ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, June 11, 2011 0:01 - 1 քննարկում
Ո՞վ կկրկնի Իցհակ Ռաբինի ճակատագրական սխալը
Ուրբաթ, 10 Հունիս 2011 22:09
Ավելի ու ավելի են սաստկանում խոսակցությունները մադրիդյան հիմնարար սկզբունքների համաձայնեցման, այդ համատեքստում Արցախի ինչ-ինչ շրջանների հանձնման, այնտեղ խաղաղապահ զորքերի տեղակայման շուրջ: Հայաստանի Հանրապետությունում այս ամենի դեմ ընդդիմացող ուժ գրեթե չկա: Իսկ քաղաքական դաշտի հիմնական 2 դերակատարները՝ իշխանական կոալիցիան Սերժ Սարգսյանի և Հայ Ազգային Կոնգրեսը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ օր առաջ երազում են նման տարբերակի մասին: ՀՀ առաջին և երրորդ նախագահների դիրքորոշումները Արցախի վերաբերյալ հայտնի են: Տեր-Պետրոսյանը դա չի զլանում կրկնել իր տարբեր ելույթներում, իսկ Սերժ Սարգսյանի պարագայում էլ միայն սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցը բավական է:
Այնուամենայնիվ, ոչ վաղ անցյալի պատմությունը մի շարք գեղեցիկ օրինակներ է մեզ փոխանցել: 1991 թ. հուլիսին, Շահումյանի մի շարք գյուղեր կորցնելուց հետո լուրջ խուճապ է սկսվում Ստեփանակերտում: ԼՂԻՄ գործադիր մարմնի ղեկավար Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ 6 հոգանոց պատվիրակություն է մեկնում Բաքու՝ ադրբեջանցիների հետ բանակցություններ սկսելու համար: Բաքվում խորհուրդ են տալիս վերադառնալ Ստեփանակերտ և պատրաստվել Մութալիբովի ընտրությանը: Արցախյան պատվիրակությունը վերադարձավ ու սկսեց ընտրական հանձնաժողովներ պատրաստել՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդառաջ: Արցախում ոչ մի արգելք չկար, այդ թվում՝ մարզի ղեկավար Հենրիխ Պողոսյանի կողմից: Սակայն կային ուրիշ 6 հոգի, ովքեր գտան, որ այդպես չի կարելի, որ կատարվել է դավաճանություն: Եվ գործեցին շատ հստակ: Բաքու գնացած 6-ից մեկը, ոմն բաժնի պետ, ուղղակի գնդակահարվեց իր կաբինետում: Մնացածը նահանջեցին:
Այս հստակ գործած 6 հոգու մի մասն այսօր էլ շատ ակտիվ են և պարբերաբար հասարակությանը հիշեցնում են իրենց մասին: Սակայն նույնիսկ նրանք այնքան հետաքրքիր չեն, ինչքան վերջերս տարբեր մակարդակներում պտտվող լուրերը «գնդապետների խորհրդի» մասին: Ըստ տարբեր լուրերի՝ ՀՀ զինված ուժերի 13-14 սպաներ, հիմնականում փոխգնդապետի և գնդապետի ուսադիրներով, որոնք զբաղեցնում են զորամասի հրամանատարի, հրամանատարի տեղակալի, գումարտակի հրամանատարի, Գլխավոր շտաբի տարբեր վարչություններում բաժնի պետերի պաշտոններ, որոնց միացնում է նաև Մոնթեի վարժարանում սովորած լինելու հանգամանքը, անցած նոյեմբերին Մոնթեի գերեզմանին երդվել են գործել հստակ՝ երկրի բարձրագույն ղեկավարության դավաճանության դեպքում: Տվյալ դեպքում դավաճանություն է դիտվելու տարածքներ հանձնելը, խաղաղապահներին Արցախ թողնելը:
Այն, որ այս անգամ ոչ միայն բաժնի պետ է սպանվելու, առավել քան հստակ է: Ոչ վաղ անցյալի համաշխարհային պատմությունը մի շատ գեղեցիկ օրինակ էլ է մեզ համար թողել՝ տարածքներ հանձնելուն համաձայնված Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությունը 1995 թ.:
Որևէ կասկած չունեմ, որ Կազանում հիմարություններ թույլ տալու դեպքում Հայաստանի քաղաքական դաշտը ֆիզիկապես մաքրվելու է դավաճաններից: Սակայն նույնիսկ Կազանի ձախողման դեպքում համապատասխան շրջանակները հանգիստ չեն նստելու: Օրակարգային է դառնալու վերաբնակեցման վերսկսումը: Առաջիկա 3 տարում Քարվաճառի շրջանում պետք է ունենանք ևս հինգ հազար, իսկ Արցախի հարավում՝ Քաշաթաղի և Հադրութի շրջանների հարավային մասերում, ևս 15 հազար բնակիչ: Սա այն մինիմալ թիվն է, որը Հայաստանի և Արցախի Հանրապետություններին թույլ կտա փոխել հռետորաբանությունը միջազգային հարաբերություններում:
ՀԱՅԿ ԽԱՆՈւՄՅԱՆ, Ստեփանակերտ
1 քննարկում
HAKOB M.