ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, June 9, 2011 22:21 - 2 քննարկում
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն (Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության)
Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության
Հայ Դատի Իրավաց Խորհուրդ
Երեւան, Երվանդ Քոչար 19/6 հեռ./ֆակս +(374) 10 57 21 15 email: harakelyan@gmail.com
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հիմք ընդունելով Հայոց Պահանջատիրության երկարամյա ուսումնասիրությունները եւ միաժամանակ Հայաստանի Հանրապետության Պահանջատիրության ու Ցեղասպանության հարցի լուծման պետական ծրագրի բացակայությունը, Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը (հետագայում` Խորհուրդ) որոշեց ներկայացնել իր մշակված “ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ” հարցերի լուծման հայեցակարգ ու ներկայացնել այն հանրային քննարկման:
Հանձնախումբը իր ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ոտնահարված իրավունքների` հայրենազրկման եւ ցեղասպանության վնասների փոխհատուցման գործընթաց միայն կարող է իրականացնել Միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Այդ գործառույթը լավ արդյունքի հասցնելու համար անհրաժեշտ է հարցը տարանջատել երկու ուղղությունների` քաղաքական եւ իրավական:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ուղղությունը ներառում է նախապատրաստական գործընթացներ, որոնցից են.
-հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրության չեղյալ հայտարարում, քանի որ հայկական կողմը վավերացնելով այն` խախտել է ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքը (հիմնավորումները հաջորդիվ),
-ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքների ընդունում, որոնք հնարավորություն կտան դիմելու ՄԱԿ-ի հովանու տակ գործող Միջազգային Դատարան եւ ճանաչել վերջինիս որոշումների գերակայությունը,
-Հայաստանի Հանրապետության կողմից Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին ներկայացնել պահանջ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ոտնահարված իրավունքների` հայրենազրկման եւ ցեղասպանության վնասների փոխհատուցման վերացման համար առանձնացված դատարան ստեղծելու (ինչպես ժամանակին ստեղծվեցին Նյուրենբերգի, Տանզանիայի դատարանները` կոնկրետ ցեղասպանությունների համար):
-ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունել “Հայոց ցեղասպանության մերժողականությունը քրեորեն պատժելու մասին” օրենք:
ԻՐԱՎԱԿԱՆ ուղղությունը իր մեջ ներառում է նախապատրաստական գործընթացներ, որոնցից են.
-հայրենազրկման վնասների վերացման համար հիմք ընդունել ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի Իրավարար վճիռը,
-ցեղասպանության վնասների վերացման համար հիմք ընդունել ՄԱԿ-ի ընդունած հետեւյալ կոնվենցիաները.
ա) 1948 թվականին ընդունած “Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին” կոնվենցիան,
բ) 1968 թվականին ընդունած “Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին” կոնվենցիան եւ դրանցից բխող միջազգային իրավունքին ուղղված դրույթները:
-ՀՀ կառավարության կողմից աշխարհասփյուռ հայության եւ օտար շրջանակներից միջազգային իրավունքի մասնագետների հավաքագրում, որոնք պետք է ձեւակերպեն ՀԱՅՑ ընդդեմ թուրքական կառավարության եւ հետապնդեն այն Միջազգային դատարանում (հայկական կողմի մեղադրողներ),
Պարզաբանումներ` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման անօրինականության վերաբերյալ
Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը ուսումնասիրելով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված “հայ-թուրքական երկու արձանագրությունների” համապատասխանումը ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաեւ այդ գործընթացին նախորդած նախապատրաստական աշխատանքները, դրանք որակում է ՀՀ օրենքներին հակասող գործառույթներ:
Ստորեւ ներկայացված ուսումնասիրությունները հիմնված են Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի վրա:
Հիմնավորում թիվ 1.
Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ ենթակետի, Ցյուրիխում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններն իրենց էությամբ միջազգային պայմանագրեր են, որոնց մասին բացահայտ չի խոսվում, այլ ՀՀ կառավարության կողմից ներկայացվում են որպես արձանագրություններ:
Հիմնավորում թիվ 2.
Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվում են`
այլ պետությունների հետ բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, հաշտության, քաղաքական կամ ռազմական դաշինք ստեղծելու կամ դրան անդամակցելու, սահմանային, տարածքային հարցեր լուծելու, միջազգային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և Հայաստանի Հանրապետության կենսական շահերին վերաբերող այլ հարաբերություններ:
Ստացվում է, որ ընդգծված բոլոր արտահայտություններն առկա են հայ-թուրքական արձանագրությունների մեջ: Ընդգծված արտահայտություններից հետեւում է, որ որքան էլ ՀՀ կառավարությունը փորձում է աշխարհասփյուռ հայությանը համոզել, թե արձանագրություններում սահմանային կամ տարածքային որեւէ հարց չկա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման խնդիրն առկա է:
Հիմնավորում թիվ 3
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի “ա” ենթակետը, որտեղ ասվում է.
–Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն :
Հակառակ պարագայում ՀՀ Նախագահը կօգտվեր ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 16-ով իրեն վերապահված իրավունքից, որտեղ նշված է.
Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրել դրանք:
Վերը նշվածից հետեւում է, որ արձանագրություններում առկա է տարածքային-սահմանային խնդրի կարգավորում, հակառակ պարագայում ՀՀ Նախագահը արձանագրությունները չէր հանձնի ՀՀ Ազգային Ժողովի վավերացմանը, այլ կիրականացվեր այն ընթացակարգը, որը ՀՀ անկախացումից հետո իրականացվեց բազմաթիվ միջպետական դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ հաստատելու պարագայում` առանց ՀՀ Ազգային Ժողովի վավերացման: Առավելեւս` առկա է ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով նոտաների փոխանակման միջոցով կողմերի միջև համապատասխան բնագավառում հարաբերություններ հաստատելու մասին համաձայնության ձեռքբերումը:
Հիմնավորում թիվ 4.
Արձանագրությունների տեսքով նմանատիպ միջազգային պայմանագիր կնքելուց առաջ, համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի դրույթների` եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ապա պետք է կայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներ:
Վերը շարադրվածից հետեւում է, որ հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստական գործընթացում, որեւէ նախագահական կամ կառավարական որոշում չի կայացվել, այլ գաղտնի պայմաններում իրականացվել է արձանագրությունների նախապատրաստական գործընթաց եւ կատարվածը հանրությանը կանգնեցրել է փաստի առջեւ, որն արտահայտվեց.
– 2009 թվականի ապրիլի 23-ին ” ճանապարհային քարտեզի” մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ` ի դեմս երկու երկրների արտգործնախարարների,
-2009 թվականի օգոստոսի 31-ին “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրման մասին Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ` ի դեմս երկու երկրների արտգործնախարարների:
Գաղտնի գործելու պարագայում խախտվել է նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 18-ի 5-րդ ենթակետը, որտեղ նշված է.
Միջպետական կամ միջկառավարական միջազգային պայմանագրի նախաստորագրումից կամ այլ ձեւով դրա տեքստի փոխհամաձայնեցումից հետո` ստորագրումից առնվազն 10 օր առաջ, արտաքին գործերի նախարարությունն այդ մասին ծանուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ կառավարությանը՝ հնարավորինս հայտնելով դրա ստորագրման վայրի եւ ժամկետի, ինչպես նաեւ ստորագրման պահին այդ պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմից առարկություն արվելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին։
ՀՀ արտգործնախարարի կողմից նմանատիպ գործառույթ իրականացնելու պարագայում ՀՀ քաղաքացիները կիրազեկվեին օգոստոսի 31-ին նախաստորագրվելիք “հայ-թուրքական երկու արձանագրությունների” ե’ւ բովանդակության, ե’ւ վայրի, ե’ւ ժամկետների մասին: Ստացվում է` ՀՀ արտգործնախարարը բացահայտ խախտել է վերը նշված օրենքը:
Հիմնավորում թիվ 5.
Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծին ընթացք տալը իրականացվում է հետեւյալ հերթականությամբ.
-համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագիծն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչությունները պարտավոր են իրենց կարծիքը կամ դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել իրավասու գերատեսչություն, որը չի արվել մինչ օգոստոսի 31-ը` “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրումը:
Նույն հոդվածի առնչությամբ կատարվել է հաջորդ օրինախախտումը, որտեղ նշվում է, որ, համաձայնեցման նպատակով ներկայացված Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախագիծը կազմողին առաջարկում է վերացնել դրանք, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող դրույթների առկայության դեպքում նախագիծը կազմողի ուշադրությունն է հրավիրում նման դրույթների պահպանման նպատակահարմարությանը:
Վերը շարադրվածից հետեւում է, որ միջպետական պայմանագրի`”հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախագիծը պետք է ՀՀ Սահմանադրական դատարան գնար փորձաքննության, այլ ոչ թե արդեն ստորագրված արձանագրությունները, հետեւաբար խախտվել է օրենքի այս դրույթը եւս:
Շարադրվածի մասին է փաստում նաեւ ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նշված այն դրույթը, ըստ որի
-միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սույն օրենքով նախատեսված բոլոր գործողություններն ավարտվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու հանձնարարականով:
Նույն հոդվածի առնչությամբ կատարվել է եւս մեկ օրինախախտում, որտեղ կա հետեւյալ պահանջը` շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները կամ դիտողություններն ու առաջարկություններն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն ուսումնասիրում է դրանք, անհրաժեշտության դեպքում լրամշակում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Մինչ օրս հանրությանը հայտնի չէ` “հայ-թուրքական երկու արձանագրություններին”
առնչություն ունեցող հայկական-պետական գերատեսչությունների որեւէ կարծիք` երկու երկրների միջեւ բազմակողմանի հարաբերություններ հաստատելու մասին, ինչը եւս փաստում է օրենքի խախտման մասին:
Ուսումնասիրությունները փաստեցին, որ “հայ-թուրքական երկու արձանագրությունների” նախաստորագրման եւ վավերացման գործընթացը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից բազմակի օրինախախտումներով, հետեւաբար սխալն ուղղելու կապակցությամբ Խորհուրդը առաջարկում է, որպեսզի ՀՀ կառավարությունը հանդես գա ստորեւ ներկայացված հայտարարությամբ, որտեղ կնշվեն ամենակարեւոր խախտումները, որոնք առնչություն ունեն թե Թուրքիային, թե Ադրբեջանին :
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքի հոդված 57-ի 2.1-րդ ենթակետի, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել եթե` Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով պատերազմական կամ այլ ռազմական դրության մեջ, տնտեսական կամ այլ շրջափակման մեջ կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ այլ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ, օբյեկտիվ պատճառների բերմամբ հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները,
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը
հայտարարում է.
-ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ե’ւ պատերազմական գործողությունների մեջ (քանի որ 1994 թվականից գործող զինադադարը նույնպես համարվում է պատերազմի առկայության փաստարկ), ե’ւ տնտեսական շրջափակման մեջ (որը իրականացվում է ՀՀ-ի հանդեպ 1993 թվականից), հետեւաբար մինչ տարածաշրջանային կայունությանը խանգարող գործոնները չվերանան, Հայաստանի Հանրապետությունը չի կարող միջազգային պայմանագիր կնքել տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունների հետ.
-տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունները մոտ ապագայում իրենց գործելաոճից չհրաժարվելու պարագայում, ՀՀ կառավարությունը սկսելու է գործընթաց` տարածաշրջանային բոլոր վեճերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային Դատարան տեղափոխելու ուղղությամբ.
-ՀՀ կառավարությունը Հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունն է հայտնում բոլոր միջնորդ կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք փորձեցին տարածաշրջանային խնդիրները լուծել զուտ բանակցային գործընթացներով, սակայն ոչ հայկական կողմի մեղքով գրանցվեցին բոլորիս համար ոչ ցանկալի արդյունք:
Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության
Հայ Դատի Իրավաց Խորհրդի պատասխանատու
Հարություն Առաքելյան
Երեւան, 7 հունիսի, 2011 թ.
2 քննարկումներ
nino999