ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, February 24, 2011 22:39 - չքննարկված
Ադրբեջանը դժվար թե բավականաչափ ուժ ունենա հաղթելու Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին եւ հայկական բանակին:
- Էն Դերսը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էր 2006-09 թթ.: Դիվանագիտական ծառայության այս երեք տարիների ընթացքում Դերսը հայերիս համար հատկանշական մի զեկույցով է հանդես եկել, որը վերջերս հրապարակեց WikiLeaks-ը: Այսպես` 2009-ի հուլիսի 2-ին, իր աշխատանքը Բաքվում ավարտելուց որոշ ժամանակ առաջ, Դերսը իր գործունեությունը ներկայացնող զեկույց է ուղարկում պետքարտուղարություն, որտեղ մասնավորապես գրված է. «Նույնիսկ իր ամբողջ ռազմական ունակությունն ու ներուժը ներդնելու պարագայում Ադրբեջանը դժվար թե բավականաչափ ուժ ունենա հաղթելու Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին եւ հայկական բանակին: Այդ տարածաշրջանի դիրքն ամեն ինչով նպաստավոր է հենց հայկական կողմի համար: Հետեւաբար ԼՂ հարցում վարդագույն սցենարներ գծելու համար Ադրբեջանը իրական հիմքեր չունի: Ադրբեջանի նախագահի հռետորականությունը իրական գործողություններից եւ արդյունքներից շատ հեռու է»: Իրադրության ռեալ պատկերը տալուց զատ` հատկանշական է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանը, փաստորեն, ԼՂ զինված ուժերն անվանում է «ինքնապաշտպանական», այլ ոչ թե, ասենք, «անջատողական»: Ներկայացնելով տվյալ զեկույցը` WikiLeaks-ը նաեւ հիշեցրել է, որ Դերսի խոսքերը լիովին համընկնում են Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Վիլսոնի, ինչպես նաեւ մի շարք ամերիկացի ռազմական փորձագետների կարծիքներին:Այս ամենը դեռ բավական չէ` երեկ Երեւանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն է հանդես եկել բավական ուշագրավ հայտարարությամբ: Փետրվարի 23-ին, մասնակցելով Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի կազմակերպած «Հայրենիքի պաշտպանի օրվա» միջոցառմանը, Կովալենկոն, կարեւորելով, որ այդ տոնը «հայերն ու ռուսները տոնում են միասին», որ «Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային են», ինքնատիպ ուղերձ է հղել Ադրբեջանին. «Ռուսաստանի ռազմական դոկտրինում պարզորոշ նշված է. Ռուսաստանը ոչ մի պետության որպես իրեն թշնամու չի դիտարկում, սակայն իրեն կամ իր դաշնակցին վտանգ սպառնալու դեպքում պաշտպանվելու է եւ հարձակումը հետ է մղելու»: Ավելորդ չենք համարում ընդգծել, որ «դաշնակցին պաշտպանելու» դրույթը ամրագրված է ոչ միայն ՌԴ ռազմական դոկտրինում, այդ պարտավորությունը` Հայաստանի մասով, Մոսկվան վերցրել է առնվազն մինչեւ 2044-ը:
- Հ. ԱՖՅԱՆ