքից հրավիրվել են առաջատար հասարակագետներ և քաղաքական վերլուծաբաններ, ինչպիսիք են Էմիլ Դանիելյանը, Լիլիթ Սարգսյանը, Մայա Բարխուդարյանը, Համազասպ Դանիելյանը, Արշակ Բալայանը Հայաստանից, Գրեգ Ավթանդիլյանը, Ռոբերտ Նալբանդովը և Ռազմիկ Փանոսյանը Սփյուռքից»,- գրված է նախաձեռնության մամլո հաղորդագրության մեջ:
Արտաքուստ կարևոր ու օգտակար թվացող այս հաղորդագրությունը դեռևս մայիս ամսին մեծ ոգևորությամբ տարածեցին բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցներ:
Սակայն ամառային դպրոցի մեկնարկից երեք օր առաջ` հունիսի 24-ին, «Հայաստանի զրուցակից» թերթում լույս տեսավ հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ («Արցախյան ազատամարտն անջատողական պիտակողները գալիս են Արցախ… ուսուցանելու»), որում նա սուր քննադատության է ենթարկում այդ նախաձեռնությունը` բացահայտելով ոչ հայանպաստ փաստեր հրավիրված դասախոսների սկզբունքների, գաղափարների և գործունեության վերաբերյալ:
ԱՄՆ-ից Արցախ ժամանած դասախոս Ռազմիկ Փանոսյանը, ինչպես իր հարցազրույցում նշել է Այվազյանը, արցախյան ազգային-ազատագրական շարժումն անվանում է անջատողական: Սակայն դա Փանոսյանի միակ ապազգային տեսակետը չէ. ինչպես տեղեկացնում է Այվազյանը, 2006 թ. Կոլումբիայի համալսարանի հրատարակչությունում լույս տեսած իր «Հայեր. թագավորներից և հոգևորականներից մինչև վաճառականներ և կոմիսարներ» գրքում Փանոսյանը սևացնում է վերջին տարիներին ստեղծված հայ պատմագիտական դպրոցը` համարելով այն նացիոնալիստական: Մասնավորապես, նացիոնալիստ և ռևիզիոնիստ է անվանում հայոց բնիկությունը հաստատող հեղինակներին` շրջանցելով հայերի բնիկ լինելու վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու հետազոտությունները:
Փանոսյանը «ծայրահեղ նացիոնալիստ» է անվանում նաև ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, նաև` Հանրապետական կուսակցության որոշ հին անդամների և ծաղրի ենթարկում նժդեհյան ցեղակրոնության գաղափարներին հարելու համար:
Ցեղասպանությունից մազապուրծ և օտարության մեջ տառապող հայության լայն խավերին նա պիտակավորում է որպես «ռադիկալ» և պատճառաբանում, թե նրանք համակրում էին 1970-1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ին և հայկական մյուս գաղտնի կազմակերպություններին` հայ վրիժառուներին անվանելով այլընտրանք չհանդուրժող «տեռորիստ» եզրույթով, որոնք «նացիոնալիստական պահանջներ» էին առաջ քաշում (Փանոսյանն իր անհամաձայնությունն է հայտնում նրանց «ազատամարտիկ» համարողներին):
Փանոսյանի թեթև ձեռքով նսեմացվում են նաև հայ արքայատոհմերը, քանի որ նա կասկած է հայտնում Երվանդունիների հայ կամ Արշակունիների հայախոս լինելու կապակցությամբ` շահարկելով, մի դեպքում, հին էլիտաների համար սովորական խառնամուսնություններն օտար արքայական տների ներկայացուցիչների հետ, մյուս դեպքում՝ առաջին Արշակունիների պարթևական ծագումը:
Փանոսյանը պաշտպանում ու կրկնում է մեկ այլ «հայագետի»` Ռոբերթ Թոմսոնի ասածները, թե իբր Խորենացին գրել է VIII դարի կեսերին և ոչ թե V դարում», ինչպես նաև մեջբերում է Պատմահոր հասցեին Թոմսոնի հայհոյանքը. «Մովսեսը մի լկտի և կեղծարար խաբեբա է, իսկ նրա երկը՝ ոչ հավաստի աղբյուր»:
Ինչ վերաբերում է հայ ազատագրական շարժումներին, ապա ըստ Փանոսյանի, օրինակ, Դավիթ բեկի գլխավորած Սյունյաց ապստամբությունը ազգային-ազատագրական պայքար չէր, այլ այն այդպես են որակում «նացիոնալիստ պատմաբանները», իսկ Վարդանանց պատերազմը միմիայն կրոնական պատերազմ էր՝ առանց ազատագրական նպատակների:
Փանոսյանը Արևմտյան Հայաստանի մասին գրելիս չակերտների մեջ է դնում «կորուսյալ հողեր» արտահայտությունը, իսկ Ջավախքը վրացական եզրույթով անվանում Ջավախեթի` այդ տարածքի նկատմամբ ազգային զգացմունքներն ու քաղաքական մոտեցումները բնութագրելով «նացիոնալիստական»:
Ինչպես նշում է Այվազյանը, Փանոսյանն իր շարադրանքներում որևէ հիմնավորում չի տալիս` փոխարենն անելով անհեթեթ հայտարարություններ, որոնք լուծում են քարոզչական խնդիր՝ նսեմացնել հայերին, նրանց անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը։ «Փանոսյանի նմաններին ես կոչում եմ երիտսյունիներ։ Ինչպես և տխրահռչակ կեղծարար Ռ. Սյունին, այնպես էլ Փանոսյանը երբևէ գիտական որևէ լուրջ ուսումնասիրություն չի հեղինակել, նրա այս գիրքն էլ ընդամենը կրկնությունն է այն բոլոր կեղծ դրույթների, որոնք ժամանակին հնչեցրել են Նինա Գարսոյանը, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռոնալդ Սյունին, ամերիկյան «հայագիտական» դպրոցի այլ ներկայացուցիչներ»,- ասում է Այվազյանը:
Ավելացնենք, որ ամառային դպրոցի մասնակիցների համար «Մեդիա և հասարակություն» թեմայով դասախոսություն է կարդալու նաև հայաստանցի լրագրող Էմիլ Դանիելյանը: Նա, ըստ Այվազյանի, պարբերաբար հրաժարվում է օգտագործել իրավական կշիռ ունեցող «ցեղասպանություն» եզրույթը` նախընտրելով «1915 թ. զանգվածային սպանություններ և տեղահանումները», ինչը հաճախ է հանդիպում թուրքական մերժողական դիրքորոշում ունեցող անգլիալեզու հրապարակումներում:
Նշենք, որ 2009 թ. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը քննադատել և թարգմանաբար հրապարակել է այդ լրագրողի հոդվածներից մեկը, որում նա կրկին ցեղասպանություն եզրը փոխարինել է վերոնշյալ արտահայտությամբ: Ռազմավարագիտական կենտրոնի կոչը` հրապարակայնորեն հերքել «զանգվածային սպանություններ» արտահայտության կիրառումը, լրագրողը թողել է անպատասխան:
Սակայն այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը Փանոսյանն անվանում է «անջատողական»` ավելացնելով, որ այն, «նացիոնալիստական պահանջների կիզակետ դառնալով, եկավ ամբողջովին փոխարինելու Սփյուռքի ահաբեկչական շարժմանը»։
«Սա հե՛նց այն է, ինչ ասում են Բաքվում և Անկարայում. արցախյան գոյամարտը ոչ այլ ինչ էր, քան հայերի նացիոնալիստական և ահաբեկչական մի շարժում»,- մեկնաբանում է Այվազյանը` զարմանալով, որ անգամ Արցախում՝ հայոց սահմանագծին, չեն հասկանում, թե ում են գրկաբաց ընդունել և վստահել հայ երիտասարդների կրթադաստիարակչական գործը. «Ի՞նչ են սովորեցնելու հայ ուսանողներին այդ երիտսյունիները` կեղծ պատմությու՞ն, ինքնատյացությու՞ն, կամազրկությու՞ն, թե՞ պարտություն», – հարցնում է Այվազյանը:
Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, Արցախի խորհրդարանի պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանը մեզ հայտնեց, որ ամառային դպրոցի մասին տեղեկացել է Այվազյանի` «Հայաստանի զրուցակցին» տված հարցազրույցից: Վերոնշյալ անձանց կողմից Արցախում դասախոսություն կարդալու վերաբերյալ նա արտահայտվեց հետևյալ կերպ. «Դա խուլիգանություն է…»:
Արցախի կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը սկզբում հայտնեց, որ ընդամենը տեղյակ է, որ նման բան է կազմակերպվել, հետո ավելացրեց, որ իրենք չեն կարող խոչընդոտել օրենքով գրանցված, թույլտվություն վերցրած հասարակական կազմակերպության գործունեությունը: Քիչ անց նախարարն անձամբ զանգահարեց «Անկախի» խմբագրություն` հայտնելով, որ ինքը մերժել է համալսարանի ռեկտորի դիմումը Արցախի պետական համալսարանի շենքն ամառային դպրոցին տրամադրելու մասին. «Հենց սկզբից էլ այդ ամենի մեջ ինչ-որ կասկածելի բան կար,- ասաց նախարարը,- եթե հայ լրագրողը հրաժարվում է գործածել «ցեղասպանություն» բառը, դա արդեն նորմալ չէ»:
Նախարարը նաև հայտնեց, որ ամառային դպրոցն իր աշխատանքն անցկացնում է «Մեսրոպ Մաշտոց» մասնավոր համալսարանում, իսկ իրենք վերահսկում են գործընթացը:
Ավելացնենք, որ Արցախում «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի ներկայացուցիչ է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակից Կարեն Կոստանդյանը, որը ողջույնի խոսք է հղել ամառային դպրոցի մասնակիցներին:
Փաստորեն, Ռազմիկ Փանոսյանը բավականին գործնական հարաբերությունների մեջ է երիտասարդ հայ գիտնականների ու պաշտոնյաների հետ. հետաքրքիր է` նրանք համագործակցում են` տեղյակ լինելո՞վ Փանոսյանի գաղափարներին:
Նշենք, որ «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի նախաձեռնողները ներկա ամառային դպրոցի հաջող իրականացման դեպքում մտադիր են սույն ձեռնարկը դարձնել ամենամյա իրադարձություն…
Մեկնաբանություններ՝ (10)
-
Narek ասում է՝
Shat shnorhakalutjun ays tshnamakan gortsarqi masin hasarakutjany irazekelu hamar, kuzenaj vor liner hamapatasxan hakaharvats ajt “gitnakannerin” nranc elujtnery kasecnelu kam argezrkelu hamar. Pastoren tshnamin pntrum e erkri nersum kolaborantner kam nman hakahajkakan kadrer porcum e arachatsnel hajatjacytjan qarozi michocov. Tshnamin gortsum e or ev gisher, ajt tvum spjurqjan vorosh kazmakerputjunneri michocov voronq gtnvum en tarber erkrneri tsarajutjunneri verahskoxutjan nerqo
-
Ռուզան Խաչատրյան ասում է՝
Հարգելի Անի, փորձեք Ինտերնետում որոնում անել անգլերեն Էմիլ Դանիելյան և ցեղասպանություն բառերը միասին, կտեսնեք, թե Էմիլ Դանիելյանի որքան հոդվածներ կան այդ բառի գործածությամբ: Այդ թվում՝ հենց ձեր մեջբերած լինքով մտեք ու հենց այդ անգլերեն հոդվածը կարդացեք: Եթե նույնիսկ անգլերեն չեք կարդում, այդ հոդվածի մեջ որոնում տվեք genocide բառով, առնվազն երկու տեղում կհանդիպեք:
-
Անի Գասպարյան ասում է՝
Հարգելի Ռուզան, ես այդ հոդվածում genocide բառն իհարկե նկատել եմ, բայց նաև նկատել եմ, որ այդ դեպքերում այլ բառ հնարավոր էլ չէր օգտագործել, քանի որ տեքստը հենց ա’յդ բառն էր պահանջում: Իսկ օրինակ, մի քանի տող վերև հեղինակն, արդեն իր կողմից, օգտագործել է “1915 թվականի հայկական ջարդեր” արտահայտությունը, այնինչ կարող էր և պարտավոր էր օգտագործել “ցեղասպանություն” եզրույթը:
Ինչ վերաբերում է Էմիլ Դանիելյանի այլ հոդվածներին, որտեղ “ցեղասպանություն” բառն օգտագործվում է, ապա այո, չենք հերքում, որ նման օրինակներ էլ կան: Բայց չէ?ք կարծում, որ լրագրողը` հայ լրագրողը, ՄԻՇՏ պետք է օգտագործի “ցեղասպանություն” բառը` հատկապես այնպիսի մի կարևոր ու շրջադարձային ժամանակաշրջանում, ինչպիսին 2009 թվականի հայ-թուրքական հարաբերությունների փորձաշրջանն էր:
Փոխարենը նա հենց այդ բուռն ամիսներին հրապարակած երկու լուրջ հոդվածում “ցեղասպանություն” բառի փոխարեն գրում է “զանգվածային կոտորածներ”: Եթե որևէ մեկը դա համարում է վրիպակ կամ թյուրընկալում մեր կողմից, ապա դա իր իրավունքն է: Ես, որպես լրագրող և որպես հայ` այդպես չեմ կարծում:
Շնորհակալություն:
-
Ստեփան Սարգսյան ասում է՝
Հարգելի Ռուզան, կհորդորեի ավելի ուշադիր վերընթերցել Էմիլ Դանիելյանի հոդվածը։ Ձեր իսկ նշած երկու տեղում «genocide» բառի գործածումը Դանիելյանի կողմից ոչ թե Հայոց Եղեռնի իր՝ հեղինակի որակավորումն է, այլ ուրիշ անձի խոսքի մեջբերում, կամ եզրույթի նպատակային գործածում իրավական-քաղաքական խնդրի բացատրության՝ այլ ոչ թե որակավորման նպատակով։ Իսկ արդեն իր՝ հեղինակի խոսքում Եղեռնը երբեք ցեղասպանություն չի որակվում՝ նախընտրելով խոսանավել «1915-ի զանգվածային սպանություններ և բռնագաղթ», «1915-ի ջարդեր Օսմանյան Կայսրությունում [իսկ Արևմտյան Հայաստանը ու՞ր մնաց – ՍՍ]» արտահայտություններով։ Կասկածից վեր է, որ հեղինակը քաջ ծանոթ է ցեղասպանություն բառի քաղաքական-իրավական նշանակությանն ու արժեքին։
Ավելացնենք, որ 2009-ին ավելի վաղ նա գրել էր մեկ այլ հոդված, որտեղ կրկին օգտագործել էր «հայերի զանգվածային սպանություններ» արտահայտությունը: Հեղինակին կոչ էր արվել հրապարակայնորեն հերքել այդ արտահայտության կիրառումը, որը մնաց անպատասխան:
Այսպիսով, տրամաբանական երկու հետեւություն կարելի է անել. կա’մ Էմիլ Դանիելյանն իսկապես կարծում է, որ հայոց ցեղասպանությունը եղել է ընդամենը հայերի զանգվածային սպանություն, այլ ոչ ցեղասպանություն, կա՛մ նա այդ կարծիքին չէ, բայց պատրաստ է այն ներկայացնել եւ նույնիսկ քարոզել իր հոդվածներում` եթե հրապարակողը վճարում է համապատասխան գին: Ամեն դեպքում, նա օգտագործել է «զանգվածային սպանություններ» արտահայտությունը՝ կատարելով մտածված ընտրություն: -
Ստեփան Սարգսյան ասում է՝
Ահա Էմիլ Դանիելյանի մի ուրիշ հոդվածում առկա անընդունելի հավելյալ ձևակերպումներ (http://artmamul.ararat-center.org/?p=161)․՝
1) «Իր կողմից Սարգսյանն ազդանշան տվեց, որ սկզբունքորեն իր համար ընդունելի է 1915-1918թթ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը:»
[Ինչու՞ չի գործածվել ցեղասպանություն։ Միանգամից կասկած է առաջանում, որ դեռ այդ հանձնաժողովը պետք է պարզի այդ հարցը։ Չի հիշատակվել նաև Արևմտյան Հայաստանը եզրը, որը նույնիսկ ՀՀ Անկախության Հռչակագրի մեջ է նշված (ՀՀ Սահմանադրության մեջ էլ հղված)։ Վերջապես, ինչու՞ է սահմանափակում ցեղասպանության շրջանը 1915-1918 թթ.-ով, երբ այն սկսվել է 1890-ականներից և շարունակվել ընդհուպ մինչև 1923 թ.։ Թե՞ պետք չի նշել, որ ժամանակակից Թուրքիան էլ է Աթաթուրքը ցեղասպանությունվ հիմնել։ – ՍՍ]2) «…թուրքական թակարդ, որի նպատակն է խափանել շատ պատմաբանների կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանություն համարվող դեպքերի` միջազգային ավելի լայն ճանաչումը:
[Այսինքն՝ Դանիելյանն ուզում է ասել, որ պատմաբանների մի ուրիշ խումբ էլ դա ցեղասպանություն չի համարում։ Այնինչ ինքը շատ հստակ պետք է արտահայտվեր՝ առանց անտեղի թեականության։ Սա հայտնի հնարք է, որը կիրառվում է արևմտյան մամուլում։ – ՍՍ]3) « ․․․ Օսմանյան կայսրության ավելի քան մեկ միլիոն հայերի կոտորածները որպես ցեղասպանություն բնութագրելու` իր նախընտրական խոստումը կատարելուց:»
[«Իսկ ինչու՞ հեղինակը չի նշում ընդունված թիվը՝ մեկ ու կես միլիոն։ Դարձյալ զիջում է կատարված թուրքերին։Նորից, չի նշված Արևմտյան Հայաստանը» – ՍՍ]Հիմա կարելի է անցնել Արցախի՝ Դանիելյանի որակավորմամբ «բռնագրաված» տարածքներին։
-
Marine ասում է՝
Ապրես, Անի ! Դու քո գործը կատարում ես անթերի։ Ոչ ոքու մի լսի։ Իհարկե, կփորձեն պաշտպանվել, արդարանալ։ Արդեն ուշ է։ Ապազգայինները բացահայտված են։ Նրանց ճակատից այս սև բիծը չի ջնջվի երբեք։
-
Ստեփան Սարգսյան ասում է՝
Կարո՞ղ է արդյոք մի որևէ իսրայելցի լրագրող գրի, որ «Հիտլերի կազմակերպած՝ հրեաների զանգվածային սպանությունները շատ պատմաբաններ համարում են հոլոքոստ»։ Իհարկե, այդպիսի կասկած հարուցող տողեր և բառակապակցություններ ոչ մի հրեա լրագրող իրեն թույլ չի տա գրել։
Կամ գրեն՝ «սպանվել է ավելի քան 5 միլիոն հրեա»։ Միշտ ասվում է ընդունված թիվը՝ 6 միլիոն սպանված ու վերջ։
-
Ստեփան Սարգսյան ասում է՝
Ահա Էմիլ Դանիելյանի փայլատակումները Արցախյան թեմայով՝ «բռնագրավված տարածքների» կտրվածքով։
1) Նույնիսկ վերնագրերն են արտացոլում բովանդակությունը․՝ UN Concerned About Fires In Armenian-Occupied Lands (ՄԱԿ-ը մտահոգ է գրավված տարածքներում հրդեհներում։ Այս մարդն էլ գնացել է Արցախ ուսուցանելու ․․․ երևի չգրավելու մասին)http://www.azatutyun.am/content/article/1583955.html
2) “…Kelbajar, one of the seven occupied Azerbaijani districts sandwiched between Karabakh and Armenia…” (Քելբաջարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սեղմված յոթ բնռագրաված տարածքներից մեկը) Հիշեցնեմ, բացի այն որ այս բնիկ հայկական շրջանը ազատագրել են հայ ազատամարտիկները, այն շատ վաղուց Նոր Շահումյան կամ Քարվաճառ են անվանում։ Բայց, դա Դանիելյանին չի հետաքրքրում, ենթադրաբար։ http://forum.armkb.com/archive/index.php/t-23846.html (Source: http://www.armenialiberty.org/armeniareport/report/en/2006/06/00DB055C-7469-4805-A919-3395C5858110.ASP)
3) “Now, they also want Armenia to keep much of what is now occupied Azerbaijani territory.” (Այժմ նրանք [հայերը] ուզում են պահել այն, ինչ ներկայումս բռնագրաված ադրբեջանական տարածք է։) http://www.eurasianet.org/departments/insightb/articles/eav122308b.shtml
4) “…the liberation of Armenian-occupied Azerbaijani territories that surround the disputed enclave…” (․․․հայերի կողմից բռնագրաված ադրբեջանական տարածքների ազատագրումը) http://www.eurasianet.org/departments/insight/articles/eav052005.shtml
Մնում է Երևանն էլ ադրբեջանական Էրիվանի խանություն անվանենք, վերջացնենք։
-
Ստեփան Սարգսյան ասում է՝
Այս հակահայկական, ադրբեջանամետ «գրավված տարածքներ» ձևակերպումները այնքան շատ են Դանիելյանի հոդվածներում, որ բոլորը անիմաստ է այստեղ շարել։
-
Marine ասում է՝
Մինչդեռ Փանոսյանն Արցախում է, մյուս տխրահռչակ “հայագետ” Ջեյմս Ռասելն էլ այս օրերին գրկաբաց ընդունվում է Երևանում։ Նա մասնակցելու է Երևանում կայանալիք միջազգային կոնֆերանսին (International Conference “15 Years of Achievements: Celebrating the 15th Anniversary of Iran and Caucasus”, July 01-02, Yerevan)։ Նրա բազմաթիվ հակահայկական ելույթներին և արտահայտություններին, որոնք բերված են Անի Գասպարյանի նախորդ՝ նույնպես փայլուն հոդվածում (Հայ քաղաքական ուժերը՝ «ֆաշիստական», հայ պատմաբանները՝ «անուս». համագործակցե՞լ արդյոք Ռասելի հետ – http://ankakh.com/2011/05/119043/), ավելացնենք ևս մեկը՝
«Վերջին տասնամյակում ականատես եղանք Հայաստանում ադրբեջանցիների և քրդերի «էթնիկական զտմանը» (“The last decade has seen ethnic cleansing of Azeris and Kurds in Armenia”)
Տե՛ս, Rethinking Armenian Studies, A Special Issue of the Journal of Armenian Studies, Volume VII, No. 2 (2003), էջ 43։Ամենամեծ աբսուրդն այն է, որ այս հատորի Առաջաբանն (էջ 1-6) էլ գրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։ Չգիտես՝ խնդաս թե՞ լաս…
—
www.ararat-center.org