ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, December 23, 2010 23:10 - 3 քննարկում
ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ`ՑԵՂԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Սահմանումը, ըմբռնումները:
Յուրաքանչյուր կենսունակ՝ իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբռնումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատեւման ռազմավարությունը, որոնց տեսաբանված ամբողջությունը հանդես է գալիս իբրեւ տվյալ ազգի գաղափարախոսություն: Այն նրա համար դառնում է մի տեսակ Ավետարան, որով նա առաջնորդվում է իր գոյության ընթացքում: Առանց այդ գաղափարախոսության, որեւէ ազգ կենսունակ չէ ազգերի գոյության պայքարում: Առանց դրա, նա դառնում է պատեհապաշտ՝ գործելակերպի մեջ անսկզբունք, նպատակի եւ անելիքի մեջ չկողմնորոշվող, եւ, հաճախ, իբրեւ դեպքերի խաղալիք, դուրս է մնում պատմության ասպարեզից.վկա՛ ազգերի գոյապայքարը: Այդ է ցույց տալիս նաեւ մեր պատմությունը, որի արյունոտ ու արցունքոտ էջերից շատերը արդյունք են սեփական գաղափարախոսության բացակայության եւ օտար արժեքների, ուսմունքների ազդեցության:
Այդուհանդերձ, Ազգային գաղափարախոսությունը (այսուհետեւ՝ Ա. Գ.) մեկ, ամբողջական փաստաթուղթ չէ, այլ՝ բազմաշերտ: Օրինակ, հրեական գաղափարախոսությունն իր մեջ ներառում է գաղափարական մի շարք համակարգեր՝ Թորա, Թալմուդ, Կաբբալա, Սիոնիզմ եւ այլն, որոնք թեեւ ժամանակների ու շոշափվող հարթությունների առումով տարբեր են, բայց էաբանորեն նույնն են:
Հայկական գաղափարախոսության մեջ առկա է ե՛ւ Այբուբենը, ե՛ւ Էպոսը, ե՛ւ հայոց Աստվածաճանաչողությո՛ւնը, ե՛ւ Ցեղակրոնությունը, ե՛ւ Տարոնականությունը… եւ ապագայում ստեղծվելիք արժեքավորը, որոնք ունենալով իրենց ուրույն տեղը գաղափարախոսության մեջ՝ ամբողջացնում են այն:
Մեզանում հաճախ է խոսվում Ա. Գ.-յան՝ կեղծ կամ իրական կատեգորիա լինելու առնչությամբ: Ա. Գ.-ը կեղծ հռչակողները, թերեւս, ելնում են նրանից, թե չի՛ կարող լինել մեկ, միասնական գաղափարախոսություն հայության բոլոր անդամների կամ հատվածների (իմա՝ հայ ժողովրդի) համար: Մենք էլ ենք պնդում, որ չկա՛ համընդհանուր գաղափարախոսություն բոլոր հայ կոչվողների (օրինակ՝ ազգասերի ու ազգադավի, աշխատավորի եւ թալանչիի) համար: Բայց անպայմանորեն կան ընդհանրական գաղափարներ եւ արժեքներ (Հայրենիք, Անկախություն, Լեզու, Մշակույթ եւ այլն) բոլոր այն հայորդիների համար, որոնք շատ թե քիչ պարտավորվածություն են զգում Ազգի եւ Հայրենիքի հանդեպ: Իսկ Ա. Գ.-ը, մեկ այլ ձեւակերպմամբ, այդ ընդհանրական՝ Ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգն է: Թյուրիմացությունը (եթե այն, իհարկե, միտումնավոր չէ) նըրանումն է, որ «Հայ ազգ»-ի մեջ ոմանք ներառում են բոլոր հայանուններին (իրականում նկատի ունենալով հայ ժողովուրդը), իսկ մենք՝ հայ մնալ կամեցողներին, հայորեն ապրել ձգտողներին (այսինքն՝ հայ ազգը):
Վերոնշյալը, նաեւ, «ազգ» եւ «ժողովուրդ» եզրերը շփոթելու, դրանք չտարբերակելու ակնառու օրինակ է, ինչը պարտադրում է վերացնել այդօրինակ հասկացությունների՝ մեզանում առկա խառնաշփոթը, տալով դրանց սահմանումն ու տարբերակումը:
Ե՞րբ է առաջացել Ա.Գ.-ը:
Մեր կարծիքով, Ա.Գ.-ը՝ իբրեւ ազգային գաղափարների համակարգ, իբրեւ Ազգի առաքելության իմաստաբանություն, գոյություն ունի ի սկզբանե, Ազգի ծնունդի հետ, եւ խնդիրը ո՛չ թե այն ստեղծելը, այլ՝ ճանաչելը, հայտնագործելն է:
Պատմական ի՞նչ դրսեւորոումներ է ունեցել:
Ցավոք, մենք չգիտենք, արդյո՞ք եղել է ձեւակերպված գաղափարական համակարգ նախաքրիստոնեական Հայաստանում՝ մեհենական իմաստություններում: Գիտությունն այդ մասին առայժմ բան չի ասում: Իսկ միջնադարյան կամ նորդարյան հայ իմաստասիրական միտքը, բացառությամբ աննշան առկայծումների, կարելի է ասել, այդ բնագավառում մնաց ամուլ: Այս շրջանում մեզանում գաղափարախոսական շատ թե քիչ ամբողջական ազգային համակարգերի գոյության մասին պետք է արտահայտվել մեծ վերապահությամբ: Ավելի ճիշտ կլինի խոսել՝ այդ շրջանում ազգային այս կամ այն գաղափարի բյուրեղացման, դրա իրացումը որպես նպատակ դարձնելու մասին: Որպես այդպիսին առավել ցայտուն էին սեփական ինքության պահպանման (հայ-քրիստոնյայի) եւ դրան միտված՝ «վասն հավատո եւ հայրենյաց» նահատակվելու գաղափարախոսությունը, ինչպես նաեւ՝ օտարի լծից ազատագրվելու եւ սեփական պետություն ունենալու գաղափարախոսությունը: Հասկանալի է, որ այստեղ գաղափարախոսության գոյության մասին խոսելը պայմանական է:
Նորագույն ժամանակներում եղան ամբողջական գաղափարական համակարգեր տալու հաջողված փորձեր, որոնց շարքում հատկապես պետք է առանձնացնել Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի եւ այլոց կողմից ձեւակերպված Ցեղակրոնությունը եւ Տարոնականությունը: Ինչեւէ, ամբողջական հայկականության տեսությունը դեռ պիտի վերակերտվի:
Ո՞վ է որոշելու այդ գաղափարախոսությունը:
Ոմանք, տուրք տալով ամբոխավարությանը, պնդում են, թե ժողովուրդը պետք է որոշի՝ ո՞րն է իր Ա.Գ.-ը, եւ իբրեւ դրա իրականացման միջոց, առաջարկում են հետեւյալը. թող ժողովուրդը ընտրությունների միջոցով նախընտրի այս կամ այն կուսակցության գաղափարախոսությունը, որն էլ նրա համար կդառնա Ա. Գ.: Հարկ չենք համարում հիմնավորել, թե որքան անլուրջ եւ ամբոխին դուր գալու ձգտում ունի այս մոտեցումը:
Ազգի մտավոր ընտրանին է մշակողն ու ամբողջացնո- ղը Ա.Գ.-յան, որն էլ ազգի մնացած անդամների համար դառնում է աշխահընկալման հիմք, կյանքի կողմնորոշիչ: Իսկ մտավոր ընտրանին, անշուշտ, չի որոշվում ընտրությունների ու քվեարկությունների միջոցով, այլ՝ ձեւավորվում է բնական ընտրության ճանապարհով: Ընտրյալներն ի հայտ են գալիս հատկապես պատմության անկյունադարձների ժամանակ, եւ շնորհիվ իրենց մտավոր ու բարոյական կարողականության՝ բնականորեն դառնում տվյալ ազգի մտավորականներ:
Արդի վիճակը:
Հայ կյանքում այսօր առկա համակարգային ճգնաժամը, մեր խորին համոզմամբ, հետեւանք է արժեքների սեփական համակարգի չհաստատման, որի արդյունքում՝ հայությունը, համատարած կապկումի պայմաններում, դառնում է անդիմագիծ: Ա. Գ. վերաբերյալ շուրջ 10-ամյա խոսակցությունները կարծես մտել են փակուղի: Նախորդ իշխանությունների կողմից այն միանշանակորեն մերժվում էր: Ներկա իշխանությունների համար Ա.Գ. խնդիրն օրակարգի հարց չէ :
Մեր պետությունն առ այսօր չի ասում իր քաղաքացուն, թե ո՞րն է նրա կյանքի իմաստը, ինչո՞ւ ինքը պիտի հա՛յ մնա, ապրի Հայրենիքո՛ւմ, դրա համար մեռնի՛, զոհաբերի՛ հանուն սերունդների, կամ՝ ի՞նչ ասել է՝ լինել լա՛վ քաղաքացի, լա՛վ հայ…
Սրանք կենսական հարցադրումներ են, որոնց պատասխանները պետք է փնտրել հոգեւոր-բարոյական արժեքների հարթության մեջ: Այդ պատասխաննե՛րն են կանխորոշելու մեր անելիքը, իմաստավորելո՛ւ մեր պատմական ընթացքը:
Մեզանում դեռ չի գիտակցված, որ ամեն մի բարեփոխում սկսվում է մարդուց՝ նրա հոգեբարոյական կերպարի ձեւավորումից: Քանզի, եթե մարդու՝ իբրեւ հայի եւ Հայաստանի քաղաքացու համար չի սահմանված բարոյական արժեքների համակարգ եւ դրանից բխող վարքի կանոններ, ու այդ ամենը չի հասցված նրա սրտին եւ ուղեղին, անընդհատ պիտի գանգատվենք օրենքների չգոյությունից, դրանց անկատարությունից, տնտեսական ոչ ճիշտ քաղաքականությունից, դատական համակարգից, աշխարհագրական դիրքից, ճակատագրից…, Աստծուց:
Հայաստանում այսօր չկա՛ որեւէ ազդեցիկ հասարակական ուժ, որի գործունեությունը հիմնվեր Ա.Գ.-ան վրա: Նույնիսկ քաղաքական այն ուժերը, որոնք սովորաբար հանդես են գալիս դրա գոյության եւ պետականորեն անհրաժեշտ լինելու օգտին, այսօր գործի եւ գաղափարի ներդաշնակեցման դժվարին խնդրի առաջ են:
Հայ եկեղեցին, որ Ա.Գ.-յան ամբողջական կրողի հավակնություններ ուներ, ներկայումս նախընտրել է աշխարհիկ խնդիրների ոլորտը, վտանգելով իր՝ հոգեւոր հաստատության լինելու հանգամանքը:
Իսկ մտավորականությո՞ւնը: Այսօր Հայաստանում մըտավորականություն՝ որպես ազգային-հոգեւոր դաշտում գործող, իրար ընդհանուր գաղափարով շաղկապված մի համախումբ, ցավոք, չկա՛: Կան անհատ մտավորականներ, որոնք այս կամ այն կերպ փորձում են Ա.Գ.-յան թեման օրակարգի հարց դարձնել:
Այսպիսով, մեզանում Ա.Գ.-յան կյանքի կոչումը՝ շուտափույթ լուծման ենթակա չէ: Թվենք պատճառներից մի քանիսը:
Նա՛խ, Ա.Գ.-յան ամբողջացումը տքնաջան եւ հետեւողական աշխատանք է, մի բան, որը մեր երկրում այսօր հազվադեպ է պատահում: Այն պահանջում է որոշակի կարծրատիպերի հաղթահարում եւ աշխարհայացքային նոր մոտեցումներ, ինչը դժվարություններ է ստեղծում պետական, կուսակցական ու եկեղեցական կաղապարված վերնախավի համար:
Մյուս կողմից, Ա.Գ.-ը հաստատելիս, պետք է այն գործադրե՛լ: Գաղափարախոսությունն արժեւորվում է, եթե դրա կրողներն ու հավատավորները լծվում են այն իրականացնելուն եւ գործում դրա հռչակած բարոյական արժեքներին ու սկզբունքներին համապատասխան: Հասկանալի է, որ նման ներդաշնակ վիճակ ունենալու համար՝ դեռ պետք է երազել:
* * *
Ա. Գ.-յան առիթով, հաճախ է արծարծվում «Ազգային գաղափար» եզրը: Ոմանք այդ եզրի տակ հասկանում են Ազգի գերնպատակ, առաքելություն եւ գաղափարախոսությունը կառուցում դրա շուրջ:
Մենք ելնում ենք կառուցվածքային հետեւյալ մեկնակետից. նախ հարկ է ունենալ սեփական առաքելության գիտակցմամբ սահմանված՝ ազգային գերնպատակ,* տեսլական (իդեալ), դրանից բխող գաղափարախոսություն (իդեալոգիա) եւ օրվան պատշաճ Ազգային գաղափար (իդեա):
Անշուշտ, Ա. Գ.-ը նաեւ ազգային գաղափարների համախումբ է, սակայն ազգերի պատմության անկյունադարձային ամեն ժամանակահատված առաջ է մղում մեկ կամ մի քանի գաղափարներ, որոնք, պատմական ընթացքի այդ պահին, իրենց ձգողական ուժով տվյալ ազգի համար դառնում են ոգեշնչման աղբյուր, պայքարի ուղենիշ: Եվ իրենց կենսունակությունը չկորցրած ազգերի մտավոր կամ քաղաքական ընտրանին վճռորոշ պահերին, սեփական կոչումին հավատարիմ, պարտավոր է առաջադրել իր ժամանակի Ազգային գաղափարը: Օրինակ՝ հայության համար անցյալ դարավերջին իբրեւ ազգային գաղափար առաջադրվեց Արեւմտահայոց ազատագրությունը, եւ ա՛յդ գաղափարի շուրջ ձեւավորված ուժերը հանդիսացան առավել ազդեցիկը հայ հասարակական կյանքում: 1988-ի առաջնային գաղափարը Արցախի վերատիրումն էր, ապա՝ Անկախությունը, եւ ա՛յդ գաղափարները շեփորող ուժերը դրսեւորվեցին՝ իբրեւ համեմատաբար կենսունակ քաղաքական դաշտում: Այնուհետեւ հայությունը ունակ չգտնվեց կամ չհասկացավ կարեւորությունը՝ առաջադրելու նոր Ազգային գաղափար, թեեւ, այդպիսին կարող էին լինել՝ ազատագրված հայրենի տարածքների վերաբնակեցումը, հայրենադարձությունը…, եւ բնականաբար, չունեցավ նոր ժամանակներին համապատասխան հասարակական ընտրանի:
Ո՞րն է այսօրվա Ազգային գաղափարը: Ըստ մեզ, այսօրվա մեր առաջնահերթ գաղափարը Հայոց ազգային գոյությանը սպառնացող՝ հոգեւոր-գաղափարական, քաղաքական, տնտեսական եւ տարաբնույթ ազդեցություններին համահայկականորեն դիմակայելն է՝ Հայկական Դիմադրությունը, քանզի պատմականորեն ստացվել է այնպես, որ առանց օտար-այլասերիչ ազդեցությունների դեմն առնելու, դրանց ներխուժմանը դիմակայելու, ասել է՝ թե առանց մեր ազգային ամրոցը կառուցելու, մենք անկարող կլինենք կայանալ իբրեւ հայկական պետություն, իբրեւ սեփական արժեքներով հարատեւող ազգ:
* Մեր գերնպատակ-առաքելությունը մենք հասկանում եւ սահմանում ենք այսպես. սեփական Ոգու զարգացմամբ եւ Հայ Ցեղի հավիտենության ապահովմամբ՝ Բացարձակին ու Հավերժին, որ է՝ Արարչին մերձենալը:
Մուշեղ Լալայան