ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, June 26, 2011 21:58 - 1 քննարկում

Հայոց դիմադրողականությունը ոչնչացնողը. Տեր-Պետրոսյանի` ՄՆ-ին տված հարցազրույցի հետքերով

Posted on 25.06.2011 by Վահան Իշխանյան

«Արեք այս երկրի հետ ինչ ուզում եք»,- այս ուղերձն է հղում Լևոն Տեր-Պետրոսյանը Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային հանրությանը` Կազանի բանակցություններից մի օր առաջ «Մասկովսկիե նովոստի» թերթին տված իր հարցազրույցում բառացի ասելով. «Հայաստանը վերանում է: Ես չեմ չափազանցնում»(հարցազրույցը ամբողջությամբ այստեղ):

«Հայաստանը վերանում է» սադիստական հրճվանքը ԼՏՊ-ն արտահայտում է 15 տարիների ընթացքում (հանած լռության տասը տարին), որը բնորոշվեց նրա «Սերգո ջան, լավ չես ապրելու» արտահայտությամբ:

1998թ. հրաժարականից սկսած` Հայաստանը վերացած տեսնելու նրա չարագուշակ հրճվանքը չի իրականանում, երկիրը մեկ զարգանում է, մեկ անկում ապրում, մեկ արտագաղթը աճում է, մեկ նվազում:

Հայաստանը վերացած տեսնելու նրա ցանկության հիմքում ընկած է Ղարաբաղը, նրա հավատամքն է դարձել` քանի դեռ Ղարաբաղի անկախության համար Հայաստանը պայքարում է, ուրեմն վերանալու է:

Սակայն, կարծես, առաջին անգամ էր, որ իր գույժը հնչեցնում էր միջազգային մամուլում` ուղղված ղարաբաղյան կարգավորման գործընթացին մասնակից միջազգային ուժերին: Ինչո՞ւ. ուղերձի ենթատեքստն է` Հայաստանը Ղարաբաղի պատճառով վերանում է, դա ես գիտեմ, և եթե ինձ նախագահ դարձնեք, շուտ կտամ Ղարաբաղը, ու հարցը կփակվի:

Հայաստանը ոչնչացնելու ուղերձը նա այլ ձևակերպումներով էլ է անում հարցազրույցում` գրեթե նույնությամբ կրկնելով նույն ժամանակ «Եվրոնյուսով» Ալիևի տված հարցազրույցը:

ԼՏՊ-ն ասում է. «Ադրբեջանի ՀՆԱ-ն 5 անգամ ավելի է, քան Հայաստանինը: Բյուջեն 5 անգամ ավել է, ռազմական ծախսերը 10 անգամ ավել են: Բնականաբար Ադրբեջանի դիրքերը ավելի ամբարտավան կլինեն, պահանջները ավելի կոշտ կլինեն: Հիմա ձեռք բերել այն, ինչ կարող էինք ձեռք բերել այն ժամանակ, շատ դժվար կլինի (նկատի ունի իր իշխանության ժամանակվա ղարաբաղյան փուլային տարբերակը):

Իսկ ահա Ալիևի խոսքը. «Մյուս կարևոր պահն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի հարաբերակցությունը արմատապես փոխվել է վերջին տարիներին: Օրինակ, Ադրբեջանի պետական բյուջեն 10 անգամ ավելի է, քան Հայաստանինը, միայն պաշտպանական ծախսերը գերազանցում են Հայաստանի ամբողջ բյուջեն: Այսպիսին է իրականությունը, և ժամանակի ընթացքում այս խզումը երկու երկրների միջև միայն ավելանալու է» (տես այստեղ):

Ալիևը նույնիսկ Լևոնից ավելի մեղմ է ներկայացնում Հայաստանի իրավիճակը, չի խոսում Հայաստանի վերանալու, արտագաղթի մասին:

(Արժի՞ որևէ մեկին բացատրել, թե Հայաստանի շահերով հետաքրքրված քաղաքական գործիչը ինչ կասեր նման իրավիճակում. կամ չէր խոսի Ադրբեջանի «հզորության» մասին, կամ էլ, եթե հարց լիներ բյուջեի ծավալների աճի վերաբերյալ, Հայաստանը աշխարհի առաջ ոչ թե որպես վերացող երկիր կներկայացներ, այլ կասեր` «բյուջեով թող չոգևորվեն, 92-94 թվերին էլ էր Ադրբեջանը իրեն ավելի ուժեղ զգում, և տեսանք ինչ եղավ», ու նման բաներ: Գուցե արժի բացատրել քաղաքականություն չըմբռնող, բայց քաղաքականությամբ հետաքրքրվողների համար):

(Ալիևն ու Տեր-Պետրոսյանը բառացիորեն նույնն են կրկնում նաև Ղարաբաղի հարցի ստասուս քվոյի վերաբերյալ, կարծես միասին պայմանավորված լինեն, միայն Տեր-Պետրոսյանը այդ մասին ասել է 24 օր առաջ մայիսի 31-ի հանրահավաքում(բարեբախտաբար ՄՆ-ի լրագրողը այդ հարցը չի տվել): Այսպես.

ԼՏՊ. «Իսկ որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, եւ որ ստատուս-քվոյի պահպանման ռեսուրսն այլեւս սպառվում է, ակնհայտորեն երեւում է նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ս.թ. մայիսի 26-ի դովիլյան համատեղ հայտարարությունից, ինչպես նաեւ մեր ձեռքի տակ եղած որոշ խորհրդապահական տեղեկություններից։ Այս ամենը նկատի ունենալով, ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանն այսօր արդեն մտահոգված է ոչ այնքան ստատուս-քվոյի պահպանմամբ, որքան գործընթացից ետ չմնալով»։

Ալիև. «Միառժամանակ Հայաստանում իշխում էր այն կարծիքը, որ նրանք պետք է պահպանեն ստատուս-քվոն այնքան, ինչքան հնարավոր է, և դա նրանց հաջողվում էր: Բայց վերջին ամիսներս իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ռուսատանը, Ֆռանսիան, և այդ երկրների ղեկավարները ելույթ ունեցան պարզ հայտարարությամբ, որ ստատուս քվոն անընդունելի է»:

Նշեմ, որ նույնաբովանդակ հայտարարություններ, էլի են եղել(որ երեք երկրները կաջակցեն հիմնարար սկզբունքներին, որոնք երկու բառով սրանք են`մի կողմից տարածքների վերադարձ, մյուս կողմից «ԼՂ ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանում» և «ինքնորոշման երաշխավորում»), սա արդեն երրորդն է, և միայն ադրբեջանական շահերի պաշտպանը այն աշխարհի առջև կմեկնաբանի որպես ճնշում Հայաստանի վրա, որ հայկական կողմը «մտահոգված է» և որ հայտարարությունում ասվում է, թե ստատուս քվոն անհնար է պահպանել, այսինքն՝ Հայաստանը որպես «վերացող» երկիր չի կարող միակողմանի զիջումներ չանել: Բայց վերջում էլ պարզվում է, որ այն Ադրբեջանի համար անընդունելի է: Սակայն այդ ճնշումը իրոք միակողմանի, միայն Հայստանի վրա կլինի, ու կհանվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եթե հայկական ընդդիմությունը շարունակի աջակցել Ադրբեջանին):

Սակայն այսքանով չի ավարտվում ԼՏՊ-ի` Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մղումը, իր վրա է ստանձնում «անաչառ պատմաբանի» դերը ու հայտարարում ամբողջ աշխարհով մեկ, թե 1918 թվին, երբ անկախացան կովկասյան երեք հանրապետությունները. «Այն ժամանակ Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ չէր մտնում, Նախիջևանը ձևականորեն մտնում էր, բայց, փաստորեն, Հայաստանը այնտեղ վերահսկողություն չուներ»:

Իսկ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը չճանաչելն էլ այնպիսի ծաղրական արտահայտությամբ է անում, որ այն ադրբեջանական մամուլը դարձնում է հարցազրույցի վերնագիր. «Ես ուրախ եմ, որ Հայաստանի երեք նախագահների խելքը հերիքում է, որ չճանաչեն Ղարաբաղի անկախությունը» (տես այստեղ): «Խելք հերիքելու» ենթատեքստը պարզ է`«Ղարաբաղի անկախությունը անխելքություն է, անհնարին բան»: Եվ Ղարաբաղի ճանաչելը համեմատում է Թուրքիայի կողմից հյուսիսային Կիպրոսի ճանաչման հետ, մի բան, որը եվրոպացիների համար անընդունելի է: Այսինքն, Եվրոպային հորդորում է՝ հանկարծ չճանաչեք Ղարաբաղի անկախությունը, դա նույն կիպրոսյան խնդիրն է (էլի համեմատության համար ասեմ, որ հայ դիվանագետները և քաղաքական գործիչները միջազգային ասպարեզում Ղարաբաղը համեմատում են Կոսովոյի ճանաչման հետ, որ հնարավորություն բացեն Ղարաբաղի ճանաչման համար, իսկ Լևոնը ճիշտ հակառակն է անում՝ Կիպրոսի օրինակով փակում է Ղարաբաղի ճանաչման հեռանկարը):

Նաև այսպիսի միտք է ասում` Իրանի սահմանը ավելի կարևոր է, քան Ղարաբաղը: Այս արտահայտությունը նման է նրան, եթե մեկը ասեր` ուղեղիս աջ կիսագունդը ավելի կարևոր է, քան ձախը, կամ սիրտը ավելի կարևոր է, քան թոքերը: Միայն Ղարաբաղի վրա խաչ քաշած մեկը նման արտահայտություն թույլ կտար միջազգային մամուլում: Արտահայտությունն ասում է` մենք կարող ենք առանց Ղարաբաղի էլ ապրել:

Բայց Ղարաբաղը հանձնելը հերիք չի, նա նաև անդրադառնում է ղարաբաղյան պատերազմին և անուղղակի մեղադրում հայկական բանակին Քելբաջարը գրավելու համար.

«Հարց. Դուք ինքներդ պատկերացնո՞ւմ եք սահմանների բացման «ճանապարհային քարտեզը»:

ԼՏՊ- Շատ լավ եմ պատկերացնում: Մինչ 1992 թիվը ամեն ինչ շատ նորմալ էր գնում Թուրքիայի հետ: Մենք պատրաստ էինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Նույնիսկ արձանագրության նախագիծն էր պատրաստ, մի երկու հարց էր մնացել լուծել: Մեկ էլ սկսվեցին մարտերը Քելբաջարի շրջանում, և թուրքերը ուղղակի կանգնեցրին այդ գործընթացը որպես Ադրբեջանի հետ համերաշխության նշան: Նրանք պատռեցին այդ համաձայնությունները և փակեցին սահմանը»: Հիմա ալգորիթմը հետևյալն է: Գուցե մեզ դա դուր չի գալիս, բայց դա փաստ է. թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, քանի չի լուծվել ղարաբաղյան խնդիրը: Լուծեք ղարաբաղյան խնդիրը, հաջորդ օրը կբացվեն սահմանները»:

Այսպիսով, Լևոնը Քեյբաջարի գրավումը իր վրայից հեռացնում է և ջուրն է գցում իր pr-շչիկների աշխատանքը, թե նա հաղթանակած նախագահ է (գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանն էլ zham.am-ին տված հարցազրույցում ասում է. «մենք Շուշին գրեթե գաղտնի ազատագրեցինք առաջին նախագահից»: Ու վերջնականապես փլվում է հաղթանակած ու հիմնադիր նախագահի միֆը, որը ստեղծելու համար այդքան փող էր ծախսվել):

(Փակագծում նշեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այժմյան աջակից Տիգրան Պասկևիչյանը դեռ 1993թ. «Ար» շաբաթաթերթում գրել է, որ պատերազմի ամբողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, և դրա հետ Լևոնը կապ չունի: Իր «Պատերազմի նախարար» հոդվածում նա գրում է. «Այսպես հայտնվեց մեկը, որ իշխանական խաղերից վեր բարձրանալով պատասխանատվություն ստանձնեց լինելու պատերազմող երկրի պատերազմի նախարարը(Մանուկյանը): Այսպես հայտնվեց մեկը, որ իշխանությունների վարած պաշտոնական քաղաքականությանը չհամընկնող հայտարարություն կարող է անել, և այդ հայտարարությունը կարող է հերքվել նախագահի մամուլի քարտուղարի կողմից(Տեր-Պետրոյանի քարտուղարի): Այսպես հայտնվեց մեկը, որ Հայաստանում արցախյան խնդրի նկատմամբ եղած դիրքորոշումների մեջ ուներ իր սեփականը` ազատագրել Արցախի տարածքը, ապահովել անվտանգությունը և ապա անցնել բանակցությունների», «Ար», 14-21, 1993թ.):

Բայց գլխավորը դա չի, այլ այն, որ Լևոնը «շատ լավ պատկերացնում է» Թուրքիայի սահմանը բացելը` հետ վերադարձնել Քյալբաջարը ու Ղարաբաղը տալ Ադրբեջանին:

Իրո՞ք Լևոնը Թուրքիայի ու Ադրբեջանի լրտեսն է, ինչպես պնդում են շատերը` ադրբեջանաթուրքական շահերին նվիրվածությունը տեսնելով: Իսկ ոմանք էլ կարծում են, թե նա ԱՄՆ-ի ու արևմուտքի շահերին է ծառայում, քանի որ պնդում է Ղարաբաղի լուծման արևմտյան փուլային տարբերակը, որի դեպքում ՆԱՏՕ-ի զորքերը կտեղակայվեն Իրանի սահմանին: Սակայն ինչպե՞ս թե արևմտյան շահերի ներկայացուցիչ, եթե նա իր հարցազրույցում նաև Ռուսատանին է քծնում` ներկայացնելով իբրեւ տարածաշրջանի միակ խաղացող ու բացի դա ողջունում Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված ռուսական ռազմաբազաները ևս 49 տարով Հայաստանում թողնելու պայմագիրը.

«Հարց. Ճիշտ արեցի՞ն, որ վարձակալությունը երկարաձգեցին (ռուսական ռազմաբազաները 25-ի փոխարեն 49 տարով երկարաձգելը):

ԼՏՊ. Իհարկե ճիշտ արեցին»:

Նաև ճիշտ է համարում, որ Ռուսաստանը ոչ միայն չի վճարում բազաների համար, այլև Հայաստանն է ծախսերի մի մասը փակում:

(Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը ճիշտ է համարում, հայ թուրքական ձախողված արձանագրությունների վերաբերյալ հարցին էլ` «Սարգսյանը ինչը այնպես չարեց» պատասխանում է.«Նա ամեն ինչ արեց նորմալ և ճիշտ»: Իսկ եթե հիշենք անցյալ տարի ՀՀՇ-ի համագումարում նրա խոսքը, որ «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը», ապա պարզ կդառնա որ նրա հակասությունը Սերժ Սարգսյանի հետ միայն Ղարաբաղի հարցում է, որ Սարգսյանը Ղարաբաղի հարցում այն զիջումները չի անում, ինչ ինքը կաներ: Դեռ այդ աստիճանի միամիտներ կա՞ն, որ կարծում են, թե Տեր-Պետրոսյանը տնտեսական բարեփոխումներ է ցանկանում անել):

Ոմանք կարող են ասել, թե Լևոնը ռուսական շահերի պաշտպան է, իսկ հակառուսական տրամադրվածները, ինչպես նախկինում էին պնդում, այնպես էլ հիմա կպնդեն, թե նա ուղղակի Կրեմլի ագենտ է:

Ուրեմն, ո՞ւմ լրտեսն է դուրս գալիս ԼՏՊ-ն՝ Թուրքիայի՞, Ադրբեջանի՞, ԱՄՆ-ի՞, թե՞ Ռուսատանի: Ոչ մեկինն էլ չի, ուղղակի ԼՏՊ-ն տվող է, հանձնող, ով ինչ պահանջում է, պատրաստ է տալ: Ադրբեջանը Ղարաբա՞ղն է ուզում, վերցրու, Թուրքիան է՞լ է Ղարաբաղն ուզում, տալիս եմ, չի՞ ուզում, որ ցեղասպանության խնդիրը միջազգային ասպարեզում բարձրացնեմ, չեմ անի, Ռուսաստանը իր ռազմաբազաների տեղակայման պայմանագիրն ուզում է 25 տարվա տեղ 49 տարով երկարացնե՞լ, խնդրեմ, իսկ եթե ուզի հավե՞րժ թողնել, առարկություն չկա: Տպավորությունն այն է, որ եթե Թուրքիան Գյումրին էլ պահանջի, Լևոնը պատրաստ է տալ. տալ, տալ, հանձնել, միայն դիմադրելու համար նեղություն չքաշել:

Այսպիսով, եթե մանրակրկիտ վերլուծության ենթարկվի վերջին 20 տարվա պատմությունը, նկատելի կդառնա, որ հենց Լևոնի զիջողականության, դիմադրելու կարողության բացակայության, հետն էլ հայկական դիմադրությունը ոչնչացնելու պատճառով է, որ ղարաբաղյան հարցը չի լուծվել. հաղթանակած երկիրը հնարավորություն ուներ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և պարտված Ադրբեջանին պարտադրել նույնն անել ու հրաժարվել մեկընդմիշտ Ղարաբաղը իր կազմում տեսնելու հնարավորությունից: Դրանից հետո տնտեսական զարգացման ցուցանիշներն ու նաև ցեղասպանության ճանաչման խնդիրը միջազգային ասպարեզում բարձրացնելն էլ կստիպեին Թուրքիային սահմանը բացել(հարցազրույցում քննադատում է Քոչարյանին ՄԱԿ-ի ամբիոնից ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու համար, մինչդեռ պատմությունը ցույց տվեց, որ դա ճիշտ քայլ էր, Թուրքիան առաջին անգամ, հանձին Էրդողանի, 2005-ին Հայաստանի հետ հաշվի նստեց ու նամակ հղեց Հայաստանի նախագահին): Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չտվեց Հայաստանի Գերագույն սովետին ճանաչել Ղարաբաղի անկախությունը և բանակցությունները տարավ այն հունով, որից այժմ չեն կարող դուրս գալ Հայաստանի կառավարությունները, Սովետից ժառանգված տնտեսությունը ոչնչացրեց` առանց դիմադրության մասին մտածելու իր համախոհներին հանձնելով այն, ինչ ուզում են՝ երկրի ամբողջ ունեցվածքը, տնտեսական լծակները, որի արդյունքում վերացավ տնտեսական մրցակցության դաշտը, ու արդյունքում երկիրն աղքատացավ, ու բնակչությունը նվազեց:

Իսկ հենց սկսեց երկիրը քիչ թե շատ զարգանալ, շնչել, նա կրկին հայտնվեց ու որպես ընդդիմություն դարձավ աջակիցն այն իշխանության, որը կրկին տնտեսությունը ոչնչացնում է: Այո, Լևոնը այս անգամ էլ թույլ չտվեց, որ դիմադրություն ստեղծվի ընդդեմ իշխանության, արգելակեց դիմադրության դուրս եկած ժողովրդական ընդվզումն ու իր գործը հանգիստ արած` այս իրավիճակը հռչակեց՝ Հայաստանը վերանում է, ինքն էլ «ոչ մի տեղ չի շտապում» (հարցազրույցից), սպասում է վերանա, որ վերացած Հայաստանի նախագահ դառնա:

Ուրեմն, նա տարիներ շարունակ հետևողականորեն զբաղված է հայոց դիմադրողականությունը ոչնչացնելով, իր նախագաահության օրոք դա նրան վերջնականապես չհաջողվեց, դիմադրողականությունը ավելի ուժեղ էր, քան նրա բռնած դիրքը: Բայց այսօր երևում է, որ նա հասել է որոշակի արդյունքների:

Աքսիոմա է, որ պատմության ընթացքում ժողովուրդները տևական հակամարտությունների մեջ են, որոնք լուծվում են միմյանց ուժերը ճանաչելով (պրիզնատ գալ): Այդ հակամարտություններում դիմանում են նրանք, ովքեր միմյանց հետևողական դիմադրություն են ցույց տալիս ու ապացուցում մոլորակի վրա տեղ ունենալու իրենց իրավունքը: Ովքեր չեն դիմադրում, անընդհատ հանձում են իրենց դիրքերը, մյուսները ուղղակի վերացնում են` արժանի չհամարելով երկիր մոլորակը տնօրինողների մեջ տեղ տալ նրանց:

Ինչո՞ւ պիտի մի Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով հայ ժողովուրդը երկրորդ անգամ ցեղասպանության ենթարկվի, չդիմադրի ու Ղարաբաղը հանձնելով թուրք-ադրբեջանցիների համար Սյունիքի դուռը բացի ու դրանով էլ Հայաստանի պատմության վերջակետը դրվի:

Այսպիսով, եթե հայ ժողովուրդը ընտրում է աշխարհի վրա իր դիրքերն ամրացնելու ճանապարհը և ուզում է հաստատել իր տեղը պատմության մեջ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհները դառնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր:Նրանց ֆիզիկական գոյությունը պետք է արագ լուծվի:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Jun 27, 2011 2:17