ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, December 20, 2010 23:58 - 1 քննարկում
ՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐ «ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ» ՆԵՐՔՈ…
«ՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐ «ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ» ՆԵՐՔՈ»
Հիշո՞ւմ եք` «Պահպանեք հրեաներին, թե չէ նրանց վերջը կտան, կանցնեն մեզ»։ Իհարկե, Ռուսաստանում դժվար է հրեաների վերջը տալը. մեծամասնությունը մեկնել է «ավետյաց երկիր», իսկ մյուսներն իրենց համար առոք-փառոք բարգավաճում են հսկվող գյուղակներում` բարձր ցանկապատերի հետևում։ Այնպես որ հին «մենթալ» կոդը` «Խփի՛ր ջհուդներին` փրկի՛ր Ռուսաստանը», հարկ եղավ փոխել` «Խփի՛ր»…, և այնուհետև, ըստ ճաշակի` «կովկասցիներին, ուզբեկներին, տաջիկներին, չինացիներին»։ Եվ դարձյալ, ինչպես հարյուր տարի առաջ, թնդաց ահավոր բառը` «ջարդ», և դարձյալ, ինչպես նախկինում, քաղքենիների դեմքին հայտնվեց սևհարյուրյակայինների այլանդակ, գազանային ծամածռությունը։ Ասենք, հիմա աշխարհի քաղաքներում տեղի ունեցող անկարգություններով ոչ ոքի չես զարմացնի։
Ճգնաժա՞մն է մեղավոր, թե՞ տիեզերքից Երկիր են թափանցում ագրեսիվ հոգեհոսանքները, բայց փաստը մնում է փաստ, որ ամբողջ Եվրոպայում զարմանալի հետևողականությամբ և բութ դաժանությամբ ասպարեզ են գալիս երիտասարդներ և իրենց ճամփին խորտակում ամեն ինչ։ Նրանք հանդես են գալիս կառավարությունների և կենսապայմանների դեմ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այստեղ դարձյալ գլուխ են բարձրացրել ռուսի յուրահատուկ հոգեկերտվածքն ու «ռուսական հոգու առեղծվածը», և դժբախտությունների համար մեղավոր է, ինչպես միշտ, ով ասես, բայց ո՛չ «հարազատ յուրայինները»։
Այդ անկարգություններից հետո փաստորեն բոլորը հնչեցնում են հավերժական ռուսական հարցը` «ո՞վ է մեղավոր», «ի՞նչ անել»։ Նկատենք, որ Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներում ջարդերն արդեն կնքել են «Սպարտակի ապստամբություն» անվամբ, իսկ եթերում անցկացված վերջին բոլոր քվեարկությունները հերթական անգամ հաստատեցին օբյեկտիվ ճշմարտությունը. հարցման մասնակիցների 87 տոկոսը պաշտպանում է հանրահավաքների մասնակիցներին, որոնք գոչում են «զիգ հա՛յլ», կեռխաչ նկարում թարմ ձյան վրա և ծեծելով մահվան դուռը հասցնում անցանկալի անցորդներին։ Եվ այդ ամենը հիմա անվանում են հայրենասիրություն։ Կարևոր է և այն, որ հարցման մասնակիցների լսարանը ոչ միայն տնտեսապես ամենաակտիվ սոցիալական խավն է, որը պահում է երկիրը, այլև պակաս ապահովվածը։ Այսինքն, խոսելով ահավոր իրականության մասին, այժմ գլխավորն է չմոռանալ հնարավոր, է՛լ ավելի ահավոր հեռանկարների մասին։ Արդեն ակներև է դառնում, որ երկրում պայմաններ կան կտրուկ ու հեշտ ապակայունացման համար։ Պարզվեց` դեռ մինչև վերջերս թվացյալ բարօրությունն ու անդորրը պատրանք են` հիմնված սոսկ գերեկամուտների վրա, իսկ երբ դա փլվեց, Ռուսաստանում երևան եկան պատճառներ ու առիթներ «գեղը գեղի դեմ» կռվելու համար։ Պարզվեց, որ հազարավոր մարդկանց համար դժվար է դիմանալ դժգոհության փուքսը բաց թողնելու գայթակղությանը, իսկ մեղավորները, ինչպես միշտ, այլազգիներն են։
Սակայն հանուն անաչառության նշենք, որ դժգոհության գազանային դրսևորումները «սնուցվում» են երկու բևեռներից (դա վերաբերում է սովորական բնակիչներին, ապակայունացման մյուս, ավելի վտանգավոր ու նշանակալից պատճառների մասին կխոսենք ստորև)։ Ռուսաստանի Դաշնությունում, իրոք, կան մի քանի հանրապետություններ, որտեղից եկածներն ապրում են արտահամակարգային հասկացություններով։ Նրանք առավել ենթակա են իրենց ավանդույթներին, քան երկրի օրենքներին։ Նրանք հենվում են իրենց սփյուռքի վրա և ավելորդ են համարում հարմարվել այն տարածքների նորմերին, որտեղ ապրում են։ Նրանք հաճախ վարակված են փոխվրեժի մոլուցքով` «Հարգի՛ր Կովկասը»։ Առանց քաշվելու նրանք դա ցուցադրում են թե՛ լեզգինկայի հրապարակային կատարումներով, թե՛ կրակոցներով (առայժմ միայն դեպի օդ) հասարակական վայրերում, թե՛ «Մոսկվան մերը կլինի» և «Ռուսաստանը մեր կլինի» կարգախոսների վանկարկումներով։ Ի՜նչ արժե միայն այն, որ Կուրբան Բայրամի ժամանակ հիսուն հազարից ավելի մահմեդականներ էին հավաքվել Մոսկվայի մայր մզկիթի մոտ և հիմնովին կաթվածահար արել երթևեկությունը։ Ի՜նչ արժե անասունների զանգվածային մորթը մոսկովյան բակերում։ Ինչ արժե Կադիրովի 45 կամ 50 մեքենաներից բաղկացած կորտեժը, որը կանաչ լույսի տակ մուտք է գործում Մոսկվա։ Բազմաթիվ եկվորների կենցաղային ագրեսիվությունը միտված է սեփական ինքնահաստատմանը` տեղացի բնակիչների նվաստացման հաշվին, որոնք այդ ամենն ավելի ու ավելի հիվանդագին են ընկալում։ Եվ, բնական է, որ մոսկվացիները վրդովվում են. «Այդ ի՞նչ են նրանք իրենց թույլ տալիս» (նկատենք նաև, որ «Սպարտակի» երկրպագուի սպանությունը տեղի էր ունեցել «ո՞ւմ տաքսին է» բնույթի հաշիվներ մաքրելիս)։ Դրան ավելանում են նաև կովկասցու համար տխրահռչակ վեց ռուբլի լրավճարները` ցանկացած այլ բնակչի մեկ ռուբլու դիմաց։ Որքան կարելի է հասկանալ Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներից, երկրի մարզերում ձևավորվում են կովկասցի երիտասարդության մարտական ջոկատներ, օրինակ, տխրահռչակ «սև ճուռակները», դրան գումարվում է մշտական սարսափը մահապարտ ահաբեկիչներից, որոնց այդպես էլ չի հաջողվում «թրջել միզարանում»։ Առանձնակի լարվածություն է ստեղծում նաև այն փաստը, որ կովկասցիները եռանդագին յուրացնում են իշխանության միջանցքներն ու իրավապահ մարմինների պաշտոնյաների աշխատասենյակները (Սուրկովի` իշխանության մեջ «ճակատագրեր որոշողներից» մեկի չեչենական ծագումը մշտական քննարկման առարկա է)։ Այսինքն, շատ ռուսների ընկալմամբ, «ոչ թե Չեչնիան է հնազանդեցված, այլ հակառակը` Կրեմլը և Ռուսաստանն են ենթակա Չեչնիային»։ Համապատասխանաբար սկսում է հատնել հասարակության համբերությունը, ինչը, ինքնին հասկանալի է, կտրուկ մեծացնում է լարվածությունը։ Եվ հիմարություն է կարծել, թե «Վարքագծի կուլտուրան Մոսկվայում» դասախոսությունները, հանդուրժողականության մասին հորդորներն ու նոր «ռուսաստանյան քաղաքացիական հասարակության» ձևավորման շուրջ խոսակցությունները որևէ օգուտ կտան և որևէ բան կշտկեն։
Ռուսական խռովությունը, ինչպես ասում էր դասականը, «ահավոր է և անողոք»։ Ընդ որում, օտարատյացությունն ու դրա դրսևորումները գրեթե միշտ սերմանում են նրանք, ովքեր ատում են։ Այսպես, այս օրերին ընթանում է պրոֆտեխուսումնարանի շրջանավարտ Անտոն Վասիլևի «Սլավոնական ինքնավար դիմադրություն» հրոսակախմբի դատավարությունը։ Մեղադրականում ասվում է. «Մորթել են կորեացու, հետո վիետնամցու, հետո բենզին են լցրել և ողջակիզել երկու կորեուհու։ Նկարահանել են տեսախցիկով, թե նրանք ինչպես են այրվում։ «Տուլսկայա» մետրոյի մոտ սպանել են Ջամբարով ազգանունով անցորդի` 22 հարված հասցնելով դանակներով։ Հետո մորթել են թափառական կովկասցու։ Ի վերջո, հրկիզել են միլիցիայի մեքենաների կայանատեղը, այնուհետև պղծել սինագոգ և… ուղղափառ եկեղեցի»։ Դեռ ավելին, եթե ջարդարարներին հարցնեք` «միգուցե ավելի լավ է չնյարդայնացնել ոչ ոքի և Ռուսաստանից անջատել ազգային փոքրամասնությունների երկրամասերը», պատասխանը, ինչպես դժվար չէ կռահել, կլինի մեկը. «Մենք կողմ ենք կայսրությանը»։ Այսինքն, ապրիր, ինչպես հրամայում ենք կամ… Չեմ կարծում, թե Մանեժնայայում որևէ մեկը համարժեք կարձագանքի նաև այսպիսի հարցերի. «Դուք` ռուս ժողովրդին սիրողներդ, ի՞նչ է, կգնա՞ք մաքրելու բակերը, առևտուր անելու շուկաներում, տներ կառուցելու», «իսկ եթե վաղը անհետանան բոլոր նրանք, ովքեր ձեզ դուր չեն գալիս, հետո ո՞ւմ կսկսեք սպանել»։ Այսինքն, անվերջ է հարցերի շղթան, և դրանք պատասխան չունեն։ Սակայն ավելի շատ հետաքրքրում է ռուսական խռովության դասական բնորոշման երկրորդ մասը` «անիմաստ»։ Այստեղ ևս բազում հարցեր, կասկածներ ու վարկածներ են առաջանում։
Ակներև է, որ Ռուսաստանում անհանդուրժողականության խնդիրն արդեն դարձել է քաղաքական, իսկ ժողովրդի դժգոհությունն ինչ-որ մեկի կողմից հմտորեն և նպատակասլաց սնուցվում և ուղղորդվում է։ Ընդ որում, վաղուց են օգտագործվում նաև գիտակցության զանգվածային պղտորման միջոցների լայն զինանոցն ու նշանակալից ֆինանսներ (դրանց շարքից է «կովկասյան ազգության անձ» բառակապակցությունը)։ ՈՒշադրություն դարձնենք մի հետաքրքիր փաստի. ֆուտբոլի մոլի սիրահարները, որոնք կանոնավորապես դառնում են ընդհարումների նախաձեռնողներ, իշխանության կողմից միանգամայն կառավարելի զանգված են, իսկ երկրի ֆուտբոլի ակումբները ֆինանսավորվում են և ենթակա են ուժային գերատեսչություններին։ Ֆուտբոլամոլների մոտ 80 տոկոսն աջարմատական գաղափարների կողմնակից է, և ֆուտբոլային ոչ մի մրցամարտ չի անցնում առանց ցեղապաշտական կարգախոսների և պաստառների։ Մի շարք փորձագետների դիտողությունների համաձայն` «Կրեմլը տասը տարի ինքն էր ազգայնական տրամադրություններով սնում ֆուտբոլամոլներին, ու թեև Ռուսաստանը նոր-նոր է միայն իրավունք ստացել 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իր երկրում, այստեղ համատարած կոչեր են հնչում հալածելու օտարերկրացիներին. արդեն կան սպանվածներ և տուժածներ»։ Նշվում է, որ ազգայնականներն արմատականորեն տրամադրված ֆուտբոլամոլներին վերածում են գործիքի։ Օրինակ, ֆուտբոլամոլներին սրտամոտ «Սլավոնական միությունը», որը Ռուսաստանի աջարմատական բնույթի ամենամոլի կազմակերպություններից է, իր կայքում հայտարարել է «պատերազմ» սկսելու մասին և հարց է տվել. «Ո՞Ւմ կողմից ես դու»։ Շատ հետաքրքիր է նաև այն, որ «Սպարտակի» երկրպագուի սպանվելուց անմիջապես հետո կռվի վայր էին եկել շուրջ 200 գիշերային վայ-մոտոցիկլավարներ` ռուսաստանյան իշխանությանը սիրելի ևս մի անարժան ու կառավարելի խումբ։
Զգուշավորության է դրդում նաև այն, որ ջարդերը տեղի են ունեցել հենց Կրեմլի պարիսպների մոտ և Մոսկվայի պերճաշուք շրջաններում։ Աչքի է զարնում, որ ներքին գործերի նախարարությունը երկար ժամանակ միջոցներ չէր ձեռնարկում այդ գործողությունները ճնշելու համար, որ միլիցիայի ղեկավարը բանակցությունների մեջ էր մտել դիմակավոր մարդու հետ։ Այստեղից էլ հետևություններ. եթե իրավապահ մարմինները ցանկանային թույլ չտալ այդ գործողությունը, ապա կարող էին կիրառել գոնե այն եղանակներից մի քանիսը, որոնք կիրառվում են սովորական բողոքավորների դեմ։ Վարկած կա, թե հատուկ ջոկատի պասիվությունը ժողովրդի հանդեպ վախի հետևանք էր, թե այն բացատրվում է բողոքողների հանդեպ համակրանքով ու նրանց հետ համերաշխությամբ։ Սակայն չի կարելի բացառել և այն, որ և՛ «փափկությունը», և՛ «տարերային դժգոհությունը» կարևոր խնդիր էին լուծում` հիմնավորումներ ուժային կառույցների լիազորությունների նոր ընդլայնման համար։ Զուգադիպություն է, թե ոչ, բայց հենց ներկայումս Պետդուման ընդունում է «Ոստիկանության մասին» մեդվեդևյան օրենքը։ Այստեղից հետևություն. նպատակը եղել է ոչ թե անկարգությունների կասեցումը սաղմնային վիճակում, այլ դրանց ցուցադրումը հասարակությանը և երկրի ղեկավարությանը։
Այնուհետև, մինչև վերջերս, ինչպես ռուսական, այնպես էլ համաշխարհային վերնախավը համոզված և հաստատակամ պաշտպանում էր Մեդվեդևին որպես առավել հարմարվողի, թեպետև թույլի։ Չափազանց կասկածամիտ չլինենք, բայց հետաքրքիրն այն է, որ անկարգություններն սկսվել էին այն բանից հետո, երբ Մեդվեդևի օգնականը հայտարարել էր (ընդ որում, ոչ թե որևէ մեկի, այլ «Բիբիսի»-ին), որ «նախագահն ամեն ինչ անում է, որ մնա իր պաշտոնում»։ Իսկ այժմ ջարդերը կտրուկ բեկեցին իրավիճակը, և բոլորի համար հիմնական շահագրգռությունը դարձել է անվտանգությունը։ Իսկ դա, իր հերթին, ինքնաբերաբար քաղաքական մրցավազքի առաջատար դարձրեց Պուտինին։ Տարբերակը, ինչպես թվում է, այժմ մնում է մեկը. Պուտինը հայտարարում է` «այրել շիկացած երկաթով», վերադառնում է և «ուժեղ ձեռքով» կարգուկանոն հաստատում։ Ավելին, ևս մի երկու այդպիսի ջարդ, և աշխարհում բոլորը կհամաձայնեն, որ ռուսներին ազատ ընտրություններ պետք չեն, որ եթե վստահենք նրանց մեծամասնությանը, ապա նրանք, ինչպես ցույց են տվել հարցումները, այսօր կընտրեն որևէ մանրապճեղ, բայց հեռանկարային «Հիտլերի»։ Այնպես որ, նույնիսկ այդ ուղղությամբ առանձին քայլերի ցուցադրումը հանրային լուրջ ու սուր պահանջի պարագայում ընդունակ է ստեղծելու խթանիչ, որն արդյունավետորեն առաջ մղի Պուտինին։ Հնարավոր է, որ այդ երկյուղի պատճառով էր Մեդվեդևի` ռուսական իշխանության համար անսովոր արագ հակազդումը։ Չէ՞ որ դեռ անկարգությունները շարունակվում էին, երբ հաղորդում եղավ երկրում իրավակարգի ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին հրամանագիրը նախագահի կողմից ստորագրելու վերաբերյալ։ Այնպես որ, «Ռուսաստանի ակնհայտ և թաքնված թշնամիների» և «անպատասխանատու ընդդիմության» («ժամանակն է, որ կասյանովներն ու նեմցովները հանգստանան», ցասումնալից հայտարարել էր Չեչնիայի ղեկավարը) սովորական մեղադրանքները, ակներևաբար, տվյալ դեպքում անհիմն էին։
Այս ամենն ինչո՞վ կավարտվի։ Ինչպես թվում է, միայն երկու տարբերակով. առաջին` ուղղակի դեպի «ռուսական ազգայնականություն», արյունոտ խռովություն և երկրի փլուզում։ Երկրորդ ուղին` «բոլոր ժողովուրդների համար հանդուրժելի համակենտրոնացման ճամբար» «կայսերական խաղաղ երկնքի» ներքո։
Ամենակարևորը մեզ համար։ Ինչպես թվում է, շշից բաց թողնված «ջինին» չափազանց դժվար կլինի հետ խցկել իր տեղը, իսկ Ռուսաստանով մեկ ծավալվող ատելության ալիքը միայն կաճի։ Հետևաբար, մեզ համար հույժ կարևոր է մտածել մեր հայրենակիցների մասին, քանի որ հայերը փաստորեն միշտ էլ հայտնվում են զոհերի թվում։ Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում սադրանքների չենթարկվել, տոկունություն դրսևորել (հետաքրքիր է` ինչպե՞ս, երբ քեզ սպանում են) և հույսը դնել ռուսների ինտերնացիոնալիզմի վրա։ Բայց նկատենք, որ Մանեժնայա հրապարակում շատերը, այդ թվում և` աղջիկները, խմբովին վանկարկում էին. «Այդ սպանության համար պատասխան կտան ձեր երեխաները», և դա շատ արագ ապացուցեցին` մորթելով հայ դեռահասներին Մոսկվայում և Դոնի Ռոստովում։ Հիշեցնենք ևս մի հանգամանք. «Խփում եմ ոչ թե անձնագրին, այլ մռութին»։ Հետևաբար, հուսալ, թե այդ սարսափի մեջ ինչ-որ մեկը կհիշի, որ հայերը «հավատարիմ դաշնակիցներ» են և քրիստոնյաներ, առնվազն տարօրինակ է։ Դրա վկայությունն է արհամարհական «խաչի» մականունը (հայկական Խաչիկ անունից), որով «պարգևատրում են» բոլորին առանց խտրության։ ՈՒ նաև դժվար է մոռանալ սարսափն ու տարակուսանքն ադրբեջանական ջարդերն ապրած հայերի աչքերում ու խոսքերում. «Ինչի՞ համար, բայց չէ՞ որ մենք լավն ենք»։ Ահա այսպես, ոչ մի բանի համար։ Եվ, ուրեմն, իրենց ունեցած-չունեցածից և «երկրորդ սորտի» մարդու կարգավիճակից կառչելու փոխարեն, պետք է հավաքել եղած-չեղածն ու վերադառնալ։ Դեռ ժամանակ կա ճամպրուկները կապելու։ Եվ պետք է բոլոր միջոցներով կասեցնել նոր ներգաղթի ռուսաստանյան պետական զանգվածային ծրագրի իրագործումը, որն այս օրերին, ճակատագրի հեգնանքո՜վ, լայնորեն գովազդվում է Հայաստանում։ Առայժմ Ռուսաստանում միայն խփում են ու սպանում, վաղն սկսելու են արտաքսել։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
1 քննարկում
Հայկ