ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, February 9, 2011 7:49 - 1 քննարկում

ՀՀ քաղաքացու ոդիսականը մաքսայինում, կամ միամիտ«իրավունքի և ազատության» պաշտպանի նամակը հասցեագրված Հայաստանին և նրա քաղաքացիներին կզզցնող վարչապետին:

Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կամ ՀՀ քաղաքացու ոդիսականը մաքսայինում

Հարգելի պարոն վարչապետ,
Ընկերս` մոսկովյան ֆիզիկոսներից մեկը, որոշել էր որպես նվեր, փոստային ծառայությունների միջոցով, ինձ ուղարկել իր երկու գրքերը: Թվում է՝ պարզ ու առօրյա գործ է, և որևէ անակնկալ լինել չի կարող: Փետրվարի 2-ի առավոտյան ինձ զանգահարեց փոստային ծառայության աշխատակիցն ու ծանրոցը տուն բերելու համար ճշտեց բնակարանիս կոնկրետ տեղը: Որքան մեծ էր զարմանքս, երբ նա մի երկու ժամ անց մեր տուն եկավ ոչ թե ծանրոցով, այլ ինչ-որ թղթերով ու բացատրեց, որ մաքսային ծառայությունից հրաժարվել են իմ ծանրոցը իրեն հանձնել:

Փոխարենը տեղեկացրել են, որ համաձայն ՀՀ-ում գործող կարգի՝ ծանրոցի տերն ինքը պետք է ներկայանա «Զվարթնոց» օդանավակայանի մոտ գտնվեղ մաքսազերծման ենթակա ապրանքների տերմինալ, մաքսազերծի իր անվամբ եկած ծանրոցն, ապա նոր ստանա: Իմ բողոքը, որ փոստային ծառայությունն ինքն է պարտավոր իմ 17 եվրո գնահատված և մաքսիմում 1-1,5 կիլոգրամ կշռող ծանրոցը տուն բերել, քանի որ ուղարկողն այդ ծառայության համար արդեն վճարել է, օգուտ չտվեց: Այլ ելք չունեի. մեկնեցի:

Ավտոմեքենան տերմինալին կից կանգառում տեղավորելուց հետո չափազանց նեղլիկ, ամբողջությամբ սառցապատ արահետով, ամեն վարկյան վայր ընկնելու վտանգն աչքիս առաջ, ու նույնքան էլ սառցապատ աստիճաններով ներս մտա: Լուսամուտներից մեկի մոտ մաքսային ծառայության աշխատակիցը ստուգեց փոստային ծառայության երիտասարդի ինձ փոխանցած թղթերը և տեղեկացրեց` եթե մի երկու ժամ ուշ գայի, ստիպված էի լինելու պահեստավորման հետ կապված տուգանքներ վճարել: Այնուհետև մատով պահանջվող ուղղությունը ցույց տալով` ինձ հանձնարարեց գնալ և ասել, որ իմ «բեռը» բերեն:

Հասկանալի է, որ «բեռ» բառը նրանց մասնագիտական տերմիններից է, բայց իմ երկու գիրք պարունակող փաթեթը «բեռ» անվանելը տարօրինակ էր հնչում: Մոտեցա ստացիոնար մետաղորսիչի մոտ նստած, ձեռքի մետաղորսիչն էլ բռնած, խիստ հայացքով երիտասարդին և ասացի, որ «բեռս» բերեն: Նա ինձանից պահանջեց իմ անձնագիրը, ուսումնասիրեց այն, նետեց կողքի դարակը, մյուս դարակից հանեց մի անցաթուղթ, պահանջեց, որ այն ամրացնեմ հագուստիս և տեղեկացրեց, որ բեռն ինքը չի բերում, այլ ես պետք է գնամ դրա հետևից:

Ես անցա մետաղորսիչի միջով, ինչից հետո ձեռքի մետաղորսիչով մեկ անգամ ևս նա ինձ մի լավ զննեց ու ներս թողեց: Ներսում բեռնակիրը, «բեռիս» քաշն ու ինչ լինելն իմանալով, ծիծաղեց և կարճ ժամանակ անց բերեց այն: Մի տասը րոպե սպասելուց հետո մոտեցավ մաքսավորը, բացեց տուփը, զննեց և համոզվելով, որ փաթեթում, ինչպես և նշված է ուղեկցող փաստաթղթերում, իրոք երկու գիրք է` ինձ եկածս ճանապարհով հետ ուղարկեց հերթափոխի պետի մոտ: Մոտեցա ձեռքի մետաղորսիչով ստացիոնար մետաղորսիչի մոտ նստած ու խիստ հայացքով երիտասարդին: Նա ինձանից հետ վերցրեց անցաթուղթը և վերադարձրեց անձնագիրս:

Լուսամուտներից մեկում գտա հերթափոխի պետին, ով պահանջեց, որ ձեռքիս տակ եղած բոլոր փաստաթղթերը և անձնագիրս պատճենահանեմ, նոր իրեն մոտենամ: Պատճենահանեցի ու մոտեցա: Ինչ-որ նշումներ անելուց հետո հանձնարարվեց մոտենալ դիմացի պատուհաններին, որոնց հետևում նստած աշխատակիցներից յուրաքանչյուրն իրենց բաժին նշումներն արեցին այդ չարաբաստիկ թղթերի մեջ:

Մոտեցա հերթափոխի պետին: Նա մեկ անգամ ևս ուշադիր ամեն ինչ զննելուց հետո կնքեց փաստաթղթերը և ասաց, որ գնամ «բեռիս» մոտ: Կրկին մոտեցա ստացիոնար մետաղորսիչի մոտ նստած ձեռքի մետաղորսիչով ու խիստ հայացքով երիտասարդին: Նա կրկին պահանջեց անձնագիրս, կրկին տվեց անցաթուղթը` պահանջելով այն անպայման ամրացնել հագուստիս, կրկին մետաղորսիչի միջով անցնելուց հետո ձեռքի մետաղորսիչով մի լավ ինձ զննեց ու ներս թողեց:

Ներսում գտնվող մաքսավորին տվեցի արդեն կնքված թղթերը, «բեռս» ստացա և հետ` արդեն սովորած ճանապարհով փորձի դուրս գալ պահեստից, բայց աշխատակիցներից մեկը պահանջեց իրեն հետևել: Շարժվեցի նրա հետևից: Մոտեցանք հսկա դարպասներին, որտեղից մաքսազերծման ենթակա բեռներով պետք է ներս ու դուրս անեն բեռնատար ավտոմեքենաները: Երիտասարդը սեղմեց կոճակը, դարպասները վեր բարձրացան և մաքսազերծված ապրանքներով բեռնված հսկա ավտոմեքենաների համար նախատեսված ելքից մեկ կիլոգրամանոց փաթեթը թևիս տակ դուրս եկա ես և կրկին գլխավոր մուտքից շենք մտնելով` ուղևորվեցի դեպի մետաղորսիչով երիտասարդը, հանձնեցի անցաթուղթը, ստացա անձնագիրս և այդ օրվա տեսածիս, երկար ձգվող հերթերում լսածիս ու շուրջբոլորս կատարվածի արդյունքում կուտակված անպատասխան հարցերով տուն վերադարձա:

Ահա հենց այդ հարցերն էլ որոշեցի, որպես ՀՀ վարչապետի` Ձեզ ուղղել.

-Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին իր բնակարանում չկարողանա ստանալ իրեն  ուղարկված փաթեթներն ու ծանրոցները:

-Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին մաքսազերծի և հսկայական գումարներ վճարի իր բարեկամների կողմից իրեն ուղարկված ծանրոցների համար, որոնց մեջ, որպես կանոն, հագուստներ են: Ինձ հետ այդ օրը մաքսայինում գտնվող մարդկանց մեծ մասն օգնություն-ծանրոցների թևաթափ եղած տերեր էին:

-Ի՞նչ օգուտ ՀՀ-ին, երբ ՀՀ աղքատ քաղաքացին իր բարեկամի ուղարկած ծանրոցների մաքսազերծման համար պահանջվող գումարները վճարել չկարողանալու պատճառով դիմում է գրում, որ դրանք հետ ուղարկվեն:

-Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը մշակում օրենքներ ու կարգեր, որոնք ՀՀ  ամենաանապահով քաղաքացուն էլ ավելի վատ վիճակի մեջ են դնում:

-Ի՞նչ վատ էր, երբ բեռնափոխադրող ընկերությունները դեռ մեկ տարի առաջ ինչ-որ չափ չգերազանցող ցանկացած քանակի ծանրոց քաղաքացու տուն էին բերում: Այս հարցը ցանկանում եմ հատկապես ընդգծել:

-Ինչո՞ւ պետք է ես երկու գիրք պարունակող փոքրիկ փաթեթի համար հսկայական ժամանակ կորցնեմ ու անիմաստ ծախսեր անեմ (ճանապարհածախս, ավտոկանգառի համար 500 դրամ վճար, պատճենահանման ծախսեր):

-Մատուցվող ի՞նչ ծառայությունների համար է այդ տերմինալին կից ավտոկայանում կայանելու համար գանձվում 500 դրամ` առանց որևէ թղթաբանության ու կտրոնի:

-Ինչպե՞ս պետք է այնտեղ հասնի ավտոմեքենա չունեցող անապահով քաղաքացին կամ թոշակառուն, եթե արտերկրի իր ծանոթը իրեն փաթեթ կամ ծանրոց կուղարկի:

Պարոն վարչապետ, վերջում խնդրում եմ, եթե ոչ որպես ՀՀ քաղաքացու, եթե ոչ որպես ՀՀ-ում ապրող ու գործող իրավապաշտպանի, գոնե որպես հին ծանոթի, պատասխանեք այս «ինչու»-ներին: Վստահ եմ, այս հարցերը շատերին են հուզում:

Հարգանքով`
«Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Artak
Feb 9, 2011 19:52