ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 23, 2011 4:16 - չքննարկված

Մի՞թե Հայաստանում Աթաթուրքի և Խան Խոյսկու հետևորդներն են…

Նայեք և նախանձեք` ես Վրաստանի քաղաքացի եմ

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Վրացական համարանիշերով ավտոմեքենաների սեփականատեր գյումրեցի վարորդներն իշխանություններին ուղղված նամակում սպառնում էին, որ եթե շարունակեն պարտադրել մաքսազերծել իրենց ավտոմեքենաները, իրենք կդիմեն վրացական իշխանություններին՝ իրենց Վրաստանի քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները և ԱԺ փոխնախագահ, գյումրեցի Սամվել Բալասանյանը փորձում են փոփոխություն մտցնել Մաքսային օրենսգրքում՝ առաջարկելով կառավարությանը երկու տարի ժամանակ տալ վրացական համարանիշ ունեցող մեքենաների սեփականատերերին մեքենաները մաքսազերծելու համար: Քանի որ մինչև այժմ կառավարությունը ցույց է տվել, որ որևէ զիջման չի գնում հասարակության պահանջները բավարարելու հարցերում, ապա միանշանակ է, որ այս անգամ ևս զիջումներ չեն լինի: Այնպես որ, գյումրեցի ու վանաձորցի մեքենայատերերի հույսը Վրաստանի կառավարությունն է: Բայց մեր պատմությունը ոչ գյումրեցի վարորդների մասին է, ոչ էլ նրանց չմաքսազերծված մեքենաների: Որովհետև մինչ գյումրեցի վարորդները մտածում կամ սպառնում են իշխանություններին, որ Վրաստանի քաղաքացի կդառնան, Հայաստանում կան մարդիկ և ընտանիքներ, որոնք բազում տարիներ ապրում են Վրաստանի քաղաքացիություն ունենալով՝ վայելելով դրանից բխող առավելությունները:

Սերգեյն ապրում է Տաշիրի շրջանի գյուղերից մեկում: Գյուղի անունը հատուկ չենք նշում այս մարդուն հնարավոր փորձանքներից հեռու պահելու համար: Նա ծնվել է Վրաստանի տարածքում և հետո միայն տեղափոխվել Հայաստան, հենց այդ պատճառով կարողացել է Վրաստանի քաղաքացիություն ստանալ ու իր այդ իրավունքը փոխանցել որդիներին, որոնք, չնայած ծնվել և մեծացել են Հայաստանում, բայց չափահաս դառնալով՝ նախընտրել են ստանալ Վրաստանի քաղաքացիություն: Այսպես Հայաստանում արդեն 20 տարի ապրում է մի ընտանիք, որի անդամները Վրաստանի քաղաքացիներ են: Քանի որ Հայաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմ չկա, օտար երկրի քաղաքացի լինելը կենցաղային դժվարություններ չի առաջացրել Սերգեյի և նրա ընտանիքի անդամների համար: Ընդհակառակը, պարզվում է, որ Վրաստանի քաղաքացիությունը նրան օգնում է ոչ միայն բավական լուրջ գումարներ տնտեսել, այլև զերծ մնալ մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներից առաջացող հոգսերի գոնե մի մասից:

Սերգեյը, բնականաբար, վարում է վրացական համարանիշերով մեքենա, ինչո՞ւ, որովհետև Վրաստանում նույն մեքենան մաքսազերծելը վեց անգամ ավելի քիչ արժե, քան Հայաստանում: Բայց նա իր վրացական համարանիշով մեքենայով հանգիստ երթևեկում է  Հայաստանի ճանապարհներով, և նրան որևէ մեկը չի կարող պարտադրել մեքենան մաքսազերծել: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, տեսնելով վրացական համարանիշերը, ոգևորված առաջ են վազում, կանգնեցնում, որ տուգանեն, իսկ ինքը հանգիստ գրպանից հանում է Վրաստանի Հանրապետության անձնագիրը և ցույց տալիս ճանապարհային ոստիկանին, որի ուրախությունը միանգամից փոխվում է տխրության, որովհետև չի կարողանալու լրացնել տուգանքի բաղձալի ձևաթուղթը:
«Եթե ես իմ մեքենան քշեի Հայաստանի համարներով,  $2500 ավելի փող պետք է տայի, բայց հիմա քշում եմ վրացական համարներով, ու այդ փողն էլ տնտեսում եմ»,- ասում է Սերգեյը:

Միայն մեքենայի մաքսազերծման գումարը տնտեսելով չի սահմանափակվում Սերգեյի՝ Վրաստանի քաղաքացիություն ունենալու հաճույքը: Իսկ տեխզննո՞ւմը, որը Հայաստանում պարտադիր է… Վրաստանում տեխզննում վաղո՜ւց չկա: Համագյուղացիներն ամեն տարի 100 դոլարին մոտ գումար են մուծում տեխզննման համար: «Կարող է ինչ-որ մեկի համար դա այնքան էլ մեծ գումար չէ, բայց չարքաշ աշխատանքով ապրող գյուղացու համար 1000 դրամն էլ մեծ փող է»,- ասում է Սերգեյը:

Նա ուրախանում է, որ տղաներն էլ են Վրաստանի քաղաքացիություն ստացել, և եթե ստացվի, որ վերջիններն էլ մեքենա գնեն, նրանք նույնպես կազատվեն ավելորդ ծախսերից: Միակ մտահոգությունն այն է, որ ԱՊՊԱ-ն տարածվեց նաև Վրաստանի քաղաքացիների վրա, և ինքը ստիպված ԱՊՊԱ կտրոն է գնել ու կպցրել մեքենայի դիմապակուն: Բայց հիմնավորապես չի կպցրել, այլ հատուկ ձևով, որ Վրաստան գնալիս հնարավոր լինի հանել, քանի որ Վրաստանի իշխանությունն արգելում է իր քաղաքացիներին երթևեկել հայկական ԱՊՊԱ կտրոններով, որովհետև չի սիրում, երբ մեքենայի ապակին վերածվում է ցուցափեղկի: Սերգեյն ասում է, որ գյուղացիներից շատերը, տեսնելով, թե ինչ առավելություններ ունի ինքը Վրաստանի քաղաքացի լինելով, նախանձում և իրենք էլ են ուզում ստանալ Վրաստանի քաղաքացիություն, բայց հետաքրքրվել ու պարզել են, որ դրա համար Վրաստանում պետք է սեփականություն ունենան:

Ինչևէ, վրացական իրական ռեֆորմների բացասական ազդեցությունը Հայաստանի իշխանությունների վրա թափ է հավաքում: Եթե  մի քանի տարի առաջ ասեին, թե Ջավախքի բնակչությունը կհրաժարվի Հայաստանին միանալու ցանկությունից, ծիծաղելի կթվար: Իսկ այսօր ծիծաղելին վրացահայերի համար հակառակն է: Եվ եթե այսօր ասենք, որ կգա ժամանակ, երբ Հայաստանի հյուսիսում կսկսվի ազգային-ազատագրական նոր պայքար Շիրակն ու Լոռին Վրաստանին միացնելու համար (իսկ  դա ոմանց կամ գուցե բոլորին աննորմալություն թվա), ապա խորհուրդ կտանք չշտապել հետևություններ անել. մարդը բարդ բան է, և ոչ ոք չգիտե նրա համբերության իրական ծավալներն ու դրա սպառման հնարավոր հետևանքները…



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ