Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, June 1, 2011 9:52 - չքննարկված

ԳԱՅԼԵՐԻ ԵՎ ՇԱԿԱԼՆԵՐԻ ԵՐԿԻՐ ԴԱՐՁԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Մի փոքր էպիզոդ
2011թ. լրացել է պատժի առավելագույն չափի (ՊԱՉ) դատապարտված Մանուկ Սեմերջյանի ազատազրկման 20 տարին: Սա այն ժամկետն է, որից հետո այս անձնավորությունը կարող էր արդեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովին` ազատության ակնկալիքով: «Նուբարաշենում» բոլորը սպասում էին սրան: Արդեն 22 տարվա ազատազրկման մեջ է նաև Կարեն Բոջոլյանը, սակայն նա այս տարիների ընթացքում կարգապահությամբ աչքի չի ընկել, տույժեր ունի, այնպես որ՝ ազատազրկվածները նրանից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեին: Հույսը Սեմերջյանն էր:

2006թ., երբ նախագահի հրամանագրով ստեղծվեց այս հանձնաժողովը, քրեակատարողական հիմնարկների ղեկավարության նկատմամբ ազատազրկվածների հարգանքը մի փոքր պակասեց: Նախկինում դատապարտյալների ազատության դիմումներն անցնում էին ՔԿՀ ղեկավարություն-դատարան խողոկավով: Այժմ, ՔԿՀ ղեկավարությունն ընդամենը քննում է հարցը` ներկայացնե՞լ դիմումը, թե՞ ոչ, իսկ որոշողն արդեն հանձնաժողովն է: Հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո է միայն դատարանում լսվում տվյալ դատապարտյալի պատժի վերանայման հարցը: Հենց սա էր պատճառը, որ այս հանձնաժողովի ստեղծումից հետո ՔԿՀ-ներում կարգապահության մակարդակն ընկավ: Ազատազրկվածներն արդեն մտածում են այսպես. եթե ՔԿՀ ղեկավարությունը որոշող չէ, այլևս կարիք էլ չկա նրանց մոտ այդքան կարգապահ լինել: Հիմա, սակայն, «Նուբարաշենը» կարող է միանգամայն այլ իրողության առաջ կանգնել: Իսկ պատճառը Սեմերջյանի գործն է:

Մանուկ Սեմերջյանը 20 տարին լրանալուն պես դիմում է ներկայացնում վաղաժամկետ ազատման համար: ՔԿՀ ղեկավարությունը, սակայն, հարկ չի համարում Սեմերջյանի հարցը ներկայացնել հանձնաժողովին, հետաձգում է, փոխարենը տալիս ընդամենը չպատճառաբանված և լղոզված մի բացատրություն: Սեմերջյանի փաստաբան Նառա Ռշտունին ներկայացնում է այդ բացատրություն կոչվածը.

«Ասում են` տուժողին հասցված վնասն ամբողջությամբ չի վերականգնվել, դրա համար չեն կարող ազատել: Այդ մարդը դատապարտվել է 1991թ., ամբողջ գույքը բռնագանձել են, իրեն էլ 20 տարի պահել ազատազրկման մեջ, ինչպե՞ս կարող է նման վիճակում հայտնվածը վերականգնել պատճառած վնասը: Այս նորմը, ի դեպ, չի գործել 1993թ., երբ կայացվել է Սեմերջյանի դատավճիռը, այսինքն` սա իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվում է ընդամենը հետադարձ ուժով` խստացնելով նրա վիճակը, ինչը ևս իրավունքների խախտում է: Կամ ասում են` հանցագործության նկատմամբ ռիսկայնությունը բարձր է` որտեղի՞ց են նման որոշում կայացրել, ընդամենը ասում են բարձր ռիսկայնություն` առանց պատճառաբանելու` որովհետև այս, այս, այս…»:

«Նուբարաշենում» այսօր ՊԱՉ-ի են դատապարտված 99 հոգի: Սրանց մեջ են նաև նախկինում մահապատժի ենթարկվածները, որոնք, այսօր հասկանալով, որ ազատման հույս այլևս չկա, պահանջում են գնդակահարել իրենց: Այս տարիների ընթացքում ցմահները տարբեր կերպ փորձել են արտահայտել իրենց բողոքը, հացադուլ են կազմակերպել, նամակներ, դիմումներ գրել, հարազատների միջոցով բողոքի ցույցեր կազմակերպել: Սակայն ամեն ինչի հետ մեկտեղ, այս դատապարտյալները շարունակել են հնարավորինս կարգապահ վարք դրսևորել` հասկանալով, որ նման վարքի դեպքում 20 տարին լրանալուց հետո կարող են ազատվելու հույս ունենալ:

Եվրամիության ֆինանսավորմամբ այս տարի ցմահ ազատազրկվածների պահման պայմաններն ուսումնասիրել է հերթական դիտորդական առաքելությունը: Այս դիտորդները ևս նախորդ տարիների դիտորդների նման արձանագրել են, թե օրենքով ինչ իրավունքներ ունեն այս մարդիկ, ինչն է պահպանվում, ինչը` ոչ: Դիտորդական այս խմբի անդամները, սակայն, այս տարի ևս մի բան են ֆիքսել: Խմբի անդամներից Էդմոն Մարուքյանն ասում է, որ այս մարդկանց համար ամենակարևորը թունելի վերջում երևացող լույսն է, հույսը, որ մի օր կարող են հայտնվել ազատության մեջ: Այդ հույսն այս մարդիկ այս բոլոր տարիներին կապում էին այն մեկի հետ, ով 20 տարին լրանալուց հետո կարող էր պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացվել և հայտնվել ազատության մեջ: Այդ անձնավորությունը, փաստորեն, Մանուկ Սեմերջյանն էր, ում ազատման հնարավորությունն այսօր անհեթեթ կերպով կախվել է օդի մեջ: Այդ հույսն է, որ արդեն կարող են այս մարդիկ կորցնել: Իսկ դրանից հետո այլևս անհնար է ասել, թե ինչ կարող է պատահել:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտվածների մոտ շուտով կարգապահության սուր անկում կարող է գրանցվել: Ահա թե ինչ են եզրակացրել իրենց ուսումնասիրության արդյունքում այս դիտորդական խմբի անդամները: Մանուկ Սեմերջյանը ՔԿՀ ղեկավարության կողմից նման պատասխան ստանալով, դիմում է Վարչական դատարան` իր դիմումը չընդունելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար: Վարչական դատարանից հայտնում են, որ դա իրենց քննության հարցը չէ: Գործը հիմա գտնվում է ընդհանուր իրավասության դատարանում:

Դիտորդական խմբի անդամների ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ, երբ նրանք և քննարկման մյուս մասնակիցներն ամենատարբեր հարցեր և առաջարկներ էին հնչեցնում, արդարադատության նախարարության և, ընդհանրապես, այս դատապարտյալների հարցերին առնչվող, այսինքն` հարց լուծող որևէ պաշտոնյա ներկա չէր: Քննարկումը զուտ ՀԿ-ների մակարդակով էր, մեկ էլ ներկա էին «Նուբարաշենի» մի երկու աշխատող, որոնց ֆունկցիան սահմանափակված է իջեցված հրահանգները կատարելով: Այդպես, հարցերին պատասխանողն այս ՔԿՀ-ի սոցիալական աշխատող Օֆելյա Չարչյանն էր, որն ամեն տարի ցմահների փաստաթղթերում դնում է նույն գնահատականը` «հանցավորության և փախուստի նկատմամբ բարձր ռիսկայնություն»: Այս կնոջը, սակայն, որևէ մեկը մեղադրել չի կարող, քանի որ նա կատարում է այն, ինչ պահանջում են իրենից: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ևս չի կարող մեղադրվել Մանուկ Սեմերջյանի նկատմամբ անարդարացի վերաբերմունք դսևորելու հարցում: Նրանք չեն անում մի բան, ինչը չի կարելի անել:

Իսկ ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է քաղաքական կամքը` վերջապես լուծում տալ ցմահ ազատազրկվածների կողմից բարձրացված հարցերին: Ինչո՞ւ: Որովհետև 99 ՊԱՉ-ի դատապարտվածների շարքում է նաև Նաիրի Հունանյանը: Որովհետև ՀՀ ղեկավարության մոտ, ըստ երևույթին, պաթոլոգիկ վախ է ձևավորվել այն բանի հանդեպ, որ Մանուկ Սեմերջյանին կամ որևէ ցմահ ազատազրկվածի, որևէ` անգամ անարդարացիորեն նման պատժաչափի դատապարտվածի պատժի վերանայումը կարող է նախադեպ դառնալ, և կարող է մի օր էլ հանկարծ Նաիրի Հունանյանը դիմում ներկայացնի ՔԿՀ ղեկավարությանն ու Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովին` հայտնելով, թե արդեն լրացել է իր ազատազրկման 20 տարին, այնպես որ՝ ժամանակն է, որ քննեն նաև իր ազատության հարցը: Իսկ ինչո՞ւ է երկրի քաղաքական ղեկավարությունն այդչափ վախենում Հունանյանի ոչ թե ազատվելուց, այլ նույնիսկ նրա և նրա խմբի հետ արդարացի վարվելուց: Որովհետև վախ կա, որ ընդդիմությունը կասի. տեսաք, որ Սերժն ու Ռոբերտն էին կազմակերպել հոկտեմբերի 27-ը, տեսաք, որ ազատեցին դրանց: Ահա այսպիսի անհեթեթություն, որն, իրոք, վայել չէ ոչ թե պետական գործիչներին, այլ սովորական ժէկ-ի պետին:

Իսկ ավելի ճիշտ չէ՞ դրա փոխարեն Հունանյանին կամ նրա նմաններին, որոնց ազատության շանս տալու նախադեպ չստեղծելու համար ՀՀ ղեկավարությունը զրկում է մյուսներին ազատության հույսից, ի վերջո, «շնորհել հատուկ ցմահի կարգավիճակ»` դրանով մյուսներին ազատագրելով անգամ ազատազրկման մեջ հայտնվելուց հետո մարդկանց պատանդ պահող Հունանյանից: Ավելի լավ չէ՞ կանխել «Նուբարաշենում» հնարավոր բունտը 20 տարի կարգապահ վարքով աչքի ընկածին պայմանական վաղաժամկետ ազատություն շնորհելով, քան մեկ-երկու հոգու պատճառով հիմք դառնալ անկանխատեսելի իրողությունների: Դիտորդական խմբի անդամներից Ցիրա Չանտուրան սա լսելով ասաց. «պարզ է, որ մեծ ռիսկայնություն ունեցող հանցագործները պետք է մնան բանտում, բայց ցանկացած անձնավորություն` անկախ գործած հանցանքից, պետք է իմանա, որ 20 տարի հետո կարող է հույս ունենալ` անկախ իր գործած հանցանքից…»: Թեպետ չասաց, թե ով է որոշելու բարձր ռիսկայնությունը և ինչպիսի չափորոշիչներով…

Հետգրություն

«Ազատամտություն» օրաթերթում ստեղծել էինք «Գրառումներ մեռյալ տնից» խորագիր, որտեղ գրում էինք ցմահ ազատազրկվածների մասին և տպագրում էինք նրանց հոդվածները: Մեր հեղինակներից մեկը նաև Մանուկ Սեմերջյանն է: Այժմ, երբ թերթը չկա և վերացրել են անգամ կայքը, ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Մանուկի զարհուրելի հոդվածը: Կարծում ենք, այն շատ հետաքրքիր կլինի բոլորի համար… Եվ թող խորհեն մարդիկ, թե արդյոք այսքանից հետո արժե մարդուն ազատազրկման մեջ պահել, արդյո՞ք նա իր մեղքը չի քավել և, ընդհանրապես, արդյոք ի՞նչ իմաստ կա այս ամենում:

«ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆ» N 22 (107), 06.02.2009թ.

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Այս հոդվածի հեղինակը 1991թ-ին մահապատժի դատապարտված Մանուկ Սեմերջյանն է: Նա ինչ-որ զանցանքներ է գործել Ուկրաինայում և փախել Հայաստան: Երբ Կիևից գալիս են Մանուկին Ուկրաինա տեղափոխելու, տերպետրոսյանական իրավապահ մեքենայի գայլերը լափի հոտ են առնում. Մանուկին ասում են, թե քեզ որ տարան Ուկրաինա, կգնդակահարեն, բայց մենք քեզ կարող ենք փրկել՝ դու քեզ վրա երկու սպանություն վերցրու, քեզ այստեղ կնստեցնենք: Մանուկը համաձայնում է, իսկ լափը լափած տերպետրոսյանական իրավապահները նրան դատապարտում են մահապատժի: Այսօր Մանուկ Սեմերջյանը ցմահ ազատազրկում է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 84-րդ մեկուսարանում: Զավեշտն այն է, որ կրում է պատիժը սպանությունների համար, որոնց իրականացման ժամանակ անգամ Հայաստանում չի եղել: Մանուկը, իհարկե, հրեշտակ չէ, նա իրավախախտ է, սակայն արժանի չէ այս պատժամիջոցին, մանավանդ, չգործած հանցանքի համար:

Լինելով ամենաերկարակյաց բանտարկյալը, Մանուկը տեսել է այն ամենը, ինչ կատարվել է Սովետաշենում 1991 թվականից ի վեր: Հայաստանի Հանրապետությունը կասեցրել էր մահապատժի կիրառումը, սակայն այդ կասեցումը որևէ բան չէր նշանակում «սպարապետ» Վազգենի սիրեցյալ և Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակից Մուշեղ Սաղաթելյանի համար: Նրա ներքին հրահանգով մահապարտյալների վճիռներն իրականացնում էին խցերում, և մինչև 2000 թվականը մահկանացուն կնքեց 14 դատապարտյալ:

Մանուկ Սեմերջյանը վատառողջ է: 40 տարեկան է, բայց ավելի քան 60 տարեկանի տեսք ունի: Վերջերս նա փրկվեց՝ վիրահատվելով դատապարտյալների հիվանդանոցում՝ «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունու ֆինանսական օժանդակությամբ:

Հետգրություն

ՀՀ Գլխավոր դատախազ պրն Աղվան Հովսեփյանին խնդրում ենք ընդունել ներքոտպագրված նյութը՝ որպես ծանուցում կատարված հանցագործության մասին:

ՄԱՀԱՊԱՏԻԺ ԸՍՏ ՄՈՒՇԵՂ ԱԱՂԱԹԵԼՅԱՆԻ

ՄԱՆՈՒԿ ՍԵՄԵՐՋՅԱՆ

Հայաստանի Հանրապետության օրենքով, մինչև 2003 թվականը գործում էր մահապատժի դրույթը: Սակայն անկախությունից սկսած, փաստորեն, հակառակ նրան, որ դատարանները մահապատիժը նշանակում էին որպես պատժամիջոց, այն չէր իրականացվում: Ինչպես գիտենք, հատկապես 90–ականների սկզբին Հայաստանը քաոսային վիճակում էր: Հանցագործությունների կանխման լիարժեք մեթոդների համար անհրաժեշտ դասական պրոֆիլակտիկ միջոցներ չունենալով՝ Հայաստանի իշխանությունը տարհամոզման մեթոդի միջոցով էր փորձում զսպել այն: Ըստ այս մեթոդի, ծանր պատիժները պետք է տարհամոզեին հանցանք կատարելու միտում ունեցողներին, ու դրա արդյունքում պետք է նվազեր հանցագործությունների քանակը Հայաստանում: «Ծանր» պատիժ ասելով՝ մենք հասկանում ենք պատիժ, որը այս կամ այն հանցանքի համար սովորաբար նշանակվող պատժից ավելի խիստ է: Այսինքն՝ չափազանցված պատիժ: Այս մեթոդի համաձայն, ոչ թե պատիժը, այլ դրա մասին տեղեկության շրջագայումը կանխում է մյուսների հանցագործ վարքը: Այսինքն՝ պատիժը օրինակ է ծառայում: Սակայն պատիժն իր մեջ պարունակում է օրենքի խախտում, քանի որ, ըստ Սահմանադրության, բոլորն օրենքի առաջ հավասար են, ինչը թույլ է տալիս մեզ ենթադրել, որ քարոզչական (տարհամոզման) նպատակներ հետապնդելով՝ որևէ քաղաքացու իր հանցանքին չհամապատասխանող պատժի նշանակումը նույնպես անօրինություն է: Հարկ է նաև նշել մի փաստ: Տարհամոզման մեթոդը ոչ մի շոշափելի արդյունքի չի հասել: Այս մեթոդից հրաժարվել են նաև այն պատճառով, որ դա հակասում է մարդու հիմնական իրավունքների տեսությանը: Այդ տարիների ընթացքում մահապատժի դատապարտվածների մեծամասնությունը քարոզչության զոհեր են: Այս հանգամանքը ամենից ավելի ակնառու է բանակում կատարված սպանությունների համար դատապարտվածների պարագայում: ԽՍՀՄ փլուզման նախօրեին՝ մինչև 1992-ի կեսերը (մինչև ԱՊՀ բոլոր երկրներում մահապատժի չկիրառման մասին որոշման անցկացումը), ԱՊՀ տարածքում հանցանք կատարած բազմաթիվ կասկածյալներ Հայաստանում հանձն էին առնում իրենց չկատարած սպանությունները, միայն որպեսզի չհայտնվեին, օրինակ, Ուկրաինայում, որտեղ դեռևս իրականացվում էին մահապատիժները: ԱՊՀ այլ տարածքում կատարած մեկ սպանության և Հայաստանում չկատարած բազմաթիվ այլ սպանությունների համար մահապատիժ ստացածների հարց գոյություն ունի: Սակայն դրանց մասին ոչ ոք չի լսել, քանի որ մահապատիժը նաև լռության ապահովման Հայաստանի միջոցն է: Ում լռությունը հարկ է ապահովել, հայտնվում է ՊԱՉ-ի (պատժի առավելագույն չափ) բանտախցում:

Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ պայմաններում էին «պահվում» մահապարտները, որոնց նկատմամբ մահապատիժը՝ մարդկային բարձր համոզմունքներից մղված, չէր իրականացվում: Նրանք սպանվում էին այլ մեթոդներով: Մինչև 2003 թիվը ոչ թե 42, այլ 54 մահապատիժ է վճռվել: Նրանցից 14-ը մահացել են ամենադաժան պայմաններում, չարչարանքներով, որոնք պակաս դաժան չեն, քան միջնադարյան որևէ պատկերացում: 8-12 մահապարտներ պահվում էին 20 քառակուսի մետր տարածքով խցերում: Խցերի հատակը ասֆալտ էր, պատերը՝ թաց: Լուսամուտները փակ էին ու օդանցք համարվող ճեղքերից հնարավոր չէր անգամ իմանալ՝ օրը ցերեկ է, թե գիշեր: Շաբաթական նվազագույնը մեկ անգամ՝ ծեծ: Սնունդը՝ շան լափից վատ, բաղնիքը՝ տարին մեկ–երկու անգամ: Բացարձակապես ոչ մի բուժօգնություն: Ոչ մի հանձնուք: Հարազատների հետ ոչ մի կապ: Ոչ մի սեփական հանդերձանք, ցրտի և գերխոնավության պայմաններում ոչ մի համապատասխան հագուստ: Ոչ մի զբոսանք: Ոչ մի տեղեկություն աշխարհից: Ոչ մի գիրք: Ոչ մի գրիչ ու թուղթ: 14 մահ:

Դա մահապարտների 26 տոկոսն է կազմում: Միջին հաշվով չորս մահապարտից մեկը սպանվել է: Մեր կատարած հետաքննության արդյունքում համոզվեցինք, որ սպանության հրաման է եղել ներքին կարգով, այն ժամանակվա կալանատների վարչության պետի կողմից: Տարբեր մահապարտների վկայությունների վրա հիմնվելով, հսկիչների ու սպաների վկայությամբ՝ Մուշեղ Սաղաթելյանի ներքին կարգով կարգադրությունն է եղել՝ «վարի տվեք սրանց»: Այս մոտեցումը և ընդհանրապես մահապարտների սպանության դեպքերը, նրանց հանդեպ կտտանքների իրականացումը, նրանց չարչարելը… օրենքի խախտումներ են և պետք է դատաիրավական մարմինների ուշադրության կենտրոնում լինեին:

Բոլորովին էլ այն կարծիքին չեմ, թե սպանված բոլոր մահապարտներն անմեղ մարդիկ էին: Իհարկե, նրանց մեջ հաստատ եղել են հանցանք կատարածներ: Բայց մոտիկից ծանոթ լինելով դատախազության և դատարանի աշխատաոճերին, ինչպես նաև սպանվածներից շատերին՝ բոլոր հիմքերն ունեմ այդ դատավճիռները կասկածի տակ առնելու: Որոշակի մարդկանց մահվան են դատապարտում, հետո այդ մարդկանց բանտում սպանում են: Արդյո՞ք որոշ մարդիկ դրանով չեն փորձում վերացնել նախկինում իրենց կատարած հանցագործությունների հետքերը: Առավել ևս, որ նույնատիպ հանցագործությունների համար այլ դեպքերում նշանակում են 8, 10, 12… տարիների ազատազրկում կամ էլ ազատ են արձակում, եթե կարգին վճարես:

Մահին դիմադրելու միակ մղումը այն էր, որ մի օր, ի վերջո, Հայաստանում օրինականությունը կհաղթանակի, ու մեր մահապատիժները կփոխարինվեն հաջորդ ամենածանր պատժով, այսինքն՝ 15 տարի ազատազրկումով: Դժբախտաբար, ողջ մնացածներիս պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկումով: Այսքան չարչարանքից հետո ինչպե՞ս կարելի է ցմահ ազատազրկում կրել, երբ առողջության 30 տոկոսն անգամ չի մնացել:

Մի քանի տանջամահության դեպք նկարագրեմ, որպեսզի գոնե մոտավորապես պատկերացնեք, թե ինչ է կատարվել այստեղ մինչև 2000թ-ի գարունը:

Ժյուլվեռն Հարությունյանի (Ժոկո) երիկամները սիստեմատիկ ծեծի հետևանքով հրաժարվեցին աշխատել: Զարգացավ արտահայտված ջրգողություն: Ոչ մի բուժօգնություն ցույց չտվեցին: Ընդհակառակը, որքան շատ էր ցավից ոռնում, այնքան ավելի ուժեղ էին ծեծում: Մի օր էլ Ժոկոն խցում մահացավ, և նրա մարմինը քարշ տալով հանեցին խցից:

Օրերից մի օր խցերից մեկում ծեծկռտուք է սկսվում: Սեյրան անունով դատապարտյալներից մեկը ծեծում է Վրեժ անունով դատապարտյալին: Վնասվածքներ ստացած Վրեժին տեղափոխում են մենախուց և… «մոռանում»: Երկու օր անց Վրեժը մահանում է մենախցում: Դեռ երկար ժամանակ պատերի վրա մնում էին Վրեժի արյունոտ ձեռքերի հետքերը: Իհարկե, սպանության մեջ մեղադրեցին Սեյրանին և նրա անորոշ հավերժական ազատազրկմանը ավելացրին ևս 15 տարի: Ի դեպ, Սեյրանը բավական երկար ժամանակ գտնվում է հոգեբույժի հսկողության տակ:

Սևակը մինչև բանտում հայտնվելը հովիվ է եղել: Քարի պես առողջ էր: Սակայն ռեժիմով ծեծի և նվաստացումների պատճառով հոգեպես ընկճվեց, աղիներն ու միզատար համակարգը հիվանդացան ու սկսեցին «ինքնուրույն գործել», այսինքն՝ նա ի վիճակի չէր զուգարան գնալ: Բաղնիքը ռեժիմի մեջ չէր մտնում, հագուստ փոխելու հնարավորություն չկար: Նույնիսկ տարրական զուգարանի թուղթն արգելված էր: Սևակը ապրում էր սեփական կեղտի և մեզի մեջ, մինչև որդնեց՝ բառիս բուն իմաստով: Սևակը որդնեց ու մեռավ խցում:

Վանիկ Յոլյանի շագանակագեղձը անտանելի ցրտից ու խոնավությունից բորբոքվել էր: Սրանից սովորաբար չեն մեռնում: Բայց պարզվեց, որ սրանով կարելի է մեռցնել: Տարրական բուժօգնություն ցույց չտալու պատճառով հիվանդությունը բարդացավ: Միզուկից թարախահոսությունը, անընդհատ բարձր ջերմությունը ի վերջո սպանեցին Վանիկին: Նա նույնպես մեռավ խցում, որովհետև հիվանդանոց տեղափոխելու խնդրանքին հետևում էր ծեծի լրացուցիչ չափաբաժին:

Զավենը, Արամը և էլի մի քանիսը մահացան տուբերկուլյոզից՝ իրարից վարակվելով: Քանի որ ոչ ոք չէր էլ մտածում այդ մարդկանց մեկուսացնել մյուսներից: Այդպես ավելի հեշտ էր «ակտավորելը»:

Չի կարելի չնշել, որ վիճակը կտրուկ փոխվել է 2000թ-ի գարնանից սկսած:

Տողերիս հեղինակը նույնպես մի անգամ մեռել է… թղթի վրա: Այդ դժոխային տարիներին վաստակած ստամոքսի խոցս արդեն վերածվում էր քաղցկեղի: Օրական մի քանի անգամ արյուն էի փսխում: Եվ միայն շնորհիվ հարազատներիս հոգատարության, որոնք վճարեցին իմ բուժման համար, ես բոլորովին վերջերս վիրահատվեցի 4-րդ անգամ և հիմա ողջ եմ: Լավ է, որ հիմա այդ հնարավորությունը կա:

Կարելի է էլի շարունակել: Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել:

Երբ ձերբակալեցին Մուշեղ Սաղաթելյանին, մենք՝ միամիտներս, մտածեցինք, որ վերջապես այդ վիժվածքը պատասխան կտա իր հանցավոր արարքների համար: Բայց նրան մեղադրեցին մանր-մունր չարաճճիությունների, կեղծ դիպլոմ ունենալու համար: Համարեցին, որ մնացած ամեն ինչը անկեղծ էր: Մի՞թե շարունակում է աշխատել ժողովրդական ասացվածքը. «Շունը շան թաթը չի տրորի»:

Համապատասխան պաշտոնյաները այս ամենը, իհարկե, գիտեն: Արդյո՞ք ժամանակը չէ, որ նրանք բարոյականություն ունենան և պատասխանատվության կանչեն այդ դահճին:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ