ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, March 2, 2011 12:08 - 2 քննարկում
ԳԵՐԱՎԱՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ`“Արարատից Սիոն”
Հայերի արտասովոր ներկայությունը Երուսաղեմում
“Արարատից Սիոն” փաստագրական ֆիլմը ներկայացնում է հայերի ներկայությունը Երուսաղեմում` Ավետյաց երկրում: “Արարատից Սիոնը” հայ ժողովրդի պատմությունն է աշխարհի կենտրոնում` գրված աշխարհի կողմից: Այս ֆիլմը պետք է դիտի ամեն մի հայ: Պրեմիերան մայիսի 5-ին է “Մոսկվա” կինոթատրոնում:
“Արարատից Սիոնը” թողարկել է “Վէմ Մեդիա Արուեստները”: Սցենարի հեղինակն ու պրոդյուսերը Տեր Մեսրոպ քահանա Արամյանն է, ռեժիսորը` Էդգար Բաղդասարյանը, գլխավոր օպերատորը` Ռուբեն Գասպարյանը: Ֆիլմը պատմում է աշխարհահռչակ դերասան Էյդան Քուինը, երաժշտության հեղինակներն են Լիզա Ջերարդը, ով “Գլադիատոր” ֆիլմի երաժշտության հեղինակն է, եւ Արա Թորոսյանը: Postproduction-ը, ձայնագրումը, հնչյունային համադրումն ու գունաշտկումը արվել է Միացյալ Նահանգներում:
Երեւանում ցուցադրվելու է ֆիլմի հայերեն թարգմանությունը, HD պրոյեկցիայով ցուցադրություն է լինելու, որ մայրաքաղաքում առաջին անգամ է կիրառվում: Մայիսի 12-ին Անգլիայում տեղի կունենա “Արարատից Սիոն”-ի միջազգային պրեմիերան: Այս պահին ֆիլմը մասնակցում է մի շարք միջազգային կինոփառատոնների, հաջողություններ գրանցում, սկսում է ֆիլմի հաղթարշավն աշխարհում: Bravo.am-ը այդ մասին տեղեկացավ “Արարատից Սիոն” ֆիլմի սցենարի հեղինակ ու պրոդյուսեր Տեր Մեսրոպ քահանա Արամյանի եւ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ զրույցից:
– Ինչի՞ մասին է “Արարատից Սիոնը”:
Տ. Մեսրոպ քհն. Արամյան. – Ֆիլմի լեզվով փորձել ենք ստեղծել հայ ժողովրդի միջազգային, համամարդկային դիմանկարը: Դրա համար օգտագործել ենք հայերի արտասովոր ներկայությունը Երուսաղեմում, այսինքն` աշխարհի հոգեւոր կենտրոնում կամ պարզապես աշխարհի կենտրոնում:
– Ինչո՞վ է արտասովոր հայերի ներկայությունը:
– Այնտեղ մեր ներկայությունն արտաքուստ չի համապատասխանում մեր այսօրվա քանակական եւ աշխարհագրական տվյալներին: Մի արտահայտություն կա` “Ով այնտեղ է, նա է կառավարում աշխարհը”: Կարծես` հայերի դեպքում դա չի համապատասխանում իրականությանը: Բայց, իհարկե, միայն արտաքին ուժի ցուցադրության վկայություն չէ, ցույց է տալիս այն հոգեւոր ուժն ու պոտենցիալը, որ հայ ժողովուրդը կրում է իր մեջ: Եթե դու աշխարհի կենտրոնում ես եւ այդ կենտրոնում քեզ վիճակված է կատարել մի տիեզերական, համամարդկային սպասավորություն, դա ցույց է տալիս, որ հոգեւոր տեսանկյունից դու իսկապես մեծ ասելիք ունեցող ժողովուրդ ես աշխարհում: Պատահական չէ, որ կենտրոնում ենք, դա կապված է մեր էության, արարչագործության երկրի հետ: Համաձայն Աստվածաշնչի` դրախտը տեղակայված է եղել Հայաստանում եւ նաեւ մարդկությանն երկրորդ շանսը տրվել է Արարատ լեռով:
– Ինչո՞ւ “Արարատից Սիոն”: Որն է՞ երկու լեռների դերը:
– Խորհրդանշական է, ամեն բան սկսվում է Արարատից: Շանսը, Աստծո հաշտեցումը, մարդկության համար նոր կյանքի հնարավորությունը տրվում է Արարատով, իսկ փրկագործությունն արդեն տեղի է ունենում Սիոն լեռան վրա:
– Ինչպիսի՞ն է հայերի ներկայությունը Սիոնում:
– Երուսաղեմի ամենաբարձրադիր մասը կոչվում է Սիոն: Հայկական թաղը գտնվում է Սիոն լեռան վրա: Քրիստոնեության, հուդայականության համար սրբոց է: Կարծես` մի հավիտենական, դարերի լուռ երկխոսություն կա Արարատի եւ Սիոնի միջեւ: Եվ այդ երկխոսության դերակատարը, գիտակցված կամ ոչ գիտակցված, հայ ժողովուրդն է: Մենք փորձում ենք նաեւ այդ երկխոսության մանրամասները բացահայտել այս ֆիլմով:
– Հայի կերպարը բացահայտող այլ ֆիլմերից ինչո՞վ է տարբերվում “Արարատից Սիոնը”:
– Հայ ժողովրդին ներկայացնող դիմանկարային ֆիլմերն ընդհանրապես շատ քիչ են: Եթե մեկին հետաքրքրում է` ովքեր են հայերը, փնտրելու դեպքում գովազդային հոլովակի է հանդիպում: Իսկ գովազդային հոլովակները շոկոլադի պես մի բան են. մեկ, երկու, եւ այն կորցնում է քեզ համար նշանակությունը: “Արարատից Սիոնը” էությունը, խորքը բացահայտող ֆիլմ է, առանց գոռում-գոչյունների ցույց է տալիս քո իրական դերը մարդկության պատմության մեջ, քո յուրահատուկ դերակատարումը, յուրահատուկ գույնը: Այս հարցերին ենք փորձել պատասխանել: Ֆիլմը անգլերենով է եւ նախատեսված է աշխարհին ներկայանալու համար, իհարկե, նաեւ մեկ այլ նպատակ ենք հետապնդել. ինքներս մեզ հասկանալ, բացահայտել: Կարծում եմ, այս ֆիլմը հայ ժողովրդի, հատկապես երիտասարդության համար իսկապես ոգեկոչման առիթ է լինելու, որ մարդիկ իսկապես հասկանան` ովքեր են իրենք:
– Պատմությունը ներկայացնելիս ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:
– Բացառապես օգտագործել ենք փաստեր, որոնք պահպանված չեն հայկական պատմագրության մեջ: Ոչ թե մենք ենք խոսում մեր մասին, այլ խոսում են ուրիշները: Այլ կերպ ասած` “Արարատից Սիոնը” հայ ժողովրդի պատմությունն է աշխարհի կենտրոնում` գրված աշխարհի կողմից: Ֆիլմում ցուցադրվում են ամենահին հայկական տառերը, որոնք պահպանված են Երուսաղեմում, հնագույն հայկական մոզայկաներ, հայկական արձանագրություններ Սինա լեռան վրա: Շատ կարեւոր փաստեր կան, թե հայերը ինչ դերակատարում են ունեցել. օրինակ, Երուսաղեմի առաջին երեք թագուհիները խաչակիրների շրջանում հայեր են եղել: Երբ ծանոթանում ես պատմությանն, ուղղակի ապշում ես, թե ինչպես է մի փոքր ժողովուրդ դարեր շարունակ իր գլխից վերեւ թռչել. ի՞նչ կանչ է եղել Աստծուց նման բան անելու համար:
– Քանի՞ տարվա աշխատանք է “Արարատից Սիոնը”:
– Մոտ 4 տարվա: Մեկ տարի տեւել են ուսումնասիրական աշխատանքները, բավական լուրջ գիտական խումբ է աշխատել, նախնական այցելություններ ենք կատարել: Սկզբում իտալացի ռեժիսորի հետ էինք աշխատում, այնուհետեւ տեսա, որ նա ինչ-որ հեղինակային ֆիլմ է ցանկանում նկարել, իսկ այս ֆիլմը որքան էլ հեղինակային շեշտադրումներ ունի, անանձնական է, ընդհանրացված կերպարներ են, հավաքական մի պատմություն: Սկսեցինք աշխատել Էդգար Բաղդասարյանի հետ: Նա կարողացավ ցույց տալ այն, ինչ մենք ուզում էինք վեր հանել. միստիկ, հոգեւոր շերտերը: Գուցե այս ֆիլմը դիտելուց հետո այլեւս չկարողանաք այլ ֆիլմ դիտել Երուսաղեմի մասին: Մենք իսկապես փորձում ենք ցույց տալ այն, ինչն իսկապես այդ ուխտավորներին բերել, հասցրել է Երուսաղեմ, երկխոսությունը սրբավայրերի հետ:
Նրանք իրենց կոչել են մահտեսի` մահը տեսնողներ: Իրենք անցել են մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհ, շատերը ճանապարհին մահացել են, բայց անցել են այդ վտանգներով լի ճանապարհը, հասել են այնտեղ, ու նրանց շնորհիվ է, որ մենք ունենք այս զարմանալի ներկայությունը Երուսաղեմում: Փորձել ենք իրենց հետքերով գնալ. Արարատ լեռից մինչեւ Երուսաղեմ, բարձրացել ենք անգամ Արարատի գագաթը: Ամեն ինչ այնքան դրամատիկ դասավորվեց, որ քիչ մնաց ֆիլմի ընթացքում մենք էլ մի երկու անգամ մահտեսի դառնանք: Սա ոչ թե նկարահանման ընթացք է եղել մեզ համար, այլ ուխտագնացության:
– Ի՞նչ առանձնահատկություններ ունեն “Արարատից Սիոն” ֆիլմի նկարահանումները:
Էդգար Բաղդասարյան. – Երուսաղեմի մասին էլի եմ ֆիլմ նկարել, բայց դա ծեսերի մասին էր, այլ կառուցվածք ուներ: Երջանիկ դեպք է, իմ ամբողջ կյանքը բաղկացած է նման հանդիպումներից: Նման ֆիլմ ստեղծելը, ուր ներկայացնում ես քո ժողովրդի ավանդը մարդկության պատմության, քրիստոնեության, մշակույթի մեջ, շատ դժվար է, պետք է պատրաստ լինես, որ որոշ ազգերի դուր չի գա: Գաղտնիք չի, որ մեր հարեւանները պատմություն են հորինում ու գրում, մեր դերը նվազեցվում է, աղավաղվում, ներկայացվում, որ 200 տարվա պատմություն ունի հայ ազգը, դա ծիծաղելի էլ չէ: Պատմություն գրում է նա, ով որ չունի այդ պատմությունը: Մեր դեպքում լրիվ այլ իրավիճակ է: Այս ֆիլմը օգնում է մեզ հասկանալ` ինչու կտրվեց շղթան, ու մենք դարձանք այն, ինչ այսօր մեզնից ներկայացնում ենք որպես հոգեւոր մարդ: “Արարատից Սիոն”-ի նպատակն է փորձել հասկանալ` ինչու մենք դարձանք երկու տարբեր ազգեր` ազգ, որ կար այն ժամանակ, եւ այսօր, որ աղիքաստամոքսային մտածողություն է:
– Երբ սցենարին ծանոթացաք, ինչպիսի՞ն էր տպավորությունը:
– Դոկումենտալ ֆիլմերում այլ կերպ է արվում ամեն ինչ: Սխեմա է գծվում, դիալոգներ չկան, ռեժիսորն էլ դրան ձեւ է տալիս: Տեսաշարը չի խանգարում տեքստին, եւ հակառակը: Այն մարդիկ, որ կմտնեն դահլիճ, դուրս գալուց այլ մարդ կդառնան: Իրենց հետ ի՞նչ կկատարվի: Առաջին հարցը, որ իրենց կհուզի` “ի՞նչ ենք դարձել”, դա ինձ շատ է գոհացնում, բայց որ դուրս գան ու ասեն` “տեսեք, թե մենք ով ենք եղել”, դա արդեն գավառական կլինի: Նյու-Յորքում փոքրիկ ցուցադրություն ենք կազմակերպել ընկերների համար, իրենք ուղղակի չեն պատկերացնում մեր դերը քրիստոնյա քաղաքակրթության մեջ:
– Նկարահանումների ժամանակ շատ խոչընդոտների հանդիպած կլինեք:
– Երկու տարի տեւեց, շատ ծանր նկարահանումներ էին, մինչեւ Իսրայելում ծեսերը նկարեցինք… Ամբողջ կինոտեխնիկան Ամերիկայից էինք տարել, պատկերացրեք` ինչքան թույլտվություններ պետք է ձեռք բերեինք, առանց դրա ոտք չես կարող գցել… Աջ ու ձախ փորձություններ էին, զավեշտալի բաներ էլ եղան: Հայերի ու հույների վեճերը գիտեք, երեխաների վեճի է նման, ոնց որ երկու եղբայր իրար հետ կռվեն, իրար բզեն, խփեն, արյուն հանեն, բայց իրական թշնամության հիմք չկա: Երբ կռունկը դրեցինք հայկական մասում, ասացին` “ճիշտ է, ձեզ մոտ եք դրել, բայց մեր օդով է անցնում”, այ այսպիսի աբսուրդ, ասացի` խորը շունչ քաշեք, փչեք, հայկական օդ կդառնա: Նման բաներ շատ է լինում, Եգիպտոսը մի առանձին պատմություն է, երբ որ գալիս ես Իսրայելից, թողնում են սահմանն անցնես, անցար, ասում են` չես կարող մտնել ու նկարել, սահմանից զանգում են դեսպանատուն, Երեւան, երկու օր նստած կոֆե էինք խմում…
– Պատկերացնո՞ւմ եք, թե ֆիլմի ճակատագիրը ինչպիսին է լինելու:
– Շատ մտավախություններ ունեի, քրիստոնեության դեմ լիքը բաներ կան, քաղաքական խնդիրներ, Ցեղասպանություն, Ղարաբաղ, մտածում էի` ֆիլմի ճակատագիրը շատ դժվար կլինի: Անձնագիր ենք սարքել, որ հանենք, ասենք` “էս ես եմ”: Առանց գոռալու, սուս–փուս, հրեաներն են խոսում մեր մասին: Երբ հրեան ասում է, որ հայերը միակ ազգն են, որ այստեղ երբեւէ սրով չեն եկել…
– “Արարատ-Սիոնը” հաղթանա՞կ է:
– Ինձ թվում է` այո: Չեմ խոսում գեղարվեստական արժեքների մասին, ֆիլմի կարեւորությունը սարսափելի, ֆանտաստիկ մեծ է: Նման բան դեռ չէր արվել:
Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ “Վէմ մեդիա արուեստների”
2 քննարկումներ
Arthur Armin