ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, April 27, 2011 7:19 - չքննարկված
Ազատության հրապարակը նորից կդառնա այլընտրանքային կարծիքների հնչեցման վայր. Սերժ Սարգսյան
Հայաստանի իշխանությունները պատրաստ են կատարել առաջին քայլը` ընդդիմության հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին, ասել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Կարևորում եմ արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ նկատվող դրական միտումները: Ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն «ջարդել», «փշրել» հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը նաև որոշակի հարթակներ տեղափոխելուն: Ինձ դուր է գալիս այն, որ հանրահավաքի կազմակերպիչները և ոստիկանները կարողանում են իրար հետ աշխատել: Եվ փառք Աստծո, վերջին տևական ժամանակահատվածում այդ միջոցառումների ընթացքում չեն գրանցվել հասարակական կարգի կոպիտ խախտումներ: Սա՛ կարող է հնարավորություն ընձեռել, որպեսզի Ազատության հրապարակը նորից դառնա Հայաստանի զարգացման համար այլընտրանքային կարծիքների հնչեցման վայր: Սա է հենց Ազատության հրապարակի խորհուրդը, և եթե իրադարձություններն այսպես զարգանան, կարծում եմ, որ մենք համատեղ ուժերով կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր կամ ավելի ճիշտ՝ երեկ գոյություն ունեին իբրև ծայրահեղականություն սնող մի միջավայր: Սա բոլորիս համար չափազանց կարևոր է:
Ուզում եմ հիշեցնել, որ այս տարի լրանում է մեր Հանրապետության անկախության 20-ամյակը: Մենք այս օրերին էլ ենք միջոցառումներ իրականացնում, և դրանք տևելու են ոչ թե մինչև սեպտեմբերի 21-ը, այլ, բնականաբար, մինչև տարվա վերջ: Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք բոլորս մտնում ենք մայիս ամիս՝ մեր ժողովրդի համար հաջողությունների, հաղթանակի ամիս: Մայիսին տոնելու ենք նաև Հանրապետության տոնը. տոն, որը շատ լուրջ դասերով է լի, և այդ դասերն այսօր էլ արդիական են:
Պառակտումը երբեք լավ բան չի բերել ոչ մի ժողովրդի, ոչ մի երկրի: Չարությամբ որևէ տեղ զարգացման խնդիրներ չեն կարողացել լուծել, և մենք բոլորս պետք է կարողանանք չարությանը հաղթել: Չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները: Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին՝ իրենց զգոնությունը թուլացնել, և համագործակցելով մենք կարող ենք մեր երկրին ապահովել լուրջ հաջողություն¬ներ: Այստեղ ևս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, և ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ»,-հավելել է երկրի ղեկավարը