ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, May 20, 2011 13:36 - 8 քննարկում

Վիթխարի սկանդալ Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմում

Մայիս 21, 2011 | 01:28

NEWS.amը մասնակի կրճատումներով ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու Նիցայի Ծխական խորհրդի հայտարարությունը, որը հրապարակվել է Ֆրանսիայի «Nouvelles d`Arménie» պարբերականում:

Լռելու համար խնդիրը չափազանց լուրջ է:  «Nice-Matin» թերթի 2011թ. մայիսի 14-ի համարում երկու ամբողջական էջերի վրա ներկայացվել է Լազուրե ափում ռուսական մաֆիայի գործունեության մասին հետաքննությունը: Մաֆիայի հետ կապված անձանց մեջ է նաեւ Նիցայի հայկական եկեղեցու նախկին քահանա Վաչե Հայրապետյանը, որը հետաքննության առարկա է: Գործերը վերաբերում են «հայկական մաֆիայի» մասնակցությամբ կեղծ թղթադրամների շրջանառությանը եւ էլիտար մարմնավաճառության ցանցին: Մեղադրյալների թվում են մարդիկ, որոնք ժամանակին փորձել են ահաբեկել Նիցայի հայ համայնքի առաջնորդներին: Այս ամենը մեզ ստիպում է չլինել անտարբեր: Այս ամենը նաեւ տագնապահարույց ստվեր է գցում Ֆրանսիայում Հայ Առաքելական եկեղեցու մի քանի կրոնական գործիչների հարաբերությունների վրա: Ֆրանսիայի հայոց թեմն այժմ չափազանց ծանր ճգնաժամ է ապրում: Նիցայի համայնքն իր հավատարիմ առաջնորդներով, կամավորներով եւ օրինապաշտ քաղաքացիներով եղավ այդ ճգնաժամի առաջին զոհը, առաջին դիմակազերծողը եւ ոչ թե Եկեղեցու սադրիչ-թշնամին, ինչպես ոմանք ստիպում էին համոզել բոլորին: Վերջին բացահայտումների հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել եղածի կարճ պատմությունը:

2009թ. փետրվարի 26-ի ընդհանուր ժողովում մեր ասոցիացիան ժողովրդավարական քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ մերժեց Եկեղեցու նոր միասնական կանոնադրությունը, որը ծխական համայնքի ամբողջ հոգեւոր, քաղաքական, ներկայացուցչական եւ վարչական իշխանությունը հանձնում էր Եկեղեցու ներկայացուցիչներին: Այդ օրվանից մեր ծխական քահանա Վաչե Հայրապետյանը պարբերական գործում էր Ծխական խորհրդի գործունեության ցանկալի ուղղությունների դեմ: Ժամանակի ընթացքում հայր Վաչեի գործողությունները սկսեցին ամբողջովին տարբերվել եկեղեցական վարքից: 2009 թվականի վերջին եռամսյակից սկսված նա զանցեց ճիշտ ուղու վրա վերադառնալու բոլոր հնարավոր սահմանները:

Ամեն կիրակի, ամեն ծիսակատարության ժամանակ դաժան մարդկանց մի խումբ հայր Վաչեի գլխավորությամբ աստիճանաբար զավթեց եկեղեցու տարածքը` դառնալով այդ վայրի տերը: Մարդկանց սկսեցին ընտրողաբար ներս թողնել եկեղեցի: Սպառնալիքների ուժով համայնքային ասոցիացիայի նախագահին արգելվեց մտնել եկեղեցի: Եկեղեցին դառնում էր անօրենության գոտի: Ահաբեկված հավատացյալները լքեցին եկեղեցին: Ծխական խորհուրդն այդ մասին պարբերաբար տեղեկացնում էր անձամբ Կաթողիկոսին նաեւ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդին: Օգնության մեր խնդրանքն ու կոչերը մնացին անպատասխան:

2009թ. դեկտեմբերի 8-ին Նիցայի պատվիրակությունը հանդիպեց առաջնորդի հետ եւ խնդրեց հայր Վաչեին ծառայության տեղափոխել այլ վայր` ծխական խաղաղությունը վերականգնելու համար: Առաջնորդի պատասխանը մեկնաբանել հնարավոր չէ, բայց հասկացվեց, որ Ծխական խորհուրդը պետք է հրաժարական տա, իսկ ծխական համայնքն ընդունի Եկեղեցու միասնական կանոնադրությունը…

Եկեղեցու տարածքում լարվածությունն աճում էր: Հայր Վաչեն թիկնապահներով շրջապատված վկաների ներկայությամբ անպատվում էր համայնքային ասոցիացիայի նախագահ Զարե Մարտիրոսյանին` նրան պաշտոնանկ անելու եւ նրա տեղը գրավելու նպատակով: Այդ բռնությունը քիչ էր` թեմի առաջնորդն էլ սպառնաց, որ Նիցայի հայ համայնքի առաջնորդները կվտարվեն եկեղեցուց:

2010թ. հունվարի 6-ին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ժամանեց Նիցա` Սուրբ Ծննդի պատարագն անձամբ մատուցելու: Պատարագից հետո նա զրուցեց հայր Վաչեի եւ նրա պահակախմբի հետ: Այդ զրույցից հետո Զաքարյանը ծխական համայնքի առաջնորդներին ասաց. «նրանք խելագարվել են, հրաժարական տվեք, ձեր կյանքը վտանգված է»:

Ահաբեկման գագաթնակետը եղավ 2010թ. մարտի 21-ին` ընդհանուր ժողովի օրը: Չնայած ոստիկանների եւ դատական կարգադրիչների ներկայությանը բռնության անհավանական ալիք բարձրացավ: Տեղի ունեցավ հարձակում դպրոցի նախագահի որդու վրա: Նա վիրավորվեց եւ հետագայում երկու վիրահատություն տարավ: Սենյակում աթոռներ եւ սեղանների կոտրվեցին: Հայր Վաչեի խումբը անպատվում եւ սպառնում էր բոլորին, հայհոյում էին կանանց: Անվտանգության նկատառումներով ընդհանուր ժողովը չկայացավ:

2010թ. մայիսի 19-ին թեմի առաջնորդը նշանակեց հանձնախումբ, որը պետք է փոխարիներ Նիցայի Ծխական խորհուրդը: Թեմի եւ ծխի կանոնադրությամբ այդպիսի բան նախատեսված չէ:

Բախվելով նման թշնամական գործողությունների` Ծխական խորհուրդը Նիցայի քաղաքացիական դատարանում խնդրեց նշանակել հատուկ վարչարարի: 2010թ. հուլիսի 19-ին այդ խնդրանքը բավարարվեց: 2010թ. սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ֆրանսերեն նամակով Նիցայի հայ համայնք Կաթողիկոսի գործուղած Մեսրոպ աբեղա Պարսամյանին խնդրեց դեմ դուրս գալ մեր ընտրություններին:

2010թ. դեկտեմբերի 8-ին, երբ պետք է գումարվեր մեր ընդհանուր ժողովը, թեմն ու 2010թ. մայիսի 19-ին նշանակված ապօրինի հանձնախմբի նախագահ Հրանտ Սերոբյանը մեզ կանչեցին Նիցայի դատարան` պահանջելով փոխել մեր կանոնադրությունը եւ ենթարկվել Եկեղեցու կանոնադրությանը: Այդ պատճառով ընդհանուր ժողովը դարձյալ տեղի չունեցավ:

2011թ.  մարտին եւ ապրիլին տեղի ունեցան այն դեպքերը, որոնց մասին ասվում է մեր հայտարարության սկզբում: Կեղծ թղթադրամների շրջանառության եւ էլիտար մարմնավաճառության համատեքստում «հայկական մաֆիայի» մասին գործերը վնասում են Ֆրանսիայում հայի կերպարին: Ձերբակալված գլխավոր դերակատարների մեջ են հայր Վաչեի խմբի անդամները, որոնք հաճախ հավաքվում էին եկեղեցու նկուղի դահլիճում: Այդ երկու գործերի շրջանակում հայր Վաչեին ներկայացվելու են մեղադրանքներ: Հուսով ենք, որ այս հետահայաց վերլուծությունը կսթափեցնի եկեղեցական իշխանություններին:

Այս բացահայտումները լույս են սփռում Եկեղեցու սեւ ցուցակում մեզ ընդգրկելու վրա: «Նրանք խելագարվել են, հրաժարական տվեք, ձեր կյանքը վտանգված է»: Այս խոսքերը դեռ հնչում են մեր ականջներում: Հրաժարական տալ կյանքը փրկելո՞ւ համար: Իսկ մեր սիրելի եկեղեցին հանձնե՞լ ավազակներին եւ հանցագործներին: Անկասկած այսօր մենք զգում ենք, որ կատարել ենք մեր առաքելությունը եւ մեր խիղճը մաքուր է, որ ուժ ենք ունեցել դիմակայել ճնշմանը: Մենք պարտավոր էինք դա անել հանուն մեր հայրերի եւ զավակների:



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
May 21, 2011 14:11