Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, January 8, 2011 1:45 - 5 քննարկում

…պարոնայք , զբաղվեք ձե՛ր գործով , քանի որ լրագրությունը ձեզ այնքա՛ն էլ չի սազում :

Վերջերս , «Շանթ» հեռուստաընկերությունը կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված Արևմտյան Հայաստանի հայերի Հայ Ազգային Խորհրդի երրորդ համագումարին , Արևմտյան Հայաստանի հայերի խնդիրներին : Հանդիպմանը մասնակցողների թվում , սակայն , չկային Ազգային Խորհրդի պատասխանատու ներկայացուցիչները , մասնավորապես , անգամ տեղեկացված չէր Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը : Ի՞նչն էր նախորդել այս հաղորդմանը .
Ինչպես հայտնի է , սույն թվականի նոյեմբերի 27 -28 – ին Մարսելում կայացավ Արևմտյան Հայաստանի Հայերի Հայ Ազգային Խորհրդի երրորդ համագումարը , որին մասնակցեցին ինչպես Խորհրդի ներկայացուցիչներ , այնպես էլ հյուրեր աշխարհի բոլոր կողմերից : Հնչեցին բազմաթիվ ելույթներ՝ ինչպես ճանաչողական և իրավական , այնպես էլ՝ ծրագրային բնույթների , ուր ներկայացվեցին 2011 թվականին կազմակերպության գործունեությանն ուղղված առաջարկներ :
Աշխատանքային երկու օրվա ընթացքում , մասնավորապես , քննարկվեցին Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքներին առնչվող , Ջավախքի սոցիալական խնդիրներին , Հայոց ցեղասպանությանը վերաբերվող փաստաթղթերի հավաքման՝ Ազգային արխիվի ստեղծմանն ու այլ կարևոր բնույթի հարցեր : Փորձագետների ներկայությունն՝ այդ թվում նաև ինտերնետային կապի միջոցով, ապահովված էր Հայաստանից , Եվրոպայի տարբեր երկրներից , ԱՄՆ – ից :
Ընդհանուր առմամբ , համագումարի աշխատանքն , անկասկած , դրական էր և արդյունավետ : Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը շատ մատչելի ու հանգամանալից կերպով ներկայացրեց ա՛յն անվիճելի իրավունքներն ու հնարավորությունները , որ ունեն Արևմտյան Հայաստանի հայերը , որպես բնիկ էթնոս՝ իրենց Հայրենիքում : Նորություն չի՛ լինի և ո՛չ էլ գաղտնիք՝ ասելը , թե ինչ անուրանալի ներդրում ունի Արմենակ Աբրահամյանը Համագումարի կազմակերպման և ընդհանրապես , Հայ Ազգային Խորհրդի արդյունավետ գործունեության ասպարեզում : Այստեղ տեղին և պարտադիր ենք համարում շեշտել նրա , որպես կազմակերպչի , անձնական օրինակով ոգեշնչող գործչի ու իսկական առաջնորդի հսկայական աշխատանքը՝ Արևմտյան Հայաստանի հայերի ինքնակազմակերպման , սեփական ուժերի ճանաչման և որ ամենակարևորն է ՝ նրանց մեջ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՈՑՆ անշեջ պահելու գործում :
ՈՒրախալի և ոգեշնչող է նաև , որ Արմենակ Աբրահամյանի ջանքերի շնորհիվ այսօր ոգևորություն ու հետաքրքրություն է առաջացել նաև Հայաստանում ու աշխարհասփյուռ տարբեր գաղթօջախներում : Դրա վկայություններից մեկն էլ ՝ «Շանթ» հեռուստաընկերության կողմից կազմակերպված վերոնշյալ հանդիպումն էր՝ Արևմտյան Հայաստանի հայերի հայրենակցական միություն , Ազգային Խորհուրդ ներկայացնող մի քանի գործիչների հետ : Հանդիպում , որ թեև պետք է ոգևորություն առաջացներ , սակայն ի սկզբանե դատապարտված էր քամահրանքի . դիլետանտ ու բռնազբոսիկ հաղորդավարների ՝ շինծու անմեղությամբ ուղղորդված հարցերը ՝ նունքան շինծու պատասխաններով, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք էին տալիս : Բանն այն է , որ վերամբարձ տոնով խոսում էին մի երևույթի մասին , առանց անգամ հիշատակելու դրա՝ տարիներ շարունակ ոգեշնչողներից , կյանքի կոչողներից ու գաղափարակիրներից մեկի անունը : Ավելին , Արմենակ Աբրահամյանի գործունեությանն ուղղված՝ քամահրանքով ու անթաքույց հեգնանքով հնչած հարցին հետևեց նույնքա՛ն լկտի՝ «չգիտեմ» պատասխանը : Ի՞նչ է սա – խա՞ղ , թատրո՞ն , թե՞ դիմակահանդես : Ինչպե՞ս կարող եք զբաղվել մի գործով , առանց դույզն իսկ տեղյակ լինելու դրա նախակարապետների մասին : Բարոյական ի՞նչ իրավունքով է կոմսոմոլի գրագիր հիշեցնող՝ Արևմտահայերի Մոսկովյան համքարության նախագահը հեգնում , թե « մարդիկ իրենց համար գործ են ճարել , գործ են անում »: Երբ Արմենակ Աբրահամյանը իր պես նվիրյալ քչերի հետ արյամբ էր կերտում Հայրենատիրության ՈՒղին, կարենմիքայելյաններն ու գևորգպողոսյանները հաստատ չէին էլ ենթադրու՛մ , որ « կոմսոմոլի երջանիկ ուղուց » բացի կարող է լինել մեկ ա՛յլ ապագա : Իսկ «Շանթ» – ի ծծկեր վայ – քաղաքական մեկնաբաններին խորհուրդ կտայինք . հաղորդում պատրաստելուց առաջ հանգամանորեն ծանոթանա՛լ նյութի նախապատմությանը , հեգնանքով ու շինծու անգիտությամբ չանտեսե՛լ ամենօրյա տքնաջանությամբ պատմություն կերտող անձանց և որ ամենակարևորն է ՝ նրանց փոխարեն ասպարեզ չհանե՛լ անհոգի ու մակերեսային փերեզակներին : Հակառակ դեպքու՛մ , պարոնայք , զբաղվեք ձե՛ր գործով , քանի որ լրագրությունը ձեզ այնքա՛ն էլ չի սազում :

« Հայկյանների Միություն »
Ֆրանսիա



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Jan 8, 2011 9:50