ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, May 11, 2011 23:41 - 5 քննարկում

Եվրատեսիլում Էմմին չէ, որ պարտվեց…

Tags:

2011-05-11 20:12:01

Դյուսելդորֆում կայացած “Եվրատեսիլ 2011”-ի առաջին կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Էմմին չկարողացավ մտնել առաջին տասնյակ եւ ստանալ եզրափակիչ համերգի ուղեգիր:

Փաստորեն, կարելի է ասել, առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը “Եվրատեսիլի” եզրափակիչ փուլ չանցավ: Ինչը, անկեղծ լինենք, մեզ բոլորիս համար անսպասելի էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սփյուռք ունեցող ժողովուրդը ուներ օբյեկտիվ առավելություն, ասենք, Վրաստանի, կամ Ադրբեջանի ներկայացուցչից, որոնք, թեեւ այդպիսի սփյուռք չունեն, սակայն Եվրատեսիլ – 11-ի եզրափակիչ փուլն անցան:

Իսկ ո՞րն է այս իրավիճակի պատճառը, կհարցնի սովորական քաղաքացին: Բնականաբար, կարելի է նշել, ժյուրիի սուբյեկտիվ գործոնը, երգերի տարբերությունը, կամ էլ մեր սփյուռքի պասիվությունը:

Անկեղծ խոստովանենք, որ Էմմիի երգը վատը չէր, եւ ոչ մեկը չի կարող պնդել, թե Ադրբեջանի, Վրաստանի կամ ասենք, Ռուսաստանի ներկայացուցիչների երգերը նրա երգից էապես տարբերվում էին լավ իմաստով: Ուրեմն, բնականաբար այստեղ աշխատել է նաեւ ժյուրիի սուբյեկտիվ գործոնը:

Սակայն Հայաստանի քաղաքացիները արդեն ընտելացել էին այն գաղափարի հետ, որ նույնիսկ ի հեճուկս այդ սուբյեկտիվ գործոնի, Եվրատեսիլի եզրափակիչ անցնելու համար ունի օբյեկտիվ առավելություն, եև այդ առավելությունը մեր սփյուռքն է, կամ Հայկական աշխարհը, ինչպես կնշեր մեր վարչապետը:

Եվ հենց այստեղ է, որ կարելի է ասել. սփյուռքն իր քվեարկությամբ ցույց տվեց իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Ինչու՞ է սփյուռքը վիրավորված Հայաստանից

Բնականաբար, այս հարցը կարող է հուզել մեր քաղաքացիներին: Բնականաբար, այդ պատասխանի համար պետք է հասկանալ, իսկ ի՞նչ է արել Հայաստանը սփյուռքի համար:

Այստեղ կարող է հարց առաջանալ, բայց չէ՞ որ ներկայիս իշխանությունները դեռ ամբողջ Հայաստանը չեն, որ Հայաստանի ժողովրդի մի զգալի մասը նույնպես դժգոհ է այս իշխանություններից:

Եվ այստեղ է, որ սփյուռքահայերի համար կառաջանա մի նոր հարցադրում. իսկ ո՞րն է այն իսկական Հայաստանը, որի ներկայացուցչի համար արժեր քվեարկել:

Այսօրվա Հայաստանի մի մասին ներկայացնում է գործող նախագահը, մյուս մասին ներկայացնում է նրա ընդդիմախոս Լեւոն Տեր – Պետրոսյանը:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ովքեր են այդ գործիչները սփյուռքի տեսանկյունից:

Ի հեճուկս սփյուռքի ճնշող մեծամասնության կարծիքի, գործող նախագահը նախաձեռնեց հայ – թուրքական ֆուտբոլային այս խայտառակ գործընթացը, որի համար նույնիսկ Ծիծեռնակաբերդի լույսերն էին մի պահ հանգցնում:

Իսկ ով է, ըստ սփյուռքի Լեւոն Տեր – Պետրոսյանը, ով փաստացի ընդհանրապես հրաժարվում էր ցեղասպանության հարցը մտցնել պետության օրակարգի մեջ, համարելով, որ ցեղասպանության խնդիրը ոչ թե Հայոց պետության, այլ… սփյուռքի մասնավոր խնդիրն է:

Իսկ ովքե՞ են Հայաստանի քաղաքացիները, բիզնեսմենները, բանվորները, գյուղացիները, լրագրողները, մտավորականները, որոնք դիտողի կարգավիճակով, ինչպես կրկեսում, դիտում են այս երկու գործիչների պայքարը եւ դիտորդի կամ ակտիվ մասնակցի տեսանկյունից գնահատում ու դիրքավորվում այս կամ այն ճամբարում` մոռանալով մի պահ նայել հայելու մեջ. շատ տխուր պատկեր կտեսնեն: Որովհետեւ այն քաղաքացին, որ ուրանում է այսօր իր պատմության էջերից մի հարցի վերաբերյալ, վաղը նա կարող է ուրանալ իր ընկերներին, ծնողներին, հայրենիքը, որովհետեւ մարդկային արժանապատվությունը կորցրած համայնքը, մարդկային զանգվածը դառնում է, ինչքան էլ որ տխուր հնչի, մի մեծ ամբոխ, որին չեն կարող հարգել ոչ այլ ազգերը, որ էլ` արտերկրի հայրենակիցները:

Այնպես որ, Էմմին թող չտխրի, նա լավ երգչուհի է, իսկ իր BOOM- BOOM-ն էլ վատ հիթային երգ չէ:

Դավիթ Մկրտչյան



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ohars
May 12, 2011 5:54