ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, March 28, 2011 12:44 - չքննարկված
Մորթում են իրար, փողի համար՝ շունն ու կատուն: Բանը հասավ դիվանբաշուն…
Ինչո՞վ կավարտվի Թամար Պողոսյանն ընդդեմ սփյուռքի նախարարի վեճը. գործին խառնվել է դատախազությունը
Մարտ 28, 2011 | 16:27
Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի դիմումը, որով վիճարկվում է հիմնադրամի միջոցների տնօրինման հետ կապված սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի որոշումները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: «Դիմումն ընթացքի մեջ է եւ ուսումնասիրվում է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում»,-հայտնեց Տոնոյանը:
Նշենք, որ խոսքը նշված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 28-ի որոշման մասին է, որով ի պաշտոնե հիմնադրամի նախագահ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոգաբարձուների հետ որոշել է, թե ինչպես պետք է տնօրինվի հիմնադրամի այս տարվա բյուջեն: Սփյուռքի նախարարն այս որոշումը կայացրել է առանց հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի մասնակցության: Թամար Պողոսյանը մամուլում հայտարարել է, թե թույլ չի տա նման մոտեցում պետական հիմնադրամի հանդեպ, ուստի պատրաստ է պայքարել մինչեւ վերջ` դիմելով իրավասու բոլոր կառույցներին: Մինչ Հրանուշ Հակոբյանի դեմ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելը Թամար Պողոսյանն արդեն դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
NEWS.am-ը փորձեց փաստի առթիվ մեկնաբանություն ստանալ նաեւ Սփյուռքի նախարարությունից: Նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանը հայտարարեց, թե իրավասու չէ մեզ հուզող հարցի հետ կապված որեւէ տեղեկություն տրամադրել` նշելով, որ հարցին կարող է պատասխանել միայն սփյուռքի նախարարը: « Քանի որ Թամար Պողոսյանը անձամբ նախարարին է մեղադրում, կոռեկտ կլինի, որ նա էլ պատասխանի»,-ասաց նա: Հրանուշ Հակոբյանը, ինչպես հայտնի է, Սինգապուրում է, որտեղից կվերադառնա ապրիլի 1-ից հետո: