ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, January 20, 2011 2:30 - 3 քննարկում

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Ադրբեջանի հայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն դիմել է պետությունների ղեկավարներին: Դիմումում ասվում է.

Այցելելով Բաքու՝ դուք այցելության արարողակարգի շրջանակներում, «շահիդների» պուրակում ծաղկեպսակներ եք դնում «Ադրբեջանի ազատության և անկախության համար զոհված» անձանց շիրիմներին։

Արդեն երկու տասնամյակ է, ինչ մենք` Ադրբեջանի հայ փախստականները, սպանությունների, խոշտանգումների զոհը դառնալուց հետո տառապանքներ ենք կրում, որոնց աղբյուրը շարունակում է մնալ կեղծարարությունը որպես զենք օգտագործող Բաքվի ռեժիմը: Զեղծարարությունը մարդկության պատմության մեջ աննախադեպ է, թե իր ծավալներով, թե արդյունավետությամբ, թե վտանգավորությամբ: Սրանով ռեժիմը ատելության մթնոլորտ ձևավորելով` մի կողմից լուծում է իր պահպանման և երկրի հարստությունը յուրացնելու հարցը, մյուս կողմից` տարածաշրջանում դրանով ձևավորված լարվածությունը օգտագործելով որպես շանտաժի միջոց արտաքին քաղաքականության սպասարկման համար: Եվ ամենակարևորը` կեղծելով իրականությունը` խուսափել պատժից: Այս կեղծարարությունները ունեն իրենց աննախադեպը: Բաքվի ռեժիմը կարողացավ իր մեծագույն կեղծարարության փաստացի մասնակից դարձնել աշխարհի համարյա բոլոր պետությունների ղեկավարներին:

1990թ. հունվարին հայերի զանգվածային սպանությունների կազմակերպման և համակարգման կենտրոն դարձավ Բաքվի Լենինի անվան հրապարակը։ Ամեն օր, սկսած հունվարի 13-ից, բազմահազարանոց հանրահավաքներից հետո մարդասպանների ահռելի  ամբոխը շարժվում էր դեպի այն վայրերը, որտեղ բնակվում էին հայերը և օրվա վերջին կրկին հավաքվում հրապարակում՝ զեկուցելով իրականացրած ոճրագործությունների՝ ջարդերի, ծերերի, կանանց և երեխաների սպանությունների մասին։ Եվ այդպես ամեն օր, մինչև հունվարի 20-ը, երբ հրապարակ մտան ԽՍՀՄ զինված ուժերը, զորքերն ու զրահատեխնիկան, և վերջ դրվեց այղ սպանությունների մեքենային: Հենց այդ օրը զորքերի հետ բախման արդյունքում սպանված հայերին ոչնչացնողներն են թաղված «շահիդների» պուրակում, ուր, արարողակարգի համաձայն, ստիպում են ձեզ պսակներ դնել։

Ձեր գերակշռող մասը ներկայացնում է այն երկրները, որոնց հասարակություններն այդ սարսափելի ողբերգության օրերին ձայն էին բարձրացնում՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հայերի զանգվածային ոչնչացումը։ Նրանք, ովքեր հրաշքով փրկվեցին, ապաստան գտան ձեր երկրներում։ Այդ ամենի համար մենք անչափ շնորհակալ ենք ձեր ժողովուրդներին և հասարակություններին։

Բայց այս ամենը կարծես մոռացված և մի կողմ դրված լինի:

21 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց այդ աննախադեպ կեղծարարությանը: Հուսով ենք , որ այս դիմումը հիմք կդառնա վերջ դնելու աշխարհի երկրների մասնակցությանը Բաքվի ռեժիմի այդ կեղծարարությանը:

Սա է մեզնից պահանջում հայերի ջարդերի  անմեղ զոհերի հիշատակը, սա է պահանջում մարդկության խիղճն ու արդարությունը:

20 հունվարի, 2011թ.



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Jan 20, 2011 5:16