ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, January 20, 2011 20:56 - 2 քննարկում

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ` ՈՐՊԵՍ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՆԱԽԱՀԻՄՔ

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ` ՈՐՊԵՍ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՆԱԽԱՀԻՄՔ

Յուրաքանչյուր հայի համար հայոց այբուբենն ազգային անսպառ գանձ է և հպարտություն: Այն նաև ինքնություն է, մշակույթ, գրականություն և ամենից առաջ` աստվածային երևույթ: Հասկանալով և գնահատելով մեր այբուբենի պատմական ու մշակութային արժեքը`  որ դեռ կան շատ չբացահայտված և չվերծանված իրողություններ, որոնք ուսումնասիրությունների կարիք ունեն ոչ միայն լեզվաբանական, այլև` տարատեսակ հայտնի և անհայտ գիտությունների ամենատարբեր բնագավառներում:

Նախամաշտոցյան գրերը հաստատող 2 կարգի փաստեր են հիշատակվում`

1.                  Լեզվական – իրական

2.                  Ենթադրյալ – կարծեցյալ:

Առաջին խմբի մեջ մտնում են հայագիր և օտարագիր աղբյուրները: Բնական է, որ գիր, գրականություն չունեցող ազգը չէր կարող ունենալ Տիր աստծո պաշտամունք (եգիպտական աղբյուրներում պահպանվել է այդ աստծո իրական անունը` Թօդ):

Ուշագրավ է պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունը Արամ նահապետի մասին, ով տիրել էր Տիտանյանների նվաճած հայկական տարածքներին` հրամայելով տեղի բնակչությանը <<ուսանել զխօսս եւ զլեզուս հայկական>> (<<սովորել հայոց խոսքն ու լեզուն>>):

Հույն սոփեստ և հռետոր Լուցիոս Փլավիոս Փիլոստրատոսը (2-3-րդ դդ.) <<Ապոլոն Տիանացու վարքը>> երկում ներկայացնում է այն փաստը, որ Հայկական Տավրոսից Արևմուտք` Պամփյուլիա փախած մի հովազի ոսկե վզնոցին հայերեն տառերով գրված էր. <<Արշակ արքան` Նյուսիա աստծուն>>:  Իսկ Հիպպոլիտոսը (3-րդ դ.) արմեններին հիշատակել է գիր ունեցող ժողովուրդների շարքում (լատինացիներ, սպանացիներ, հույներ, մարեր):

Ասորի գիտնական Բարդածանը (13-րդ դ.) վկայում է, որ վերծանել և թարգմանել է հայ հեթանոսական մատյանները:

Վարդան Արևելցին (12-13-րդ դդ.) վկայում է, որ Կիլիկիայի տարածքում գտնվել է Հեթում արքայի ժամանակաշրջանում պահպանված դրամ` Հայկազյան կռապաշտ թագավորների անուններով` հայատառ գրությամբ:

Երկրորդ խմբում ենթադրյալ-կարծեցյալ փաստերն են: Դրանցից մեկն այն է, որ քրիստոնեությունն ընդունելուց հետո ոչնչացվեցին հեթանոսական մեհյանները, կուռքերը, պաշտամունքի առարկաները, ճարտարապետական կոթողները, այդ թվում` նաև բնահայկական գիրն ու գրականությունը:

Եվ, ի վերջո, բոլորիս հայտնի Ոսկեդարը չէր կարող ներկայանալ այդքան հասուն և բեղմնավոր ձևով, եթե հայն արդեն իսկ չունենար բնահայկական գիր:

Վերոթվարկյալ պատմագրական, բացահայտ փաստերը (որոնք նմանատիպ այլ փաստերի մի մասն են միայն կազմում), ցավոք, այսօր լեզվագետներին և  հայագետներին չեն մղում ճիշտ եզրահանգումների, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է հիմնվել բնական գիտությունների ճշգրիտ տվյալների վրա: Հայոց գրերի բազմամյա ուսումնասիրությամբ զբաղվող շահագրգիռ անհատներ ներկայացնում են բացահայտ, ճշգրիտ, բնական փաստեր, որոնք հաստատում են հայոց այբուբենի համապարփակ, բազմաբնույթ գիտական լուրջ ուսումնասիրության անհրաժեշտությունը: Այս գործին նախանձախնդիր, Կրասնոդարից  հայրենիք ժամանած Արմեն Բուրանյանը, չխնայելով իր ժամանակն ու միջոցները, Հայաստանում ներկայացնում է ֆիզիկոս, բնագետ, 35 տարի հայոց տառերի բուն էությունը վերծանող Արծվի Ալեքսանյանի հայտնաբերումները: Զարմանալի է, որ, ծանոթանալով դրանց, լեզվաբաններն ու գիտանականները լրջորեն չեն զբաղվում այդ ամենով: Գիտությունների ակադեմիայում և հայագիտական տարբեր կենտրոններում լսվել, սակայն անուշադրության և քար անտարբերության են մատնվել այդ իրողությունները:

Վերջերս <<Կենտրոն>> հեռուստատեսության ուղիղ եթերում հեռարձակված Արմեն Բուրանյանի ելույթը բազմաթիվ արձագանքների առիթ հանդիսացավ, որոնցից մեկն էլ Երևանի հ. 30 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության, հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լիլիթ Միրիբյանի նախաձեռնությամբ դասերից հետո կազմակերպված հանդիպում-միջոցառումն էր, որը կրում էր <<Հայոց այբուբենի վերծանումները>> խորագիրը: Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ: Ներկայացնելով Արծվի Ալեքսանյանի բազմամյա տարիների ուսումնասիրության ընդհանուր պատկերը` Ա. Բուրանյանը երեխաներին առաջարկեց լսել, վերլուծել, համադրել, բայց առաջնորդվել սեփական տրամաբանությամբ: Նա փաստեց, որ հայոց այբուբենը բոլոր լեզուների նախահիմքն է: Հետաքրքրական էր անդրադարձը հայերենի ձայնավորներին և դրանց համադրմանը Ր տառի հետ, եռաշարք, երկշարք և միաշարք բաղաձայնական համակարգին` նորովի մեկնաբանությամբ, ինչպես նաև ԱՐ-ի` առ այսօր չհասկացված գաղափարին: Ներկաները համոզվեցին, որ մինչ այժմ եղած այն կարծրատիպը, թե հայոց աշխարհում նախ խոսքն է եղել, հետո մեսրոպյան տառը, սխալ է: Հայոց աստվածատուր լեզվում, ի տարբերություն այլ լեզուների, խոսքն ու գիրը միաժամանակ են արարվել ու տրվել մարդուն:

Արծվի Ալեքսանյանի հայտնագործությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այբուբենով պետք է զբաղվեն տարբեր մասնագետներ (լեզվաբաններ, էպոսագետներ, պատմաբաններ, փիլիսոփաներ, հոգեբաններ, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, աստղագետներ, քիմիկոսներ, բուսաբաններ, երաժիշտներ և այլք), քանզի հայոց այբուբենն անմիջականորեն առնչվում է մեզ հայտնի և անհայտ բոլոր գիտություններին:

Այնքան հետաքրիր էր մատուցված նյութը, որ նախատեսված մեկ ժամի փոխարեն հանդիպումը տևեց չորս ժամ: Երեխաներն առաջարկեցին, որ հանդիպումները լինեն շարունակական, իսկ մանկավարժները եկան այն եզրակացության, որ նյութը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, և անհրաժեշտ է աջակցություն` դա հայագիտական կենտրոնների հատուկ բաժնում կազմակերպելու համար:

Հանդիպումը եզրափակվեց Սիլվա Կապուտիկյանի <<Ոչ միայն հացիվ>> բանաստեղծության ասմունքով: Ա. Բուրանյանի շուրթերից հնչող բանաստեղծատողերը վեր էին սլանում` ասես ի լուր աշխարհի հնչեցնելու մեծն բանաստեղծուհու խոսքը.

Ես, որ լցված եմ բառերով,
Հանց մրգերով ծանրած աշուն,
Հազարագանձ հայոց լեզվի
Տերն եմ, այլև բարապանը,-
Ես ի՞նչ բառեր գտնեմ այսօր,
Ներբողելու ի՛նքն իսկ – բա՜ռը,
Եվ ի՞նչ լեզվով բարեբանեմ ի՛նքն իսկ – լեզո՜ւն…
Ա՛խ, լեզվի մեջ
Բառից մինչ բառ, բառից այն կողմ
Կա էություն`
Անբռնելի, անհպելի,
Որ չե՜ս դնի ձևերի մեջ,
Որ չե՜ս բանտի թևերի մեջ,
Որ զգեստի խեղճ լաթերով չե՜ս պարուրի…

…Ինչպե՞ս ասեմ, որ հասկանան,
Թե աշխարհում` հացից բացի,
Կա Հացեկա՜ց,
Տեսնելո՛ւց զատ կա և տեսիլք,
Որ սեփական մորթո՜ւց էլ մոտ – կա մագաղաթ,
Կա լիացում` ճառագայթված գրի՜ լույսից:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Նոնա Նարինյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Անահիտ
Jan 21, 2011 11:11