ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, May 6, 2011 4:29 - չքննարկված
Ժողովուրդների մշտական դատական ատյանի վճիռը հայոց ցեղասպանության վերաբերյալ
Ժողովուրդների մշտական դատական ատյանի վճիռը հայոց ցեղասպանության վերաբերյալ
18-ը ապրիլի 1984թ.
1984 թ. ապրիլի 18-ին Փարիզում տեղի ունեցավ Ժողովուրդների մշտական դատական ատյանի հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջան, որը կայացրեց հետևյալ վճիռը.
«Ատյանը գտնում է, որ.
1. Հայ ազգաբնակչությունը կազմել է եւ կազմում է մի ժողովուրդ, որի հիմնարար իրավունքները` թե՛ անհատական, թե՛ հավաքական, պետք է հարգվեին եւ պետք է հարգվեն միջազգային իրավունքին համապատասխան:
2. Հայ ազգաբնակչության խմբերի բնաջնջումը բռնագաղթի եւ զանգվածային կոտորածների ճանապարհով հանդիսանում է ցեղասպանության հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի՝ ըստ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» 1948 թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի սահմանման: Սույն հանցագործությունը դատապարտելու առումով վերը հիշատակված Կոնվենցիան նկատի ունի այդ պահին գործող օրենքը եւ հաշվի է առնում նախկինում ուժի մեջ եղող կանոնները, որոնք գոյություն ունեին ամբաստանվող հանցագործ ակտերի կատարման ժամանակ:
3. Երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է այդ ցեղասպանության համար, նկատի ունենալով 1915-ից 1917 թթ. ընթացքում կատարվածը:
4. Հայերի ցեղասպանությունը նաեւ «միջազգային հանցագործություն է», որի համար պետք է պատասխանատվություն կրի Թուրքական պետությունը, առանց պատրվակելու այն հանգամանքը, թե նախկին ու ներկա պետությունների միջեւ հաջորդականություն չկա` պատասխանատվությունից խուսափելու համար:
5. Այդ պատասխանատվությունը առաջին հերթին պահանջում է պաշտոնապես ճանաչել ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի կրած համապատասխան կորուստները:
6. Միավորված Ազգերի Կազմակերպությունը եւ նրա յուրաքանչյուր անդամն իրավունք ունի պահանջելու այս ճանաչումը եւ դրանում աջակցելու հայ ժողովրդին»: