ԷԿՈՆՈՄԻԿԱ, ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, February 24, 2011 15:38 - չքննարկված
Պահեստապետների ժամանակը
Պահեստապետների ժամանակը
Սովետականը` ինժեներների և կոնստրուկտորների ժամանակն է եղել : Ցանկացած դպրոցական երազում էր դառնալ ինժեներ, կամ կոնստրուկտոր, իսկ լավագույն դեպքում` տիեզերագնաց: Միայն ես` սովետական դպրոցականս, որը շուտով պետք է դառնար ոչ սովետական, ինժեներին, կամ տիեզերագնացին պատկերացնում էր ոչ թե մասնագիտություն, այլ մարդու տեսակ: Ինժեները իմ պատկերացմամբ պետք է լիներ դիպլոմատ պայուսակը ձեռքին, գծագրեր սիրող, երեխաներին դպրոց բերող ու տանող, միշտ շտապող մարդ: Տիեզերագնացը` անպայման Գագարինի նման և սկաֆանդրով : Զարմանալիորեն մեր քաղաքում տիեզերագնացներ չկային, նրանց կարելի էր տեսնել միայն հեռուստատեսությամբ: Իսկ ահա ինժեներներ էին շատերը: Մի օր, առաջին անգամ լսեցի, որ կան ոչ-ինժիներներ, և որ նրանց « անունն » է պահեստապետ : Նրանց մասին խոսում էին այնպես, ասես` նրանք ոչ սովորական և հարգելի մարդիկ լինեին : Եվ ինձ մոտ շատ մեծ ցանկություն առաջացավ տեսնել պահեստապետի :
Առաջին անգամ պահեստապետի տեսա մի սեղանի շուրջ, ուր հավաքված էին շատ ինժեներներ, և սեղանի գլխին նստած էր պահեստապետը: Մի ինժեներ ներկայացնում էր պահեստապետին` գովերգելով նրան : Պահեստապետը հրճվալից ճպճպացնում էր աչքերը և մեծ ախորժակով կուլ տալիս յուղալի մսի կտորը: Ես հասկացա, որ պահեստապետ լինելը նշանակում է` ինժեներներից մի գլուխ բարձր: Բայց պահեստապետ դառնալու համար անհրաժեշտ է լինել առաջին հերթին հաստամարմին ու գեր, հետո` առանձնակի ճարպկությամբ խժռել սեղանի վրայի եղածը և, ամենակարևորը, խոսել միայն սեփական անձի նյութական հնարավորությունների մասին: Ես սկսեցի անմիջապես տարբերել պահեստապետներին մեր քաղաքում : Ահա նստած են երեք հոգի. նրանցից մեկը պահեստապետ է: Նա լավաշով փաթաթված համեղ ուտեստը հրում է բերանի մեջ, ամբողջ ուժով այն ծամում: Փորը ցցել է առաջ և ինքնավստահաբար ինչ որ բաներ է խոսում :
Եկավ իննիսուն մեկը, և մենք դարձանք ոչ սովետական : Ինժեներները սկսեցին գնալ ծամոնի բույրով` արտասահման: Արտասահման ուզում էին գնալ բոլորը և գնում էին : Գնում էին նաև իմ ընկերները այդ ծամոնի բույրով արտասահմանը, և ինձ հետաքրքրում էր, թե ով է՞ գալու նրանց տեղը :
…այդ օրը արտասահման էր գնալու մեզ մոտիկ մի մարդ, իր ընտանիքով : Մենք գնացել էինք նրանց մի վերջին անգամ տեսնելու գնալուց առաջ : Նրանց տանը հավաքվել էին շատ մարդիկ: Կանայք հուզված` արտասվում էին, իսկ տղամարդիք` տարբեր տարիքի ինժեներներ, լուռ նստած էին մեծ սեղանի շուրջ և մտահոգ հայացքներով խորհում էին :
Հանկարծ դուռը աղմուկով բացվեց, և ներս մտան երկու գեր ու կարճահասակ կին, նրանց հետեվից` մի քանի մարդ` երաժշտական գործիքներով: Նրանք աղմկելով ու ճչալով մտան այն սենյակ, ուր սեղանի շուրջ խորհում էին տղամարդիկ և երաժշտության ներքո սկսեցին պարել: Գեր և կարճահասակ կանայք ոտքով խփում էին գետնին, հետո ուժեղ Ճիչեր արձակում: Հանկարծակիի եկած խորհող տղամարդիք, նեղված ու զայրացած, ապշած աչքերով նայում էին այդ կանանց: Սակայն մի քանի վայրկյան անց սկսեցին անտարբերություն ցուցաբերել: Պարող կինը սկսեց ոչ միայն ավելի ուժեղ թռվռալ, այլ հետույքով խփել նստածներից մեկի աթոռին : Նստած տղամարդը վախեցած ետ քաշվեց : Այդ պահին տուն մտան մի քանի հաստամարմին տղամարդիք: Ես նրանց անմիջապես ճանաչեցի. պահեստապետներ էին: Նրանք պարող կանանց փոխանցեցին մի քանի կապ փող: Անդադար պարող կանայք սկսեցին նոր ձայներ հանել և փողերը շաղ տալ աջ ու ձախ, աջ ու ձախ: Հետո նրանք խորհող տղամարդկանց սեղանին դրեցին արդեն պատրաստ քյաբաբ ու խորոված և սկսեցին մեծ պատառներով հուպ տալ: Խորհող տղամարդիկ նույն` քար անտարբերությամբ սկսեցին դանդաղորեն լքել սեղանը : Իսկ երաժիշտները սկսեցին չոքեչոք հավաքել շաղ տված փողերը : Մեր բարեկամները գնացին. եկան Պահեստապետները :
Պահեստապետների ժամանակաշրջանը հետաքրքիր տրամաբանություն ուներ: Ինչ տեսնում ես տար, եթե նույնիսկ դրա կարիքը չունես : Սակայն, մի օր տանելու բանը վերջացավ , բայց այդ ժամանակ ես արդեն համեմատաբար մեծ էի և սկսել էի մտածել իմ ժամանակի մասին: Ստացվեց այնպես, որ ես նույնպես հայտնվեցի ծամոնի բուրմունքով արտասահմանում, և իմ ժամանակը սկսվեց այստեղ :
Հիմա Հայաստանում օլիգարխների ժամանակն է: Սակայն, նրանց տեսնելու համար պետք է նորից փոքրանալ : Երբ ես փոքր էի, ամեն ինչ մեծ էր: Հիմա երբ մեծ եմ, ես այն չեմ տեսնում: Տեսնում են այս ամենը միայն փոքրերը : Ի՞նչ են ուզում դառնալ փոքրերը :Ի՞նչ են տեսնում նրանք: Ի՞նչ կլինի, երբ գա նրանց ժամանակը: Մտածում ե՞ն արդյոք մեծերը նրանց մասին :
Ախ, եթե մենք տեսնեինք աշխարհը ինչպես փոքրերը, աշխարհը ուրիշ կլիներ :
Հովհաննես Մարգարյան