ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, November 30, 2010 2:41 - չքննարկված
…Նվիրյալ մարդիկ միմյանց այսօրվանից պետք է ճանաչեն:
Նոյեմբերի 26–ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Ազգային անվտանգության և պաշտպանության» հանձնաժողովի նիստ «ՀՀ Զինված ուժերում վերջերս տեղի ունեցած միջադեպերը» թեմայով։
Ստորև ներկայացնում ենք քննարկմանը մասնակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Յենիգոմշյանի արտահայտած կարծիքը արծարծվող թեմայի շուրջ։
«Շեշտեմ Տիգրան Խզմալյանի արտահայտած այն միտքը, որ ներկա ռեժիմը և իրենց մունետիկները ենթագիտակցորեն փորձում են արդարանալ, բարձրաձայնելով, որ բանակը հասարակության արտացոլումն է, ուստի և այն միջադեպերը, որոնք տեղի են ունենում բանակում, պատասխանատու է հասարակությունը, և դրանով իրենց թվում է, որ իրենք այլևս չեն կրում որևէ պատասխանատվություն։
Բանակը իսկապես հասարակության հայելին է, և այդ հասարակությունը ձևավորվում և կայանում է ռեժիմի կողմից ստեղծված կառավարման համակարգի արդյունքում։ Ուստի ռեժիմի վերնախավը ուղղակի պատասխանատվություն է կրում հասարակության մեջ տեղի ունեցող ցանկացած դեպքի, պատահարի, հասարակական անդամների ցանկացած դրսևորման պարագայում։
Բանակի հրամանատարական կազմը, սկսած ամենավերևներից մինչև ներքև ներգրավված են բիզնեսի և թաթախված են կաշառակերության մեջ։
Մյուս կողմից շարքային զինծառայողները, բանակում առկա ներքին հակասությունների, միջանձնային փոխհարաբերություններում լարվածության, ոչ կանոնադրական հրամանների կատարման հետևանքով դրսևորում են պատասխան ագրեսիվություն, հիմնականում ոչ թե վերևների, որոնք այս կամ այն ձևով պաշտպանված են, այլ իրենց նմանների նկատմամբ։ Եվ քանի որ բանակը փակ համակարգ է, ուստի, իրականացվող ճնշումների արդյունքում տեղի է ունենում ագրեսիվության պարպում բանակի ամենաանպաշտպան խավի՝ շարքային զինծառայողների միջավայրում։
Բանակում, վերջին շրջանում մահվան ելքով դեպքերի պարբերաբար տեղի ունենալը ՀՀ–ում իշխող ռեժիմի կողմից կառավարման համակարգի լիակատար ձախողման հայտանիշ է։ Սա համակարգային հիվանդություն է, և օր առաջ այս համակարգի փոփոխությունը ներկա իրավիճակը կտրուկ շտկելու միակ ճանապարհն է։
Մինչ այս ռազմավարական խնդիրը լուծելը, այսօր ի՞նչ պետք է արվի, որպեսզի նվազի դեպքերի, պատահարների թիվը, որ այլևս ոչ կանոնադրական փոխհարաբերությունների արդյունքում չզոհվեն զինծառայողներ։
Այսօր բանակի ներսում, սպայական կազմում վստահաբար կան առողջ և հայրենասեր անձիք, որոնք սակայն չեն կարողանում էապես ազդել այս գործընթացների վրա, քանզի իրենք ևս զոհն են գործող կառավարման համակարգի։ Սակայն նրանց ավելի գործնական, ակտիվ, իրավիճակի վրա ներգործուն ծառայությունը կարող է ինչ–որ տեղ հակակշռել ոչ կանոնադրական փոխհարաբերություններին և կանխարգելել շատ դեպքեր։ Այդ սպաները կարիք ունեն և հասարակության և մեզանից յուրաքանչյուրի օժանդակությանը։
Այսօր իրողություն է նաև այն, որ շարքային զինծառայողների ծնողների, հարազատների մի մասը որպես պատգամ հորդորում են իրենց զավակներին բանակում իրենց մազին դիպչողներին տալ հազար անգամ ավելի պատասխան։ Այստեղ զոհ են և հարվածողը և տուժողը և առաջին հերթին շարքային զինանձնակազմը։
Քննարկման ժամանակ արտահայտած շատ առաջարկների մեջ խոսվեց նաև աշխարհազորի ստեղծման մասին, ինչը իմ կարծիքով տեղին առաջարկ է։ Սակայն նման կառույց ստեղծել այս ռեժիմի պայմաններում գործնականում անհնար է, բայց պարկեշտ, ունակ, նվիրյալ մարդիկ միմյանց այսօրվանից պետք է ճանաչեն։ Այս որակի մեջ առանձնանում են նախկին ազատամարտիկները, բանակում ծառայած նախկին սպաները, որոնք ևս պետք է համախմբվեն»։