Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2011 9:46 - 2 քննարկում

Միթե՞ Դրոն բոլշեվիկյան գործակալ էր…

Կարդացե՛ք 1920 թվականին գրված օրագիրից մեջբերումները, իսկ ավելի լավ կլինի այն կարդալ ամբողջությամբ ու կստանաք Ձեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք ավելի քան 90 տարի անց էլ չեն կորցրել իրենց այժմեականությունը…

http://armenianhouse.org/armenia-diary/dilijan-ijevan.html?

Իջևան, 29 հունիսի

…Ռազմաճակատից երկու գերիներ բերվեցին Իջևան, որոնց հարցաքննեց ինքը՝ հրամանատարը: Նրանք կծկտուր տեղեկություններ տվին. ճնշված էին հոգեպես և դողում էին ողորմելիները՝ կարծում էին, որ մենք էլ կարմիրների պես մարդու վրա նայում ենք որպես մի անշունչ առարկայի վրա, որի հետ կարելի է խաղալ «գնդակահարի» դաժան բառով: Իմ մեջ և ափսոսանք և առհամարանք առաջացրեց դրանցից մեկը՝ ղարաբաղցին, որոնց գոյամարտի համար դատարկվեց առանց այն էլ ոչ հարուստ մեր պետական գանձարկղը և ոչնչացան մեր լավագույն ուժերը:
Մի ժամանակ մենք Ղարաբաղը համարում էինք մեր հանրապետության շեյթանը, որ շարունակ ծառայում (ընդվզում) էր դավադիր Ադրբեջանի դեմ, երբ վերջինս ամեն անգամ փորձ էր անում նվաճել այդ լեռնական հերոս ժողովրդին և միանալ մեր դարավոր թշնամի Տաճկաստանի հետ: Սակայն, ավաղ, մելիքների այդ դավաճան ծննդավայրը իր կաշին փրկելու համար, ապերախտորեն բաց արավ Ղարաբաղի պողպոտե դռները ռուս մի քանի հարյուրանոց զորամասի առաջ և այժմ, միացած նրանց, արշավ է սկսել իրեն սնուցող մոր՝ Հայաստանի վրա:

Երջանիկ է ռուս ժողովուրդը հայի պես կույր սիրող և կույր հետևող ունենալու համար:
Այսօր լուսաբացին Իջևանի զորաճակատում խռովարարները հարձակման դիմեցին գնդապետ Իշխանյանի զորամասի վրա Լալաքենդի մոտ, Դիտիվանքի / հավանաբար Դադիվանքն է -Գ.Ռ./ և Զիմովկայի կողմից…

http://armenianhouse.org/armenia-diary/ijevan-yerevan.html

…Մեկ խոսքով, ես չեմ հավատում այդ սոցիալիստական հեղափոխությանը, որ գալիս է տգետ Մոսկվայից և նպատակ ունի անցնելու լուսավոր Եվրոպան:
Մարդկության այս ծանր լուծը, որ իր ուսերի վրա է վերցրել ֆիզիկապես, մտավորապես տկար, թույլ և անկազմակերպ Ռուսաստանը՝ անկարող է տանել և կընկնի կես ճանապարհին մեծ հիասթափություն պատճառելով համայն մարդկությանը և հուսահատության դուռը բանալով նրանց համար, ովքեր խելոք և հաստատուն ճամփով գնում էին դեպի այդ բարձրագույն իդեալը՝ նրան հասնելու և նրանից օգտվելու: Ռուսաստանը կընկնի իր խելագար պայքարի մեջ, և մենք պետք է զգույշ լինենք, որ նրա անկման ժամանակ էլ նահատակ չդառնանք:

10 հուլիսի

Երկու ամսից ավելի է, որ համառ և անստույգ լուրեր են պտտվում Ղարաբաղի մասին, որ իբր նա ինքնակամ կերպով բացել է իր անառիկ, լեռնոտ դռները սովետական խուժանի առաջ և ընդունել է սովետական իշխանությունը: Անհետևանք չէին այն տարաձայնությունները: Մեր գլխավոր շտաբի տված պաշտոնական տեղեկությունները գալիս են հաստատելու այդ լուրերը և փարատելու այն ինքնակամ ենթադրությունները, որ մենք անում էինք:

Մայիսի մեկից սկսած, երբ սովետական Ռուսաստանի հայ կաշառված գործակալները Հայաստանի ամեն ծայրում նկրտում էին պայթեցնելու Հայաստանի Հանրապետությունը, և մեր անվճռական ու բարեմիտ կառավարությունը մի կողմից զբաղված էր այս անգամ գործ ունենալ «սովետական Ադրբեջանի» հետ և մյուս կողմից ճնշել հայ բոլշևիկ կոչվածների դավադրությունները՝ Ղարաբաղը թողնված է եղել երեսի վրա: Հայաստանում կատարված անցքերի ելքին անտեղյակ՝ Ղարաբաղի մեր հրամանատարական կազմը թողնում է Ղարաբաղը, առանց մի գնդակ արձակելու, որովհետև «զգուշանում է» բարդություններից և քաշվում Զանգեզուր նոր դիրքեր գրավելու:

Դրոն, որ նշանակված էր Ղարաբաղի մեր զորամասերի հրամանատար, այդ խայտառակ նահանջը բացատրում է ինֆորմացիայի բացակայությամբ:

Երկու շաբաթ հետո միայն Դրոն տեղեկացնում է իրերի իսկական դրությունը, երբ բանը բանից անցած է լինում: Մի հարցնող լինի Դրոյից, թե ի՞նչ ինֆորմացիայի է սպասելիս եղել պարոն հրամանատարը, երբ իրեն քաջ հայտնի է, որ Ղարաբաղի ինֆորմացիան անկախ կառավարությունից, միշտ հասել է երկու շաբաթից ոչ շուտ. հետևաբար, սպասել առանձին կարգադրության և նոր միայն կռվել Հայաստանի անկախ տերիտորիան ոտնատակ անող սովետական փոքրաթիվ զորքերի դեմ, նշանակում է թույլ լինել, վախկոտ և ոչ վճռական:

Բայց շան գլուխը թաքնված է եղել ոչ թե ինֆորմացիան ուշ ստանալու մեջ, այլ մի հայ զորավարի այլասերված ռուսասիրության մեջ:

Ստույգ տեղեկություններ կան, որ Դրոն ասել է`

— Ռուսների դեմ դեռ գնդակ արձակած չկամ:

Եթե մի գիտակից զորավար այդպես է տրամաբանում, ապա էլ ինչու մեղադրել հասարակ զինվորին: Սուտ է, որ ասում են թե պատմությունը մեզ միշտ դավաճանել է, ընդհակառակը պատմությունը շարունակ մեզ հետ է եղել և միշտ էլ նպաստավոր հանգամանքներով: Մենք ինքներս ենք, որ մեզ ստոր կերպով գիտակցաբար թե անգիտակցաբար դավաճանել ենք:

Հայ ժողովուրդ, դու այնքան տկար գծեր ունես, որ ես որպես քո ծոցից ծնած զավակ հիանում եմ և միաժամանակ հիասթափվում, երբ նայում եմ քո ախտավոր պակասությունների վրա, որոնց կարծես թե փայփայում ես ու խնամում: Քո հոգեկան լավ գծերը և արհամարելի պակասները եթե կշռելու լինենք, դու կախված կլինես դատարկության մեջ տխուր հիշողություններով…



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

David
Mar 30, 2011 4:31