ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, June 11, 2011 22:10 - չքննարկված
Թրիքից մանուշակի հո՞տ, դժվար թե…
Ազգային ժողովի պերճանքն ու թշվառությունը
Գրիշա Բալասանյան
15:45, 7 հունիսի, 2011
Ազգային ժողովի պատգամավորների զգալի մասը մոտ 3 ամիս այլեւս պարտավորված չի լինի երկու շաբաթը մեկ անգամ ներկա գտնվել ԱԺ քառօրյաներին:
Անցյալ շաբաթ ավարտվեցին ԱԺ չորրորդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքները: Իհարկե, սրանով ԱԺ աշխատանքներն ավարտված չեն համարվում: Օրենքով սահմանված կարգով՝ պատգամավորները պարտավոր են գնալ ԱԺ, բայց արի ու, ասենք, Սամվել Ալեքսանյանին կամ Լեւոն Սարգսյանին ասա, որ դու պարտավոր ես գնալ Ազգային ժողով, քանի որ այնտեղ է քո հիմնական աշխատավայրը, որտեղ պետք է հանդես գաս օրենսդրական նախաձեռնություններով կամ պարտադիր մասնակցես մշտական հանձնաժողովների աշխատանքներին, եւ ամենակարեւորը` կապ պահես ընտրողների հետ:
Գործարար պատգամավորներին ընդհանրապես չի հետաքրքրում Ազգային ժողովը, ոչ էլ՝ ստացած 315 հազար դրամ աշխատավարձը (300 հազար դրամ+15 հազ դրամ պատգամավորական գործունեության գումար): Հավանաբար այդ պատճառով էլ պատգամավորներ Տիգրան Արզաքանցյանը, Հարություն Փամբուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սեդրակ Սարոյանը, Միքայել Վարդանյանը, Աշոտ Ափոյանը եւ այլք «նստած են բժշկի թղթի վրա»:
Վերը նշված պատգամավորները չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին: Նրանք աշխատակազմ են ներկայացնում բժշկական թերթիկ, թե իբր առողջական խնդիրներ ունեն, բայց միեւնույն ժամանակ պայմանագրեր ու բանակցություններ են վարում բիզնես աշխարհի ներկայացուցիչների հետ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասում է, թե ինքը հակված է հավատալ, որ պատգամավորների ներկայացրած «բժշկի թուղթը» իրականությանը համապատասխանում է եւ մեղադրում է այն լրագրողներին, ովքեր չեն հավատում պատգամավորների հիվանդությանը. «Կարող ա՞ դուք բժիշկների հետ չունեք»:
Դրսից բոլորովին այլ է պատկերացումը Ազգային ժողովի ու 131 երեսփոխանների մասին: Նրանք հեռուստաէկրաններին երեւում են շատ կոկիկ, լուրջ դեմքով: Բավական է ոտքդ Ազգային ժողովի դարպասներից ներս դնես, դրական պատկերացումները մի քանի րոպեում ի չիք են դառնում:
Օրինակ` ընտրությունների ժամանակ քվեախուց մտնելիս ընտրողի մտքով երբեք չի անցնի, որ իր նախընտրած թեկնածուն, հայտնվելով պատգամավորական փափուկ աթոռին, կարող է խորհրդարան գնալ միայն իր բիզնեսին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններն առաջ տանելու կամ իր գործընկեր պատգամավորների հետ նոր բիզնես պրոյեկտների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:
Պատգամավորների զգալի մասն էլ խորհրդարան է գնում հաճույքի համար: Օրինակ` քառօրյաների նիստերը սկսվում են ժամը 12-ին: Պատգամավորների զգալի մասը գնում է ԱԺ, բարեխղճորեն հաստատում օրակարգը, պարտաճանաչ ձեւով կողմ քվեարկում այն օրինագծերին, որոնք կառավարությունը կամ կոալիցիան է ներկայացրել, նույն պարտաճանաչությամբ էլ դեմ քվեարկում ընդդիմության ներկայացրած օրինագծերին՝ առանց ծանոթանալու դրանց բովանդակությանը:
Ինչպես պատգամավոր Տիգրան Թորոսյանն է ասում` «պատգամավորների ճնշող մեծամասնությունը քվեարկում է այնպես, ինչպես իրենց թելադրվում է», իսկ այս դեպքում թելադրողը կառավարությունն է, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս` գործադիր մարմնին է բաժին ընկնում օրենսդրական նախաձեռնությունների 70%-ը, ինչից կամովին հրաժարվել են պատգամավորները: Նրանք այլեւս օրենքներ չեն գրում, հանգիստ նստում են, կառավարությունից կողմ քվեարկելու հրահանգով նախագիծը գալիս է, իրենք էլ մի քանի «կոսմետիկ» փոփոխություններ են անում, եւ օրենքն այլեւս իրականություն է:
Պատգամավորների զգալի մասի «սուրբ» պարտականություններից է նաեւ հեռուստաընկերությունների համար առաջին րոպեներին որպես «սինխրոն կադրեր» օգտագործվելը, թե՝ տեսեք-տեսեք, օրենսդիրները քրտնաջան աշխատում են: Դրանից հետո, գոհ մնալով իրենց աշխատանքից, իրար հրելով դուրս են գալիս դահլիճից: Նրանց մի մասը կամ գնում է իր աշխատասենյակ՝ վիսկի խմելու, կամ էլ շտապում է բիզնես նախագծերը կյանքի կոչել, մյուսներն էլ գնում են ճաշարան: Դահլիճում մնում են ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավորները եւ կոալիցիայից մատների վրա հաշված պատգամավորներ: Իսկ «Ժառանգության» պատգամավորներն արդեն տեւական ժամանակ է՝ բոյկոտում են նիստերը:
Լրագրողների մուտքը ԱԺ դահլիճ թույլատրվում է միայն առաջին 30 րոպեների ընթացքում, որից հետո նրանք պատգամավորներին հետեւում են լրագրողների սենյակներում դրված մոնիտորներից կամ օթյակի ապակիների հետեւից: Ուշագրավ է, որ ֆոտո եւ վիդեո խցիկների առաջ պատգամավորներն իրենց շատ լուրջ են պահում, երեւի նրանց հրահանգված է, որ «կիքսեր» չտան: Պատկերն այլ է նիստի առաջին 30 րոպեից հետո, երբ դահլիճում այլեւս լրագրող չկա:
Լրագրողական ապակեպատ օթյակից դեպի նիստերի դահլիճ բացվող տեսարանն ամենեւին էլ նախանձելի չէ: Հավանաբար նորակառույց դահլիճի նախագծողները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ լրագրողներին մեջքով նստած պատգամավորներին վերեւից հետեւելը կարող է այլ արդյունք տալ, քանի որ օթյակից պարզ երեւում է, թե ինչպես են պատգամավորները բջջային հեռախոսով խաղեր խաղում, կիսապառկած դիրք ընդունում, երբեմն քնում, քանի որ չինացի վարպետների կառուցած աթոռներն առանց ճռճռալու հանգիստ ճոճվում են: Իսկ օրենսդիրների համար արված է ամեն ինչ` կյանքը հեշտացնելու եւ ֆիզիկական աշխատանքից հեռու պահելու համար: Նույնիսկ, եթե աթոռից վեր են կենում, այլեւս այն ուղղելու կարիք չկա. աթոռն ինքնուրույն գալիս է իր ուղիղ դիրքին:
Պատգամավորները սիրում են նաեւ իրենց կողքին նստողների հետ զրույցի բռնվել ու ուրիշի փոխարեն քվեարկել:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Զաքարյանն իր «հոգու պարտքն» է համարում ամեն անգամ քվեարկել իր կողքին նստող Վահագն Մախսուդյանի փոխարեն, երբ վերջինս դահլիճում չէ: Իսկ ՀՀԿ-ից այդ «պատասխանատու» գործը ստանձնել է Գալուստ Սահակյանը: Նա էլ քվեարկում է Էդուարդ Շարմազանովի փոխարեն: Ի դեպ, Գալուստ Սահակյանը նստում է առաջին շարքում` ուղիղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիմաց: Եւ ԱԺ նախագահը, բնականաբար, «չի տեսնում», որ իր կուսակից ընկերը քվեարկության արդյունքները կեղծում է` ուրիշի փոխարեն քվեարկելով:
Վերեւից հետեւող լրագրողներին հաճելի չէ տեսնել, որ քաղաքացիների իրավունքների, նրանց կենսամակարդակի բարձրացման եւ այլ կենսական հարցերի քննարկման ժամանակ դահլիճում միայն դատարկ աթոռներ են:
Քանի որ խորհրդարանն աշխատում է «բաց ու թափանցիկ», քառօրյայի գրեթե բոլոր օրերին լրագրողների երկու օթյակներից մեկը «զավթում» էին դպրոցների աշակերտները կամ ուսանողները: Երջանիկ պատահականությամբ հյուրերն էլ օթյակում մնում էին առաջին 30 րոպեներին ու ականատես լինում պատգամավորների «քրտնաջան» աշխատանքին: Նրանց ուղեկցող ԱԺ աշխատակիցը, օգտագործելով հայոց լեզվի իր ողջ բառապաշարը, «բաց դասի» մասնակիցներին օգնում էր հասկանալ, թե երկրի համար ինչ կարեւոր գործ են անում իրենց ընտրյալները:
ԱԺ կանոնակարգ օրենքի հոդված 43-ի համաձայն` նիստի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի: Բայց պատգամավորների մեծամասնությունը այդպես էլ չի կարողանում ձերբազատվել բջջայինից, օրինակ՝ Արմավիրի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված Հրանտ Գրիգորյանն ու ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանին դժվար է բաժանել նաեւ իր նոութբուքից, որը գրկած՝ ման է գալիս նիստերի դահլիճում: Պատգամավորներից շատերն էլ պարապությունից կամ տուն են գնում կամ` արագ-արագ մաստակ ծամում: Վերջին գործով շատ է սիրում զբաղվել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
Ինչպես հայտնի է, պետական բյուջեից ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման համար հատկացվել էր 481 մլն դրամ, իսկ կորեացիները` ի դեմս GS ընկերության եւ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA), մոտ 500 հազար դոլարի դրամաշնորհ էին տրամադրել՝ խորհրդարանի նիստերի դահլիճի վերազինման, սարքավորումների, տեխնիկայի ձեռք բերման նպատակով:
Պատգամավորները նոր դահլիճում աշխատում են 2010 թ. հոկտեմբերի 25-ից եւ այդ օրվանից սկսած՝ գրեթե ամեն քառօրյայի հայտնվում զվարճալի իրավիճակում: Օրենսդիրների համար իսկական գլխացավանք է անհատական քվեարկության համակարգը, որը հաճախ է խափանվում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրեթե ամեն քառօրյայի ժամանակ բացատրական աշխատանք է տանում՝ նշելով, թե քվեարկելու համար որ կոճակները պետք է սեղմեն պատգամավորները:
Վերջիներիս համար նույնիսկ թերթիկ են տպել, որ նայելով կողմնորոշվեն, սակայն դա էլ անօգուտ է: Պատգամավորները տարիներ շարունակ սովորել էին քվեարկել խորհրդային տարիներից ժառանգած կոճակներով, հիմա, երբ քվեարկում են անհատական քարտերով աշխատող համակարգով, իսկ նախագծերին ծանոթանում են իրենց առջեւ դրված անհատական մոնիտորների օգնությամբ, արդեն «ձանձրալի» է նրանց համար: Մի անգամ էլ լսեցի, թե պատգամավորներից մեկն ինչպես էր համակարգը քչփորելով կողքինից հետաքրքրվում, թե ինչպես ինտերնետ մտնի:
Նրան թվում էր, թե նիստերի դահլիճում կարող է բացել իր նախընտրած կայքը, կիսապառկած դիրք ընդունել եւ զվարճանալ գրավիչ նկարներով: Հաշվի առնելով, որ վերջերս ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անուղղակիորեն հաստատեց, որ ԱԺ պատգամավորներն էլ են էրոտիկ բնույթի կայքեր այցելում, ամենայն հավանականությամբ, ինտերնետով հետաքրքրված պատգամավորն այդ պահին «երազում» էր նմանատիպ կայքի մասին: Բարեբախտաբար, մոնիտորներն ինտերնետին միացված չեն:
Իսկ ամեն քառօրյայի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը շուռումուռ է տալիս մոնիտորը` այնտեղ ինչ-որ բան փնտրելով: Հաճախ էլ օրինագծերը թերթելու համար մոնիտորի էկրանին մատով թեթեւ հպվելու փոխարեն սկսում է գործի դնել գրիչը: Օրեր շարունակ նոր համակարգին չէր համակերպվում նաեւ Մկրտիչ Մինասյանի կուսակից Մանվել Բադեյանը: Նա ամեն անգամ բղավում էր. «Հիմա ո՞ր կոճակը սեղմեմ»: Ոմանք էլ, գլուխ չհանելով մոնիտորի աշխատանքից, շուռ են տալիս այն եւ դուրս գալիս դահլիճից:
Նիստերի նոր դահլիճում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ մերթ ընդ մերթ ստուգում է իր լսողությունը եւ ամեն անգամ կասկածում` «կարո՞ղ ա մեծացել եմ, լավ չեմ լսում»: Պարզվում է՝ պատգամավորի համար ձայնն արձագանքում է դահլիճում, եւ տիկին Բիշարյանն իր առջեւի շարքում նստող պատգամավոր Կորյուն Նահապետյանի օգնությամբ լսողության «թեստ» է անցկացնում: Հեղինե Բիշարյանի կասկածները վերջին քառօրյայի ժամանակ փարատվեցին. նա լսողության խնդիր չուներ: Նիստերի դահլիճում, իրոք, ձայնն արձագանքում էր, բայց դա արդեն շտկվել է:
Այսքանից հետո մի՞թե ինձ կմեղադրեն, թե ինչու եմ տհաճությամբ գնում օրենսդիր մարմին` պատգամավորների աշխատանքը լուսաբանելու:
Hargeli Grisha Balasanyan,hianali nyut e, hianali verlucutyamb.Karcum em, hajaxaki petk e linen nman verlucutyunnern ev drank petk e hasaneli linen layn massanerin.
Հոյակապ հոդված – ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ,անհավատալի ու ցնցող բովանդակությամբ: Ես չէի պատկերացնում,որ ԱԺ-ում վիճակն այսքան ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ է: Այսպիսի պառլամենտ ունեցող երկիրը ԵՐԲԵՔ-ԵՐԲԵՔ-ԵՐԲԵՔ-ԵՐԲԵՔ առաջ չի կարող գնալ: Սա, ԲԱՌԻՍ ԲՈՒՆ ՒՄԱՍՏՈՎ,ազգային դրամա է:
“…. վիճակագրությունը ցույց է տալիս` գործադիր մարմնին է բաժին ընկնում օրենսդրական նախաձեռնությունների 70%-ը….”.—-Կարդածիս հավատամ? Սա նույնն է,որ քո ՄԻԱԿ երեխային ՔՈ ԱՉՔՒ ԱՐԱՋ բրդեն-գցեն անդունդն ու դու նայես ու ոչ մի բան չանես: