Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, December 8, 2010 21:21 - 2 քննարկում
Գորբաչովի երկրակործան ծրագրերին «շախ» տվող տնտեսագետ ակադեմիկոս Աբելը Հայաստանի հաշվով ուշացումով խելքի է եկել…
ՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ
«Հայաստանում արդյունաբերությունը վերջին 10 տարում 5%-ից ավելի չի աճել։ Դա մոնոպոլիզացիայի պատճառով է։ Որովհետեւ մոնոպոլիաներին արդյունաբերություն պետք չէ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է հայազգի հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը: Նա նշել է, որ մոնոպոլիզացիան Հայաստանում հիմնականում վերաբերում է ներմուծմանը, քանի որ ամենամեծ գումարները կարելի է աշխատել հենց ներմուծումների ճանապարհով: Ըստ հեղինակավոր տնտեսագետի, մոնոպոլիզացիայի նման մակարդակը չափազանց վտանգավոր է, քանի որ խոչընդոտում է տնտեսության` առաջին հերթին արդյունաբերության զարգացմանը։ Ա.Աղանբեգյանն անդրադարձել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարվող եւ իշխանությունների կողմից մշտապես գովերգվող քաղաքականությանը։ «Այն քաղաքականությունը, որը ԿԲ-ն մինչեւ ճգնաժամն իրականացնում էր դրամի առումով, իմ կարծիքով՝ ծայրահեղ վնասակար էր ՀՀ տնտեսության համար։ Քանի որ դրամն ակնհայտորեն գերարժեւորված էր եւ բերեց նրան, որ արդյունաբերությամբ զբաղվելը դարձավ ոչ շահավետ։ Հայաստանից դուրս եկան ամբողջական ոլորտներ։ Հայաստանում բավականին զարգացած էր ադամանդագործությունը։ Հայաստանը կարող էր զարգանալ որպես ոսկերչական իրերի, ալմաստի մշակման կենտրոն. ամեն ինչ տանում էր դրան։ Հայաստանում անգամ ցանկանում էին ալմաստի բորսա բացել։ Սակայն դա տեղի չունեցավ փոխարժեքի պատճառով»,- հայտարարել է ակադեմիկոսը` հերթական անգամ շեշտելով` անհրաժեշտ է այնպիսի դրամավարկային քաղաքականություն իրականացնել, որ ձեռտնու լինի զբաղվել արտադրությամբ եւ ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով: «Երբ ներմուծումը գերազանցում է արտահանմանը, առաջանում է բացասական սալդո։ Իսկ տրանսֆերտները այդ դեֆիցիտը անգամ կիսով չափ չեն փակում։ Դրա պատճառով էլ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը բացասական է։ Ներմուծումը, ի վերջո, բերում է պարտքի մեծացման։ Հայաստանի պարտքը արդեն համախառն արդյունքի 40%-ն է կազմում, իսկ դա արդեն վտանգավոր է։ Եթե այն մի քիչ էլ բարձրանա, դա արդեն կրիտիկական կլինի: Սա տնտեսության եւս մեկ «սեւ անցք է»,- հայտարարել է Աբել Աղանբեգյանը: Հետաքրքիր է` նման հեղինակավոր տնտեսագետի գնահատականները որեւէ կերպ կանդրադառնա՞ն Հայաստանի տնտեսության այս աղետալի վիճակի հիմնական մեղավորներից մեկի` վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա, ով սիրում է ամենաէկզոտիկ մեջբերումներն անել օտարերկրյա հեղինակներից: Ամենայն հավանականությամբ` ոչ:
Hayko
2 քննարկումներ
Hayko