ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, April 14, 2011 0:16 - չքննարկված
Կերել են թոքախտներին հասանելիք փողերը և վարակվել են ընչաքախցությամբ:
Էդիկ Բաղդասարյան
Քրիստինե Աղալարյան
Տուբերկուլյոզի բուժման համար նախատեսված 150 հազար դոլար արժողությամբ դեղորայք ժամկետանց է դարձել:
Այդ թանկարժեք դեղորայքը նախատեսված էր դեղորայքակայուն տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար: Հայաստանը դեղորայքը ստացել է բավականին բարդ ընթացակարգեր անցնելուց հետո եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Կանաչ լույս» կոմիտեի կատարած զգալի զեղչով: Այն միջազգային «Գլոբալ հիմնադրամ»-ի (ԳՀ) ծրագրի բաղադրիչներից է: Առողջապահության նախարարության «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ դեղերի ժամկետանց դառնալու փաստն ամեն կերպ թաքցնում են, քանի որ եթե հայտնի դառնա, «մեծ սկանդալ է լինելու»: Նախարարությունը դեղերի վերաբերյալ մեր հարցմանը դեռեւս չի պատասխանել:
«Հետքը» ԳՀ-ի ծրագրի վերաբերյալ արդեն մի քանի հոդված է հրապարակել: «Հետքին» տված առաջին հարցազրույցում ԳՀ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ներդրումների գծով ղեկավար Սանդրա Իրբեն ամբողջական տեղեկատվություն չէր տրամադրել ծրագրի մասին: Ավելին, նա թաքցրել էր որոշ փաստեր, եւ միայն մեր կրկնակի հարցումից հետո սկսեց «խոսել»` ներկայացնելով նաեւ փաստաթղթեր եւ նամակներ:
Այդ փաստաթղթերի, «Գլոբալ հիմադրամ»-ի անանուն աղբյուրից ստացած նյութերի ուսումնասիրությունից, ինչպես նաեւ Հայաստանում տուբերկուլյոզի խնդիրներով զբաղվող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցներից պարզվում է, որ ծրագրի ապաշնորհ կառավարման պատճառով Հայաստանը 2010 թ. զրկվել է մոտ կես միլիոն դոլար դրամաշնորհային միջոցներից: Անցյալ տարվա ապրիլ-հունիս ամիսներին Հայաստանի առողջապահության նախարարության կողմից իրականացվող տուբերկուլյոզի ծրագիրը (Round 8 ) «Գլոբալ հիմնադրամ»-ը գնահատել է «C»: Հիմնադրամի գնահատման սանդղակում սա նվազագույնն է եւ նշանակում է, որ ծրագիրն իրականացվել է 0-30 տոկոսի տիրույթում: Ուստի, քանի որ նշված փուլերում ծրագրի իրականացումը ցածր արդյունքներ է գրանցել, «Գլոբալ հիմնադրամի» ղեկավարությունը որոշել է հաջորդ` 5-րդ եւ 6-րդ քառորդների համար նվազեցնել Հայաստանին հատկացվելիք գումարները. ամբողջ գումարը` 471.376. 52 եվրոն կրճատվել է 68 տոկոսով, եւ Հայաստանը ստացել է ընդամենը 151,818 եվրո:
Հիշեցնենք, որ այս գումարները նախատեսված էին տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար: Այս ծրագրի իրականացման ընթացքում թույլ են տվել բազմաթիվ չարաշահումներ: Առայժմ նշենք դրանցից մի քանիսը: Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետ Արմեն Կարապետյանը մեկ ու կես տարի աշխատավարձ է ստացել նաեւ այս ծրագրից: Նա որպես քաղծառայող իրավունք չուներ այլ ծրագրից աշխատավարձ ստանալ: Ամբողջ խնդիրն այն է, որ այս մասին մի քանի անգամ իր նամակներում նշել է նաեւ Սանդրա Իրբեն, սակայն որոշ ժամանակ անց նա դրա մասին, չգիտես ինչու, «մոռացել» է: Մեզ տված հարցազրույցներում Սանդրա Իրբեն եւ առողջապահության նախարարությունը ծրագրի ձախողման ամբողջ մեղքը հիմնականում բարդում են Վահան Պողոսյանի վրա (վերջինս անցյալ տարվա նոյեմբերին նշանակվեց ԱՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, այժմ նախարարի խորհրդականն է): Ս. Իրբեն մեղավորների շարքում, չգիտես ինչու, նշել է նաեւ նորանշանակ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի անունը:
Իրականում այդ ժամանակահատվածում ծրագիրը կոորդինացնում էր արդեն նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը: Վահան Պողոսյանը 2010-ի հունիսից ծրագրի հետ այլեւս առնչություն չուներ: Վերջինս հրաժարվեց պարզաբանում տալ այս հարցի վերաբերյալ, միայն ասաց, որ «ուրիշի հետ խոսենք այդ թեմայով»: Հայաստանը ամենացածր գնահատականը` C-ն, ստացել է դրանից հետո, երբ հայաստանյան ծրագրերի համակարգող խմբի ղեկավարը Օվսաննա Նաջարյանն էր: Նա այսօր էլ ղեկավարում է` ստանալով 1 մլն 200 հազար դրամ ամսական աշխատավարձ, եւ շարունակում է ձախողել ծրագիրը, որովհետեւ վերջին երեք ամիսների ընթացքում որեւ բան չի փոխվել:
Մեր տրամադրության տակ է մի նամակ, որտեղ Սանդրա Իրբենը նախարար Հ. Քուշկյանին գրում է, որ «մինչեւ 2010 թվականի մարտի 20-ը վերջին հնարավորությունն է տալիս` ծրագրի թերությունները վերացնելու համար»: Սակայն Սանդրա Իրբեն իր այս «նախազգուշացումների» մասին էլ է շատ արագ մոռացել: (Սանդրա Իրբեի հետ հարցազրույցը կարդացեք էջ 3-ում):
Բազմաթիվ են գործոնները, որոնց պատճառով տուբերկուլյոզի ծրագիրը ձախողվել է եւ ստացել ցածր գնահատական: Եւ եթե ծրագրով նախատեսված աշխատանքները կարճ ժամանակում չկարգավորվեն, հնարավոր է` ընդհանրապես հարցականի տակ դրվի նրա շարունակականությունը: Իսկ դա նշանակում է, որ ապաշնորհ կառավարման պատճառով տուժել են ՀՀ քաղաքացիները, տուբերկուլյոզով հիվանդները, իսկ այն ձախողած պաշտոնյաներին, բնականաբար, ոչինչ չի սպառնում: