ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, December 3, 2010 12:10 - 1 քննարկում
«Վոլտերը աշխարհի ո՞ր ազգն էր համարում ամենագարշելին»
Թե ինչու է Իսրայելն ուզում կերակրել հայ երեխաներին
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրն այս տարվա հոկտեմբերից կրթության և գիտության նախարարության հետ ծրագիր սկսեց, որով նախատեսվում է օրական մեկ անգամ կերակուր տրամադրել շուրջ 50 հազար կրտսեր դպրոցականների: Ծրագրի հիմնական դոնորը Ռուսաստանի Դաշնությունն էր: Օտարալեզու դպրոցների դեմ պայքարողները երեխաներին սննդով ապահովելու ծրագիրն անգամ սվիններով ընդունեցին և Հայաստանում ՌԴ Մշակույթի և գիտության կենտրոնի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին մեղադրեցին սննդի միջոցով երեխաներին ռուսամոլություն սերմանելու մեջ: Վիկտոր Վլադիմիրովիչը մի քիչ վիրավորվեց նման մեղադրանքներից, բայց ծրագրից չհրաժարվեց: Ավելին, ծրագրի մասին իմացան նաև Իսրայելում և որոշեցին իրենք ևս ներդրում ունենալ հայ երեխաներին կերակրելու գործում:
ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը և Իսրայելի միջազգային համագործակցության կենտրոնն այս շաբաթ հուշագիր ստորագրեցին, որով Իսրայելի միջազգային համագործակցության կենտրոնը (ՄԱՇԱՎ) ՊՀԾ դպրոցական սննդի ծրագրին նվիրաբերում է 150.000 դոլար` օգնելու, որպեսզի ընթացիկ ծրագիրը դառնա կայուն ազգային ծրագիր, երբ 3 տարի անց ավարտվի ՊՀԾ-ի կողմից դրա ֆինանսավորումը:
Իսրայելի մեծահոգությունն իսկապես զարմանալի էր: Հետաքրքիր էր, թե այդ ինչն է դրդել Իսրայելի իշխանություններին հոգ տանել հայ դպրոցականների մասին: Եթե ռուսների դեպքում հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու փոխօգնությունը հաշվի առնելով՝ այդքան էլ զարմանալու կարիք չկար, Իսրայելի դեպքում, հաշվի առնելով նաև մասոնական կազմակերպությունների ազդեցության հնարավորությունը, սա ավելի քան կասկածելի էր: Բայց ահա թե ինչ յուրօրինակ բացատրություն է տալիս իրենց ձեռնարկմանը Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրումը:
Դեսպանն ասում է, թե իրենց դիտարկումներով՝ երբ մարդիկ քաղցած են (դեսպանն այս միտքը վերագրեց նախագահներից մեկին), նրանք ավելի ագրեսիվ են, դաժան: «Դրա համար մենք որոշեցինք կերակրել պաղեստինցի երեխաներին»,- ասաց դեսպանը: Թե երբվանից են սկսել իսրայելցիները կերակրել պաղեստինցի երեխաներին` նրանց ագրեսիվությունն ու դաժանությունը մեղմելու համար, դեսպանը հստակ չնշեց, բայց դատելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության շարունակականությունից` նրանք դեռ շատ երկար կկերակրեն պաղեստինցի երեխաներին: Թեև չի բացառվում, որ Իսրայելում վրիպած լինեն մի կարևոր հանգամանք. այն, որ պաղեստինցի երեխաներին կերակրելուն զուգընթաց՝ արժեր կերակրել նաև իսրայելցի երեխաներին, քանի որ հակամարտության երկու կողմերն էլ դաժանությամբ և ագրեսիվությամբ կարծես թե այդքան էլ չեն զիջում միմյանց:
Եվ հիմա, փաստորեն, Իսրայելը` իսրայելա-պաղեստինյան հակամարտության գործում «ներդրում» ունենալուց հետո, որոշել է, ըստ երևույթին, նպաստել նաև մեր տարածաշրջանում հակամարտությունների լուծմանը, իսկ դրա համար, չգիտես ինչու, Իսրայելում դարձյալ գործը որոշել են սկսել հայ երեխաներից` վրիպելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ դաժանությունն ու ագրեսիվությունն ադրբեջանական կողմի մենաշնորհն է, իսկ հայերն ավելի շատ պաշտպանական դիրքերից էին մասնակցում կռիվներին:
Ինչևէ, երեխաներին կերակրելը` անկախ դրա ներքին շարժառիթներից, լավ գործ է, և Իսրայելի կառավարությանը մնում է միայն շնորհակալություն հայտնել մեծահոգության համար: Հուշագրի ստորագրման օրը լրատվամիջոցներին բաժանված մամուլի հաղորդագրության մեջ զարմանալի մի պահ էլ կար, որ ակամա ուշադրություն գրավեց: Հաղորդագրության մեջ կարդում ենք. «ՄԱՇԱՎ-ի նվիրատվությունը կօգտագործվի կարողությունների զարգացման համապատասխան աշխատանքների ֆինանսավորման համար: Առաջին հերթին, այս միջոցները կօգտագործվեն ազգային շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սեմինար-խորհրդակցություն անցկացնելու համար, որին կներկայանան բոլոր համապատասխան նախարարությունները, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետներ: Այս խորհրդաժողովն ամուր հող կնախապատրաստի ազգային քաղաքականության ու ռազմավարության մշակման համար, որը կառավարությանը հնարավորություն կտա ստանձնել ծրագիրը և ընդգրկել տարրական դասարաններում սովորող աշակերտությանն ամբողջ երկրում»:
Հարց է ծագում. փողը տրվել է աշակերտների համար սնունդ գնելո՞ւ, թե՞ սեմինար-կոնֆերանսներ կազմակերպելու և երեխաներին կերակրելու կարևորության վերաբերյալ ելույթներ ունենալու վրա: Ինչևէ, եթե գումարի մի մասն էլ հասնի, ասենք, մարզերի` իսկապես տաք կերակրի կարոտ երեխաներին, ապա անկախ նպատակներից, անկախ գումարի անիմաստ մսխված տոկոսաբաժնից, կարելի է ասել, որ ռուսների և իսրայելցիների համագործակցությունը կայացել է: Այդ դեպքում Հայաստանն էլ իր հերթին կարող է գլուխ գովել, որ կարողացավ միևնույն գաղափարի ներքո միավորել Ռուսաստանին և Իսրայելին:
1 քննարկում
Գևո