ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, December 20, 2010 3:06 - չքննարկված
Կաթողիկոսավայել ընտրված քաղաքապետը (երդումներով, աղոթքներով, թաշախուստով-բանով) նախագահի կողքի աթոռին չի՞ հավակնի նախկին «հերետիկոս»-ի նման …
Այս արարողակարգը պարտավորեցնող է: Հնարավոր է առաջիկայում Երևանի յուրաքանչյուր քաղաքացի իր տան բակում եկեղեցի ու ավտոտնակ ունենա:
Կ. Կարապետյան. «Պարտավորվում եմ ուժերիս անմնացորդ նվիրումով նպաստել երեւանցիների հավատքին, նրա իրավական եւ հոգեւոր կյանքին»
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ: Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Երեւանի ավագանու անդամներ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Երեւանի քաղաքապետին ընտրության կապակցությամբ, նրան մաղթեց նոր եռանդ, հաստատակամություն եւ հաջողություն: «Հայտնի է, որ Կարեն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երեւանում, ունի բարոյականության լավ նկարագիր: Մաղթում եմ, որպեսզի Երեւանի նորընտիր քաղաքապետն իր գործունեությամբ հուսախաբ չանի բոլոր նրանց, ովքեր որպես կառավարիչ տարբեր պաշտոններում նախընտրում են Կարեն Կարապետյանի տեսակը:
Իմ ակնկալիքները կապում եմ Ձեր գործելաոճի հետ: Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ 20ամյակին նվիրված նիստում խոսել ենք այն որակների մասին, որ պետք է դրսեւորի պետական պաշտոնյան»,- ասաց Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ հենց Կ. Կարապետյանն ակնհայտ կդարձնի պետական պաշտոնյային հարիր գործելաոճը: «Լիահույս եմ եւ կարծում եմ, որ մի քանի ամիս հետո պետք է հավաքվենք եւ ի մի բերենք Երեւանի քաղաքապետի աշխատանքի արդյունքները, հասկանանք` ի վիճակի՞ ենք կատարելու մեր առջեւ դրված խնդիրներն ու նպատակները, թե՞ միանգամից բարձր նշաձող ենք վերցնում:
Եթե մենք ի վիճակի ենք կատարելու մեր առջեւ դրված պահանջները, ապա ի վիճակի ենք նաեւ առաջ տանելու մեր երկիրը»,- ասաց ՀՀ նախագահը: Կ. Կարապետյանը, ստանձնելով քաղաքապետի պաշտոնը, երդվեց իր լիազորություններն իրականացնելու ընացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությոնը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն պահպանել քաղաքացիների լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների:
«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով նպաստել ժողովրդի հավատքին, նրա իրավական եւ հոգեւոր կյանքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որն ուղղված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- ասաց Կ. Կարապետյանը:
Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան նորընտիր քաղաքապետին հանձնեց ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր օրհնանքը հղեց նորընտիր քաղաքապետին`մաղթելով բեղմնավոր աշխատանք` ի բարօրություն Երեւանի: