ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, April 9, 2011 17:43 - 1 քննարկում
Սուբյեկտիվ օբյեկտիվությունից մինչև օբյեկտիվ սուբյեկտիվություն: (եթե բան չհասկացաք, կարդացեք հոդվածը, եթե նորից չհասկացաք՝ դիտեք հաղորդումը, եթե դա էլ չօգնի, մեղադրեք ինքներդ ձեզ:)
«Տաշիր 2011» մրցանակաբաշխություն. Օբյեկտիվ սուբյեկտիվություն
Ապրիլ 09, 2011 | 18:28
«Տաշիր 2011» մրցույթի շուրջ աղմուկը, որ ալեկոծեց հայ հասարակությանը, լուրջ մտորումների առիթ տվեց. իսկ որքանո՞վ էր օբյեկտիվ քննադատությունը կազմակերպիչների հանդեպ, կարելի էր արդյո՞ք խուսափել դրանից: Իհարկե, հարցը բարդ է, բայց փորձենք տալ առավել ժողովրդական պատասխանները:
Ինչ վերաբերում է հասարակության մեջ ծայր առած քննադատությանն ու բուռն բանավեճերին այն կապակցությամբ, որ «Տաշիր 2011»-ի կազմակերպիչներն ու միջոցառման հովանավորներն առատորեն թանկարժեք նվերներ (բնակարաններ, մեքենաներ) են տալիս հայրենական եւ ոչ միայն հայրենական շոու-բիզնեսի աստղերին, այստեղ, ինչպես ցանկացած հարցում կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կողմեր: Ի վերջո, «Տաշիր-գրուպ» կոնցեռնի ղեկավար Սամվել Կարապետյանը շքեղ նվերներ էր տալիս իր, այլ ոչ ուրիշի գրպանից, ինչը ողջունելի է, այն իմաստով, որ մարդն, ի տարբերություն այլ հայրենի ձեռնարկատերերի, փորձում է իր ունեցածը կիսել իր ժողովրդի ներկայացուցիչների հետ: Այլ հարց է, որ «ժողովրդի ներկայացուցիչ» հասկացությունը «Տաշիր 2011»-ի կազմակերպիչների եւ սոցիալական ցանցերի շարքային օգտվողների կողմից տարբեր կերպ է ընկալվում, բայց դրա համար մարդուն մեղադրելն անարդարացի է: Միգուցե Սամվել Կարապետյանը, շքեղ նվերներ տալով հայկական եւ արտերկրի շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ղեկավարվում էր այն տրամաբանությամբ, թե այդ մարդիկ իրենց գործունեությամբ որոշակի ուրախություն են մտցնում հայ ժողովրդի առանց այն էլ բարդ կյանք, կամ էլ նա պարզապես ցանկանում էր օգնել արվեստի մարդկանց, ցանկացած դեպքում տրամաբանությունը մեկն է, նա ծախսում էր իր գումարները եւ, ինչը պակաս կարեւոր չէ, հարուստներին ոչ բնորոշ առատաձեռնությամբ:
Հարցի մյուս ասպեկտն այն է, որ Կարապետյանը կարող էր իր միջոցները ծախսել ավելի բարի նպատակներով կամ ճիշտ հունով, ասենք, նույն բնակարանները նվիրեր չքավոր բազմանդամ ընտանիքներին, որոնց խիզախության շնորհիվ Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարման հույսեր կան: Կամ էլ «Տաշիր 2011» մրցանակը շնորհել բացարձաապես այլ ոլորտում, ասենքգիտության եւ մշակույթի (խոսքը հայկական պոպի «մշակույթի» մասին չէ): Եւ այդպես շարունակ, այդ ցանկը կարելի է շարունակել անվերջություն, Հայաստանում կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարելի է գումարներ ծախսել, գլխավորը, որ դրանք լինեն եւ ծախսելու ցանկություն լինի: Բայց մյուս կողմից, ով է ասել, թե Սամվել Կարապետյանը պատրաստ չէ նույնքան առատ իր միջոցները կիսել այդ նպատակների համար: Իսկ որեւէ մեկը հարցրե՞լ է նրան` նախքան քննադատելը: Իսկ միգուցե նա պարզապես գլխի չի ընկել, նրան խելացի խորհուրդ է պետք, եւ հայկական հասարակության մեջ բուռն բանավեճերից հետո ձեռնարկատերը լիովին կարող է լսել հնչող առաջարկներն ու արդեն 2012-ին մենք ականատես կլինենք այլ «Տաշիր» մրցանակաբաշխության` այլ ոլորտներում եւ այլ ուղղություններով: Ի վերջո, գլխավորն այն է, որ մարդը պատրաստ է կիսել իր գումարները, այլ ոչ թե ծախսել այն բացառապես իր եւ իր ընտանիքի համար:
Ի դեպ, այղ աղմուկի մեջ քչերը հիշեցին, որ Կարապետյանների ընտանիքը սոցիալական ուղղվածության բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում, հատկապես հանրապետության մարզերում, կան ծրագրեր նաեւ մշակույթի եւ քաղաքաշինության ոլորտներում, պարզապես դրանք, ի տարբերություն «Տաշիրի» չեն գովազդվում եւ լայն հնչողություն չեն ստանում:
Այս օրերին կարծիքներ հնչեցին, որ իր գործողություններով Սամվել Կարապետյանը ցանկանում է «ամրապնդել» իր եղբոր` նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի դիրքերը Հայաստանում: Բայց այդ փաստարկները պարզապես զուրկ են տրամաբանությունից: Ասենք, ինչպե՞ս կարելի է ամրապնդել բարձր պետական պաշտոն զբաղեցնող եղբոր դիրքերը` բնակարաններ տալով Քսենյա Սոբչակին, Նունե Եսայանին եւ Շուշան Պետրոսյանին: Ոչ մի տրամաբանություն, ճի՞շտ է:
Կա մեկ այլ, ոչ պակաս կարեւոր դետալ, որի վրա ուշադրություն չդարձրին հանրային աղմուկի ընթացքում: «Տաշիր» մրցանակը բավական ռեյտինգային է, որոշակիորեն բարձրացնում է Ռուսաստանի հայ համայնքի իմիջը, ցույց է տալիս նրա ուժն ու հզորությունը, ինչը անուղղակի կերպով Հայաստանի PR-ն է: Հարեւան հանրապետությունում դրանով միայն կհպարտանային եւ կփորձեին դա օգտագործել տարբեր PR-նախագծերում:
Ամփոփելով կարելի է ասել, որ «Տաշիր» մրցանակաբաշխությունը, ինչպես ցանկացած այլ երեւույթ, ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, լավ եւ վատ կողմերը: Պետք է պարզապես լավ գլուխ հանել, թե որը որն է` չփորձելով սեւացնել անգամ սպիտակը: Պետք է ցանկացած իրավիճակից դուրս գալ առավելագույն օգուտով: Եւ եթե «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը պատրաստ է իր գումարները կիսել հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ, խելացի խորհուրդներով այդ ներդրումները կարելի է ուղղել ճիշտ հուն:
Արմեն Գեւորգյան
1 քննարկում
Zhanna