ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, December 14, 2010 15:32 - չքննարկված
Անկուսակցական ՔՈՉԱՐՅԱՆԸ կուսակցատեր օլիգարխներին զսպաշապիկած դիմակայում էր արտճնշումներին, ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ամենախոշոր կուսակցությունը ձեռքի տակ, ստեղծել է թույլերի և վախկոտների անկառավարելի ամբոխ…
Այն մասին, որ կրիմինալը խրվել է ներկայիս իշխանության կոկորդում, վկայում են մի շարք գործոններ, եւ առաջին հերթին` տնտեսական իրավիճակը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում դժվար է համարել կրիմինալ, չի կարողանում լուծել ՊԵԿ նախագահի հարցը, ով հարկեր չի հավաքում օլիգարխների բիզնեսից, մենաշնորհատեր-կրիմինալ բիզնեսի հարցը, որոնք բարձրացնելով գները` սրում են սոցիալական լարվածությունը: Բացի այդ, “ջրի երես են ելել” միջազգային կրիմինալի (Պզո եւ Լուժկով) եւ հայ չինովնիկների կապերը, եւ իշխանությանն անհրաժեշտ է շտապ մաքրվել այդ կապերից: Այս աշնանը ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց Սերժ Սարգսյանը թույլ չի տալու օլիգարխների մուտքը հաջորդ խորհրդարան: Կա նույնիսկ օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի բիզնեսմենները զրկվում են խորհրդարանում ընտրվելու իրավունքից:
Արդյոք քաղաքապետի հրաժարականը կարող է դառնալ հայաստանի ապակրիմինալացման սկիզբ: Նոր ժամանակներ կուսակցության առաջնորդ Արամ կարապետյանը գտնում է, թե եթե դա այդպես է, ապա Սերժ Սարգսյանը պետք է սկսի ինքն իրենից:
Բացի այդ, պետք է հաշվարկել կերակրատաշտից հեռացված կրիմինալի գործողությունները եւ սեփականության հնարավոր վերաբաշխումը: Ի վերջո, ներկայիս իշխանությունը նպաստել է, որ կրիմինալը Հայաստանում դառնա պետություն պետության մեջ` իր զինված ուժերով, պատժիչ մեխանիզմներով ու ստվերային հիմնադրամներով: Եւ կրիմինալի լյումպենացումը կարող է բավական վտանգավոր զարգացումներ խթանել: Դժվար թե կրիմինալը հեշտ հանձնվի, եւ պետք է պատրաստ լինել դիմադրությանը: Միակ միջոցը ոչ թե չինովնիկներին մտացածին պատճառներով հեռացնելն է, այլ նրանց կոնկրետ մեղադրանքներ առաջադրելը:
Հակակրիմինալ պայքարի տրամաբանության մեջ չի տեղավորվում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրաժարականը, ում դժվար է կրիմինալ գործիչ համարելը: Հնարավոր է, Սերժ Սարգսյանը որոշել է իր վրայից հանել մարտի 1-ի եւ 2,5 տարի քաղբանտարկյալներ պահելու մեղքը, եւ նախկին նախարարը ստիպված է պատասխան տալ անօրինական դատավարությունների համար:
Հրաժարականների կապակցությամբ առաջ է քաշվել եւս մեկ վարկած` դավադրություն: Որոշ վերլուծաբաններ գտնում են, թե Սերժ Սարգսյանը բացահայտել է դավադրություն, որը, ըստ տեղեկությունների, պատրաստել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները: Դժվար է ասել` այդպես է, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ Քոչարյանի թիմը 2,5 տարվա ընթացքում չդարձավ Սերժ Սարգսյանինը: Բացի այդ, Քոչարյանին մեղադրում են երկրի օլիգարխացման եւ կրիմինալի լեգիտիմացման մեջ, եւ այս ենթատեքստում կրիմինալի դեմ պայքարը մեխանիկորեն դառնում է Քոչարյանի թիմի դեմ պայքար:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ