Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, December 19, 2010 12:02 - 1 քննարկում

Թալանի վանք (Յերևան 1924).Բենիկ Ծ. վարդապետ:

Թալանի վանք (Յերևան 1924) .
Բենիկ Ծ. վարդապետ:

Բենիկ վարդապետը 20-րդ դարասկզբին Էջմիածնի հոգևոր-հասարակական կյանքում որոշակի դեր խաղացած հոգևորականներից է: Էջմիածնի ներքին կյանքին վերաբերող մեկ տասնյակից ավելի գրքերի ու գրքույկների հեղինակ է: Նա անխնա քննադատում է Էջմիածնի ներքին կյանքում տեղ գտած ախտերը ու հորդորում գտնել դրանց լուծման արդյունավետ ուղիները: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Բենիկն անդամակցել է «Ազատ եկեղեցի» շարժմանը: Կարգալույծ է եղել Գևորգ Ե Սուրենյանցի հատուկ կոնդակով:

Հայ ժողովուրդ

Հայ և ոտար թագավորներ, հայ ունեվորն ու աղքատը, մշակն ու գյուղացին են հին որերից հայոց յեկեղեցուն կալվածներ են փեշքեշ արել, հավատքով վոսկի ու արծաթ, գոհար ու մարգարիտ թափել Եջմիածին, վոր սա հայ ազգի մեջ ուսում տարածի, Քրիստոսի սերն ու Ավետարանը քարոզի, վորբ ու աղքատ պահի, ազգոգուտ գործեր անի:

Յեղել ե մի ժամանակ, վոր նա իր պարտքը կատարել ե, ինչպես վոր հասկացել ե. և հայը սիրել ե այդ յեկեղեցին: Այժմ եդպես չի. այժմ հայ ժողովուրդը յերես ե թեքել և զզվում ե հոգևորականից: Իրավունք ունի՞ թե չե: Յես ասում եմ, վոր իրավունք ունի: Ինչո՞ւ. վորովհետև դարերի դիզածը մենք թալանում ենք և կը թալանենք, քանի որ վոր դու քնած ես, համր ես, կույր ես:

Փաստեր ես ուզում, հրամե, տես:

120,000 դեսետին ընտիր հողեր ու անտառներ ունեյինք, 5 սեփական մեծ գյուղ, հսկայական կալվածներ` շենքեր բոլոր խոշոր քաղաքներում, մանավանդ Քիշնևում: Կայսերական տնից հետո առաջին կալվածատերն եյինք ամբողջ Ռուսաստանում: Այդ կալվածներով ինչ նյութական ու բարոյական վերաշինություն արինք քեզ համար, մեկն աչքս կոխիր. վոչի~նչ, վոչինչ:

Այդ կալվածները մասամբ անշնորհք տիրապետությունից այս ու այն եյին ուտում. մասամբ անմշակ մնալով խոպանացան, յեկած արդյունքն ել կերան առաջնորդներն ու իրենց բարեկամները, սինոդի անդամներն ու իրենց մերձավորները:

Բացի այդ, ազգը խոշոր կտակներ եր անում. ախր մի հարցրու թե եդ կտակների գումարները ի՞նչ արինք մենք, ի՞նչի վրա գործադրեցինք: Բա պտղին ու խաչհամբույրը, հոգեբաժինն ու պսակդրամը, լուսգինն ու նվերները, ուխտատեղիներն ու մոմագինը, կամավոր ընծաներն ու մատաղները, գավառներից շարան-շարան սայլերով յեկող յուղն ու պանիրը…յես վո՞րն ասեմ: Ախր Եջմիածինը դարերով ազգի գանձարանն ե յեղել, հարստության պահեստատունը, վոր գործ անենք ազգի համար: Մի ասա, արևդ սիրես, ի՞նչ ես ստացել մեզնից` բարոյական, մտավոր, նյութական, կրոնական: Վոչի~նչ, վոչի~նչ:

Դպրոցները ժողովուրդն եր պահում, բարեգործական հաստատությունները` նույնպես: Ճեմարանը վոր դրամ հավաքելու մի խաբկանք եր, իր դրամագլուխն ուներ: Ուրեմն ի՞նչ ենք տվել քեզ. վոչի~նչ, վոչի~նչ:

Ահա ես դրությունն եր պատճառը, վոր Նիկոլա թագավորը վոր հովանավորում եր յեկեղեցին, իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար, ասաց. աղբեր, եսքան հող ու հարստություն տվել ենք Եջմիածնին, շներոց գելերոց ե լինում, լավ ե զավթեմ, ինքս լափեմ: Առավ. ցույցեր արինք, բանդերում տանջվեցինք, աքսորներում մաշվեցինք, աղերսեցինք ազգի անունով հետ առանք: Բայց ելի են ջուրը, ելի են ջրաղացը. կարգի չընկանք:

Եջմիածինը իր ավանդական գործն եր կատարում և իր կատարածը իր նշանաբանով ծածկում. «ծածկել գարշանքը» («ծածկել զգարշելիս»):

Բայց Եջմիածնի գարշահոտությունը, վոր մի խումբ վանականների ձեռքով ավելի խորացավ և «Գերագույն Խորհրդով» պսակվեց ել չի ծածկվի. գարշահոտությունը այժմ ուղեղ ե ծակում և հիվանդաբեր ե, չը պետք է ծածկվի: Յեվ ահա ծածկոցը պատռում ենք:

Եջմիածինը պահանջում ե, վոր ամեն մի գյուղի կամ քաղաքի յեկեղեցի տարեկան յել և մուտքի հաշիվ տա իր ծխին և հոգևոր վարչության. բարի:

Ամբողջ հավատացյալ հայ ժողովուրդն ել Եջմիածնի ծուխն ե. Եջմիածինը ինչո՞ւ հաշիվ չի տալիս ազգին թե ի՞նչ ունի, ի՞նչ ե ստանում, ինչո՞ւ, վո՞րքան և ինչպես ե ծախսում:

Ինչո՞ւ Եջմիածնի տնտեսությունը, ինչպես և գործունեյությունը հավիտենական գաղտնիք մնա այդ ազգից և միշտ ել ձեռք մեկնի թե տվեք, հա տվեք:

Եջմիածնի ղեկավարները հաշիվ թող տան. ի՞նչ յեղավ վանքի 1500 պղնձեղենը, ո՞ւր ե հին ցուցակը:

Ի՞նչ յեղան չինետան հազվագյուտ թանգարժեք չինիները. ո՞ւր ե ինվենտարը:

Ի՞նչ յեղան Խրիմյանի ստացած ընծաներն ազգից:

Ի՞նչ յեղան ներքին գանձարանի արծաթեղեն ու վոսկեղեն իրերը: Ո՞ւր ե հին ինվենտարը:

Ի՞նչ յեղան Սուքիաս արքեպիսկոպոսի բոլոր միաբաններին կտակած առանձին առանձին արծաթեղեն ու վոսկեղեն իրերը:

Ի՞նչ յեղան Ավետիք Ղուկասյանի վոսկեղեն և արծաթեղեն ահագին իրերը, վոր Մատթեոս յեպիսկոպոսը Թիֆլիսից բերեց. ո՞ւր ե ցուցակը Խունունցի ստորագրությամբ:

Ի՞նչ յեղան հյուրատան հարյուրավոր մահճակալները իրենց մաքուր անկողիններով, սպիտակեղենով և արդ ու զարդով. ո՞ւր ե ինվենտարը:

Ի՞նչ յեղան կտակների գումարները. ունի՞ն ցուցակ. կա՞ն կտակագրերը:

Ի՞նչ յեղավ Ճեմարանի անձեռնմխելի դրամգլուխը. յեթե ծախսված ե ի՞նչ իրավունքով:

Ի՞նչ յեղան Ճեմարանի 200 յերկաթե մահճակալները, մոտ 300 անկողիններով, անբավ սպիտակեղենով, մի քանի հարյուր ափսեներով, դանակ, պատառաքաղ, գդալներով, սեղաններով, կահկարասիքով, հսկայական հայելիներով. սամովարներով, պղնձեղենով և այլն:

Այս և սրանց նման շատ բանից շատերը տեղեկություն չունին: Չունիմ և յես, չունիս և դու, հայ ժողովուրդ: Այդ մթություն ե. մի գաղտնիք միայն սինոդականների, իսկ այժմ Գերագույն Խորհրդի բանալիներով կողպած:

Ի՞նչ վոսկով և վորքանով այս տարի իբր թե նորոգեցին մայր տաճարի կտուրը. և ո~վ գիտե թե հեռավոր հայության ի՞նչպիսի «հսկայական նորոգության» զեկուցումն արին:

Ի՞նչ վոսկի եր, վո՞րտեղից, վոր ստացվում և ռոճիկ ե տրվում միաբաններին: Վորքա՞ն ե ստացվել և վորքա՞ն բաժանվել:

Վո՞րտեղից, ի՞նչ յեկամտով ուտում, հագնում, ապրում ե միաբանությունը: Վորքա±ն են ստանում, վորքա՞ն բաժանում:

Վորքա՞ն հագուստի կտորեղեն, թել, կոճակ, սապոն, սանր, մկրատ, կոշիկ և այլն ստացվել ե մինչև որս արտասահմանի և Ռուսաստանի հայությունից և վորքա՞ն բաժանվել:

Ի՞նչ յեղավ «Յեղբայրական օգնության» ահագին գույքը, ո՞ւր ե ինվենտարը:

Ի՞նչ յեղավ վանքի 85 տակառ ցեմենտը:

Ի՞նչ յեղան մեր հանդերձատան կտորեղենը, մահուդները, անոթեղենը. ո՞ւր են ցուցակները:

Ի՞նչ յեղան մեր խոշոր վալյուտան` Եջմիածնի գորգերը. վո՞րքան եյին, վո՞րքան կան և նույնությա՞մբ կան. ո՞ւր են հին ու նոր ցուցակները:

Ի՞նչ յեղան մեր պահեստները. կա՞ ինվենտար, ինչպես ե ծախսվել:

Ի՞նչ յեղան մեր հարուստ գինետան հին գինիները. կա՞ կանոնավոր մատյան հաշվետվության:

Ի՞նչ յեղան և ի՞նչ են լինում Մայր տաճարի գույքը. ո՞ւր յեն բոլոր հին ու նոր մատյանները, վոր տեսնենք ի՞նչ ե եղել և ինչ ե մնացել:

Եսպիսի հարցեր տուր, հայ ժողովուրդ, քո կարողության «պահապան հրեշտակներին» և պատասխան ստացիր. հաշիվ պահանջիր, ա~յ ջրատար հայ հավատացյալ, վոր քեզ սիրով կողոպտել ու Աթոռին ես տվել. տեսնենք տվածդ ազգի բարեկեցության, լուսավորության վրա՞ ե ծախսված թե վոչ:

Ես քո հաշիվների համար մենք մի քանի ընկներներով շատ ենք հալածվել գողերից, ա~յ ժողովուրդ, եդ իմացիր դու:

Մի մեռած արքեպիսկոպոս, վոր Ճեմարանի տեսուչ եր (Ժառանգավորաց յերկդասյան ուսումնարանից), Ճեմարանից բաներ եր գողանում ու իր բնակարանը ղրկում. դեռ սարկավագ եյինք: Գարեգին սարկավագը` ավագ վերակացուն բողոքեց. «յա~, յես յեպիսկոպոս, դու սարկավագ, կարա՞ս ըլնես ինձի հակառակ» կանչեց եդ ջոջ աղեն և հետևյալ որը մեզ ընկերներով Ճեմարանից վանք քշեցին:

Ահա ես ե Եջմիածնի մտայնությունը, հոգևոր փաշաների մտածելակերպը: Վոր այդ հաշվետվության տակից Եջմիածնի ջոջերը չեն կարող դուրս գալ, եդ ես համոզված եմ. փաստերը քեզ ել կը համոզեն:

Հուսիկ արքեպիսկոպոսը Քիշնևի կալվածքից գողացել եր 40,000 ռուբլի. քննեցի, ապացուցեցի: Սինոդի անդամները Մեսրոբ, Մատթեոս, Բաբգեն պաշտպանեցին գողին, գողոնքը քարին քսեցին:

Այս մասին կարդա իմ «Եջմիածնի արդարություն» գրքույկը և «Անարդարության յերեսից»:

Մարցի կալվածներից գողացված եր 35,000 ռ. փայտ և տախտակ. գողությունը բռնեցի Դսեղ գյուղում և անտառի մեջ. դատի տվի գող կառավարչին, վոր Թիֆլ. առաջնորդ Մեսրոբ յեպիսկոպոսի բարեկամն եր. գործը քարին քսեցին:

Կորյուն յեպիսկոպոսը 372 փ. աղ եր ծախել գողունի. քարին քսեցին:

Վարդան վարդապետը հանդերձատնից գողացել եր թոփով կտորներ, թավիշ, դյուժիններով դանակ, պատառաքաղ, սապոն, մի խուրձ պատրույգ, ցորեն և այլն: Իբրև վերստուգիչ քննիչ, զեկուցել եմ ժամանակին վանական ջոջերին. քարին քսեցին:

Զավեն յեպիսկոպոսը, այս մասնագետ թալանչին, կերել ե Հռիփսիմեյի վանքի մոտ 11 խալվար ցորենը, գարին, Անդրանիկի վանքին նվիրած վոչխարները, կովերը,ձին և շատ գույք: Վանական խորհուրդը ինձ` վերստուգչիս առաջարկեց քննել այդ գործը. սկսեցի, ինչ սիլի-բիլի արին Զավենի հետ, չը գիտեմ. Բանավոր կերպով քննությունը դադարեցնել տվին. Քարին քսեցին: Զավեն յեպիսկոպոսը ոգտվելով վերջին հեղաշրջումից թալանել ե վանքի այն բնակարանների գույքը, վորոնց մեջ խորհրդային պաշտոնյաներն եյին ապրում. ահագին քանակությամբ գորգեր, անկողիններ, սամավարներ, չեմոդաններ և գցել եր անմեղ սասունցիների վրա: Զավենի ասելով տանելիս տեսել ե Բարդուղիմեոս յեպիսկոպոսը, վորի մեծ գորգը վերջերս բռնվեց Զավենի մոտ. նրա մոտ բռնվեց և Գարեգին յեպիսկոպոսի գորգը: Ես գույքի գործը բացել ե Մեսրոբ յեպիսկոպոսը ինձ հայտնելով և Յեղիշե վարդապետը, վոր ափսոս մեռավ: Պաշտոնական գրով դիմել եմ միաբանության ժողովին իբրև վանակ. կառավարության նախագահ և պահանջել, վոր գողոնքը հետ պահանջվի: Բանից դուրս յեկավ, վոր գործ բաց անող Մեսրոբն այդ ժամանակ Զավենի հետ բանակցության մեջ եր և Գերագույն Խորհուրդ եյին դարբնում: Գործը քարին քսեցին:

Հայ-թրքական աղետի որերին Զավենը Բագվում 2000 ռուբլի փող էր հավաքել Յերևանի առաջնորդին ղրկելու վնասված հայերի համար: Պահանջեցին, «Հովտի» մեջ ել գրեցին թե տուր այ մարդ, ամոթ ե: Զավենը քարին քսեց:

Խեղճ Գարեգին յեպիսկոպոսի դասախոսությանց փողերը Բագվում հավաքեց, կերավ. աշխատեց Գարեգինը, կուլ տվեց Զավենը:

Նույն Զավենը գինետնից 40 վեդրո գինի, տասնյակ վեդրո ողի ե քաշել այս ու այն պատրվակով և մոմենտներից օգտվելով գցել կամ զինվորների կամ սասունցոց վրա: Ախար ես ել մի առանձին քաջություն ե, յեպիսկոպոսական քաջություն, հանցանք գործել մեկ, անմեղի վիզը փաթաթել` յերկու: Եսպես ե կազմված եդ յեպիսկոպոսի խիղճը:

Վանական կառավարության նախագահ յեղած ժամանակը 3 խալվար ցորեն ե յուրացրել վան. կառավ. քարտուղարը. ժողովում պատասխանատվությունը գցեցին նախագահի վրա. վարպես նախագահը խորհուրդ տվեց քարտուղարին հանձն առնել տալ: Խոստացավ քարտուղարն ասել «ի՞նչ անեմ թե բերանս բանամ» ու չը բացեց. հաստատ համոզված լինելով անշուշտ, վոր Զավենը կոգնի, վոր քարին քսեն: Եդպես ել յեղավ:

Նույն Զավենի վրա պարտք կա ժողովով դրված 16 փութ հաց, մի սաժեն փայտ, բացակա վարդապետի մոտ մի տարվա հացը. այս ամենը տարել ե ապորինաբար և … մարսեց: Բավական ե սրա մասին, կարծեմ ընթերցող գլուխդ արդեն պտույտ յեկավ, սիրտդ խառնեց:

Տիրայր յեպիսկոպոս: Ո~, սա արիստոկրատ ե, գողությունն ել արիստոկրատական: Հավատավոր նախիջևանցիները Եջմիածին ուղարկել եյին 1919թվին սրբազան անոթներ` սկիհ, մազմա, մասնատուփ, խաչեր 32 կտոր, մի փութ արծաթ վոսկեջուր հարստություն արկղով. ազդեցիկ դիվանապետ եր, գողացավ կերավ, բացվեց:

Յեպիսկոպոսական դատ յեղավ. ծիծաղելի դատ. վորոշեցին 15,000 ռուբի կովկասյան բոն առնել. այսինքն մի քանի մանեթ վոսկով, բայց սիրտն ել շահելու համար Ամերիկայի թեմի առաջնորդ նշանակեցին:

Ա~յ հավատավոր ժողովուրդ, յեպիսկոպոսները վոր իրենց սրբությունները գողանան, ծախեն, ել ի՞նչ չեն գողանա. ախր տանելու բան ե այս. եսպես անպատիժ շահատակություն և սրբապղծություն կը լինի՞:

Նույն յեպիսկոպոսը ներքին գանձարանից վերցրել ե մի արծաթե սուպնիկ, մի արծաթե շերեփ, 12 հատ արծաթե սեղանի գդալ, 12 հատ նման թեյի գդալ, ել յես ինչ գիտեմ ինչ. չե՞ս հավատում, Մուշե յեպիսկոպոսի քննադատականը պահանջիր, կարդա:

Տաճարի բազմափակ խորանից թանգարժեք խաչեր ու մետաքսե շուրջառներ գողացվեցան. վերջիններս բռնվեցան Ջահվարապատ գյուղում յերեխաների վրա վորպես բլուզ. կտորները տաճարում: Գողությունը ձգեցին մի անմեղ վարդապետի վրա, վոր բացակա եր Եջմիածնից: Մահվան անկողնում միայն անմեղին զրպարտող մի վարդապետ խոստովանեց. զղջաց վոր ինքն ե արել և արտասվելով ներողություն խնդրեց անմեղից ու մեռավ:

Սոսկալի ավերածություն եմ բռնել յես 20 թվին (յերբ վերստուգեցի) տաճարի թանգարանում. նկարագրել անսահման կորուստը, զեկուցել եմ կծու լեզվով և վանական խորհրդին և Վեհափառ Կաթողիկոսին: Ի՞նչ արին. զայրացան, վոր կծու լեզվով եմ գրել ու … քսեցին քարերին:

Մատթեոս յեպիսկոպոսը կերել ե եղբայրական ոգնության կառքը, մի քանի տասնյակ տակառ ցեմենտ, մութն ե թողել յեղբ. ոգնության 10,000 ռ., յուրացրել ե ահագին գույք (տես Սինոդի գործերը 1912 թ. № 57-սեղանի գիրք – 1908 թ. № 12, 1916 թ. № 7, 1915 թ. № 39, 1915 թ. № 37): Այս գործը բացել ե Զավենը (Սինոդի հոդվածները ես եմ տվել) միաբանական ժողովի պաշտոնական նիստերում գրավոր ու բանավոր, յերբ Մատթեոսն ել Զավենին եր մերկացնում. իրար անվանում եյին «սրիկա, փողոցային, գող թալանչի»: Ինձ մնում եր նույն ժողովում բացականչել` «բրավո», յերկուսդ ել իրար արժեք:

Ասա, հայ ժողովուրդ, ես յեպիսկոպոսությո՞ւն ե:

Այս բոլորից հետո ի՞նչ արին. գողոնքը Մատթեոսի շալակը դրին, վորպես ոժիտ ու բարձրացրին Բագվի առաջնորդական աթոռը: Նույն այս մարդը յերկու վոսկե ժամացույց ե հանել գանձարանից, մինը Ռաֆֆու ժամացույցը, վորի կինը վիպասանի մահվանից հետո Եջմիածնի թանգարանին եր բերել նվեր վիպասանի հիշատակին:

Զավենին մրցակից ե Արիստակես վարդապետը, մի տգետ մարդ, բայց մի ճարպիկ գող: Արտաքինով «սուրբ», չափազանց ժամասեր, Գյուտ յեպիսկոպոսի հատուկ հովանավորյալը: Սա Ապարանում ահագին քանակությամբ բուրդ ե գնել պակաս գնով վանքի համար, իսկ վանքից ստացել շատ ավելին: Բռնվել ե խալվարներով ցորենի գողության մեջ, վոր հանել են նրա տնից և փոխադրել վանք:

Ուղտերի բեռներով Չոբանքարի թուրքերին գողունի ցորեն ե ծախել կալից: Գիշերը բեռնած ուղտերին են բռնել: Յեղբայրական օգնության մոտ 10,000 թալանի վոչխարի մեծ մասը կերել ե: Սևանի վանքից գողացել փախել եր վանքի արծաթեղենը: Իբրև կաթնատան կառավարիչ նա 1923 թ. վանքին տվել ե 5 մատակից, 40 վոչխարից, 18 կովից միայն 12 փ. կարագ:

Ա~յ գյուղացի, հայ գյուղացի, ախր դու գիտես, վոր 12 փ. կարագը կը տան միայն 3 մատակը. մնացածն ի՞նչ յեղավ: Այս բոլորը քսեց քարերին, միշտ անպատիժ և Գյուտ յեպիսկոպոսի հովանավորությամբ միշտ վանական կառավարության մեջ: Այս ամենը և ավելի խայտառակը սրա մասին կարելի յե իմանալ Մուշե յեպիսկոպոսի պաշտոնական քննադատականից:

Թալանված ե Ճեմարանի կահկարասին, պատի հսկայական հայելիները, Հռիփսիմեյի վանքի 20 խալվար հացահատիկը, 90 վեդրո գինին, գանձարան ձգված կանխիկ դրամը, Հռիփսիմեյի թանգարժեք մախմար վարագույրը, վանքից գյուղ տարված կարասին ու անոթեղենը:

Այս գործերը կատարել ե Արսեն վարդապետը, Մեսրոբ, Բագրատ, Մատթեոս յեպիսկոպոսների մտերիմ ընկերն ու հովանավորյալը: Այդ գործերը բաց ե արել Արտակ վարդապետը (այժմ Զանգեզուրի յեպիսկոպոս) 1922 թ. հունվ. 11 թվակիր պաշտոնական թղթով հանուն միաբանական ժողովի: Ի՞նչ արին. քարին քսեցին:

Արտակ վարդապետը իր փաստալի զեկուցումը վերջացնում ե այս խոսքերով. «Վանական քննիչները (Մատթեոսն եր) միշտ անձնական հաշիվներ են մաքրել և մժղուկները քամելով ուղտեր են կլանել»:

Ավերված տաճկական Հայաստանի հայ ժողովուրդը, յեկեղեցականները իրենց տուն ու տեղը, գույքն ու սիրելիներին կորցնելով, անկորուստ, գրկով բերին հասցրին Եջմիածին իրենց տաճարների ու վանքերի հարստությունն ու սրբությունների զգեստներ, թագեր, սաղավարդներ, խաչեր, սկիհներ, մատանիներ, խալիներ և այլն:

Մի հարցրեք Եջմիածնի ջոջերին, ի՞նչ ցուցակով ստացաք, ո՞ւր են ցուցակները, ի՞նչն ե մնացել:

Լիմ անապատի Հովհաննես վարդապետը 18 թվականին իր անձի վտանգով անապատի հարուստ գույքը ազատել և բերել ե մանրամասն ցուցակով հանձնել Եջմիածնին: Մի ամիս առաջ (այս տարի) Բաղդատից յեկել եր գաղթականներին մեր յերկիրը փոխադրելու գործերով, ներկայանում ե Գերագույն Խորհրդի ավագ Մեսրոբ արքեպիսկոպոսին, խնդրում ե իր բերած իրերը իր ցուցակով ստուգել և իրեն ապահովագիր տալ իր ժողովրդի առջև պարզերես մնալու: Ցուցակը կորել ե. համառոտ մի ցուցակ են ներկայացնում, վորի մեջ չը կան թանգարժեք խաչեր, մատանիներ, պնակներ: Աղերսում ե թե իմ ցուցակը տվեք: Մեսրոբ յեպիսկոպոսը անպատվում ե մարդուն սպառնում, թե դու ով ես վոր համարձակվում ես մեզնից հաշիվ պահանջել: Խեղճ մարդը մղկտալով քաշվեց գնաց իր Բաղդադը, յերևի հաշիվ տալու, թե ովքեր են նստել Եջմիածնում:

Եսքանը բավական եմ համարում. ես պատկերը ամեն տարի կրկնվող պատկեր ե: Ախր Եջմիածինը հարստության ծով լիներ, կցամաքեր, սար լիներ կը հալչեր ես աղտեղի ճանապարհով: Ախր եդ հարստությունով կարելի եր կրթական, գիտական, բարեգործական մեծ գործ անել, յերկիրը վերաշինել գոնե վանքերը կործանումից փրկել: Բայց վոչ այս և վոչ այն:

Այսպես տարիներով թալանվում ե Եջմիածինը, հավատարիմ մնալով իր նշանաբանին` «ծածկել զգարշելիս»: Ծածկելու ճանապարհներն ել ենքան շատ են վորքան շատ են գողերը: Մեկն ասեմ:

Ժամանակով վանքի ագարակի կառավարիչ եր վոմն Մամբրե վարդապետ. ազդեցիկ յեպիսկոպոսները սրանից ծածկաբար խոզ եյին ուզում, գառ, փթերով յուղ և այլն: Ի՞նչ աներ Մամբրեն. յելից մատյանի մեջ անհայտացած գառների, արջառների, վոչխարի դիմացը գրում եր` «շունք կերին», «գայլք կերին»: Յեվ սինոդում հաշվեմատյան ստուգողներն ու «գայլերը» իրար յերեսին նայում, ժպտում եյին, մատյանը հաստատում և գովում իմաստուն վարդապետին, վոր կարողանում եր «ծածկել զգարշելիս»:

Ես բոլորից հետո դեռ համարձակվում են աշխարհ լցնել թե մենք սոված ենք. սուտ ե, մենք երբեք սոված չենք յեղել, թեպետ արժանի յենք, վոր սոված մնայինք: Մի փոքրիկ հաշիվ տամ քեզ, հայ ժողովուրդ. Եջմիածնում 16 «միաբան» կա. եդ 16 միաբանը մի տարում կերել ե 57 վոչխար, 18 տավար` կով ու յեզ: Եդ համեմատությամբ ել գնա բրինձ, յուղ, լոբի, չիր, միրգ, ձուկ, կարտոֆիլ, կաղամբ և բոլոր մթերքներ ինչոր գործ ե դրվում կերակուրների մեջ: Վանական սեղանի վրա ամեն որ չորս տեսակ միայն նախաճաշ ենք ունեցել, կատլետ, ձուկ, նույնիսկ դոշ, լոբի, մածուն, կարագ, ձու, դալ, ղաուրմա, թթվեղեն, միրգ և այլն. նախաճաշին անմիջապես հաջորդել ե յերկու տեսակ մսեղեն և յուղային կերակուր, վորոնց վրայից խմել ենք անուշ գինին: Տարվա մեջ վոչ մի որ պաս չենք պահել, բայց մեծ պասին մեր քարոզիչները փոր եյին պատռում բեմերի վրա թե` ապաշխարեցեք, պասի որեր են, պահեցեք, վոր փրկվեք և այլն:

Ասա խնդրեմ, հայ ժողովուրդ, եսքան սուտն ու կեղծիքը ինչպե՞ս կարող ե տեղավորվել Քրիստոսի աշակերտի հոգու մեջ. Մի՞թե սա անարգանք չե Ավետարանի աննման վարդապետի հիշատակին:

Եջմիածնի ձեռքում կա այժմ յերկու ջրաղաց 7 աչքով, տարեկան վաստակ ե բերում 100-120 խալվար հաց: Ուրեմն 16 միաբանը հացով շատ ապահով են: Ունենք 44 դեսյատին ընտիր այգի (կարծեմ բացի Փարաքարինը): Յեթե այդ այգիները լավ մշակվեն, իմ հաշվով տարեկան 20,000 վեդրո գինի կը տան: Ունենք 40 դեսյատին ել վարելահող: Ի՞նչ ես կարծում հայ ժողովուրդ, յեթե մենք անձամբ մշակենք (ինչ բարձր վայելչություն ե բահն ու գրիչը, գիրքն ու մաճը փոխեփոխ ձեռք առնել) 16 հոգիս ել քաղցա՞ծ կը մնանք:

Ախր ուրիշ ի՞նչ գործ ունենք, բացի ինտրիգներից:

Հայ ժողովուրդ, յես ձեզ ասացի ճշմարիտը, յեթե ազգ ես, յեթե սրտացավ ես, չես լռի, իսկ յեթե կը լռես, չես գա դատ անելու, կնշանակե քեզ արժանի «սուրբ հայրերը» հենց եդ յեպիսկոպոսներն են , վոր կան` բարով վայելեք իրար:

Յես պարտքս կատարել եմ աստիճանաբար, Քրիստոսի պատվերի համաձայն. նախ զգուշացրել եմ գողերին, հետո գրել եմ վանական ջոջերին, հետո ջղայնացած, խոստովանում եմ կծու լեզվով բազմաթիվ զեկուցումներով զեկուցել Վեհափառ կաթողիկոսին. գրել եմ նույնիսկ թե ճար արեք, Վեհափառ տեր, Եջմիածնում շատ քիչ բացառությամբ քրեական հանցագործների մի խումբ ե նստած:

Յեվ որովհետև վոչինչ չեղավ, ընդհակառակն թալանչիները քաջալերվեցան, յեպիսկոպոս, առաջնորդ յեղան, «գերագույն» սարքեցին, բարձր պաշտոններով վարձատրվեցին, ինձ մնում եր վերջին պարտքս կատարել. զեկուցանել հայ ժողովրդին, վոր վերին տերն ու տնորենն ե իր յեկեղեցուն. հենց ինքը կենդանի յեկեղեցի ե:

Յեթե կամենում ես ասածներս ստուգել, ահա քեզ ցույց տամ պաշտոնական աղբյուրները:

«Վանակ. Խորհրդի» բոլոր արձանագրությունները 1919 թ. սկսած. միաբանական ժողովների բոլոր արձանագրությունները նույն թվից. Սինոդի վերոհիշյալ գործերը. Ազնիվ Մուշե յեպիսկոպոսի փաստացի ու մեծ քննադատականը` Արտակ յեպիսկոպոսի վերոհիշյալ զեկուցումները, Զավեն յեպիսկոպոսի բողոքներն ու Մատթեոս յեպիսկոպոսի բացատրությունները. իմ վերստուգչական և նախագահական զեկուցումները Խորհրդին, միաբանական ժողովին, Վեհափառ կաթողիկոսին, կտակագրերը և բոլոր հաստատությունների հին ինվենտարները: Այդ տեղերում դու ավելի կը գտնես. իմ տվյալները թեթևակի են և համառոտ:

Իսկ յեթե «սուրբ գողերը» կոչնչացնեն այդ բոլորը (իսկ այդ բանին ընդունակ են, վորովհետև Հռիփսիմեյի գույքի ցուցակը ես եմ կազմել իբրև վերստուգիչ և ինձ հետ ստորագրել ե Վարդան վարդապետը, չըգտա գործերում, վորից հետո ամեն ինչ կորավ), այդ կը լինի «գողություն գողությանց»:

Մի դեպք ել հիշեմ «Գերագույն Խորհրդի» փոքրոգությունից. Վեհափառը վանական կառավարության (վորի նախագահն եյի 1923թ.) հրամայել եր, որ շաթիրին մի տարվա ռոճիկ տանք 120 ռուբլի, վոր չեր ստացել ըստ Վեհ. վկայության: Կատարեցի հրամանը: Գերագույն Խորհրդի անդամները, վոր եդ ժամանակ արդեն խռովել եյին կաթողիկոսից և «գերագույն» կազմելու գաղտնի գործն եյին սկսել, պահանջեցին, վոր եդ փողը յետ առնվի, թե կաթողիկոսը ճիշտ չի ասել. օրակարգի նյութ շինեցին, կաթողիկոսին ստախոս դուրս բերին և այն աստիճանի վիրավորեցին, վոր կաթողիկոսը կարգադրեց այդ գումարը իր ռոճիկից բռնեն յերեք նվագում:

Այդ փոքրոգի վարմունքի դեմ յես թղթով բողոքեցի, խնդրեցի չարձանագրել, հիշեցրի վոր իրենցից վոմանք հազարներ են կերել, ինչու յետ չեն տալիս և այդ 120 ռուբլու շուրջը փոթորիկ են հանում իրենց կաթողիկոսին անպատվելով, գոնե առանց արձանագրության յետ առնեն: Բայց խոսքս չանցավ:

Գիտե՞ս ինչ կա, հայ ժողովուրդ. առաջ Եջմիածնի գույքի վրա հսկող պրոկուրոր կար` ելի մի սանձ եր: Մենք տրտնջում եյինք, վոր պետության ներկայացուցիչը կանգնած ե մեր գլխին, մուրճը ձեռին. բողոքում եյինք, վոր ազատ յեկեղեցին բռնության տակ ե:

Հիմա ել վոչ վոք չը կա հսկող. յեկեղեցին ազատ ե, բայց թալանվում ե` իր յեկեղեցականների ձեռքով:

Հիմի ի՞նչ անենք. քրեական հանցանքներ են կատարվում. ո՞վ պիտի հոգա այդ մասին: Միայն դու. թե դու ել լռես, ամեն ինչ վերջացավ…

Հավաքվիր, արի, սիրելի ժողովուրդ, յեկեղեցու վիճակը տես, աչք ածիր թալանի վանքը, վոր աղաղակես:

Թող կորչին թալանչիները.

Թող կորչին գողերը.

Թող կորչին կեղծարարները.

Թող կորչին բռնացողները և

Թող վերականգնի մեր յեկեղեցին մեր Ավետարանի հիմունքով:

Դուք ել չպետք ե լռեք, սիրելի ընկերներ, վոր ինձ մենակ թողիք գեհենի մեջ, Եջմիածնի փչությունից հեռացած նախկին վանականներ: Դուք ել ինձ պես համոզված եք վոր Քրիստոսը միայն սոցիալական պարտաճանաչության կրոն ե ստեղծել, սիրո պսակով. ձեր ազգի սերը պահում ե ձեզնից, վոր չըլռեք բարոյական այս անկման հանդեպ:

Դուք ել չը պետք ե լռեք յեկեղեցու բյուրոկրատիայից խեղդված, կողոպտված, սովալլուկ քահանաներ, յեթե ձեր մեջ վառ մնացել ե ժողովրդասիրության, ճշմարտության և արդարասիրության բոցավառ կայծը:

Ձայն հանեցեք, գրեցեք, խոսեցեք, մի վախենաք վոչ վոքից, յեթե ձեզ սիրում ե ձեր ժողովուրդը:

Բոլորդ միասին յեկեք «ձեր մորն այցելության» և փրկեցեք ավազակների ձեռքից:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Թամար Գրիգորյան1968 ՆՅ.
Dec 19, 2010 12:47