ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2011 9:12 - չքննարկված

Բաբուխանյանը վերլուծում է իր համար անհասկանալին…

ԻՆՉՊԵՍ ԼԵՎՈՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԸՆԿԱՎ ԹԱԿԱՐԴԸ

  • article's photo

    Մեր զրուցակիցը ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ է-Քաղաքական գարունը բավական թեժ սկսվեց. նախ՝ «Ժառանգության» առաջնորդի հացադուլը, հետո Տեր-Պետրոսյանը «աննախադեպ բազմամարդ հանրահավաքի» մասնակիցներին մտցրեց Ազատության հրապարակ։ Երկրում իսկապե՞ս «իրավիճակ է փոխվել», ինչպես պնդում են մեր ժամանակի հերոսները։

    -Սկսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից։ Կարծում եմ, քաղաքական գործչին, առավել եւս խորհրդարանական կուսակցության նախագահին հարիր չէ առանց որեւէ հստակ պահանջ առաջադրելու գալ, նստել հրապարակում, թե՝ հացադուլ եմ անում։ Դա ավելի շուտ հուսահատ, անգամ անհավասարակշիռ քաղաքացու կեցվածք է։

    Բայց գոնե ինձ համար նորություն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բավական անսկզբունքային, թույլ քաղաքական գործիչ է, անընդհատ ինչ-որ քայլեր է անում, հետո փոշմանում, հետո նորից ինչ-որ բան ձեռնարկում, նորից հետ կանգնում, եւ այդպես շարունակ։

    Ի դեպ, պատահական չէր, կարծում եմ, որ Րաֆֆին հացադուլը սկսեց մարտի 17-ից մի քանի օր առաջ, երբ Լեւոնը որոշել էր իբր թե գրավել, նվաճել, ազատագրել Ազատության հրապարակը, հետո հայտարարել, թե՝ 100 հազար հոգով գնացինք, մտանք, հրապարակը վերադարձրինք ժողովրդին։ Այդ ուղղորդված քայլով նա Լեւոնի «հաղթանակը» ամբողջությամբ գցեց ջուրը։

    -ՀԱԿ-ի լիդերները հիմա էլ են հայտարարում, թե «հաղթեցինք», նոկաուտի ենթարկեցինք, ծնկի բերեցինք եւ ձեռաց պարտության մատնեցինք իշխանություններին։

    -Հայտարարելը՝ հայտարարում են, բայց Լեւոնը ակնհայտորեն չարացած է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենից առաջ ընկավ եւ մենակ արեց (ավելի ճիշտ՝ թույլ տվեցին, որ անի) այն, ինչ իրենք պետք է անեին, որովհետեւ հասկացել է, թե ինչպիսի ծուղակում է հայտնվել։

    Ինչ վերաբերում է միտինգի բազմամարդ լինելուն, այստեղ եւս արտառոց ոչինչ չեմ տեսնում։ Սա մի երեւույթ է, որը ես անվանում եմ հաղորդակից անոթների ֆենոմեն. գոյություն ունի ինչ-որ բողոքավոր ընտրազանգված, որը գնում է Լեւոնի մոտ, հետո տեսնում է՝ Լեւոնը իրեն «ֆռռացնում» է, վազում է Կարապետիչի մոտ, Կարապետիչն է փորձում հիմարացնել՝ ինչ-որ թղթի կտորներ է հանում, ասում է՝ կարմիր քարտ ենք ցույց տալիս իշխանություններին, գնում է Րաֆֆիի մոտ, տեսնում է՝ Րաֆֆին ավելի է հիմարացնում՝ դրոշակը տնկում, նստում է «ազատության ծոմի»։

    Էդ խեղճ մարդիկ չգիտեն՝ ում հետեւից գնան. դժգոհ են, սոված, չարացած անարդարություններից, ապաշնորհ պաշտոնյաների կամայականություններից, ակտիվ են որպես քաղաքացի եւ ուզում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում. Լեւոնի մոտից կգնան, կգա «իքսը», որը կասի՝ ջարդենք, փշրենք, կգնան «իքսի» մոտ։

    Լեւոնի երկրպագուների զանգվածը վերջին շրջանում պակասել էր, հիմա մի 2000 հոգի ավել է եկել, ուրախությունից Ջհանգիրյանին պարացնում է։ Նրա միակ հաջողությունը այն է, որ 2008թ. այդ հրապարակում պարում էր ջհուդական պարեր, հիմա անցել է շալախոյի։

    -Երբ Տեր-Պետրոսյանին թույլ տրվեց Րաֆֆի Հովհաննիսյանից հետո «վերանվաճել» Ազատության հրապարակը, շատերը սկսեցին խոսել իշխանություն-ՀԱԿ գործարքի մասին, Տեր-Պետրոսյանի արմատական հետեւորդներն էլ այդ ամենի մեջ դավադրության տարրեր հայտնաբերեցին։ Դուք այդ փաստը ինչպե՞ս եք գնահատում։

    -Ակնհայտ է, որ գործարք է տեղի ունեցել։ Մարտի 1-ին Լ.Տեր-Պետրոսյանը ասում էր՝ ուլտիմատում, հիմա ասում է՝ ոչ մի ուլտիմատում, 15 կետ էր ասում, հիմա դառավ 3 անկապ կետ, ասում էր՝ «հիմա, հիմա», «վերջ՝ ավազակապետությանը», հիմա ասում է՝ ոչ մի հիմա, ոչ մի այսօր, մենք շախմատ ենք խաղում։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը առաջ ուզում էր դառնալ նախագահ՝ Սերժ Սարգսյանի աթոռի վրա էր աչք դրել, հիմա աչք է դրել Սերժ Սարգսյանի մյուս պաշտոնի վրա՝ ուզում է դառնալ շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Սա՛ է իրավիճակը։

    Հասկանալի է, որ եթե ոստիկանությունը չուզենար, ո՛չ Րաֆֆին կնստեր Ազատության հրապարակում, ո՛չ Լեւոնը կմտներ եւ Ջհանգիրյանին կպարացներ։ Չմոռանանք, որ Լեւոնի պապաները այստեղ էին՝ Երեւանում. պարզ գործարք էր՝ Լեւոնը ասում է, որ այնքան չի լացելու պապաների մոտ, որ պապաները մեզ վրա մատ թափ տան, իշխանությունն էլ փոխարենը թույլ է տալիս իբր թե հաղթել՝ մտնել Ազատության հրապարակ։

    Չնայած, մեր մեջ ասած, ավելի ապուշ բան հնարավոր չէ պատկերացնել. միայն ապուշը կարող է Ազատության հրապարակ «մտնելը» ներկայացնել որպես «աննախադեպ հաջողություն», որովհետեւ ի՞նչ տարբերություն՝ միտինգը Ազատության հրապարակո՞ւմ ես անում, թե՞ 20 մետր այն կողմ։ Դրանից ի՞նչ է փոխվում։ Իսկ եթե ամբողջ խնդիրը միտինգը հենց այս ծառի տակ կամ այն շենքի բակում անցկացնելն է, ապա դա տունտունիկ է՝ քաղաքականություն չէ։

    -ՀԱԿ-ը ներկայանում էր որպես միակ իսկական եւ եզակի ընդդիմություն՝ ականի, «հաճախորդի» պիտակ կպցնելով բոլորին, ովքեր չէին հայհոյում իշխանություններին եւ արտահերթ ընտրություններ չէին պահանջում։ Կարելի՞ է արձանագրել, որ Տեր-Պետրոսյանն այսօր ինքն է հայտնվել հաճախորդի կարգավիճակում եւ ստանձնել շանթարգելի՝ ագրեսիվ զանգվածին զսպելու գործառույթ։

    -Այսպիսի կատակ կա՝ ամենամեծ ականը դուրս եկավ Լ.Տեր-Պետրոսյանը։ Իսկ եթե ավելի լուրջ, նա էն գլխից էր հաճախորդ՝ ի սկզբանե, երբ հայտնվեց քաղաքականության մեջ։ Պարզապես անընդհատ փոխում է տերերին. դարձավ ամերիկացիների հաճախորդը, հետո հրեական պարեր էր պարում, հրեական դրոշներ ցուցադրում, հետո փորձեց եվրոպացիների հաճախորդը դառնալ, հետո սկսեց ռեւերանսներ անել ռուսներին։ Հիմա էլ իշխանությունների հետ է փորձում գործ բռնել։ Այնպես որ, այս դեպքում էլ նորություն, կեցվածքի փոփոխություն չեմ տեսնում։

    -Ձեր կարծիքով՝ իշխանությունները պատրա՞ստ են սեղմել ՀԱԿ-ի մեկնած ձեռքը եւ երկխոսություն սկսել նրանց հետ։

    -Հասկանալի է, որ իշխանությունները ոչ թե երկխոսության են գնում ՀԱԿ-ի հետ, այլ օգտագործում են մի քանի ուղղությամբ։ Նախ եւ առաջ, իշխանություններին ձեռնտու է Տեր-Պետրոսյանի միջոցով «վնասազերծել» Յովանովիչներին, Պրեսկոտներին, որոնք գալիս եւ փորձում են միջամտել մեր երկրի ներքին գործերին։

    Երկրորդ՝ շատ բան իշխանությունները չեն կարողանում ուղիղ ասել, բայց, օրինակ, Լ.Տեր-Պետրոսյանի միջոցով կարող են ասել, եւ, ի դեպ, արդեն ասել են. նրա վերջին ելույթների որոշ շեշտադրումներ միանշանակ տեղավորվում են այդ պատվերի շրջանակներում։

    Երրորդ՝ Լեւոնը շանթարգելի դեր է կատարում՝ իր վրա է վերցնում արմատական տրամադրված զանգվածի էներգիան եւ հողանցում է։ Սրանք են այն նկատառումները, որ իշխանություններին ստիպում են համագործակցել Լ.Տեր-Պետրոսյանի հետ՝ օգտվել նրա ծառայություններից։

  • ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ