ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, February 9, 2011 23:01 - չքննարկված
ՀՀԿ-ն՝ ձգված զսպանակ կոտրվելու շեմին, ԲՀԿ-ն սեղմված զսպանակ, պատրաստ կոտրելու, իսկ ՕԵԿ-ը՝ քարացած գաջ սվաղչու տազիկում…
Նոր հուշագրից վերջնագիր` մեկ քայլ է
Իշխող կոալիցիայի ներսում տիրող իրավիճակը գնալով էլ ավելի է լարվում. հատկապես Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո իշխանական ճամբարում պրոցեսները սկսեցին սրընթաց զարգացումներ ստանալ:
Կոալիցիայի հետագա ճակատագիրը կորոշվի այս շաբաթվա վերջին. ուրբաթ օրը պարզ կդառնա՝ ԲՀԿ-ն կլքի՞ այն, թե՞ կհայտարարի Սերժ Սարգսյանին նախագահի առաջիկա ընտրություններում սատարելու մասին՝ շարունակելով իր գործունեությունն այս ձևաչափում:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը նախօրեին կոալիցիայի արտահերթ նիստի ժամանակ այլևս հստակ պահանջ է դրել. առկա քաղաքական իրողությունների վերաբերյալ ճշգրտել դիրքորոշումները, վերանայել կոալիցիոն ներկայիս հուշագիրն ու թարմացված տարբերակը: Իսկ նոր հուշագրում սպասվող առանցքային փոփոխությունը վերաբերելու է նախագահի առաջիկա ընտրություններին, քանի որ այնտեղ պետք է հստակ ամրագրվի նաև Սերժ Սարգսյանին սատարելու պատրաստակամությունը: Իշխանական մեր աղբյուրների վկայությամբ, Սերժ Սարգսյանը կոալիցիայի նիստի ժամանակ ասել է, թե ԱԺ ընտրություններին մոտ մեկ տարի է մնացել, և դրանց կոալիցիոն կուսակցությունները պետք է մասնակցեն ճշգրտված դիրքորոշմամբ, որպեսզի ինքն իմանա, թե ովքեր են իր թիմում, և այդ թիմով ներկայանա հասարակությանը: Հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերել է ԲՀԿ-ին, քանի որ ՕԵԿ-ը շատ վաղուց է հայտարարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, և այժմ հերթը Ծառուկյանի ղեկավարած կուսակցությանն է:
ԲՀԿ-ական պատգամավորները երեկ հրաժարվում էին որևէ մեկնաբանություն տալուց. կամ խնդրում էին «ըտենց բնույթի» հարցեր իրենց չտալ, կամ՝ խոստանում պատասխանել ուրբաթ օրը նոր միայն: Մասնավոր զրույցներում նրանք չէին հերքում, որ հիմա սպասողական վիճակ է: Փոխարենը` երեկ շրջանառվող լուրերն անուղղակի կերպով հաստատեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ի դեպ, ՀՀԿ-ում, բացի Գալուստ Սահակյանից, մյուսները հրաժարվում էին խոսել այս թեմայի շուրջ՝ նշելով, թե իրենք նման իրավասություն չունեն:
«Խորհրդարանի ընտրություններին մեկ տարի է մնացել, դիրքորոշումները նորից պետք է ճշտվեն, հանգամանքները բնութագրվեն: Առավել ևս, կոալիցիան նաև խնդիր պետք է ունենա, որ վերցնի առաջիկա ընտրությունների լավ լինելու պատասխանատվությունը, կարողանա այնպիսի գործառույթներ ձեռնարկել, որպեսզի հասարակությունն ավելի նորմալ ձևով հանդես գա ընտրություններին: Դրանք խնդիրներ են, որոնք անհրաժեշտ է անընդհատ քննարկել, բանաձևել, նոր սցենարներ կառուցել», – մեզ հետ զրույցում ասաց պարոն Սահակյանը:
Վերջինս նաև մեկնաբանեց, թե տվյալ դեպքում ՀՀԿ համար ինչ է նշանակում՝ «դիրքորոշումները ճշտել» հասկացությունը. «Բոլոր քաղաքական կուսակցությունները ևս մեկ անգամ վերլուծություններ են կատարում, թե ի՞նչ հաշվետվությամբ պիտի ժողովրդի առաջ հանդես գան, և արդյո՞ք ունեցած խնդիրները կատարել են, ի՞նչ նոր ծրագրեր կան…»: Մեր հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենց դիրքորոշումները պետք է ճշգրտեն նաև նախագահի թեկնածուի հարցում, Սահակյանը պատասխանեց. «Եթե ծրագրերը վերցնում ես հեռահար, բնականաբար, պետք է ամեն ինչ ճշտես: Բայց դարձնել դա կարևորագույն գլխավոր խնդիր, կարծում եմ՝ մինչև դրան հասնելը յուրաքանչյուր կուսակցություն պետք է ճշտի՝ ինքն ուր է գնում, ինչու է գնում, ինչ ռազմավարություն ունի»: Նա նաև հավելեց, թե իրենք միշտ էլ հեռահար նպատակներ ունեն, իսկ թե ՀՀԿ հեռահար նպատակներին որ քաղաքական ուժն ինչպես կարձագանքի` Սահակյանը դժվարացավ ասել:
Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն հույս ունի կոալիցիոն այս տեսքով դեռ երկար աշխատել, ու իր համար այս պահից հեռահար ծրագրեր է գծում, կոալիցիոն մյուս ուժերին ստիպում ստորագրել դրա տակ: Ընդ որում՝ այդպես նրանց զրկում է ինքնուրույն գործելու հնարավորությունից և ստիպում ապրել իր թևի տակ: Եվ սա այն դեպքում, երբ նույն ՀՀԿ-ն ժամանակին հայտարարում էր խորհրդարանում իր տեղերը կրկնապատկելու մասին, իսկ հիմա, այնուամենայնիվ, իր կողքից փորձում է քարշ տալ նաև ՕԵԿ-ին ու զսպել ԲՀԿ-ին: Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀԿ քաղաքական սկզբունքը համագործակցությունն է՝ որոշակի ծավալների շուրջ: «Եթե ծավալները չեն բավարարի, ուրեմն համագործակցությունը չի լինի, եթե բավարարեն՝ համագործակցությունը կընթանա», – ասաց նա և հավելեց, որ նախագահի թեկնածուի հարցն այդ առումով որոշակի դերակատարում կունենա:
Հ.Գ. Ի դեպ, իշխանական մեր աղբյուրների վկայությամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է ՌԴ-ում: Հասկանալի է, որ նա փորձելու է ռուսական որոշակի շրջանակների հետ ճշգրտել իր դիրքորոշումը, քայլերը և որոշակի օգնություն ստանալ: Մինչ այդ, իշխանությանը մոտ կանգնած անձինք չեն բացառում, որ ԲՀԿ-ին կհաջողվի գոնե մինչև աշուն ժամանակ շահել, սառեցնել հակամարտությունն ու համագումարի ժամանակ այդպես էլ պատասխան չտալ Սերժ Սարգսյանին սատարել-չսատարելու հարցին:
«Ժամանակ» օրաթերթ