ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, March 10, 2011 2:25 - 3 քննարկում
Ա՜խ այդ սրիկա թոմսոնները, ռիչարդները, վալոդները, բաբկենները… կերա՛ն մեզ:
«Խորենացին` լկտի և կեղծարար խաբեբա». թոմսոնյան «Սև PR»-ի հետևանքները «Բրիտանիկա» հանրագիտարանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | Մարտի 7, 2011 14:23
Բացեք հանրահայտ Բրիտանիկա հանրագիտարանն ու այնտեղ գտեք Խորենացու մասին հոդվածը: Այո՛, արևմուտքում լուրջ չեն վերաբերվում հայ Պատմահորը` համարելով նրան կեղծարար, իսկ նրա երկը` ոչ հավաստի աղբյուր:
Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» գերքննադատության ենթարկվեց նախ տասնիններորդ դարի վերջին և քսաներորդի դարասկզբին: Այդ տարիներին մի շարք գիտնականներ հայտարարեցին, թե Խորենացին ոչ թե հինգերորդ դարի, այլ ութ-իններորդ դարերում ստեղծագործած մի «ինքնակոչ է»:
Սկսած 1890-ականներից այս քննադատությունն ինքը հանգամանալիորեն քննադատվեց մի շարք հայ և օտարազգի խոշոր հայագետների կողմից, և 1940-1960-ական թթ. դրությամբ Խորենացու երկի` հինգերորդ դարին պատկանելն ու արժանահավատությունն այլևս քննարկման ենթակա չէին:
Սակայն Խորենացու դեմ հարձակումները վերսկսվեցին` նոր թափ հավաքելով, և մինչ օրս դրան արժանի հակահարված չի տրվել:
Իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» գրքում (լույս է տեսել 1998 թվականին) քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը նկարագրել է, թե ինչպես սառը պատերազմի տարիներին Պատմահոր նկատմամբ գերքննադատության հնամաշ դրույթները վերակենդանացրին Թուրքիայի նատօական գլխավոր դաշնակից երկրում` ԱՄՆ-ում. «Խորենացու դեմ նոր արշավ սկսվեց` ոմն պրոֆեսոր Կիրիլ Թումանովի ձեռքով»: Վերջինս Պատմահոր մասին գրել է.
«Այս որոշակիորեն խորհրդավոր ու միտումնավոր կերպով հնարող հեղինակը… որ ձևացնում էր, թե գրում է իր ապրած իսկական ժամանակից շատ ավելի վաղ շրջանում… ստեղծեց իր սեփական ավանդույթն ու դպրոցը՝ ամբողջությամբ խեղաթյուրելով իրեն անմիջապես նախորդող անցյալն ու այդպիսով իսկ ձևավորելով հայոց հաջորդ սերունդների պատկերացումները պատմության մասին»:
«Թումանովը դրեց Խորենացուն անվանարկելու ամերիկյան ավանդույթի սկիզբը»,-ասում է Այվազյանը:
Խորենացու դեմ նախապատրաստվեց հաջորդ գրոհը, որը ձեռնարկեց Օքսֆորդի համալսարանում հայագիտություն դասավանդող պրոֆեսոր Ռոբերթ Թոմսոնը: Նա 1978 թվականին առաջին անգամ անգլերեն թարգմանեց Խորենացու գլուխգործոցը: Թոմսոնը սկսեց նրանից, որ նախ սխալ թարգմանեց երկի վերնագիրը. «Հայոց պատմությունը» թարգմանվեց ոչ թե Հայաստանի, այլ «Հայերի պատմություն»: Ապա իր առաջաբան-«ուսումնասիրության» մեջ Թոմսոնը Խորենացուն մեղադրեց «խաբեությունների», «պատմություններ հնարելու», «դիտավորյալ աղբյուրներն աղավաղելու և դրվագներ հնարելու», «կեղծիքով Հայաստանը համաշխարհային ասպարեզ մտցնելու», «գոյություն չունեցող կերպար պատմության բեմի վրա ավելացնելու» «պատմությունը հայացնելու», «Հայաստանի գերակայությունը ցուցադրելու համար տեքստային փոփոխություններ կատարելու» և այլ «մեղքերի» մեջ՝ ամփոփելով, թե Խորենացին «լկտի և կեղծարար խաբեբա է, առաջին կարգի աճպարար»:
«Խորենացու «Հայոց պատմությունն» անվստահելի աղբյուր հռչակելը, իսկ հեղինակին էլ «ստախոս» ու «ինքնակոչ» անվանելն ունեն քաղաքական երկու այժմեական նպատակ, – գրում է Այվազյանը, – առաջին. առանց Խորենացու տեղեկությունների մենք` հայերս, երբեք չենք գտնի մերօրյա՛ ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ հանգուցային հարցերի պատասխանները, երկրորդ՝ Խորենացուն` իբրև անվստահելի աղբյուր ներկայացնելը մեխանիկորեն հարվածում է հայ հին և միջնադարյան ամբողջ պատմագրությանը` անարժեք հռչակելով նաև հայ պատմագրության մյուս գլուխգործոցներն ու նրանց պարունակած փաստական ահռելի նյութը»:
Սակայն, կային նաև այլ նպատակներ.
«Փորձել ապացուցել հայ ամենամեծ ազգային հեղինակություններից մեկի «անազնիվ» լինելը, անվանարկել ու սևացնել նրան` այդպիսով նսեմացնելով հայերի ազգային ինքնասիրությունը, խեղճացնել հայերին, նրանց «տեղը դնել», որպեսզի հանկարծ շատ «չոգևորվեն իրենց փառահեղ պատմությամբ և Արևմուտքի դաշնակից Թուրքիայի շահերի դեմ խելքից դուրս բաներ չանեն»,-գրում է Այվազյանը:
Նա նաև կարծում է, որ այդ նպատակի իրագործումը հաջողվել է, քանի որ Խորենացու հասցեին արված անվանարկումները նախ լուռումունջ կուլ տվեցին սփյուռքահայ մտավորականներն, լոբբիստական կազմակերպություններն ու մեկենասները, իսկ այդ ընթացքում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան ոչ միայն լուռ էր, ավելին. Թոմսոնին երկու անգամ հրավիրեց Հայաստան (1986, 1998) և անգամ լուրեր պտտվեցին Թոմսոնին ՀԳԱԱ արտասահմանյան անդամ դարձնելու մասին: Բարեբախտաբար այս վերջին գաղափարը չիրագործվեց:
Ըստ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի, Թոմսոնը, ճիշտ է, սխալվել է ժամանակագրության առումով՝ 5-րդ դարի փոխարեն Խորենացուն ներկայացնելով իբրև 8-9-րդ դարի պատմիչ, սակայն շատ մեծ գործ է կատարել՝ թարգմանելով «Հայոց պատմությունը»:
«Մենք բոլորս ընդունում ենք, որ Խորենացին 5-րդ դարի պատմիչ է, և դա անհերքելի է», – ասում է Բարխուդարյանը` հայտնելով, թե իրենք դատապարտում են Թոմսոնի գրքի առաջաբանում Խորենացու հասցեին արված վիրավորական խոսքերը, բայց միաժամանակ բարձր են գնահատում Թոմսոնի կողմից Խորենացու, ինչպես նաև այլ հայ պատմաբանների երկերի անգլերեն թարգմանությունն ու տարածումը: Ի դեպ, այդ դատապարտում ասածը փոքր-ինչ չափազանցություն է, քանի չունի ո՛չ իրավական, ո՛չ էլ պաշտոնական բնույթ:
Սակայն ամենազարմանալին այն է, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում մի հեղինակի, որի տեսակետը հիմք է հանդիսացել Արևմուտքում ամենահեղինակավոր հանրագիրանում՝ Բրիտանիկայում Խորենացու վերաբերյալ հետևյալ հոդվածը հրապարակելու համար.
«Հայ Մովսես Խորենացին հեղինակ է, որը հայտնի է՝ որպես հայ մատենագրության հայր: Ավանդաբար կարծում էին, որ նա ապրել է 5-րդ դարում, բայց Մովսեսին թվագրել են նաև իբրև ընդհուպ մինչև 9-րդ դարի պատմիչ: Ոչինչ հայտնի չէ նրա կյանքից, բացի իր կողմից ասված ինքնակենսագրական մանրամասներից, որոնք կան նրա «Հայոց պատմության մեջ», որը կրում է այդ հեղինակի անունը: Նրա պնդումները, թե նա եղել է Սահակ Մեծի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտը, որ նա սովորել է և ուսանել Եդեսիայում և Ալեքսանդրիայում Եդեսայի [եկեղեցական] ժողովից (431թ.) հետո, և որ իբր նրան այդ պատմությունը հանձնարարել է գրել մարզպան Սահակ Բագրատունին, մերժվել են լուրջ գիտնականների մեծամասնության կողմից՝ հիմնականում իր տեքստում եղած անաքրոնիզմների պատճառով: Նրա երկն, այդուամենայնիվ, արժեքավոր գրառումներ ունի ավելի վաղ՝ նախաքրիստոնեական Հայաստանում եղած կրոնական ավանդույթների մասին»:
Այն, որ հայ գիտնականներն ընդունում են Խորենացուն իբրև 5-րդ դարի պատմիչ լիովին բավարարում և հանգստացնում է Բարխուդարյանին: Բայց արի ու տես, որ Բրիտանիկան «թքած ունի» հայկական ակադեմիական կարծիքի վրա` ի լուր աշխարհի տասնամյակներ շարունակ տարածելով լուրջ գիտնականների կարծիքը, ովքեր մերժում են Խորենացու երկը` համարելով նրան կեղծարար և խաբեբա: Բայց արդյո՞ք Բարխուդարյանը չի հուզվում այն մտքից, որ Բրիտանիկան հայ գիտնականներին դասում է անլուրջ գիտնականների շարքին։ Այս հարցի պատասխանը հայտնի չէ, ինչպես նաև այն, թե արդյո՞ք ՀՀ ԳԱԱ-ում առհասարակ տեղյա՞կ են Բրիտանիկայում իրենց «անլրջության» մասին արտահայտված տեսակետին:
«Փաստորեն Թոմսոնի նպատակը՝ իր թարգմանությամբ և «ուսումնասիրությամբ» հասնել նրան, որ Խորենացու երկը դուրս շպրտվի արևմտյան պատմագիտական հետազոտությունների միջից, իրականացել է, – ասում է Այվազյանը, բերելով հետևյալ օրինակը։ Ռոբերտ Բեդրոսյանը՝ 1983 թ. հանդես եկավ Արշակունյաց Հայաստանի սպարապետական գործակալությունը քննող մի ընդարձակ ուսումնասիրությամբ, որտեղ նա, բնութագրելով իր սկզբնաղբյուրները, գրեց բառացիորեն հետևյալը. «քննության միջից պարտավոր ենք հանել [eliminate] երկու գիրք, որոնք ավանդաբար ընդունվել են իբրև 5-րդ դարի ստեղծագործություններ, դրանք են Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին»ը և «Հայոց պատմությունը», որ վերագրվում է Մովսես Խորենացուն»:
2007 թվականին լույս տեսավ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի աշխատակից, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը, որը լուրջ փաստագրական հիմնավորումներով, նոր բացահայտումներով, անվանումների և տեղանունների ճշգրտումներով հերքեց Խորենացու՝ 8-9-րդ դարերին վերագրող վարկածները՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարում: Սակայն Մուշեղյանի գիրքն առայժմ լուրջ մրցակից չէ թոմսոնյան Սև PR-ի դեմ:
«Ցավով պետք է ընդունել, որ Խորենացու քննադատները երկար ժամանակ շատ ավելի փութեռանդ էին իրենց պատմաբանասիրական ու աղբյուրագիտական պրպտումներում, քան Խորենացու պաշտպանները…»,-իրավացիորեն գրել է Մուշեղյանը:
Ըստ պատմական գիտությունների դոկտոր Էդվարդ Դանիելյանի, տեղեկատվական պատերազմում ազգային անվտանգության գաղափարական և հոգևոր պաշտպանության իրականացման գործում նպատակային առաքելություն ունի Հայագիտության պատմագիտական զինանոցը։
Ակնհայտ է, որ այդ «զինանոցն» այսօր ավելի, քան անզոր է. չկա գաղափարախոսական համախմբվածություն, հակասություններ ու վեճեր կան հատկապես սփյուռքյան և հայաստանյան պատմաբանների տեսակետներում:
Պատահական չէր, որ 2009 թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցած` ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը սփյուռքահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին (Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը) ուղղեց այս խոսքերը.
«Դուք չեք ընդունում, որ արտասահմանում և Հայաստանում կան պատմաբաններ, որոնք մեր պատմության այս կամ այն հարցերում խեղաթյուրումներ են թույլ տալիս… Դուք մեծապետական ձևով եք նայում հայաստանցի գիտնականներին: Խորենացին ինձ համար Աստծուց հետո երկրորդ անձն է և ոչ թե լկտի, խաբեբա. նա մեր նավթն է, մեր անտառն է, մեր ամեն ինչը: Դուք կարող եք չընդունել մեր տեսակետները, բայց գոնե պարտավոր եք իմանա՛լ»:
Ի դեպ, վերջերս որոշ պատմաբաններ, այդ թվում նաև ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկեն Հարությունյանը, հեռուստաեթերից հաճախ են հնչեցնում ադրբեջանական քարոզչամեքենային հակահարված տալու անհրաժեշտության մասին մտքեր: Հետարքրիր է, որ մեր պատմաբաններն «առյուծ են կտրում» (այն էլ, իրենց իսկ խոստովանությամբ՝ մինչև օրս անբավարար չափով) հայոց պատմության ադրբեջանական խեղաթյուրման դեմ միայն: Սակայն և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում անհասկանալի լռություն է տիրում, երբ խոսքը վերաբերում է արևմտյան հայագիտության կատարած բացահայտ կեղծարարություններին:
3 քննարկումներ
misak