Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, April 21, 2011 22:47 - 6 քննարկում

Դեմոյանը հասարակ դեմագոգ չէ՞…

http://ankakh.com/2011/04/113427/

«Պետական հանցագո՞րծ», թե՞ զրպարտիչ. կպարզվի դատարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | Ապրիլի 21, 2011 18:08

 


Ապրիլի 18-ին մի խումբ հայտնի սփյուռքահայեր բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով «հրապարակայնորեն կարգի հրավիրել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին»:

Բանն այն է, որ Դեմոյանը 2011 թ. մարտի 30-ին ԱՄՆ-ում, հարցազրույց տալով «Վերադարձ» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին, երկու անգամ «պետական հանցագործ» է անվանել քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանին։

«Սա ի՞նչ է, միայն Հ. Դեմոյանի հոգեկան անհավասարակշռության սանձարձակ դրսևորո՞ւմ, թե՞ նաև ՀՀ պետական որոշ շրջանակներում ծրագրված քաղաքական հալածանքների ծավալում Ա. Այվազյանի դեմ»։ Այս հարցի պատասխաններն էլ ակնկալում էին ստանալ ՀՀ նախագահից շուրջ մեկ տասնյակ լոսանջելեսաբնակ և լոնդոնաբնակ հայ գիտնականներ ու հասարակական գործիչներ:

Հաղորդման շրջանակներում Դեմոյանը Այվազյանին անվանել էր «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար» և, ի վերջո, «պետական հանցագործ», որը  «խայտառակել է և՛ Ծիծեռնակաբերդը, և՛ Հայաստանի Հանրապետությունը»: Դեմոյանի մատուցմամբ՝ Արմեն Այվազյանը «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնել»: Այս «եզրահանգումները» Դեմոյանը «հիմնավորում է» նրանով, որ իբր Այվազյանը, թուրքական մամուլի վրա հիմնվելով, առաջինն է հայտարարել, թե 2008 թ. սեպտեմբերի 6-ին՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ` Թուրքիայի նախագահի Երևանում գտնվելու օրը, Ծիծեռնակաբերդի Հայոց Եղեռնի հուշարձանի լույսերը մարվել են։

Հիշեցնենք, որ այդ մասին բարձրաձայնած «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը Դեմոյանը սպառնացել էր դատի տալ: Սակայն հեռուստաընկերությունը «Եթե «հյուրընկալություն», ապա լիարժեք…» տեսահաղորդման մեջ (29.09.2008) փաստացի նկարահանումներով ներկայացրել է, որ լույսերն այդ օրն իսկապես մարած են եղել, և հայտարարել է, որ պատրաստ է դատական կարգով պաշտպանել իր նկարահանման ու եզրակացությունների ճշմարտացիությունը:

Սփյուռքահայ գործիչները նախագահին ուղղված բաց նամակում նշել են. «Իրականությանը չի համապատասխանում ո՛չ Դեմոյանի այն պնդումը, թե Այվազյանն առանձին հոդված է գրել լույսերը մարելու փաստի մասին, ո՛չ էլ այն, թե նա քաղել է այդ տեղեկությունը թուրքական մամուլից։ Դեմոյանի բերած բոլոր պնդումներն ու փաստարկները բացահայտ կեղծիք են, այսինքն՝ գործ ունենք ստախոսության հետ»։

Սակայն այդ հաղորդման շրջանակներում Դեմոյանը չի սահմանափակվել միայն Այվազյանի հասցեին մեղադրանքներով ու վիրավորանքներով. «Մեզ՝ Այվազյանի երկարամյա գործընկերներին ու բարեկամներին, Դեմոյանը համարձակվեց, իր իսկ բառերով՝ «դիագնոզ» դնել՝ անվանելով «հոգեկան հիվանդներ», «գիշատիչ խումբ», «ոհմակ» և այլն։ Վստահեցնում ենք, որ եթե նա փոքր-ինչ ավելի ժամանակ գտնվեր ԱՄՆ-ում, ապա դատական կարգով պատասխանատվությունից չէր խուսափի»,-ասվում է ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում։

Նամակում սփյուռքահայերն անդրադառնում են նաև պատմաբան Գևորգ Յազըճյանի Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին(Հ. Դեմոյանի «Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ) «Ազգ» օրաթերթում (9.04.2011) հրապարակված գրախոսությանը:

Հիշեցնենք, որ Դեմոյանի հոդվածի վերաբերյալ Յազըճյանը ծավալուն գրախոսություն է գրել, որում նշել է, որ Դեմոյանի հոդվածը չի համապատասխանում «գիտական պատասխանատվության ու բարոյականության ամենախիստ պահանջներին», և այն «շատ առումներով թերի է, ներառյալ` պատմական փաստերի սխալ ներկայացումներ ու պատեհապաշտական մեկնաբանումներ, գիտական բարոյականության խախտումներ, չհիմնավորված եզրակացություններ, կեղծ-գիտականություն…»:

Այս գրախոսության հրապարակումից օրեր անց մամուլում հայտնվեց Հայկ Դեմոյանի Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները պատասխան հոդվածը:

Ի դեպ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը մերժել է իր թերթում տպագրել Դեմոյանի պատասխան հոդվածը. «Նախ` ես ասացի, որ նրա հոդվածում 25-26 անձնական բնույթի վիրավորանքներ կան, և եթե նա գրի մի նոր նյութ, որում այդ վիրավորանքները չլինեն, և նրա պատասխանը լինի ըստ բուն նյութի, ապա ես պատրաստ եմ տպել, թեկուզև դա ոչնչացնի Յազըճյանին»,- «Անկախին»   պատասխանեց Ավետիքյանը:

Դեմոյանի պատասխան նամակում Յազըճյանը որակվում է՝ իբրև «միջակ ինտելեկտուալ կարողությունների», «հուզական աֆեկտի մեջ գտնվելու պատճառով սթափ տրամաբանելու անկարող», «անհանգիստ գրչակ», «լուրջ խնդիրներ ու բարդույթներ ունեցող»,«փոքրոգի և անսկզբունքային», «թուլակամ», «գրասեր-գավառագիտուն», «բաշից մազափունջ պոկելով՝ հոգեթերապևտիկ կարևորություն ունեցող ինքնաբավարարում ստացող», իսկ նրա գրախոսությունը՝ իբրև  «էժանագին պոպուլիզմով ու ինքնահավանության մոլուցքով տառապող  լյումպենացված խմբակի անարդյունավետ ու պարապ գործունեություն» և այլն:

«Ձեր ճամարտակումները, պարո́ն Յազըճեան, որևէ առնչություն չունեն գիտության ու գիտական պարկեշտության հետ, քանզի ձեր ու ձեր նմանների  «վաստակն» ու դրանց հետևանքները շատերին են հայտնի: Բաշիբոզուկային գործելաոճը շատերին է վանել մերժվածների ձեր խմբակից, որի հանդեպ կարող եմ  տածել միմիայն խղճմտանքի զգացում և առաջնորդվել հռոմեական հայտնի սկզբունքով` «անցավորաց մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»: Տվյալ դեպքում նախընտրում եմ վերջինը»,- այսպես է ամփոփել իր պատասխան նամակը Դեմոյանը:

Սրան արդեն հետևեց Հայ ազգայնականների հայտարարությունը, որում նրանք ՀՀ իշխանություններից պահանջում են պատասխանատվության ենթարկել  ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին, իսկ վերջինիս կոչ են անում ներողություն խնդրել և անցնել գիտական բանավեճի մակարդակի:

ՀՀ նախագահին ուղղված նամակի հեղինակներին էլ է հուզել հատկապես այն, որ Դեմոյանը, «փոխանակ գիտական բանավեճի էթիկան պահպանելով, պատասխանի իր ընդդիմախոսին՝ Գ. Յազըճյանին, վերջինիս հասցեին անպարկեշտ վիրավորանքների հեղեղ է տեղում ու, կրկին դատախազական վեղար հագած, առանց որևէ հիմքի ու պատճառի, դարձյալ իրեն թույլ է տալիս շուռ գալ Ա. Այվազյանի դեմ՝ մեղադրելով նրան ոչ ավելի, ոչ պակաս, քան «դավաճանական արարքի» մեջ»: Նրանք  կարծում են, որ «նման բարոյական «պաշարով» կերպարի հայտնվելը գիտական ու պետական պատասխանատու դիրքում ինքնին վկայում է Հայրենիքում տիրող ծայրաստիճան անառողջ հասարակական միջավայրի մասին:

Սփյուռքահայերը հույս ունեն, որ Դեմոյանի արարքը պատշաճ գնահատական կստանա նրա վերադաս պետական ու գիտական կառույցների կողմից, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն մտածել, որ «Հայաստանի Հանրապետության իշխանություններն այլևս ունակ չեն հանդուրժելու նույնիսկ ակադեմիական մտքի ազատությունը և որդեգրել են Այվազյանի դեմ քաղաքական հետապնդումների գործելաոճ` ընկալելով նրա բազմաթիվ պատճառաբանված քննադատական ուսումնասիրություններն ու ելույթները (մասնավորապես՝ հայ-թուրքական «հաշտեցման» ձախողված քաղաքականության վերաբերյալ) որպես «պետական հանցագործություն»։

«Նոր 1937 թվական, այն էլ գիտության բնագավառում, մենք երբեք չենք հանդուրժի»,- ասված է նամակի վերջաբանում:

Դեմոյանի հոդվածի առնչությամբ կարծիք հայտնած մի տարեց պատմաբան (անունը չցանկացավ հրապարակել) նշեց, որ իր երկարամյա գործունեության ընթացքում առաջին անգամ է  հանդիպում գիտական բանավեճում կիրառվող նման բառապաշարի:

Երեք օր շարունակ փորձեցինք կապ հաստատել Հայկ Դեմոյանի հետ՝ այս ամենի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, սակայն չափազանց զբաղված լինելու պատճառով նա չկարողացավ մեզ հետ զրուցել:

Ինչ վերաբերում է Արմեն Այվազյանին, ապա նա հայտնեց, որ իր հասցեին արված մեղադրանքների ու վիրավորանքների համար առաջիկայում Դեմոյանը ստիպված կլինի պատասխան տալ դատարանում.«Որպեսզի այդ տհաճ գործընթացները չանդրադառնան ցեղասպանությանը նվիրված միջոցառումների վրա, մենք դատական գործընթացը կսկսենք ապրիլի 24-ից հետո»,-նշեց նա:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

markarish
Apr 22, 2011 4:42