ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, January 12, 2011 15:23 - 5 քննարկում

Քրիստոնեությունը Սուրբ Երրորդության հավատքն ու պաշտամունքն է: Իսկ Սուրբ Երրորդությունն անմիջապես առնչվում է արևապաշտության հետ:

Գենի ճոխությունը

Հարցազրույց հայագետ, տոմարագետ Սերգեյ Սիմոնյանի հետ

-Դուք զբաղվում եք նախաքրիստոնեական արժեհամակարգի ուսումնասիրությամբ: Ի՞նչն եք հիմք դարձնում ձեր ուսումնասիրությունների համար. պահպանված նշխարներ կա՞ն:
-Այո, կան: Եվ այդ նշխարները շատ խոսուն են: Մենք ունենք նյութեղեն և ոչ նյութեղեն արժեքներ, որ առայսօր իրենց մեկնությունը չեն ստացել: Կան շատ վկայություններ կապված հայոց տոմարի հետ: Խորհրդային ժամանակներում ներկայացվում էր, թե հնում մարդիկ այս օրացույցով վարում էին իրենց գյուղատնտեսական աշխատանքները: Մինչդեռ այն ըստ էության մեր հավատի սրբազան տոմարն էր: Նրանով կարգովորվում էր հոգևոր աշխարհի հետ առնչվող ցանկացած հարց: Տոմարն ուներ ամսակարգ, ամիսն ուներ օրակարգ, օրն ուներ ժամակարգ` համապատասխան որոնց մատնանշվում էին հոգևոր տոները, կատարվում էին հոգևոր արարողությունները, ցույց էր տրվում, թե ինչն ինչ խորհուրդ ունի իր մեջ: Ավելին, մենք ունենք ազգային կերակուրներ, եթե չենք հասկանում տոմարը, ապա չենք էլ կարող իմանալ, թե երբ են պատրաստել ծիսկական կերակուրները, վերջիններս ինչ խորհուրդ են կրել իրենց մեջ:
Կան նաև նյութեղեն` հատկապես հնագիտական վկայություններ: Իսկ պատմագրության մեջ ասվում է, որ մեր վանքերն ու եկեղեցիները հիմնականում կառուցվել են հին սրբատեղիներում: Սրանով կարելի է պատկերացում կազմել, թե քանի սրբատեղիներ ենք ունեցել, և մեզանում որքան տարածված և որքան ուժեղ է եղել հավատքի զգացումը: Այնպես որ երբ մեր հին հավատքը, մեր կեցությունը, մեր վարքն ու բարքը դիտարկում ենք համատեղ, հնարավոր է դառնում կատարել ամբողջական մեկնություններ:
-Ի վերջո ո՞րն է տվյալ արժեհամակարգի էությունը. ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
-Մեր արժեհամակարգը մի բառով կոչվում է հայկականություն: Այն անմիջապես առնչվում է Հայկի հետ: Հայկ Նահապետի` որպես ծիրանածնունդ և ծիրանակիր արքայի հայոց և` հավատարի: Վերջին բառն ի՞նչ է նշանակում. վեդայական հոգևոր ուսմունքում կա “ավատար”-ի մասին հասկացություն, որը ենթադրում է Աստծո մարմնավորում: Հայոց մեջ “ավատարը”-ը “հավատար”-ն է, այսինքն` մարդկանց մեջ հավատ արարող, հավատ տարածող: Իսկ Հովհաննես Իմաստասերն ասում է, որ մարդկությանը ճշմարիտ հավատք, գիր և տոմար Մովսես մարգարեից առաջ տրվել է Հայկ Նահապետի միջոցով: Մենք չենք կարող շրջանցել այս վկայությունը: Միաժամանակ այս ուղղությամբ իմ որոնումները և փնտրտուքները բերեցին այն համոզմանը, որ Հայկ Նահապետը եղել է արևելյան հոգևոր ուսմունքի ուսուցիչ և եղել է հայոց մեծ հավատարը, նրա միջոցով է, որ ժամանակին կասեցվել է կռապաշտությունը Երկիր մոլարակի վրա. ամենքիս է հայտնի որ նա եռաթև նետով վերջ դրեց խավարամտությանը` սպանել է Բելին:
Բնականաբար Հայկի սերունդները եղել են ճշմարիտ հավատքի մեջ: Վարդապետ Ինճիճյանը ևս իր “Հնախոսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի” ուսումնասիրության մեջ այդ է վկայում. “Զի սկսեալ ի Հայկայ մինչև ցԱնուշաւան նահապետ մեր, որ էր յաւուրս Յակոբայ նահապետին, ոչ գտանեմք ի մերսն նշան ինչ կռապաշտութեան…”: Այսինքն, Հայկ Նահապետից սկսած մինչև սոսանվեր Անուշավան եղել է ճշմարիտ աստվածապաշտություն, որը ժողովրդի մեջ տարածված է եղել որպես արևապաշտություն: Իսկ Նիկողայոս Մառը, ստուգաբանելով Հայկ անվանումը, ասում է, որ նրա հիմնական իմաստներից մեկը “արև”-ն է` Հայկ- Հայգ-Այգ: Արևը աստվածային կենաց զորությունն է: Հայ ազգն էլ համարվել է Արևի զարմ: Այստեղից էլ` մեր հավատքը կոչվել է արևապաշտություն, մեր այբուբենը կոչվել է “այբուբեն արեգական”` ունենալով 36 տառ, որը համապատասխանում է արեգակնային տոմարի 36 տասնօրյակներին` դեկաներին` չհաշված 5 հավելյաց օրերը: Մեր լեզուն էլ կոչվել է արևաշունչ:
Նշանակում է` մեր արժեհամակարգի հիմքում հավատքն է` աստվածապաշտությունը: Այն անմիջապես կապված է Արարչի` Էության հետ. “Է”-ն լինելիության, գոյության բացարձակ խորհուրդն է: Իսկ մեր մշակույթն այն միջանկյալ օղակն է, որը մարդուն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այդ էության հետ: Հետևաբար եթե չհասկանանք մեր ազգային մշակույթը, չենք կարող նաև լիարժեքորեն պատկերացնել, թե ինչպես է գործում այդ կապը:
-Իսկ ընդհանրապես նախաքրիստոնեական մշակույթի նմուշները գտնելու, հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները կրկին շարունակվո՞ւմ են, թե արդեն ձեռ ենք քաշել դրանցից:
-Իհարկե շարունակվում են: Այդ արժեքները անհետ չեն կորել: Թեկուզ` Մովսես Խորենացու մոտ հիշատակվող դանիելյան գրերը հո չգոլորշիացա՞ն. դրանք մեր այբուբենի մեջ են: Պարզապես խնդիր կա 36 տառերի համակարգում գիտականորեն բացահայտել դրանք: Եվ ասեմ, որ վերջին տասնամյակում բավականին մեծ է հետաքրքրությունը հին արժեհամակարգի վերաբերյալ: Իսկ անձամբ իմ` տասը տարուց ավելի շարունակվող հայագիտական, տոմարագիտական ուսումնասիրություններն օր օրի հանգեցնում են նոր բացահայտումների:
-Որպես ուսումնասիրող ի՞նչ եք կարծում` այդ արժեհամակարգը որոքանո՞վ է ձուլվել քրիստոնեականին:
-Քրիստոնեությունը Սուրբ Երրորդության հավատքն ու պաշտամունքն է: Իսկ Սուրբ Երրորդությունն անմիջապես առնչվում է արևապաշտության հետ: Բանն այն է, որ Բարձրյալի արևապաշտական կերպարը անհնար է լիարժեք պատկերացնել առանց Սուրբ Երրորդության, որը եռամիասնություն է իր կենսատու Ճշմարտությամբ, լուսատու Իմաստությամբ և ջերմատու Սիրով: Այսինքն` Արև Աստվածը Ճշմարտության, Իմաստության և Սիրո միաբանություն է: Եվ Եվրոպական բոլոր այն ժողովուրդները, որոնք ընդունեցին քրիստոնեությունը, նրանցից շատերի հին հավատքներում արդեն կար Սուրբ Երրորդության գաղափարը: Նշեմ նաև, որ Աստվածամոր սրբապատկերը առկա է հին եգիպտական մշակույթում. Իսիդան` Գոռը գրկին: Նախաքրիստոնեկան մեր մշակույթում ևս եղել է այդ պատկերը` Աստվածամայրը գրկած իր որդուն:
Կամ` Հիսուս Քրիստոսը և փոքր Մհերը կոչվում են Դավթի որդի: Հիսուսի պարագայում Դավիթ ասելով մեզ այսօր ներկայացնում են, որ նկատի ունեն Սողոմոնի հայր Դավիթ մարգարեին: Բայց իրականում այդպես չէ: Հիսուսը Հուդայի երկրում չժառանգեց թագը. նրա գլխին փշե պսակ դրեցին ու ծանակեցին: Նշանակում է` Դավիթ ասելով պետք է հասկանանք Դեուսին` Բարձրյալին: Մեզանում ևս Դավիթն առնչվում է Բարձրյալի հետ. մեր Հայկ Նահապետը օտարների կողմից պատահականորեն չի կոչվել deus armeniacus, այսինքն` հայոց Աստված: Ըստ Ղևոնդ Ալիշանի էլ Հայկի անունով կոչվող մեր Հայկաշեն գյուղը նաև անվանվել է Աստվածաշեն:
Իհարկե, քրիստոնեության մեջ շատ ճյուղավորումներ կան: Մի մատուցմամաբ ամեն ինչ բխեցվում է հրեականությունից: Բնականաբար վերջինս չի կարող լիարժեքորեն բացահայտել մեր հին հավատքի, մշակույթի հետ կապված այն ամենն, ինչ այսօր առկա է մեր առաքելական եկեղեցու ծիսական արարողություններում. գիտենք` շատ բաներ` շարականներ, արևագալի երգեր և այլն, որոշակի փոփոխությունների ենթարկվելով, դարերի ընթացքում մտան այնտեղ:
-Այսինքն` քրիստոնեական գաղափարախոսությունն ազգային երանգնե՞ր կրեց. ստացա՞վ իր առանձնահատկությունը:
-Միանաշանակ: Թեկուզ վերցնենք Կենաց ծառի գաղափարը: Հին կտակարանում հիշատակվում են երկու ծառերը` Կենաց ծառը և բարու ու չարի Իմացության ծառը: Իմ ուսումնասիրություններուվ Կենաց ծառը հայոց մեջ ծիրանի ծառն է: Իսկ “ծիր”-ը մեզանում հասկացվել է նաև որպես ոլորտ` հոգևոր ոլորտ: Օրինակ` ասում ենք Ծիր Կաթին, ծիածանին ասել են նաև ծիրածան, իսկ ծիածանը համարվել է նաև Աստծո գոտի: Մեզանում հոգևոր այրը, որը նաև ըստ հների պատկերացման Աստծու որդի կամ արևորդի է, կոչվել է ծիրանակիր ու ծիրանածնունդ: Նախկինում մեր արքաները ծիրանի են կրել: Եվ ավելին` մեր հին հավատքի քահանայապետությունը Տիրի տերունական քահանայապետությունն էր: Այս ամենն ապացուցում է, որ քրիստոնեության մեջ ներկայումս առկա շատ-շատ բաներ եղել են նաև մեր հին հավատքում:
-Իսկ այն, որ այսօր հեթանոսությանը կյանքի իրավունք տալու փորձ անողներ կան, անախրոնիզմ չէ՞: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին:
-Ովքեր իրենց հեթանոս են համարում, չգիտեմ, թե ինչ նկատի ունեն այդ ասելով: Գուցե շատերն այդ բառի տակ հասկանում են ցեղակրոնությու՞ն` կապելով էթնոս բառի հետ: Այս դեպքում նորմալ է. անախրոնիզմի խնդիր չկա: Բայց չմոռանանք` քրիստոնեությունը դարեր շարունակ հեթանսությունը ներկայացրել է որպես կռապաշտություն: Այս դեպքում չեմ ընդունում այդ բառը: Քանզի մեր հին հավատքը չես համարի հեթանոսություն` բազմաթիվ աստվածությունների պաշտամունք` առանց միակ Արարչի:
Չնայած ինչպես մյուս կրոնների հետևորդները, հաճախ նկատի ունենալավ Սուրբ Երրորդությունը, քրիստոնեության մեջ տեսնում են բազմաստվածության պաշտամունք, նույն կերպ կարող են դիտել և մեր ազգային հավատքը, թե այնտեղ կան բազմապիսի աստվածություններ: Սակայն բանն այն է, որ բոլոր այդ աստվածություններն իրենց ոգեղեն զորությունը ստանում են մեկ էությունից:
-Նման փորձերը կամ նման մտայնությունները արհեստական միջամտություններ չե՞ն ազգի շարունակվող ընթացքին:
-Հավատքների մեջ գլխավորն այն է, որ ճշմարտությունը ճանաչենք: Իսկ նույն ճշմարտությունը տարբեր ազգերի մշակույթներում տարբեր հագուստ է հագնում: Եվ հենց տվյա՜լ հագուստն է սրտամոտ տվյալ ազգին, այն նրա համար առավել հասկանալի ու ընկալելի է դարձնում այդ հավատքը և հավատքի հետ կապված խնդիրները: Իսկ եթե մենք ճիշտ չենք հասկանում մեր մշակույթը, և ըստ էության այլ ազգերի հավատք է ներմուծվում, որն անմիջականորեն չի առնչվում սեփական մշակույթի հետ, ապա այն չի ընդունվում ժողովրդի կողմից: Հենց թեկուզ` ամենքս գիտենք, որ Գրիգոր Լուսավորչից մինչև Մեսրոպ Մաշտոց մեզանում հոգևոր երգերը, պատարագները, քարոզները կատարվում էին կամ ասորերեն կամ հունարեն լեզուներով: Ժողովրդի համար դրանք անհասկանալի ու անընդունելի էին մնում: Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը հասկացան, որ այդ օտարահունչ լեզվով ներկայացվող հավատքը կործանման է տանում, այն լիարժեք չի կարող գործել ժողովրդի մեջ, ուստի գտան, որ դրանք պետք է մատուցվեն հայերեն: Կամաց-կամաց, ազգային մշակույթի` մինչ այդ մերժված շատ արժեքներ ներմուծվեցին հավատքի ծեսերի մեջ:
-Որքանո՞վ են իրարից հեռացել այսօրվա հայը և նախաքրիստոնեական շրջանի հայը: Այսինքն` ներկայումս որքանո՞վ ենք հարազատ մնացել հայկականության մեր տեսակին:
-Գեները նույնն են: Իսկ գեները սերմեր են: Մեր գեները արաչական գեներ են: Ճիշտ է, ժամանակները փոխվում են, նաև ժամանակների ընթացքում գեների որոշ որակներ սկսում են տարբեր դրսևորումներ ստանալ, բայց լեզվի պահպանման դեպքում նրանց հիմնական պարունակությունը մնում է անփոփոխ: Այնպես որ ազգերը պատահական ծնունդ չեն, նրանք ընտրված են Արարչի կողմից:
– Այսօր շատերն են ասում, որ մենք օտարված ենք մեր նախասկզբնական տեսակից, մեր հոգևոր արժեքների որակով հեռացել ենք ինքներս մեզնից:
-Նման երևույթ կա, բայց գեներն այստեղ “մեղք” չունեն: Ցանկացած մարդ, տվյալ դեպքում` հայորդի, եթե այլ միջավայրում ծնվի, դաստիարակվի, կդառնա հայկական գեն կրող, բայց հայկական հոգևոր դաշտից հեռու մի անձնավորություն: Նման հեռացում կա, բայց գենը չի կորչում, չի ոչնչանում:
-Իսկ դուք ինչպիսի՞ զարգացում եք կանխատեսում. նոր հազարամյակում քրիստոնեության գերակայությունը կպահպանվի՞: Ի՞նչ են ասում հազարամյակների հոլովույթի դիտարկումները:
-Երրորդ հազարամյակում, երբ ձկան դարաշրջանից անցում կկատարվի ջրհոսի դարաշրջան, քրիստոնեական հավատքում կլինեն նոր մեկնություններ: Իսկ մենք գիտենք, որ ճշմարիտ քրիստոնեությունն ունի հին արմատներ. այլ անվանումներով այն առկա էր հին Եգիպտոսում, հին Հայաստանում և արևելյան այլ երկրներում: Այս ամենը կբացահայտվի: Եվ հին հավատքները, որոնք արժեզրկված էին և թյուր էին ընկալվում, կստանան իրենց ճշմարիտ մեկնաբանությունը: Իսկ մենք արդեն մեր հին ու նոր հավատքների միջև էական տարբերություն չենք տեսնի: Այդժամ կկարողանանք նաև կյանքի կոչել մեր հին արժեհամակարգը: Եվ արդեն մեր գենն առավել կծաղկի, ողջ ճոխությամբ իր դրսևորումը կունենա մեր մեջ:
Գոհար Սարդարյան



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արամ Մկրտչյան
Jan 13, 2011 2:29