ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 11, 2011 10:00 - 3 քննարկում

Ո՞րն է Հայաստանի տնտեսության ապագան՝ դեպի՞ ԱՄՆ, թե՞ դեպի Չինաստան ու Հնդկաստան

 

Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի տնտեսությունը 15-25 տարի անց.  Այստեղ միանշանակ է միայն հետեւյալ պատասխանը՝ ոչ այնպիսին, ինչպիսին հիմա է։

Այս հարցի պատասխանը փորձել է տալ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ փետրվարի 25-ի իր հայտնի հեռուստահարցազրույցի ընթացքում։

Վարչապետի մեկնաբանությունները հիմնականում զգացմունքային գնահատականների արժանացան, իսկ տնտեսագիտական բանավեճ, որպես այդպիսին, չեղավ, այնինչ երկրի գործադիր իշխանության ղեկավարի տեսակետը ավելի լուրջ գնահատականների կարիք ունի։

Վարչապետն ընդգծել էր ռազմավարական 2 ուղի։ Առաջին՝ Հայաստանը դառնում է գիտելիքի վրա հիմնված ծառայություններ մատուցող երկիր, այնպիսին, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Սա Տ. Սարգսյանի ընտրությունն է, որը շատերի մոտ տարակուսանք էր առաջացրել։ Երկրորդ՝ Հայաստանը դառնում է ապրանք արտադրող երկիր, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը։ Սակայն վարչապետը համարում է, որ մենք այդ երկրների հետ մրցել չենք կարող, հետեւաբար՝ ապրանքների արտադրության վրա հիմնված տնտեսությունը մեզ համար ապագա չէ։

Որքանո՞վ են այս մոտեցումները հիմնավորված ու իրատեսական։ Անշուշտ՝ ԱՄՆ-ի նման տնտեսություն ունենալու մասին միայն կարելի է երազել։ Սակայն ամերիկյան տնտեսությունը առաջին հերթին աչքի է ընկնում իր դիվերսիֆիկացիայով։ ԱՄՆ-ում գործնականում գոյություն չունի արդյունաբերության որեւէ թերզարգացած ճյուղ։ Այդ երկիրը աշխարհում շարունակում է առաջատար դիրքեր գրավել ավտոմոբիլների, համակարգիչների, սննդի, քիմիական արդյունաբերության եւ այլ ոլորտներում։ Սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 80 տոկոսը կազմում են ծառայությունները, որոնցում մեծ դեր են խաղում գիտությունն ու նորագույն տեխնոլոգիաները։ Այդ երկիրն առաջ է անցել աշխարհի մնացած բոլոր երկրներից գյուտերի, նորագույն մշակումների ու տեխնոլոգիաների արտահանմամբ։ Եթե մյուս զարգացած երկրները զարգացող երկրներին սարքավորումներ են մատակարարում ապրանքներ արտադրելու համար, ապա ԱՄՆ-ը մատակարարում է այդ սարքավորումները արտադրելու տեխնոլոգիաները։

Սակայն ԱՄՆ գիտական նվաճումներին հասնելու համար հարկավոր է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք։ Ամերիկյան գիտությունը երբեք չէր զարգանա, եթե այդ երկրում չլիներ զարգացած ապրանքարտադրություն, քանի որ հենց զարգացած ապրանքարտադրությունն է ստեղծում գիտատեխնիկական հետազոտությունների պահանջարկը։ Առանց զարգացած ապրանքային արտադրության հնարավոր չէ գիտելիքահենք տնտեսություն ստեղծել, մենք դեռ պետք է անցնենք ապրանքային տնտեսություն դառնալու փուլը:

Բացի այդ՝ 15-20 տարում 10 առաջնակարգ, ամերիկայն չափանիշներին համապատասխանող բուհերի ստեղծումը Հայաստանում պարզապես ուտոպիա է, թեեւ վարչապետն ասում է, որ եթե այդ խնդիրը չլուծենք, որպես ազգ ապագա չենք ունենա։ Բայց դատելով նրանից, թե ինչպիսի խղճուկ վիճակում են մեր բուհերը, ինչ բազային ցածր գիտելիքներ ունեն բուհ մտնող ուսանողները, բարձրորակ դասախոսների ինչ մեծ դեֆիցիտ կա՝ այս խնդիրը առաջիկա 25 տարիների ընթացքում համարյա անլուծելի է։ Եթե մենք գոնե 1-2 առաջնակարգ բուհ էլ ստեղծենք՝ էլի մեծ բան է։
Ակնհայտ է, որ ամերիկյան տնտեսությանը ընդօրինակելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հասցնի։ Ճիշտ է՝ կան ոչ մեծ պետություններ, ինչպիսիք Իսրայելն ու Նիդեռլանդներն են, որոնք կարողացել են ստեղծել գիտելիքահենք տնտեսություն եւ ավելի լավ կլինի նրանց փորձն ուսումնասիրենք, թեեւ այդ երկրներն իրենց աշխարհագրական դիրքով ու ֆինանսական կարողություններով անհամեմատ բարենպաստ վիճակում են։

Այս պահին մեզ պետք է ամենաշատը հետաքրքրի հետեւյալ հարցը՝ իսկ ինչո՞ւ ենք զիջում մրցակցությունը Չինաստանին ու Հնդկաստանին։ Խնդիրը բնավ էլ էժան աշխատուժն ու շուկայի տարողունակությունը չէ, թեեւ դրանք կարեւոր գործոններ են։ Իրականում՝ աշխատուժի արժեքի տարբերություններն այնքան էլ մեծ չեն, առավել մտահոգիչ է, որ չինացիներն ու հնդիկները մեզանից առաջ են անցնում աշխատուժի որակով։ Բայց եթե ոչ բարդ աշխատուժի որակով մենք չենք կարողանում մրցել զարգացող երկրների հետ, գիտության որակով ինչպե՞ս ենք մրցելու առաջատար երկրների հետ։

Խնդիրը իրականում այլ է։ Չինաստանն ու Հնդկաստանը երկար տարիների ընթացքում վարեցին արտահանման խրախուսման եւ գործարար միջավայրի բարելավման քաղաքականություն։ Արտահանումը խրախուսելու համար ծախսվեցին միլիարդավոր դոլարներ, միտումնավոր արժեզրկվեցին ազգային արժույթները։ Իսկ մենք տարիներ շարունակ արժեւորում էինք դրամն ու սպասում, թե երբ արտահանումը կզարգանա։ Բայց այդպես չի լինում։

Հնդկաստանն ու Չինաստանը կարողացել են օպտիմալ հարկային ռեժիմ ստեղծել, նվազագույնի են հասցրել վարչական ընթացակարգերը։

Արտասահմանյան ներդրողների համար ստեղծվել է այսպես կոչված «ավտոմատ ճանապարհը», ինչը ենթադրում է ընթացակարգերի առավելագույն պարզեցում։ Միայն գործարար մթնոլորտի բարելավումնից հետո արտասահմանյան անդրազգային ընկերությունները սկսեցին ակտիվորեն ներթափանցել Հնդկաստան ու Մերձավոր Արեւելքի այլ երկրներ։

Իսկ ի՞նչ ենք փորձում անել մենք, բացի նրանից, որ տրտնջում ենք մրցակցությանը չդիմանալու համար։ Մեր կառավարությունը միայն հիմա է սկսել լրջորեն խոսել գործարար մթնոլորտը բարելավելու անհրաժեշտության մասին, մի բան, որ հնդիկներն, օրինակ, սկսել են 90-ական թվականներին։ Մենք բարեփոխումների աստիճանով իրենցից հետ ենք մոտ 15 տարի, սակայն էլի կիսատ-պռատ են կառավարության քայլերը։ Նույնիսկ հարեւան Վրաստանին ենք զիջում գործարար մթնոլորտի առումով։

Այսպիսով՝ ո՞րն է Հայաստանի ապագան հարցը ունի հետեւյալ հստակ պատասխանը՝ ունենալ բարենպաստ գործարար միջավայր ու ճկուն տնտեսական քաղաքականություն։ Մնացածը արդեն տեխնիկայի հարց է։

Սամվել Ավագյան

news.am



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Mar 11, 2011 11:04