ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2011 21:55 - 1 քննարկում

«Ախպերացեք ում հետ կուզեք, միայն թե ոչ հայերի հաշվին»։

ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂ ՊԵՏՔ Է ԳՏՆԵԼ ԵՎՍ ՄԵԿ ՀԵՐՈՍԻ` ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՄԱՐ

ցյալ տարի, մոտավորապես այս օրերին, մենք մեր թերթի խմբագրությունում բավականին մռայլ կատակում էինք, կանխատեսելով, որ ոչ հեռու ապագայում Ստամբուլի կենտրոնական հրապարակում գտնվող Աթաթուրքի հուշահամալիրում, որտեղ ամբոխի մեջ «մեծ թուրքի» համակիրների շրջանում տեղ են գտել Ֆրունզեի ու Վորոշիլովի քանդակները, կհայտնվի նաև Վլադիմիր Պուտինի արձանը։ Իսկ հիմա պիտի խոստովանենք, որ մենք… սխալվում էինք։
Տեղ պետք է գտնել ևս մեկ հերոսի` Դմիտրի Մեդվեդևի համար։ Համենայն դեպս, «բոցաշունչ հեղափոխականներից» հետո ոչ ոք, ո՛չ Ստալինի ժամանակներում, ո՛չ էլ ավելի ուշ, Ռուսաստանում այնքան ցուցադրաբար չի ողջունել անցած դարասկզբի հանցավոր դավադրությունները։ Ավելին, նրանք բավականին կանոնավորապես (հասկանալի է, որ բացառապես շահադիտական նպատակներով և ոչ թե հայի սիրուն աչքերի համար) վերհիշում էին և՛ հայկական հարցը, և՛ պայմանագրերի «օրհնանքով» կորսված հողերը։ Եթե ոչ բուն Հայաստանի, ապա, նրանց ընկալմամբ, գոնե Ռուսաստանի։ Իսկ հայերի համար, ընդ որում, ամբողջ աշխարհում, անգամ տրամաբանական ավարտի չհասցված և չարչիական «գրոհները» Թուրքիայի հասցեին թե՛ հույսերի առիթ էին տալիս, թե՛ որոշ վստահություն էին ներշնչում, որ «մեր թիկունքին Մոսկվան է»։
Սակայն հիմա մենք տեսանք (բավականին կանխատեսելի, բայց դրանից ամենևին հաճելի չդարձած) «ռազմավարական գործընկերոջ» վարքագիծը։ Հնարավոր է, ռուսներն իրենց եսակենտրոնության և ինքնահավանության մեջ անգամ չեն էլ մտածել Էրդողանի Մոսկվա կատարած այցի ամսաթվի մռայլ խորհրդանշականության մասին։ Բայց թուրք վարչապետը, ինչպես հարկն է, առիթը բաց չթողեց և նշեց կարևոր ամսաթիվը` մարտի 16։ «Մոսկվայի պայմանագրի շնորհիվ ճանաչվեցին մեր արևելյան սահմանները, Լոզանի պայմանագրի շնորհիվ ճանաչվեցին մեր արևմտյան սահմանները։ ՈՒստի Մոսկվայի պայմանագիրը մի շատ կարևոր իրավաբանական փաստաթուղթ է, որը մեծ նշանակություն ունի մեզ համար միջազգային տեսակետից»։ Հլա մի չունենար։ Չէ՞ որ դրա շնորհիվ է տեղի ունեցել մարդկության պատմության մեջ ամենաեզակի անհեթեթությունը. պատերազմում տանուլ տվածների խելքին փչել էր խլել ուրիշի տարածքի մի մեծ կտոր։ Իսկ ի՞նչ է ասում Ռուսաստանի ղեկավարը, երկիր, որի, ռուս ազգայնականների ըմբռնմամբ (որպիսին ջանում են իրենց ներկայացնել նաև ներկա կառավարողները), «արյունով օծված տարածքը» Լենինի կողմից լայն ժեստով նվիրվեց ուրիշին։ (Մեկ անգամ ևս ընդգծենք, որ Հայաստանի ու նրա զգացմունքների մասին Կրեմլում, երևի, հազիվ թե որևէ մեկը մտածի)։ Ռուսաստանի նախագահը, որը վերջերս Կուրիլյան կղզիների մի քանի ժայռերի համար ասպետի նման աներկյուղ «ճակատամարտ էր տալիս» Ճապոնիայի դեմ, սոսկ համեստորեն ժպտաց և բարեկիրթ ավելացրեց. «Այդ պայմանագրի նշանակության մասին, մի խոսքով, ավելի հստակ, քան ասվեց, արդեն իմաստ չունի տարածվել»։ Բայց որպեսզի «թուրք բարեկամներն» էլ այդ օրվա մասին հիշելու բան ունենան, նա փոխանցեց մի լուսանկար, ավելի ճիշտ, այն վաղեմի հանցագործության մի հանցանշան, որտեղ ժողկոմ Չիչերինը Թուրքիայի կառավարության ներկայացուցչի հետ փոխանակում է ստորագրված պայմանագրի տեքստերը։
Այնպես որ, Հայաստանում բոլոր նրանց, ովքեր դեռ սրբորեն հավատում են «ռուս եղբորը» և նրա պաշտպանությանը, մտորումների և հետևությունների լուրջ սնունդ տրվեց։ Առավել ևս, որ սիրալիրությունների այդ հուզիչ փոխանակությունից հետո իրեն երկար սպասել չտվեց և ելույթ ունեցավ Վլադիմիր Ժիրինովսկին` իր ցնդաբանություններով։ Ընդ որում, բոլորը վաղուց արդեն սովոր են, որ ՌԼԴԿ պարագլուխը երբեք ոչինչ հենց այնպես չի ասում, այլ նրա խեղկատակության հետևում լուրջ շարժառիթ է թաքնված լինում։ Նա գրոտեսկային ու ցնցող ձևով բարձրաձայնում է այն, ինչ մտածում կամ երազում են Կրեմլում։ Եվ ահա հիմա էլ Ժիրինովսկու նոր աշխարհաքաղաքական «կանխատեսումները», համաձայն որոնց, գլխավոր հետաքրքրությունը ներկայացնում է ռուս-թուրքական սահմանի ճշգրտումը։ Ավելին, չեն լինի ո՛չ Աբխազիա, ո՛չ Հարավային Օսիա, ո՛չ Վրաստան, ո՛չ Ադրբեջան (հետաքրքիր է, Հայաստանը մոռացե՞լ է հիշատակել, թե՞, հիշելով հայերի հետ հին բարեկամությունը, ի դեպ, անձնական, անհարմար է զգացել «հաշվել» և նրանց)։ Ծանոթանալով քաղաքական մտքի այս գլուխգործոցին, մենք ակամա հիշեցինք մոտ մեկ տարի առաջ Վլադիմիր Վոլֆովիչի տված մեկ այլ հարցազրույց, և փորձեցինք մի մեջբերում գտնել։
Ահա այն: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը, ելույթ ունենալով Մոսկվայում` Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, համապատասխան հայտարարություն է արել. «Հայե՛ր, դիմում եմ ձեզ։ Արևմտյան Հայաստանը պիտի ազատագրենք ու վերադարձնենք Հայաստանին։ Թուրքիան պետք է հեռանա զավթված տարածքներից։ Մենք պետք է ստիպենք անելու այդ բանը։ Թուրքիայի հյուսիս-արևելքը պատկանում է Հայաստանին, իսկ հարավ-արևելքը` Քրդստանին։ Այդ հողերի վրա Թուրքիա չի եղել։ Գոյություն է ունեցել հայկական հինավուրց պետություն։ Բաց տեքստով հայտարարում եմ, որ Թուրքիան պետք է ազատի հողերն ու դրանք վերադարձնի Հայաստանին»,- հայտարարել է Ժիրինովսկին։ Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում։ Ի՞նչն է ստիպել այդ, կոնյունկտուրայից լավ հասկացող քաղաքական գործչին 180 աստիճանի շրջադարձ կատարել։ Չէ որ հասկանալի է, ըստ Ժիրինովսկու, նոր սահմանը երևի պետք է լինի բարեկամական, իսկ գործընկերությունը Թուրքիայի հետ` ռազմավարական (ի դեպ, Մոսկվայի ու Անկարայի նման գործընկերության մասին հիմա արդեն Ռուսաստանում շատերն են խոսում)։ Նա ինքը չստիպեց էլ գուշակություններ անել ու շտապեց պատասխանել սրան. «Աշխարհը կանգնած է ֆինանսական մեծ ճգնաժամի առաջ, իսկ հնարավոր է նաև` երրորդ համաշխարհային պատերազմի»։ Այդուամենայնիվ, նա չհիշատակեց գլխավորը. այստեղ, ինչպես ընդունված է, մեծ, մեծ, դե շա՜տ մեծ փողերի մասին է խոսքը։ Ընդ որում, ինչը էլ ավելի կարևոր է Ռուսաստանի բիզնես-քաղաքական գործիչների համար, պետք է հասցնել դրանք «ստանալ այստեղ և այժմ»։ Իսկ դա, ինչպես հայտնի է, ժամանակակից Ռուսաստանում փոխարինում է ամեն ինչի` թե՛ հին բարեկամությանը, թե՛ ռազմավարական շահերին։
Էրդողանի այցից հետո Մոսկվան ու Անկարան հայտարարեցին, թե մտադիր են փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի, ինչը զուգորդվելու է երկու երկրների տնտեսությունների որոշ ինտեգրման տարրերով։ Համեմատության համար` ներկայումս երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը մոտենում է 40 մլրդ դոլարի։ Մոտ ժամանակներս երկրները մտադիր են նաև հրաժարվել վիզային անցակարգից, ինչը ոչ միայն կմեծացնի զբոսաշրջիկների առանց այն էլ հսկայական հոսքը, նախ և առաջ ռուսներինը դեպի Թուրքիա, այլև կհեշտացնի շփումները երկու երկրների գործարարների միջև։ Եվ ամենակարևորը (որը, իհարկե, Ռուսաստանի գլխավոր հաղթաթուղթն է)` էներգետիկան։ «Ռուսաստանի հետ էներգետիկ հարցերում Թուրքիան արդեն հասել է այն ամենին, ինչ ցանկացել է», կարծում են ռուս փորձագետները, և այժմ երկու երկրների միջև «հիանալի խաղ» է տեղի ունենում։ Թուրքիան շահագրգռված է իր տարածքում գազամուղների ու նավթամուղների կառուցմամբ, ինչը նրան հնարավորություն կտա վաստակելու տարանցման շնորհիվ և երկրի տնտեսությունն ապահովելու էներգապաշարներով։ Եվ նա Ռուսաստանից ինչ-որ ներդրումներ ու արտոնություններ է «պոկում»։ Այսպես, Թուրքիայում Ռուսաստանի շահերից է նաև «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը, և թուրքերը մտադիր են փոխարենը խնդրել «երկնագույն վառելիքի» գնի զեղչում։ Հիշեցնենք, որ անցած տարվա փետրվարին թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին, որ «Գազպրոմը» 6,5 տոկոսով իջեցրել է Թուրքիա մատակարարվող բնական գազի գինը։ 2010-ի մայիսին, Մեդվեդևի Անկարա կատարած այցից առաջ, նրանք պնդում էին, թե հանդիպման արդյունքում կստորագրվի համաձայնագիր, համաձայն որի` Թուրքիան գազի գնի 10 տոկոս զեղչ կստանա։ Բացի այդ, կմեղմացվեն համաձայնագրի պայմանները, և Անկարան կկարողանա նվազեցնել գնումները, ընդ որում, դա կարվի առանց պատժատուգանքների։ Բայց այս ինֆորմացիան այդպես էլ պաշտոնապես չհաստատվեց, իսկ թուրքերն այդպես էլ Մոսկվային խելամիտ երաշխիքներ չտվեցին «Հարավային հոսքի» վերաբերյալ։ ՈՒ թեև այսօր էլ փոխվարչապետ Իգոր Սեչինը, որը էներգետիկայի գործերի պատասխանատուն է, ուղղագծորեն հայտարարում է, թե «միակողմանի կարգով գին իջեցնելն անտնտեսվարություն է», եթե, ինչպես գրում են Ռուսաստանի լրատվամիջոցները, հեղուկ գազի նախատեսվող արտադրությունը դուրս մղի խողովակաշարը, ապա իրադրությունը կարող է փոխվել։ Պատահական չէ, որ, ըստ «բարեհոգի» Մեդվեդևի, գազի գների հարցը պետք է լուծվի, «ելնելով գոյություն ունեցող պայմանագրերից, կողմերի բարի կամքից ու փոխվստահությունից»։ Ընդ որում, Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերությունների ամրապնդման դեմ են հանդես գալիս թուրք վերլուծաբանները։ «Վտանգ կա, որ Թուրքիան կարող է չափազանց կախյալ վիճակի մեջ ընկնել ռուսական էներգապաշարներից»,- նախազգուշացնում են նրանք։ Այդուամենայնիվ, ինչպես հայտնի է դարձել այցի ընթացքում, չնայած Ճապոնիայի միջուկային օբյեկտներում տեղի ունեցած վթարին, Թուրքիան մտադիր չէ հրաժարվել 20 մլրդ դոլար արժողությամբ առաջին ատոմակայանի կառուցման նախագծից, որը պետք է իրականացվի Ռուսաստանի հետ համատեղ։ Եվ դա այն դեպքում, երբ բնապահպանները կոչ են անում հրաժարվել այդ նախագծից, քանի որ ատոմակայանը ծրագրվում է կառուցել տեկտոնական բեկման մոտ գտնվող շրջանում, որտեղ հնարավոր են երկրաշարժեր։ Շոշափվել են նաև ուրիշ կարևոր հարցեր. պատահական չէ, որ թուրքական պատվիրակությունը խիստ ներկայացուցչական կազմ է ունեցել։ Շատ հետաքրքիր է նաև, որ Էրդողանը եռօրյա այցի ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է նաև Ռուսաստանի տարածքում ապրող թուրք երեխաների համար դպրոցների բացման հարցը։ Իսկ դա Թուրքիայի վարչապետի համար, դատելով Եվրոպայում նրա արած հայտարարություններից, պակաս հրատապ չէ, եթե ոչ ավելի օրախնդիր, քան գազի գինը։ Ամեն դեպքում, ներկա հարաբերություններն այն երկրների միջև, որոնք մի քանի հարյուրամյակ անընդհատ պատերազմել են միմյանց դեմ, ռուս հայտնի արևելագետ և փորձագետ Եվգենի Սատանովսկին արդեն գնահատում է որպես ճեղքում։
Մինչդեռ հայտնի է դարձել, որ ռուս երեխաների համար Անթալիայի «Ռուս մշակութային ընկերություն» ոչ առևտրային կազմակերպությանն առընթեր ստեղծված կրթական կենտրոնը, որին ուսումնամեթոդական օգնություն է ցուցաբերում «Ռուսսկի միր» հիմնադրամը, չի կարողանում բնականոն աշխատել այն բազմաթիվ ստուգումների պատճառով, որ անցկացնում են թուրք պաշտոնյաները։ Եվ կենտրոնը հիմա հայտնվել է փակման սպառնալիքի ներքո։ Այ, այսպես, բարեկամությունը` բարեկամություն, սակայն… Բայց դե, ինչպես ճիշտ նկատել են դաշնակցականները, Վաղուց արդեն ակնհայտ է, որ թուրքական խորամանկ դիվանագիտությունը մեկ անգամ ևս մտադիր է «կաշառել Կրեմլին», վարպետորեն չարաշահելով նրա ձգտումը` հանուն համապարփակ էներգետիկ բիզնես-ծրագրերի, վերանայել դարավոր կողմնորոշիչներն ու վաղեմի ռազմավարությունը։ Եվ այս կապակցությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հրավիրենք մի անվիճելի հանգամանքի վրա։ Համարձակվում ենք հավաստիացնել. ինչքան էլ մեծ լինեն Հայաստանի իշխանությունների վրա Կրեմլի «ներգործության միջոցները», ինչքան էլ հիմնավորված լինեն հայ քաղաքական վերնախավի մի մասի մտադրությունները` դուրս չգալու Ռուսաստանի բացառիկ ազդեցության տակից, ազգային առաջնայնություններին հակասող ցանկացած գործողություն ոչ միայն կմերժվի ամբողջ հանրության կողմից, այլև կործանարար կդառնա դրա կրողների համար։ Եվ այս կապակցությամբ կրկնենք ռուս փորձագետի հարցը. «Արդյոք Հայաստանն այսօր պատրա՞ստ է բացարձակապես վստահելու Ռուսաստանին»։ Եվ այդ հարցը ամենևին էլ հռետորական չէ, առավել ևս, որ այսօր, ինչպես երբեք, օրախնդիր է դառնում Ջոն Քենեդիի դիտարկումը. «Ներքին քաղաքականության մեջ մենք սոսկ պարտություն կրելու վտանգին ենք ենթարկվում, արտաքին քաղաքականությունն ընդունակ է մեզ գերեզման տանելու»։
 Սուսաննա Պողոսյան
Շանհայում  մեր  հատուկ թղթակից
 
28,03,2011



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Mar 27, 2011 23:28