Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, November 29, 2010 4:30 - 10 քննարկում

«Wikileaks»–ը հրապարակեց ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը

Թեև այժմ «Wikileaks» կայքը հակերների հարձակման հետևանքով արգելափակված է, բայց հասցրել է հրապարակել խոստացված գաղտնի փաստաթղթերը։ Թվով շուրջ 250 հազ. գաղտնի փաստաթղթերը պատկանում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությանը և ներկայացնում են 2004-2010թթ. մարտն ընկած ժամանակահատվածը։ Մասնավորապես բրիտանական «Guardian» պարբերականը գրում է, որ այդ փաստաթղթերից մեկը ներկայացնում է 2010թ. փետրվարի 25-ին կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Բիլ Բըրնսի հանդիպման մանրամասն սղագրությունը: Հատկապես նշվում է, որ Ալիևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցեին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած բանակցային գործընթացի ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին փողոցային ժարգոնով է արտահայտվում, և ասում է, թե իրենք պատրաստ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի, փոխարենը Միացյալ Նահանգները պետք է մեծացնի ճնշումը Հայաստանի վրա:

Իր հերթին Բըրնսն ԱՄՆ-ի անունից կարծիք է հայտնում, թե որպեսզի Երևանն ավելի ճկուն գործի, անհրաժեշտ է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը քաղաքական հող նախապատրաստի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:

Հայաստանին վերաբերող գաղտնի փաստաթուղթն էլ թվագրված է 2008թ. դեկտեմբերի 24-ին: Այնտեղ ԱՄՆ-ը համոզմունք է հայտնում, որ 2003թ. Հայաստանը գնդացիրներ և հրթիռներ է տրամադրել Իրանին, ինչն էլ նյարդայնացրել է Վաշինգտոնին։

«Ո՛չ նախագահի վարչակազմը, ո՛չ էլ ԱՄՆ Կոնգրեսը չեն կարող այս միջադեպի կողքով հանգիստ անցնել: Ըստ մեր օրենքի՝ նմանատիպ մատակարարումների պարագայում ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել մատակարարող երկրի հանդեպ: Որպեսզի չլինի նման պատժամիջոցներ, ձեր կառավարությունը պետք է ներկայացնի այնպիսի անհերքելի փաստեր, որ նման մատակարարումներն առաջիկայում չեն կրկնվի»,-ասված է ԱՄՆ-ից Հայաստանի կառավարությանն ուղարկված փաստաթղթում։

Այդ փաստաթղթերում նշվում է նաև, որ Սպիտակ տունն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին անվանում է Հիտլեր, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ մերկ արքա, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ ալֆա որձ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ տատանվող և զգուշավոր։ Ասվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը տառապում է ընկնավորությամբ, Լիբիայի առաջնորդ Մուհամադ Քադարին օրը 24 ժամ սպասարկում է մի կրքոտ շիկահեր, իսկ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մարմնավաճառուհիների է սիրում։

Այս կապակցությամբ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նման բացահայտումները վտանգում են դիվանագետների և հետախուզության մասնագետների աշխատանքը:

Կոնգրեսի հանրապետական անդամ Փիթեր Քինգն էլ ԱՄՆ-ի գլխավոր դատախազին հորդորել է լրտեսության համար քրեական պատասխանատվության ենթարկել «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին:



10 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAJKO
Nov 29, 2010 12:07