ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, December 29, 2010 6:36 - 1 քննարկում

Թող 2011-ը նախագահի համար «Փող Հավաքելու» տարուց փոխակերպվի «Խելք Հավաքելու» տարվա:

Ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել

picresize«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հետ կապված հանրությունը գիտի ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ գրեթե ոչինչ։

Այսպես. ՀՀ նախագահական ապարատի համապատասխան շրջանակներն իրենց վերահսկողության տակ գտնվող «ընդդիմադիր» լրատվամիջոցներով նախ շատ սրտաճմլիկ ու կրիմինալ սերիալ հիշեցնող մի «սլիվ» արեցին, որտեղ գործող ֆիգուրների դերում Գ. Բեգլարյանն ու նախագահականի աշխատակից Արամ Կանդայանն էին։

Բեգլարյանը ներկայացված էր ծեծողի ու առևանգողի, իսկ Կանդայանը՝ ծեծվողի ու առևանգվողի դերում։ Ու քանի որ պատմությունն այդ շատ հուզիչ էր, ուստի սրտից թույլ հայ հասարակությունը (նպատակային ուղղորդմամբ՝ իհարկե), ստերեոտիպային մտածողության շրջանակներում, անմիջապես «որսաց» «սլիվն» ու սկսեց դատապարտել չար քաղաքապետին և պաշտպանել բարի «Իվանուշկային»։ Թեման հատկապես լայնորեն քննարկվեց սոցիալական ցանցերում։ Այդ քննարկումների թեժացումից քիչ անց Երևանի քաղաքապետարանը հերքեց «սլիվը»։ Հետո ՀՀ նախագահի մամլո խոսնակը հայտարարեց, որ նախագահի աշխատակազմի աշխատակցի և Բեգլարյանի մասնակցությամբ միջադեպ տեղի է ունեցել, բայց ոչ այն ձևով ինչպես ներկայացնում է մամուլը (ա՜խ այդ մամուլը, ա՛յ, ա՛յ, ա՛յ), բայց նա չասած, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել և հատկապես ո՞ր պահն են չափազանցացնում այդ չարաճճի մամուլի միջոցները:

Ամենահեետաքրքիրը ՀՀ նախագահի անուղղակի արձագանքն էր այդ միջադեպին.  Սերժ Սարգսյանին հղում անելով ասվեց, որ անընդունելի են նման երևույթները, որից հետո հեռուստաընկերություններով սկսեցին անընդհատ պտտեցնել Սարգսյանի 2008-ին արված մի հայտարարություն, որտեղ խոսք էր գնում անթույլատրելի ու անհանդուրժելի երևույթների մասին։ Ասել կուզի՝ Ս. Սարգսյանը, իր ոճին հավատարիմ, ուղղակի չխոսեց Բեգլարյանի թեմայով ու այդպես էլ անհայտ մնաց, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել։ Ավելացնենք, որ ոստիկանությունում որևէ դիմում-բողոք և, հետևաբար, հարուցված գործ չկա այս թեմայով չկա։

Ուշագրավն այն է, որ այս գործընթացի անմիջական մասնակիցներից և ոչ մեկը հրապարակավ և իր դեմքով չխոսեց տեղի ունեցածի մասին. նրանց փոխարեն խոսում են այլոք։ Լուռ է և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Գագիկ Բեգլարյանի դեմ արշավի անմիջական ղեկավար, Ս. Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և՛ Գագիկ Բեգլարյանը, և՛ Արամ Կանդայանը։

Միջադեպի ու դրան հետևած իրադարձությունների անմիջական մասնակիցները լռում են, ըստ էության  դեպքի ամբողջ մանրամասները հայտնի չեն, սակայն տարատեսակ դեմքերը հանդես են գալիս հայտարարություններով, ասուլիսներով և դատապարտում այդ (ո՞ր) երևույթներն ու գովում ՀՀ նախագահին, ով «նիկոլի թվին» ասել էր, թե իր համար անթույլատրելի ու անհանդուրժելի են նման (ինչպիսի՞) երևույթները։ Շատ զավեշտալի տեսարան է։ Փաստորեն Սերժ Սարգսյանի համար ընդունելի է տասը զոհի գնով իշխանությունը վերցնելը, բայց անընդունելի են նման (ինչպիսի՞) երևույթները։

Ճիշտ կլինի, որ «բարեփոխումների» կուրս վերցրած Սարգսյանն ամեն դեպքում ի՛ր դեմքով հանդես գա հանրության առաջ ու բացատրի թե ի՞նչ է տեղի ունեցել և  ի՞նչն է իր համար անթույլատրելի, այլ ոչ թե թաքնվի «ըստ մամուլի տեղեկությունների» ձևակերպման հետևում ու միևնույն ժամանակ խոսի թափանցիկ աշխատանքի մասին։

Կարեն Հակոբջանյան

Տարածել



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Samvel Jeshmaridian, PhD
Dec 29, 2010 17:02