ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ . Friday, January 28, 2011 10:44 - չքննարկված

Իննսուն տարվա մոլորություն կամ ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ

1920թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը  ժամանեց Ալեքսանդրապոլ: Հաջորդ օրը պաշտոնապես սկսվեցին խաղաղության բանակցությունները քեմալականների և հայոց պատվիրակության միջև: Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը: Պատվիրակության  լիազոր անդամներն էին նաև ֆինանսների նախկին նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը, Կարսի նախկին նահանգապետ Ստեփան Ղորղանյանը: Պատվիրակության ընդհանուր կազմում կար 16 հոգի: Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման պահին (3 դեկատեմբերի 1920թ.) Հայաստանի Հանրապետության պատվիրակության լիազորությունների կամ ավելի ճիշտ լիազորությունների բացակայության մասին ես արդեն գրել եմ: Հիմա հարկ է  անդրադառնալ Թուրքիայի անունից հանդես եկողների կարգավիճակին և տեսնել արդյո՞ք այդ պատվիրակությունը միջազգային իրավունքի և թուրքական պետության սահմանադրության տեսանկյունից լիազորված էր վարելու որևէ բանակցություն ու ստորագրելու որևէ պայմանագիր, թե ոչ: Մինչ այսպես կոչված թուրքական պատվիրակությանն անդրադառնալն մի հստակեցում. անհրաժեշտ է ընդգծել, որ թուրքական բառն այստեղ գործածվում է զուտ էթնիկ և ոչ քաղաքական իմաստով, քանի որ մինչևիսկ այդ պատվիրակության անդամներն իրենք իրավացիորեն իրենց չէին համարում Թուրքիայի պետության ներկայացուցիչներ: Պայմանագրի նախաբանում  խնդրո առարկա պատվիրակությունն անվանված է ոչ թե Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի կամ դրանց կառավարության պատվիրակություն, այլ ընդամենը Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարություն (Turkiye Buyuk Millet Meclisi Hukumeti, ինչպես պայմանագրի թուրքերեն օրինակում է, կամ Le Gouvernement de la Grande Assemblռe Nationale de Turquie, ինչպես ֆրանսերեն օրինակում է):  Սա մի կազմակերպություն էր, որը ստեղծվել էր Թուրքիայի ռազմական հետախուզության կողմից (որի ղեկավարը 1912-1914թթ. հենց նույն Քյազիմ Կարաբեքիրն էր) ստեղծված Կարակոլ (Karakol) կազմակերպության և նույն կառույցի հրահրումով և աջակցությամբ ստեղծված այսպես կոչված Ազգային պաշտպանության (Mudafaa-i Milliye) [The National Defense Group]  զանազան խմբերի միավորումով` 1920թ. ապրիլի 23-ին, Անկարայում: Բնական է, որ Կարակոլի, ինչպես նաև  նշյալ խմբերի, գործունեության օրինականության (legitimacy)  մասին խոսք լինել չի կարող, քանի որ  ըստ միջազգային օրենքի զինադադարի կնքումից հետո որևէ գործողություն, որն ուղղված է զինադադարի նպատակը` այն է խաղաղությունը, խաթարելուն անօրինական է և դատապարտելի: Քեմալականների գործունեությունը նաև Թուրքիայի սահմանդրության կոպտագույն խախտում էր, ուստի Թուրքիայի օրինական իշխանությունները դեռևս 1920թ. ապրիլ-մայիսին քեմալականների նկատմամբ մի շարք մահավճիռներ էին կայացրել: Այսպես, օրինակ, դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորիª շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվա¬յով (կոնդակով) խռովարարները հայտարարվել էին օրենքից դուրս և նրանց սպանելը աստվածահաճո գործ:    Խռովարարների  պարագլուխը` Մուստաֆա Քեմալը,  դեռևս 1919թ. հուլիսի 11-ին էր զրկվել  իր բոլոր կոչումներից և պաշտոններից, իսկ 1920թ. մայիսի 11-ին ի լրումն կրոնակն որոշման նրա նկատմամբ մահապատժի վճիռ էր կայացրել թուրքական ռազմական դատարանը: Այդ դա¬տավճիռը 1920թ. մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից: Այնպես, որ 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերին Ալեքսանդրապոլ բանակցությունների եկած պատվիրակությունը ոչ թե Թուրքիա պետությունն էր ներկայացնում, այլ փախուստի մեջ գտնվող, այդ թվում նաև պատերազմական հանձագործությունների համար մահվան դատապարտված, քրեական հանցագործների մի կազմակերպություն: Քանի որ, այսպես կոչված քեմալականները (ներառյալ Մուստաֆա Քեմալը) գրեթե բոլորը նախկին երիտթուրքեր էին` Միություն և առաջադիմություն կուսակցության անդամներ և ունեին միևնույն ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությունը, ապա բրիտանացիներն իրավացիորեն նրանց համարում էին նույնն ու նույնական (one and the same):   Այո, քեմալական կազմակերպություններն ռազմականապես ուժեղ էին, քանի որ  իրենց տրամադրության տակ ունեին Օսմանյան կայսրության 15-րդ բանակային կորպուսը (մոտավորապես 30 հազար հոգի) , որը  համալրված էր այլ ուժերով (2-րդ,  6-րդ և  9-րդ բանակային կորպուսների ուժերով) և ուժեղացած էր բոլշևիկյան աջակցությամբ, սակայն միևնույն  է` դա չի փոխում նրանց իրավական կարգավիճակը: Պայմանագրերի օրինականության համար ոչ թե զինվորների թիվն է կարևոր, այլ պատվիրակության լիազորությունների օրինականությունը: Ցանկացած միջազգային պայմանագրի  օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ: Այդ պահանջների մի մասը կարելի է սահմանել հետևյալ երրորդության մեջ – որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորա•րվել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ի կողմից: Ակնհայտ է, որ քեմալականների պատվիրակությունը լիազորված չէր և չէր ներկայացնում ճանաչված պետության օրինական իշխանություն:  Նրա լիազորություններն ածանցված էին միայն Ազգային մեծ ժողով  (Buyuk Millet Meclisi) կոչվող կազմակերպության կարգավիճակիցը:  Իսկ ի±նչ էր իրենից ներկացրնում և ի±նչ իրավական կարգավիճակ ուներ տվյալ կազմակերպությունը 1920-21թթ: Սա կարևոր հարց  է նաև Մոսկվայի (16 մարտի 1921թ.) և Կարսի (13 հոկտեմբերի, 1921թ.) պայմանգրերի վավերության (validity) համար, քանզի նշյալ երկու այսպես կոչված պայմանագրերն էլ ստորագրվել են մինույն կազմակերպության ներկայացուցիչների կողմից: Ազգային մեծ ժողով  կազմակերպությունը, չնայած լայնորեն տարածում գտած թյուր կարծիքի, 1920-23թթ. բնավ էլ Թուրքիայի խորհրդարանը չէր: Նա այդպիսին չէր և չէր կարող լինել միջազգային իրավունքի, ինչպես նաև երկրի գործող սահմանադրության տեսանկյուններից: Կապիտուլիացիայի ենթարկված երկրում, ռազմակալման ողջ ժամանակահատվածում, դադարում են գործել տվյալ երկրի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները: Գերակա իշխանությունն անցնում է հաղթող երկրներին և այդ իրավական կարգավիճակը մնում է մինչև խաղաղության պայմանագրի կնքումն ու ուժի մեջ մտնելը: Այդ կարգավիճակը և իրավիճակը միանշանակորեն ամրագրված են միջազգային իրավունքի մեջ, և ամրապնդված բազում օրինակներով:   Թուրքիայի պարագային 1918թ. հոկտեմբերի 30-ից (Մուդրոսի զինադադարի ստորագրումից) գոնե մինչև 1923թ. հուլիսի 24-ը  (Լոզանի պայմանագրի ստորագրումը) Թուրքիայում, միջազգային իրավունքի համաձայն, իշխանությունը պատկանում էր հաղթած Դաշնակից երկրների Գերագույն խորհրդին (Supreme Council of the Allied Powers): Այդ խորհուրդը, որի կազմում էին Բրիտանիայի, Ֆրանսիայի,  Իտալիայի և Միացյալ Նահանգների բարձրագույն   պաշտոնյաները, իր իշխանությունը Թուրքիայի իրականացնում էր նախ պարզ ներկայացուցիչների (1918թ. նոյեմբեր – 1919թ. մարտ), ապաև Գերագույն հանձնակատարների (High Commissioners) միջոցով (1919թ. մարտ – 1923թ. սեպտեմբեր):  Վերջիններիս միավորող կառույցը, որն իրականացնում էր բարձրագույն իշխանությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում, կոչվում էր Վերահսկման և կազմակերպման միջ-դաշնակցային հանձնախմբեր (Inter-Allied Commissions of Control and Organization) և ուներ զանազան ենթահանձնախմբեր: Լոզանի պայմանագիրը հաստատում է ասածներս: Այդ պայմանագրի ուշադիր ընթերցողը կնկատի, որ այն ոչ թե հստակեցնում է Թուրքիայից անջատվող տարածքները, այլ նշում է նախկին Օսմանյան կայսրության այն տարածքները, որոնց վրա վերականգնվում է թուրքական ինքնիշխանությունը (sovereignty):  Ազգային մեծ ժողով կազմակերպության առաջին նիստը գումարվել է 1920թ. ապրիլի 23-ին:  Այդ ժողովն ունեցել է 327 մասնակից, որոնցից առավելագույնը միայն 92 էին (մեկ երրորդից էլ պակաս) նախկին օսմանյան խորհրդարանի նախկին անդամներ: Նրանք կրկնակի նախկին էին, քանի որ խարհրդարանի վերջին օրինական ընտրությոնները տեղի էին ունեցել 1912թ. և այդ տարի ընտրվածների լիազորությունների ժամկետը, համաձայն գործող սահմանադրության 70-րդ հոդվածի, ավարտվել էր 1916թ.-ին: Պատմագիտական գրականության մեջ հիշատակվող 1919թ. վերջին ամիսների այսպես կոչված ընտրությունները և դրա հետևանքով 1920թ. հունվար-ապրիլին կայացած ժողովները, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն կարող համարվել ընտրություններ և դիտարկվել որպես խարհրդարանական նիստեր, քանզի  դրանք տեղի են ունեցել թուրքական ինքնիշխանության բացակայության պայմաններում և չեն իրականացվել երկրի  սահմանադրության և օրենսդրության պահանջներին համապատասխան: Մասնավորապես, խախտվել են սահմանադրության # # 7, 17, 41, 42, 43, 45, 46, 60, 72, 77, 120 հոդվածները, քվեարկելու իրավունքից ապօրինաբար զրկված են եղել բոլոր ոչ թուրքերը: Հետևաբար, այդ ժամանակ Թուրքիայի միակ ճանաչված իշխանավորը` սուլթանը, համաձայն սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքի (հոդված 7), 1920թ. ապրիլի 12-ին  դադարեցրել էր այդ ոչ օրինական ժողովահավաքների գործունեությունը:  Ահա այս մասին է խոսքը, երբ ասում են ՚նախկին խորհրդարանի պատգամաավորներՙ: Եթե մինչևիսկ վերոհիշյալ 92-ի լիազորությունները համարենք օրինական, որն ինչպես տեսաք խիստ կասկածելի է, միևնույն է այդ թիվը խորհրդարան գումարելու համար քվորում չէր կարող ապահովել: Մնացած 232 ներկայացնում էին երկրում ապօրինի գործող, այսպես կոչված, Իրավունքների պաշտպանության շարժման տարբեր մասնաճյուղերը:  Օսմանյան կայրության պարտությունից հետո` 1918 դեկտեմբերից մինչև 1920 հոկտեմբեր, ձևավորվել է այդպիսի Իրավունքների պաշտպանության 28 մասնաճյուղ, որոնցում առավելաբար ներկայացված էին Միություն և առաջադիմություն հանցագործ և օրենքից դուրս հայտարարված, կուսակցության տեղական մարմինների ներկայացուցիչները, մուֆթիներ (իսլամական կրոնավորներ), մուսուլման հողատերեր ու ոչ քրիստոնյա առևտրակններ:  Այդ կազմակերպությունները հավաք գումարեցին Էրզրումում (23 հուլիսի – 17 օգոստոսի, 1919թ.), որտեղ էլ ձևավորեցին միացյալ ղեկավար մարմին` Ներկայցուցչների  հանձնաժողով (Heyet-I Temsiliye) [Representative Committee]. Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ:  Նրանց հաջորդ հավաքը  կայացավ Սեբաստիայում, 1919թ. սեպտեմբերի 4-11-ը: Թեև մասնակցում  էին գավառային կառույցների  ընդամենը 31 ներկայացուցիչ,  հավաքն իրեն տվեց հնչեղ անուն – Անատոլիայի և Ռումելիայի ազգային շահերի պաշտպանության ընկերակցություն (Anadolu Rumeli Mudafaa-I Hakuk-u Milliye Cemiyeti)  [Association for the Defense of the Rights of Anatolia and Rumelia]. Այս կազմակերպությունը 1919թ. դեկտեմբերի 27-ին փոխադրվեց Անկարա, որտեղ էլ 1920թ. ապրիլին իր շարքերն ընդունելով արդարադատությունից փախչող նախկին պատգամավորների և պաշտոնյաների, իրեն տվեց էլ ավելի հնչեղ անուն: Այն վերանվանվեց Թուրքիայի ազգային մեծ ժողով, իսկ նրա ղեկավար մարմին Ներկայացուցիչների  հանձնաժողովը` Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարություն: Այսինքն, 1919թ. սեպտեմբերին ստեղծված կազմակերպությունը և նրա գործադիր մարմինը 1920թ. ապրիլին վերակազմավորվեց և վերանվանվեց,  սակայն նրա իրավական կարգավիճակը դրանից չփոխվեց: Ահա այս կազմակերպության գործադիր մարմնի` կառավարության, անունից էր հանդես գալիս Ալեքսանդրապոլում բանակցող թուքական պատվիրկությունը: Բնական է, որ կազմակերպության անվանումը չէ, որ որոշում է տվյալ կառույցի լիազորությունները, այլ այն իրավական և օրենսդրական հիմքը, որի վրա ձևավորվել և որի շրջանակներում կայացել է նշյալ կառույցը: Ինքնին կազմակերպության անվանումը չի սահմանում տվյալ կազմակերպության իրավասությունների շրջանակը, առավել ևս դառնում հիմք` միջպետական իրավական փաստաթուղթ ստորագրելու  լիազորություն տալու համար:

(շարունակելի)

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ