ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, February 18, 2011 1:58 - չքննարկված
Արեւմուտքին (ԱՄՆ, Անգլիա, Իսրայէլ) իմաց է տրվում, որ Եգիպտոսը նախադեպ չի լինել Իրանի համար…
«Ալիք». Իրանական քաղաքական շաբաթ
Կամ ինչպէս Եգիպտոսը չդարձաւ նախադէպ Իրանի համար:
Անցյալ տարի, երբ Իրանում գրեթե արդեն հանդարտված էին հետընտրական կրքերը, Իսլ. հեղափոխության 31-րդ տարեդարձը միասնական ու համատեղ նշանավորելու բարձրաձայն կոչով հանդես եկան «օրվա հերոսներ»՝ ընդդիմադիր Մուսավին ու Քյառուբին: Այս վերջինների նման դիրքորոշումը, այն ժամանակ նույնիսկ դրվատանքի արժանացավ ծայրահեղական հոսանքների կողմից:
Այս տարի, սակայն, Քյառուբին ու Մուսավին ոչ թէ փետր. 11-ի (բահման ամսվա 22-ին, որն ամենամյա կարգով կայանում են հանդիսավոր համախմբում-քայլարշավներ՝ երկրի ամբողջ տարածքում, նշանավորելու 1979 թ. Իսլ. հեղափոխության հաղթանակը), այլեւ երեք օր անց՝ փետր. 14-ին (բահման 25) առանձին մի համախմբում կազմակերպելու կոչով հանդես եկան՝ «Թունիսի ու Եգիպտոսի ժողովրդին ձայնակցելու» նպատակով: Բնականաբար, ներքին գործերի նախարարությունը՝ խստիվ մերժեց համախմբման օրինականությունը, հիմնավորելով, որ Եգիպտոսի ու Թունիսի ժողովրդին ձայնակցելու համաժողովրդական համախմբումն արդեն իսկ զուգակցված է եղել նույն փետր. 11-ի համերկրային քայլարշավներով տոնախմբությանը… եւ դեռ ավելին՝ ընդդիմադիր ղեկավարների կոչը բնութագրվեց որպես դավադրություն-սադրանք՝ հակապետական նոր խռովություններ հրահրելու համար:
Ինչեւէ, դեռ մինչ փետրվարի 14-ը, արտասահմանյան հաղորդացանցերը եւ մասնավորապես «BBCPersian»-ը վերսկսեցին իրանական անցուդարձերի մասին լուրերի թողարկման «դոզաժի» բարձրացումը, որտեղ կարմիր թելի պես պարզորոշ հրամցվում էր «եգիպտական նախադեպի կրկնությունն Իրանում»:
Բուն օրվան՝ փետր. 14-ին, թեպետ ընդդիմադիր չարտոնված հավաքի ժամ էր հայտարարվել՝ կեսօրից հետո ժամը 15-ը, բայցեւայնպես՝ մայրաքաղաք Թեհրանի, ինչպես եւ մյուս խոշոր քաղաքների, հրապարակներում առավոտից իսկ ակնբախ էին իրավապահ մարմինների ու ոստիկանական ուժերի վերահսկողական ներկայությունը: Երեկոյան ժամերին, սակայն, բախումները, ինչպես սպասվում էր, դարձան անխուսափելի, բայց ոչ այն ծավալով ու քանակով, որ մատուցվում էին BBC-ի ու արեւմտյան մյուս հաղորդացանցերով, որոնցում նկատելի էին կոպիտ չափազանությունները… սրա ապացույցը հենց միայն այն, որ հաջորդող օրերին իսկ արդեն մարված էին եւ կամ նշմարելի չէին որեւէ բախումնային-ցուցական դեպքեր, այնպես, ինչպես պատահել էին անցյալ տարվա հետընտրական ժամանակաշրջանում:
Հաջորդող օրերին, այսինքն՝ երեքշաբթի ու չորեքշաբթի, փետր. 15-16-ին մի նոր ալիք բարձրացավ երկրով մէկ, որի նախաձեռնողն հանդիսացան խորհրդարանում կառավարամետ հոսանքների պատգամավորները: Այս վերջինները, խորհրդարանի խոսնակ Լարիջանիի դատապարտանքի խոսքերից հետո, որոնք ուղղված էին նախօրէի դեպքերի հեղինակների հասցեին, դիմեցին ուրույն մի քայլի եւ խորհրդարանի ամբիոնից հավաքաբար հրապարակեցին մի վերջնագիր ընդդեմ իրենց բնութագրմամբ՝ «համակարգի հակառակորդների», ընդորում հականէ հանվանէ (մի բան, որ կարելի է ասել աննախադեպ էր եւ նման պարագաներում առանց Մուսավիի, Քյառուբիի եւ Խաթամիի անունը հնչեցնելու էր կատարվում) հիշեցին նրանց՝ որպես կազմակերպիչները փետր. 14-ի հակապետական դավադիր հավաքների…
Խորհրդարանի պատգամավորների վերոհիշյալ նախաձեռնությունը, սակայն, սպասված ծավալն ընդունեց եւ հաջորդ օրվան իսկ՝ փետր. 16-ին, Իրանի հոգեւոր կենտրոն Ղոմ քաղաքում, «Հոզեյէ էլմիե»-ում, (կրոնագիտության դպրոց) բողոքի ու դատապարտանքի համահավաք կազմակերպվեց, որտեղ բազմահազար կրոնավորներ կրկին վերջնագրային կոչերով դիմեցին երկրի ու համակարգի բոլոր իշխանական կառույցներին ու ատյաններին, որպեսզի դատապարտեն դավադիրներին, որոնց ի դեպ՝ մահվան դատապարտելու լոզունգներն անպակաս էին: Մասնավորապես լոզունգներում հնչեցվեց այն պահանջը նաեւ, որ «լռակյացները» (խոսքը, անշուշտ, հեղինակավոր Ռաֆսանջանիի մասին է, որն տարբեր առիթներով համարվել է Մուսավի-Քյառուբի-Խաթամի ընդդիմության անուղղակի համախոհը), վերջնականապես պետք է հստակություն մտցնեն իրենց կողմնորոշումներում, այլապես՝ սրանք էլ կարժանանան նույն վերաբերմունքին, ինչին արդէն արժանանում են դավադիրները…
Եւ այսպես՝ հենց երեկ, փետր. 17-ի երեկոյան «լռակյացների» արձագանքը չուշացավ, որոնց շարքում նախ խորհրդարանի նախկին խոսնակ Նաթեղե Նուրին եւ ապա՝ նույնինքն Ռաֆսանջանին հրապարակավ հանդես եկան դատապարտանքի (անշուշտ առանց անունների թվարկման) արտահայտություններով:
Վաղն իսկ դատապարտանքի ալիքը հասնելու է իր գագաթնակետին՝ ուրբաթօրյա հասարակաց աղոթքի համերկրային մասշտաբի արարողակարգից հետո քայլարշավների ընթացքում, որով բացառված չէ ականատեսը լինենք մինչ այժմ տնային կալանքի ենթակայ Մուսավիին ու Քյառուբիին (եւ հավանաբար Խաթամիին) այս անգամ արդեն բանտային կալանքին ենթարկված ու ճաղերի հետեւում…
Նրանք արդեն իսկ ամբաստանվում ու մեղադրվում են՝
-Հակապետական դավադրություններ հրահրելու
-Արտասահմանյան հակաիրան ընդդիմությանը ծառայելու
-Եւ վերջին բախումների ընթացքում զոհված երկու ուսանողների սպանության… հանցանքներով…:
Այս ամբողջ իրավիճակը թերեւս իրանական իշխանությունների կողմից դրսեւորվում են նաեւ որպես իրեղեն այն ապացույցները, որոնցով հատկապես Արեւմուտքին (ԱՄՆ, Անգլիա, Իսրայէլ) իմաց է տրվում առ այն, որ Եգիպտոսը երբեւէ չի կարող նախադեպ լինել Իրանի համար…
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ